Գրեթե երեք ամիս է հայ բժիշկները և սակրավորները հաջողությամբ մարդասիրական առաքելություն են իրականացնում Սիրիայում: Մեր մասնագետները արդեն շատ ձեռքբերումներ են ունեցել՝ վաստակելով ոչ միայն իրենց տեղակայման վայրի՝ Հալեպի հայ բնակչության, այլև տեղաբնակ այլ ազգերի սերն ու վստահությունը: Բանն այն է, որ հումանիտար խմբի անդամները ձևական չեն մոտենում իրենց գործին. զգալի ռիսկայնություն պարունակող հիմնական գործունեությունից զատ, ամեն ազատ վայրկյանը նրանք անընդհատ փորձում են հոգ տանել տեղի երեխաների մասին՝ կոնֆետ են նվիրում, իրենց սեղանից կաթ և բրդուճներ հյուրասիրում:

Ավելորդ է նշել անգամ, որ մեր կամավորները վտանգի են ենթարկում իրենց կյանքը սիրիացիների կյանքը փրկելու համար: Դրա վկայությունն է մարտի 7-ին սակրավորների դասակի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թադևոսյանի հետ տեղի ունեցած պատահարը, երբ ականազերծման գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտնաթաթը, որը ներկայումս ենթակա է պրոթեզավորման: Չնայած դրան, Թադևոսյանը հայտարարում է, որ կվերադառնա ծառայության և կրկին կմեկնի Սիրիա:

Այս տարվա փետրվարի 8-ին Մերձավոր Արևելքի պատերազմական գոտի մեկնած 83-հոգանոց թիմի կազմում են աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում զգալի «մարդասիրական փորձ» ունեցող անձինք: Մեր բժիշկներն ու սակրավորները եղել են բազում-բազում երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում, Կոսովոյում, Մալիում և այլն: Այժմ նրանք մարդասիրական առաքելություն են իրականացնում հայաբնակ Հալեպում և նրա շրջակայքում: Չնայած այս ամենին, այս լավ նախաձեռնությունը սկզբում թշնամաբար ընդունվեց:

Մասնավորապես՝ Սիրիայի խնդրին անցյալ տարվա իր այցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ըստ VERELQ լրատվական-վերլուծական կենտրոնի՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է Հայաստանի ղեկավարությանը «հայկական առաքելության կողմից ցանկացած ռազմական գործողությունների մեջ հնարավոր (նույնիսկ՝ պատահական) մասնակցության» բացասական հետևանքների մասին:

Ավելին, մարդասիրական խմբի՝ Հալեպ մեկնելուց անմիջապես հետո`2019 թ. փետրվարի 13-ին, Երևանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ Վաշինգտոնը չի աջակցում Հայաստանի հումանիտար առաքելությանը դեպի Սիրիա: Հայտարարության հեղինակները նաև նշեցին, որ չեն ողջունում Սիրիայի զինված ուժերի հետ համագործակցությանը, թե՛ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, թե՛ ռազմական նպատակներով. «Մենք նաև չենք ողջունում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը այս առաքելության իրականացման գործում»:

Բարի կամքի դրսևորման այս քայլի նկատմամբ նման զգուշավոր վերաբերմունքը, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այդ մտադրության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից մեկից հետո:

Այսպես թե այնպես, այս հումանիտար գործողությունը, որը վարչապետ Ն. Փաշինյանի կողմից բնութագրվել է որպես հայ-ռուսական աննախադեպ մարդասիրական նախագիծ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: ՀՀ ՊՆ մասնագետներից բաղկացած խումբը որակվում է որպես «մարդասիրական», այլ ոչ թե՝ «ռազմական» և տեղակայված է հայկական դրոշի ներքո: Հայկական համակազմի գործունեությանն անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև անվտանգության ապահովումը հոգում է ռուսական կողմը:

© Sputnik / Stringer

Վերջերս ոուսական «Նեզավիսիմայա գազետա»-յին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հետագայում պատրաստվում «կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ», կրկին որակել է հայկական մարդասիրական առաքելության գործուղումը Սիրիա որպես «ճիշտ քայլ»: Հրատարակության այն պնդմանը, որ հայաստանյան ոչ մի Կառավարություն դեռևս այսքան խիստ քննադատության չի արժանացել Վաշինգտոնի կողմից, որքան ներկայիս Կառավարությունը՝ Սիրիա մարդասիրական ռազմական առաքելություն ուղարկելու պատճառով, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կա նաև հակառակը: Հայաստանի ոչ մի Կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ես: Մեզ համար ամենակարևորն է պահպանել մեր ինքնիշխանությունը և անկախությունը: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից ու իրողություններից կտրված: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, անգամ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցում: Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին»:

Փաշինյանը հավելեց նաև, որ Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել, որն առաջին հերթին բխում է նաև պատմական համատեքստից։ Նա նկատի ուներ հարգանքի յուրահատուկ տուրք մատուցելու Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիայի կողմից հայերին տրամադրած օգնությանը:

«Եթե հայ սակրավորներն ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղահրապարակի համար, որոնց նախնիները թեկուզ մեկ հայի կյանք են փրկել, իսկ Հալեպում նման մարդիկ հաստատ կան, ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն գեթ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, ապա մեր առաքելությունն արդարացրել է իրեն: Իսկ դա արդեն տեղի է ունեցել. մեր բժիշկները Սիրիայում ավելի քան 100 վիրահատություն են անցկացրել»,- նշել է վարչապետը

Եվ իրոք, մարտի 7-ի դրությամբ, հայ սակրավորները ավելի քան 10,5 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում: Նրանք հայտնաբերել և վնասազերծել են մի քանի հարյուր հակատանկային և այլ տիպի ականներ և նույնիսկ օդային ռումբերի չպայթած բաղադրիչները: Ներկայումս մեր ականազերծող մասնագետները ծառայում են Հալեպի մարզի Ալ-հուսեյնիա բնակավայրի տարածքում: Ժամանակ առ ժամանակ նրանք բարձրացնում են իրենց մասնագիտական մակարդակը, այդ թվում ռուս գործընկերների ակտիվ աջակցությամբ, որոնց փորձը շատ կարևոր է: Պայթուցիկ սարքերից շատերը ինքնաշեն են և անհրաժեշտ է ճիշտ «մոտեցում» գտնել նրանց հանդեպ՝ բառի ուղիղ իմաստով:

Վերջերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է «Մարդասիրական առաքելություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում» վավերագրական ֆիլմը, որում ռուս սակրավորները մանրակրկիտ ծանոթացնում են մեր խմբի անդամներին ականների և ականազերծիչների հետ աշխատելու բոլոր նրբություններին: Եվ չնայած մեր համակազմում շատ են բարձրակարգ մասնագետները, սակայն նրանք չեն խուսափում խորհուրդներից: «Սարքավորումը պետք է հասկանալ: Որքան շատ ես աշխատում նրա հետ, այնքան «հարազատ» են դառնում ձայների տատանումները: Այդ ժամանակ արդեն զգում ես և տարբերակում ես, թե արդյոք դա փոքր մետաղական ակա՞ն է, թե՞ խոշոր սարքավորում»,- կիսվում է տպավորություններով առաքելության վայր ժամանած սակրավոր Արտավազդ Գրիգորյանը: Տեսնելով իրեն և իր գործընկերներին՝ ակամայից հարց է ծագում, թե արդյոք նրանք չեն վախենում:

Բայց նրանց աչքերում վախ չի նկատվում. նրանք կա՛մ սովոր են, կա՛մ էլ հաջողությամբ թաքցնում են զգացմունքները: Վավերագրական ֆիլմում ցուցադրվեց պատերազմական գոտի մեկնելուց առաջ հարազատներին հրաժեշտ տալու պահը: Մայրերը և կանայք սրբում են արցունքները և ջուր են շաղ տալիս գնացողների ետևից՝ ի նշան «բարի ճանապարհի»: Իսկ զինծառայողները ժպտում ու կատակում են: Արտավազդ Գրիգորյանը շատ անմիջականորեն խոսում է ֆոտոխցիկի առջև. «Ես ծառայում եմ 2005 թվականի նոյեմբերից: Ծառայեցի բանակում, կես տարի հանգստացա, և անմիջապես սկսեց ծառայությունը: Եվ այսպես մինչև օրս: 2008թ.-ին ընդգրկվել եմ մարդասիրական առաքելությունում դեպի Իրաք: Սակրավորի մասնագիտությունը հատկապես հոգեհարազատ է ինձ: Իսկ Սիրիայում ի՞նչ կլինի հիմնականում: Կարծում եմ՝ այնտեղ հիմնականում կլինեն ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Ես նրանց հետ եմ գործ ունենալու…»: Այս մարդը, որը մի քանի օր անց աշխատելու է այդ թիթեղապատ մահաբեր սարքերի հետ, այդպես հանգիստ պարզաբանում է, որ իր և իր գործընկերների համար ամենակարևորը այն է, որ հնարավորինս ազատեն ցանքատարածությունները, դպրոցների շրջակայքը և այլ տարածքներ: Որպեսզի մարդիկ ապրեն բոլորի պես` առանց ամեն մետաղյա թիթեղից դողդողալու, առանց երեխայի կորստի համար վախի:

«Այս երկրում ամենուրեք ականներ են. չկան հստակ տեղեկություններ կամ ականապատ տարածքների քարտեզներ: Փորձագետները վտանգավոր տարածքների մասին իմանում են տեղացիների կողմից, որոնք ցույց են տալիս, թե կոնկրետ որտեղ են պայթել ականները, որտեղ են վիրավորվել և մահացել իրենց երեխաները: Մեզ մոտենում էին ականի պայթյունից մահացած երեխաների ծնողները: Խնդրում էին մաքրել այդ տարածքները: Կան շատ չպայթած ռումբեր: Երեխաները չեն հասկանում, դիպչում և խաղում են դրանց հետ, և դրանք պայթում են»,- ասել է վիրավորվելուց հետո Երևան վերադարձած փոխգնդապետ Թադևոսյանը «Սպուտնիկ Արմենիա»-յին տված հարցազրույցում: Նա նաև հավելել է, որ նա հաճախ բացատրական զրույցներ է վարել Սիրիայի դպրոցներում՝ պատմելով այն մասին, թե ինչ է ականը և ինչու է անհրաժեշտ հեռու մնալ դրանից: Բայց ակնհայտ է, որ ավելի լավ է չեզոքացնել «ռումբը», քան հույսը դնել առաջին դասարանցիների կողմից անվտանգության կանոնների պահպանմանը: Փոխգնդապետը դեռ երկար կհիշի նրանց աչքերը:

Թեև այժմ հրամանատարը կազդուրվում է տանը, վերականգնողական փուլ անցնելով վնասվածքից հետո և պատրաստվելով ոտնաթաթի պրոթեզավորմանը, այնուամենայնիվ նա անհամբերությամբ է սպասում վերքերի ապաքինմանը և կրկին ծառայության վերադառնալուն: «Թադևոսյանը հավաստիացնում է, որ անպայման վերադառնալու է ծառայություն, և կրկին Սիրիա»,- գրում է հրատարակությունը:

Մինչ այդ, նա պարբերաբար զանգահարում է իր գործընկերներին: Եվ գրեթե ամեն օր ջերմությամբ, և, միևնույն ժամանակ տխրությամբ հիշում է կիսաքանդ Հալեպը. «Դպրոց էր կոչվում մի քանի դասարաններով փոքրիկ շենքը: Ես ինձ հետ վերցնում էի թխվածքաբլիթներ, քաղցրավենիք, այն ամենը, ինչ կար մեր բազայում: Մենք փոքր փաթեթներով կաթ էինք ստանում, բայց չէինք խմում՝ տալիս էինք այդ երեխաներին»:

Հայ հրամանատարը հավաստում է, որ իր համար ամենադժվարը գիտակցելն է, որ երբևէ բարգավաճ երկիրը հայտնվել է աղքատության և քաոսի մեջ. «Ես մտնում էի գյուղական տները: Դրանք մռայլ ու խավար խրճիթներ էինք, որտեղ մարդիկ քնում էին հատակին ինչ-որ լաթերով: Բոբիկ, կիսամերկ. նրանք չունեին ո՛չ կոշիկ, ո՛չ էլ հագուստ»: Հրամանատարի լուսավոր հիշողություններից էր տեղացիների վերաբերմունքը հայերին:

Ըստ Թադևոսյանի, հարգանքը ոչ միայն այն պատճառով է, որ մեր սակրավորները վտանգում են իրենց կյանքերը սիրիացի երեխաներին փրկելու համար: Այլ նաև այն, որ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Սիրիայում ապաստան գտած հայ ժողովուրդն օգնության է եկել արաբներին, որոնց նախնիները փրկել են մեր պապերին: «Բարձրաստիճան սիրիացի զինվորականներից մեկն ինձ մի անգամ ասաց, որ հարյուր տարվա ընթացքում Հալեպում ոչ մի հայ չի դատապարտվել որևէ հանցագործության համար: Եթե ասես, որ հայը գողացել է, քեզ ոչ ոք չի հավատա», – հիշում է փոխգնդապետը:

Եվ հավելում է, որ մինչև օրս հազարավոր հայեր շարունակում են ապրել Սիրիայում՝ չլքելով հայրենիքը, չնայած ծանր կենցաղին: Ի դեպ, Սիրիայում Հայաստանի դեսպանատան տվյալների համաձայն, այս երկրում ապրում է 7-8 հազար հայ, որոնցից գրեթե կեսը` 4-5 հազարը բնակվում է Հալեպում:

Ոչ պակաս ներդրում են ունեցել սիրացիներին օգնության գործում նաև հայ բժիշկները: Դրանց թվում կային վիրաբույժներ, մանկաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ: Մարդասիրական ականազերծման և փորձաքննության կենտրոնի մամլո խոսնակ Նազելի Էլբակյանը ավելի վաղ հայտնել էր, որ հումանիտար առաքելության կազմում ընդգրկված մի քանի բժիշկներ իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում Հալեպի հայ համայնքին պատկանող հիվանդանոցում: Ընդ որում, մեր մասնագետներին բժշկական օգնության համար դիմում են ոչ միայն հայերը, այլև տեղի այլազգի բնակիչներ: Ավելի ուշ, Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերը մեջբերելով, Էլբակյանը նշել է, որ բժիշկները աշխատում են քաղաքի չորս հիվանդանոցներում եւ արդեն իրականացրել են բազմաթիվ վիրահատություններ:

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալների՝ մարտ ամսվա դրությամբ առաքելության շրջանակներում հայ բժիշկներն իրականացրել են 50 վիրահատություն, մոտ 100 դեպքերում բժիշկները թերապևտիկ օգնություն են ցուցաբերել և իրականացրել են մոտ 160 կլինիկական և կենսաքիմիական լաբորատոր հետազոտություններ:

«Բացի Սիրիայից, ես որպես կամավոր բժիշկ աշխատել եմ Քենիայում, Սոմալիում, Սուդանում: Աշխատել եմ որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Սիրիայում առաջին անգամ եմ: Եվ ես չափազանց զարմացա, երբ տեսա, որ քաղաքացիական բնակչությունը ապրում է՝ գիտակցելով, որ Հալեպից 5 կմ հեռավորության վրա տեղի են ունենում իրական մարտեր, լսելով այնտեղից եկող պայթյունների ձայները: Միևնույն ժամանակ մարդիկ հանգիստ են, ապրում են իրենց առօրյա կյանքով և երբեմն թվում է, որ ոչինչ տեղի չի ունենում…»,- կիսվում է տպավորություններով բժիշկ Արմինե Բարխուդարյանը վավերագրական ֆիլմում:

Թվում է, թե նա և Սիրիայում հայկական համակազմի մյուս անդամներն ամբողջությամբ ընկղմվել են սիրիական առօրյայի մեջ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նրանք մեկնել են պատերազմական գոտի բացառապես սեփական ցանկությամբ:

«Այս խումբը բաղկացած է կամավորներից: Չի եղել ոչ մի ցուցում կամ հարկադրանք վերևից,- փաստում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: -Այդ առաքելությունը չէր էլ կարող դիտարկվել ռազմական տրամաբանության կամ զինված ուժերի կիրառման տեսանկյունից: Պարզապես Պաշտպանության նախարարությունն ունի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են կազմակերպելու, պլանավորելու կարողությունը: Այնուամենայնիվ, մարդասիրական առաքելության նախագծին մասնակցել է ոչ միայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը, այլև ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը (վերջինս իրականացրել է նախորդ 4 նմանատիպ մարդասիրական առաքելությունները), ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, մասնավորապես, Հայկական Կարմիր խաչը և այլն»: Այսպիսով, այս բազմակողմ համագործակցությունը շատ լավ ստացվեց, որի արդյունքն են երախտագիտության խոսքերը, որոնք հնչեցվում են ոչ միայն շարքային քաղաքացիների կողմից:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեռ փետրվարին հայտարարել է. «Մենք բարձր ենք գնահատում այն, որ Հայաստանը մասնակցում է Սիրիայում մարդասիրական առաքելությանը։ Հայ մասնագետների ներկայությունը սիրիական բազմաչարչար հողի վրա հերթական անգամ հաստատում է մեր հարաբերությունների դաշնակցային հատուկ բնույթը»: Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովը հայտարարել է. «Հայաստանը մեծ գործ է արել՝ աջակցության խումբ ուղարկելով Սիրիա: Այսօր Սիրիայում մեծ հայ համայնք կա: Այն ձևավորվել է դարեր շարունակ և տեղակայված է Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում: Եվ մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության քայլը»: Նրա խոսքով, դա աջակցությունն չէ ՌԴ-ին, թեև դա շատ կարևոր որոշում է Ռուսաստանի համար, քանի որ իր ՀԱՊԿ դաշնակիցն աջակցում է Ռուսաստանի արտաքին քաղաքական իրադարձություններին:

«Ցանկանում եմ, որ ձեր առաքելության ավարտին բոլորդ լինեք ողջ և առողջ` ի ուրախություն ձեր հարազատների, երեխաների, ծնողների, կանանց, եղբայրների, քույրերի», – ռուսաստանցի գործընկերոջ կողմից մեր հումանիտար խմբին ուղղված այս մաղթանքը հնչեցվել է «Մարդասիրական առաքելություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում» ֆիլմում:

Եվ իրոք, հայկական հումանիտար համակազմի բոլոր 82 անդամներին անհամբեր սպասում են բարեկամներն ու հարազատները: Իսկ որքա՞ն պիտի սպասեն: Ի պատասխան «Sputnik Armenia»-յի հարցմանը՝ Պաշտպանության նախարարությունը պարզաբանեց, որ «միջազգային (այդ թվում՝ մարդասիրական) օրենքի սկզբունքներին համաձայն՝ առաքելության ավարտը կազդարարվի այն պահին, երբ Հալեպում և նրա շրջակայքում (այդ թվում, հայ համայնքի բնակության վայրում) կյանքը կվերադառնա իր բնականոն հունին»: Վստահ ենք, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը ջանք չի խնայի դրան հասնելու համար:

 

Իրինա Գրիգորյան