Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստին, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նշենք, որ գագաթնաժողովը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս տարի Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել 120 երկրի ղեկավար, սակայն վերջնական հռչակագիրը, որը և դարձել է «կռվախնձոր», այդ թվում՝ Հայաստանի համար, պաշտպանել է ընդամենը 73 երկիր։
Այսպիսով, Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի արդյունքներով ընդունվեց Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացավ վերապահումով։ Մասնավորապես, նա չմիացավ գագաթնաժողովին մասնակցող այն երկրներին, որոնք դատապարտեցին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության «մարդասիրական հետևանքները» և Ռուսաստանից պահանջեցին անհապաղ, ամբողջությամբ և առանց պայմանների իր բոլոր ուժերը դուրս բերել Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից»: Ինչպես պարզաբանել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս պարբերությունը համակողմանիորեն և համապարփակ չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի շոշափում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացիայի փաստերը։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է հետևյալ պարբերությանը.
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամությունը՝ աջակցելու այն երկրներին և մարդկանց ամբողջ աշխարհում, ովքեր հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին և դեմ են դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերին կամ սպառնալիքներին։ Մենք ճանաչում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքները, որոնց համաձայն բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և պետք է լուծեն իրենց միջազգային վեճերը խաղաղ միջոցներով: Մենք ճանաչում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան:
Ընդգծում ենք Ուկրաինայում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան հնարավորինս շուտ համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների խախտումները և մարդասիրական հետևանքները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի, ներառյալ Ուկրաինայում ծայրահեղ կարևորության ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար, և հայտնում ենք մեր խորը մտահոգությունը քաղաքացիական զոհերի մեծ թվի, այդ թվում՝ կանանց և երեխաների, ներքին տեղահանվածների և մարդասիրական օգնության կարիք ունեցող փախստականների թվի և երեխաների նկատմամբ կատարված խախտումների և չարաշահումների առնչությամբ։ Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և շրջակա միջավայրի վրա պատերազմի անբարենպաստ ազդեցությամբ:
Մենք Ռուսաստանից պահանջում ենք անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայի տարածքից՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Նաև կոչ ենք անում զինված հակամարտության կողմերին հարգել միջազգային իրավունքով՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները: Կոչ ենք անում ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակումը, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալված ու բռնի տեղահանված ու արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին: Մենք խստորեն պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքում կատարված ամենալուրջ հանցագործությունների հետապնդումը միջազգային իրավունքին համապատասխան՝ ազգային կամ միջազգային մակարդակով համապատասխան, արդար և անկախ հետաքննությունների և հետապնդումների միջոցով, ինչպես նաև հանդես ենք գալիս հանուն բոլոր զոհերի արդարության և ապագա հանցագործությունների կանխարգելման»:
Սակայն այս անգամ երկու աթոռին նստելու Հայաստանի փորձը, իհարկե, աննկատ չմնաց։ Եվ որքան էլ Փաշինյանը թաքցնի իր դժվար քողարկվող արևմտամետ նկրտումները, Մոսկվան ամեն բան տեսնում և գնահատում է փաստերով։
Այսպես, Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին Ռուսաստանի որոշ դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի մասնակցության կապակցությամբ։
«Այս օրերին մասամբ առկա, մասամբ հեռակա տեղի է ունենում այսպես կոչված «Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովը», որը կազմակերպել են ամերիկացիները։ Դրան, եթե չեմ սխալվում, մասնակցում է մոտ 120 երկիր, այդ թվում, ցավոք սրտի, մեր որոշ դաշնակիցներ, ինչպիսիք են Հայաստանը։ Այս մասին ափսոսանքով եմ խոսում», – «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում ասել է Կոսաչովը:
Միաժամանակ նա նշել է այն փաստը, որ մեր երկիրը Հռչակագրին միացել է վերապահումով.
«Ի պատիվ հայերի, նրանք հատուկ դիրքորոշում են վերապահել վերջնական փաստաթղթի վերաբերյալ, որտեղ Ռուսաստանին մեղադրում էին Ուկրաինայի համար։ Այս կետից ձեռնպահ են մնացել երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան և Հնդկաստանը», – ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, որքան էլ Կոսաչովը փորձի քաղցրացնել Երևանի պահվածքը, փաստը մնում է փաստ, որ Մոսկվան այն կարծիքին է, որ այս գագաթնաժողովի «մուտքի տոմսը» երկրի սեփական ինքնիշխանությունից անվերապահ հրաժարումն է՝ հօգուտ ամերիկյան իշխանության, և դա անելու պատրաստ երկրները բազմաբևեռության համար մեծ վտանգ են ներկայացնում:
Լինա Մակարյան