Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (ՀԶԱՀԻ) 2022 թվականին իրականացրել է հետխորհրդային տարածքի երկրների հաղորդակցային վարչակարգերի տարեկան մոնիթորինգ (բացառությամբ մասամբ ճանաչված պետությունների): Հետազոտության համաձայն՝ Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի համար ամենաբարեկամական հաղորդակցային ռեժիմների հնգյակում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին բարեկամական հաղորդակցային ռեժիմների խմբում ընդգրկված էր 8 երկիր, համեմատաբար բարեկամական՝ 2 երկիր և ոչ բարեկամական՝ 4 երկիր։ Վարկանիշը գլխավորել է Բելառուսը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղրղզստանն ու Ուզբեկստանը, չորրորդը՝ Ղազախստանը, իսկ հնգյակը եզրափակում է Հայաստանը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ առանձնացվել է տատանվող հաղորդակցային ռեժիմների խումբ (Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան), որոնցում բարեկամական հաղորդակցության զարգացման պայմանները, ամենայն հավանականությամբ, կփոխվեն 2023 թվականին։ Փոփոխությունների վեկտորը կախված կլինի նաև Ռուսաստանի՝ հաղորդակցային ճիշտ ռազմավարություններ ընտրելու կարողությունից։
«Ընդհանուր առմամբ, բարեկամական երկրներում բնակչության ճնշող մեծամասնությունը ներքին դրական տրամադրվածություն ունի Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն որոշ երկրներում, որտեղ նախկինում իներցիայի սկզբունքով վերարտադրվում էր բարեկամության հայեցակարգը (գործում էր հոմեոստազի մեխանիզմը), այժմ մեծ ջանքեր, գուցե հատուկ նախագծեր ու ծրագրեր կպահանջվեն հաղորդակցության զարգացման համար (Ղազախստան)», – ասվում է հետազոտության մեջ:
Dalma News-ը պարզել է, թե ինչպես են փորձագետները գնահատում այս մոնիթորինգի արդյունքները։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է պարզ լինի
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշեց, որ այն, որ Հայաստանը ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների հնգյակում, լավ արդյունք է։ Սակայն նա հիշեցրեց նաև, որ անցյալ տարի նմանատիպ վարկանիշով Ղազախստանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Հայաստանը՝ երրորդ, ինչը նշանակում է, որ 2022թ. երկրները զիջել են իրենց տեղերը:
«Հետազոտության հեղինակները նշել են, որ Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը տատանվող հաղորդակցային ռեժիմներով երկրներ են, և նրանց դիրքորոշումները կարող են կրկին փոխվել 2023 թվականին: Հեղինակները պնդում են, որ այդ փոփոխությունները կարող են կախված լինել Ռուսաստանի՝ այդ երկրների, այդ թվում նաև մեր երկրի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների վրա ազդելու կարողությունից», – նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ուսումնասիրելով հետազոտությունները՝ Հայաստանի իշխանությունները ինչ եզրակացությունների կարող են կամ պետք է գան, Սաֆարյանն ընդգծեց, որ տնտեսության, քաղաքականության, անվտանգության, գիտամշակութային և հումանիտար զարգացման ոլորտում մեր խորապես գիտակցված շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ համագործակցության և փոխգործակցության համակողմանի զարգացման անհրաժեշտություն է առաջանում։ Եվ սա ամենակարևորն է.
«Ժամանակակից բազմաբևեռ աշխարհի իրողությունները, համաշխարհային հիբրիդային պատերազմը և Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը թելադրում են բոլորի համար ազնիվ, անկեղծ, հասկանալի քաղաքական որոշումներ մշակելու անհրաժեշտությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի պարզ, համեստ և թափանցիկ բոլոր համաշխարհային բևեռների համար, այն չպետք է կասկածներ և անվստահություն առաջացնի: Իսկ դրա համար անհրաժեշտ են մշտական խորհրդակցությունների, համաձայնեցումների և ճշգրիտ գործողությունների կենդանի մեխանիզմներ։ Վստահ եմ, որ նոր փաստարկներ կգտնվեն ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական մասնակցության, հայ-ռուսական ռազմավարական միության զարգացման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում արժանի ներդրման համար», – եզրափակեց նա։
Նորությունը լավն է, սակայն մտածելու առիթ կա
Փորձագետ-միջազգայնագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանը, ծանոթանալով ուսումնասիրությունը, նշում է, որ առաջին հայացքից լուրը լավն է, սակայն համեմատելով 2021 թվականի արդյունքների հետ՝ տեսնում ենք Հայաստանի դիրքի անկում՝ 61,7%-ից մինչև 58,3%։ Նշանակում է, մտածելու, աշխատելու առիթ ունենք.
«Այո, հայ հասարակությունը շարունակում է Ռուսաստանը համարել բարեկամական երկիր, ինչը, անկասկած, շատ լավ է և կարևոր, սակայն կարծում եմ, որ եթե հայ հասարակության շրջանում աշխատանք չտարվի, ապա Արևմուտքն աստիճանաբար կկարողանա հասնել իր նպատակին՝ Հայաստանը «հակառուսական» դարձնել», – ասաց նա։
Բալասանյանը ափսոսանքով նշում է, որ այսօր արդեն կան նման նախադրյալներ, և երբեմն հայ-ռուսական ռազմավարական միության դեմ ուղղված այս գործունեության մեջ ներգրավված են նաև Հայաստանի իշխանությունները։
Սրա մասին է վկայում այն, որ առանցքային պաշտոններում նշանակվում են այսպես կոչված «սորոսականները» և արևմտյան շրջանակների ներկայացուցիչները, վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում հակառուսական հայացքներ ունեցող արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների և այլոց հետ։
«Ցավոք, այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության գործընթաց է սկսվել, ինչը պետք է անհանգստացնի Մոսկվային։ Ռուսաստանը պետք է վերանայի որոշ հարցեր՝ ավելի կոշտ քաղաքականություն վարի Ադրբեջանի նկատմամբ, աշխատանքներ տանի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ և այլն, ինչը կնպաստի հայ հասարակության ներսում ռուսամետ տրամադրությունների ակտիվացմանը», – վստահ է Գրիգոր Բալասանյանը։
Ուղենիշ Ռուսաստանի համար
Ըստ ՀԶԱՀԻ-ի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի, բարեկամության վարկանիշը ուղենիշ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների համար։
«Ռուսաստանի համար սա հնարավորություն է գնահատելու և վերանայելու հարևանների հետ հարաբերությունների հեռանկարները, համակարգը և ուղղությունները։ Մյուս երկրների համար սա առիթ է մտածելու և առաջնահերթությունները որոշելու համար», – նշում է նա։
Միաժամանակ նա ընդգծում է, որ ժամանակը հնարավոր չէ ետ բերել։ Այսօրվա գործողությունները ոչ միայն իրենց արձագանքը կունենան ապագայում, այլև կորոշեն այն:
«Հենց այժմ Ռուսաստանն իր դաշնակիցների ու գործընկերների հետ դնում է ապագա հարաբերությունների և նոր աշխարհակարգի հիմքերը: Ռուսաստանը եղել և մնում է եվրասիական տարածքի համակարգաստեղծ երկիր և համաշխարհային գործընթացների հիմնական սուբյեկտ: Յուրաքանչյուր երկրի համար կարևոր է, թե նա ինչ տեղ կզբաղեցնի կոորդինատների նոր համակարգում», – եզրափակում է Գասումյանովը:
Մոնիթորինգի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (ՀԶԱՀԻ) միջերկրային և միջմշակութային հաղորդակցությունների վերլուծության և կանխատեսման մեթոդաբանության մշակման կենտրոն է, որը իրականացնում է հետազոտական, տեղեկատվական, հրատարակչական, նախագծային աշխատանք բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ, գիտական դիվանագիտություն, երկրների և տարածաշրջանների կայուն զարգացում ապահովելու համար, մշակում է նախագծերի փաստաթղթեր, առաջարկություններ իշխանությունների և վարչակազմի համար Ռուսաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների զարգացման ոլորտում:
Լինա Մակարյան