Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական «ուրախ» լուրն է հայտնել՝ ՀՀ իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում չպատվաստվածների համար ամբողջ երկրում։ Մասնավորապես, նախարարությունը նախագիծ է մշակում, ըստ որի՝ 2022 թվականի հունվարի 1-ից քաղաքացիների մուտքը թատրոններ, ռեստորաններ, համերգասրահներ և այլն թույլատրվելու է միայն QR կոդի առկայության կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի դեպքում։

Մի քանի ժամ անց Հայաստանի «Ռեստորանների ասոցիացիա»-ն հայտարարեց նման միջոցի ընդունման հետ իր անհամաձայնության մասին՝ նշելով, որ ի պատասխան հակաքայլեր կձեռնարկվեն. «Կոչ ենք անում կառավարությանը և մասնավորապես առողջապահության նախարարությանը զերծ մնալ նախաձեռնություններից, որոնք կարող են ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ։ Բացարձակապես համաձայն չենք հնչեցված դիրքորոշման հետ և հայտարարում ենք, որ գործարարները կդիմեն հակաքայլերի։ Ռեստորանային բիզնեսի ոլորտն արդեն ծանր տնտեսական վիճակում է: Միևնույն ժամանակ, ռեստորանային բիզնեսն ապահովում է 50 հազար աշխատատեղ, հետևաբար, մենք մտադիր չենք ենթարկվել ոլորտի վրա վնասակար ազդեցություն ունեցող որոշումներին։ Կրկին կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել իրենց մասնագիտական, մասնավորապես՝ առողջապահական խնդիրներով, ձեռնպահ մնալով բիզնես ոլորտին միջամտելուց», – ասվում է հայտարարության մեջ։

Նման արձագանք միանգամայն սպասելի է: Սակայն Առողջապահության նախարարությունը ևս չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել. նախարար Ավանեսյանը, ի պատասխան քննադատության, հայտարարեց, որ Հայաստանում արդեն այնքան շատ քաղաքացիներ են պատվաստվել, որ ռեստորանի կամ այլ հաստատության մուտքի QR կոդ տրամադրելը տնտեսական հետևանքներ չի ​​առաջացնի:

«Օրական ցուցանիշները ևս ցույց են տալիս, որ արդեն այնքան քաղաքացիներ են պատվաստված, որ հասարակական սննդի ձեռնարկություններին տնտեսական լուրջ վնաս չի սպառնում։ Կան տեխնիկական մեխանիզմներ՝ քաղաքացիների մուտքը սրճարաններ կամ ռեստորաններ պատշաճ կերպով վերահսկելու համար։ Ինչ վերաբերում է «Ռեստորանների ասոցիացիայի» կոչին, ապա միայն մեկ բան կարող եմ ասել՝ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում քաղաքացիների առողջության պաշտպանության համար կանի ամեն բան»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարության ղեկավարի լավատեսական վերաբերմունքը, սակայն, ոչ բոլորն են կիսում։ Dalma News-ի հետ հարցազրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ այս որոշման կայացման բացասական հետևանքները չեն ուշանա, և բիզնես ոլորտները, որոնք համավարակով ու պատերազմով պայմանավորված ծանր 2020 թվականից հետո նոր են սկսել թափ հավաքել և բնականոն հունին վերադառնալ, կրկին կսկսեն կորուստներ կրել։

Նա հիշեցրեց, որ QR կոդերը կիրառվում են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն այդ միջոցը բացասաբար չի ազդում զարգացած երկրների բիզնեսի վրա, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է։ Սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ պատվաստված է բնակչության միայն 1/3-ը, դա, իհարկե, կարող է խնդիրներ ստեղծել բիզնեսի համար։ Եվ ստացվում է, որ կամ բիզնեսը պետք է աչք փակի իշխանությունների որոշման վրա՝ չկիրառելով QR կոդի պահանջները, այցելուներից չպահանջելով ՊՇՌ թեստի արդյունքները և արդյունքում տուգանվի կամ նույնիսկ անորոշ ժամկետով փակվի, կամ հրաժարվի եկամտի մի մասից, քանի որ բնակչության մեծ մասը դեռ չի պատվաստվել և չի կարող օգտվել ծառայություններից։

«Այսինքն՝ եթե այս ամիս կարողանանք պատվաստումների մակարդակը բարձրացնել՝ այն հասցնելով 70-80 տոկոսի, կարող ենք ասել, որ այս որոշումը բիզնեսի վրա էական ազդեցություն չի ունենա։ Հակառակ դեպքում ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի համար բացասական հետևանքներն ուղղակի ակնհայտ են։ Եվ եթե նկատի ունենանք, որ այդ ոլորտներում աշխատում է մոտ 50 հազար մարդ, ապա դա կհանգեցնի սոցիալական բացասական հետևանքների։ Կառավարությունը պետք է սա հաշվի առնի և գնահատի ռիսկերը, քանի որ այս ոլորտների հաշվին ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ», – ասաց Պարսյանը։

Տնտեսագետը ներկայացրեց նաև վիճակագրություն, ըստ որի՝ 2021 թվականին հյուրանոցային և հանրային սննդի ոլորտում գրանցվել է 70% աճ, իսկ, օրինակ, մշակույթի և զվարճանքի ոլորտում 36.5% անկում է նկատվում. «Սա նշանակում է, որ եթե կառավարությունը ամեն դեպքում ընդունի QR կոդերի վերաբերյալ որոշումը, մշակույթի և զվարճանքի ոլորտում իրավիճակը կվատթարանա, իսկ հյուրանոցային և հանրային սննդի ոլորտը, որն ամրապնդվել է դժվար 2020 թվականից հետո, կրկին ծանր ժամանակներ է ապրելու», – ամփոփեց տնտեսագետը։

Ի՞նչ են մտածում ռեստորանային բիզնեսի խաղացողները հնարավոր փոփոխության մասին։ «Yeremyan Projects»-ի մամուլի քարտուղար Անահիտ Գևորգյանը Dalma News-ի հետ զրույցում նախ նշեց, որ այս պահին դժվար է որևէ բան մեկնաբանել, քանի դեռ որոշում չի կայացվել, քանի որ պարզ չէ, թե այս դեպքում նախարարությունը ինչ ընթացակարգեր կներդնի։ Սակայն պարզ է, ընդգծեց մեր զրուցակիցը, որ որոշումը կվնասի ծանր 2020 թվականից հետո նոր աշխուժացող ոլորտին։

«Պարզ է, որ կորուստն անխուսափելի է։ Ռեստորանային բիզնեսը, հանրային սննդի ոլորտը 2020 թվականից ի վեր ամենաշատ տուժած ոլորտներից են՝ կորոնավիրուսը, արգելափակումները, անվերջ սահմանափակումներն արեցին իրենց սև գործը։ Սակայն մենք միշտ և բոլոր հարցերում պատասխանատվություն ենք ստանձնել ոչ միայն ոլորտը փրկելու, այլև աշխատատեղերի պահպանման համար։ Միանշանակ, եթե որոշումն ընդունվի, դա նոր հարված կհասցնի ոլորտին և անհարմարավետություն կստեղծի քաղաքացիների համար, սակայն մենք պատրաստ ենք այս դեպքում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ նոր փոփոխություններին», – ասաց Անահիտ Գևորգյանը՝ նշելով, որ անհարմարավետությունն իսկապես նկատելի կլինի. քանի որ QR կոդերի առկայության պահանջների ներդրումը համընկնում է ամանորյա տոների հետ։

Սակայն, ընդգծեց նա, իրենց համար հանրային առողջությունը միշտ առաջնահերթություն է եղել, ուստի կընդունեն նոր կանոնները։ Առավել ևս, որ սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ չեն կարող անմասն մնալ որոշման ընդունումից։ Սակայն, այնուամենայնիվ, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ առողջապահության և բիզնեսի պատասխանատուները վերջապես կդառնան գործընկերներ, կսկսեն համագործակցել, քանի որ դրանից ոչ ոք չի տուժի.

«Առաջնայինը, անխոս, մեր քաղաքացիների առողջությունն է։ Մենք հասկանում ենք, որ անհնար է համակարգի դեմ դուրս գալ, մանավանդ որ նորամուծությունները թելադրում է համաշխարհային պրակտիկան։ Ուստի պետք է միասին աշխատենք հանուն հասարակության բարօրության։ Դա ճիշտ կլինի», – ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ «Yeremyan Projects» ընկերությունը Հայաստանում ռեստորանային բիզնեսի առաջատար ընկերություններից է և միավորում է հայտնի ռեստորանային բրենդներ՝ «Բուրգըրի», իտալական «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ», «Սմոքինգ Շեֆ» սթեյք-հաուզ, «Պանդոկ Երևան», «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց և այլն։

Հայաստանում թերևս ամեն բան այնքան էլ վատ չէ. իշխանությունները միայն փորձում են սահմանափակել պատվաստմանը դեմ մարդկանց մուտքը ժամանցի հաստատություններ և մշակութային միջոցառումներ՝ ստիպելով նրանց ամեն անգամ կորոնավիրուսի վճարովի թեստ հանձնել։ Որոշ երկրներում իշխանություններն ավելի կոշտ մեթոդներ են կիրառում։ Օրինակ՝ Ավստրիայում պարտադիր պատվաստումից հրաժարվելը կպատժվի 7 հազար եվրոն գերազանցող տուգանքով, իսկ մերժման համար 4 ամիս ազատազրկում է սպառնում։ Ավստրիան, ի դեպ, առաջին երկրներից է, որը 2022 թվականի փետրվարից հայտարարել է պարտադիր պատվաստումների մասին։

Հուսանք, որ Հայաստանում չեն դիմի նման կտրուկ միջոցների, ինչպես չի դիմում Ռուսաստանը. նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն արդեն հայտարարել է, որ Կրեմլը թույլ չի տալիս տուգանքներ սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հրաժարվելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Առողջապահության նախարարությունը պահանջներ է ներկայացրել, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնել ոչ թե երկու շաբաթը մեկ, ինչպես նախորդ երկու ամիսներին, այլ ամեն շաբաթ։ Այս պահանջի ֆոնին Հայաստանում պատվաստված քաղաքացիների թիվն արդեն հասել է 1.2 մլն մարդու, ամբողջական պատվաստում է ստացել ավելի քան 430 հազար քաղաքացի։

Լիա Խոջոյան