Հայաստանի կուսակցական կյանքի մակերևույթը կարծես թե մի փոքր ալեկոծվում է: Կուսակցական ճամբարում որոշ խառնաշփոթ է տիրում, որը հավանաբար հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին վերջիններիս նախապատրաստման հետ է կապված:

Այն, ինչ այժմ կատարվում է, չի կարելի նույնիսկ «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» անվանել: Իսկ կուսակցական կյանքը քաղաքացիներին ընդհանրապես հետաքրքիր չէ: Իսկ ինչպե՞ս կարող է հետաքրքիր լինել, եթե ներկա պահին երկրում պաշտոնապես գրանցված 70 քաղաքական կուսակցություններ կան, սակայն դրանց մեծամասնությունը չի կարող պարծենալ անդամների նման մեծ թվով: Այդպիսի կազմակերպություններին երբեմն  հեգնանքով «մեկ անդամով կուսակցություն» են անվանում, որովհետև որպես առաջնորդ հանդես է գալիս քիչ թե շատ հայտնի մեկը, հաճախ խորհրդարանի պատգամավոր կամ հայտնի ձեռնարկատեր, ով ընդամենն իր շուրջն է կարողանում հավաքել հարազատ-բարեկամների ու ընկերների մի խմբի: Իհարկե այդ խմբի անդամներին, բնականաբար ոչ-ոք չի ճանաչում:

Իհարկե հասկանալի է, որ նման կուսակցությունները չեն ստեղծվում երկրի պետական ու քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու նպատակով, այլ ընդամենը նրա ստեղծողներին բարենպաստ պայմաններ ապահովելու համար են: Իսկ բարենպաստ պայմաններ ասելով, նախ նկատի ունենք հովանավորների առկայությունը, որոնք հասարակ մահկանացուին անհասկանալի պատճառներով մշտապես մի կլորիկ գումար են տրամադրում նման կուսակցության ղեկավարի գործունեության համար, այնուհետև գերագույն նպատակը՝ մուտք դեպի խորհրդարան: Երկրորդը բնականաբար բավական խնդրահարույց երևույթ է, որովհետև 5 %-անոց շեմը հաղթահարելու համար հարկավոր է ստանալ առնվազն 90 հազ. ընտրաձայն: Ընդ որում, ինչպես նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքացիները վստահության ոչ մի նշույլ անգամ այս կամ այն կուսակցության հանդեպ այլևս չունեն:

Այնուամենայնիվ, «կուսակցություն կառուցելու գործընթացը» շարունակվում է: Ընթացող տարում ավելացել են ևս երկու կուսակցություններ, առաջինը դա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որի ստեղծման  մասին դեռ այս տարվա սկզբին հայտնեց կուսակցության առաջնորդ, հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Որպես նախատիպ ու վերջնական նպատակ՝ կիրառվում է «պետության եվրոպական մոդելը», որը կարող է ստեղծվել միայն «արդար ու թափանցիկ ընտրությունների» արդյունքում: Միաժամանակ պարոն Մարուքյանը խոստանում է «մարտահրավեր նետել բոլոր նրանց, ովքեր դեմ կգնան իրադարձությունների նման զարգացմանը, կամ կհանդիսանան մենաշնորհի ու կաշառակերության կողմնակիցներ»: Եվ իսկապես՝ ազգային էկոնոմիկայի ու առևտրի ոլորտում մոնոպոլացման, ինչպես նաև կաշառակերության ցավոտ հարցերը խիստ անհանգստացնում են մարդկանց, սակայն առայժ դեռ ոչ-ոք իրեն չի ներկայացրել որպես այդ բացասական երևույթների կողմնակիցը, և դրա համար էլ առայժմ անհասկանալի է, թե հատկապես ում է մարտահրավեր նետելու  «Լուսավոր Հայաստան»-ը:

Փոխարենը կուսակցության առաջնորդը վստահ է, որ լույսը իր երկրի ու երկրի քաղաքացիների վրա պետք է լցվի Արևմուտքից՝ մասնավորապես՝ Եվրոպայից: Իհարկե դա մի փոքր հակասում է բնության օրենքներին, բայց եթե հաշվի առնենք, որ եվրոպական մի շարք կառույցներ, որոնք կանգնած են այս կուսակցության թիկունքին, և շատ քաղաքակիրթ ձևով կարող են ֆինանսավորել կազմակերպության առաջնորդի գործունեությանը, ապա նման մանրուքները կարելի է նաև անտեսել:

Այս տարում մյուս գրանցված կուսակցությունը «Հայկական վերածնունդ»-ն է: Նախկին կազմակերպության համեմատ՝ այս մեկը բավական հարուստ անցյալ ունի, իհարկե մեկ այլ՝ «Օրինաց երկիր» անվան տակ: Կուսակցության առաջնորդ՝ հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը կատարեց անվանափոխումն այն բանից հետո, երբ հասկանալի եղավ, որ իր կազմակերպության երբեմնի մեծ հեղինակությունն ընդհատակ է անցել, սակայն հենց կուսակցության անվանափոխումն արդեն մարդկանց մեջ բացասական վերաբերմունք առաջացրեց: Բայց բոլոր վահանակներն էլ ի վերջո մի օր փոխարինվում են նորերով, իսկ իդեալի անխախտության մասին խոսք չի եղել ու չի էլ կարող լինել:

Որոշակի ակտիվություն է ցուցաբերում նաև ազգային ավանդական կուսակցություններից մեկը՝ Ռամկավար-Ազատական կուսակցությունը (լիբերալ դեմոկրատներ): Լինելով բավական հայտնի կազմակերպություն Սփյուռքում, սեփական հայրենիքում, սակայն, նա այդպես էլ չկարողացավ գրեթե 100 տարվա ընթացքում հավաքած իր քաղաքական կապիտալը իրական իշխանական լծակների վերածել:

Ակնհայտ է, որ քաղաքական կուսակցությունների կառուցման դաշտում ձևավորված այս խառնաշփոթը պայմանավորված է նաև դեպի երկիրը խորհրդարանական կառավարման մոդելի անցման սպասումով: Նոր ու գրավիչ ոչինչ չկա, հնացած ու մոռացված լոզունգների ու խոստումների ավերակների վրա նրանք ժողովրդին ոչինչ առաջարկել ի վիճակի չեն, սակայն, անշուշտ, հոգու խորքում հույս ունեն, որ անցման այդ փուլում իշխանությունն ինչ-որ առումով կարող է կորցնել ընտրությունների ընթացքի նկատմամբ վերահսկումը, ինչն իրենց կարող է որոշակի հնարավորություններ տալ: Հատկապես, ինչպես Երևանյան թերթերից մեկն է գրել, եթե հաշվի առնենք այն, որ ինչպես նոր, այնպես էլ հին կուսակցությունները, հասկանալով, որ միայնակ չեն կարողանալու հաղթահարել անցման շեմը, արդեն միավորումներ կատարելու մտորումներ են անում: Ավելորդ է նշելը, որ նման դաշինքները երբեք գաղափարական մոտեցման նմանություններ չեն ունենում, քանի որ ի սկզբանե կուսակցությունների մեծամասնությունը ոչ մի գաղափարականության վրա էլ հիմնված չի լինում:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մինչև վերջերս իր սեփական կուսակցությունն ստեղծելու մասին էր խոսում նաև հայկական արմատներ ունեցող և ռուսաստանաբնակ հայտնի օլիգարխ Արա Աբրահամյանը: Սակայն աղմկոտ սկիզբը պարզվեց խաբկանք  էր, քանի որ ամեն ինչից դատելով, կուսակցություն ստեղծելու մտադրությունը փոխվեց: Ըստ տարածված ասեկոսեների՝ դա հավանաբար այն բանի պատճառով, որ Աբրահամյանին, ով ՌԴ-ում գլխավորում է  Ռուսաստանի հայերի միությունը, Երևանում հասկացնել տվեցին, որ ինքն իհարկե կարող է ստեղծել կուսակցություն և ընտրություններին էլ մասնակցություն ցուցաբերելու իրավունք ունի, սակայն խորհրդարան մուտք գործելու մասին խոսք նույնիսկ լինել չի կարող:

Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ պետք է Ազգային ժողով մուտք գործելու հույս ունենա: Բնականաբար Հայաստանի գործող իշխանության կուսակցությունը (ՀՀԿ), որի առաջնորդը հանդիսանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հատկանշական է, որ վերջերս Reuter գործակալությանը տված հարցազրույցում  երկրի նախագահը նշել է, որ գալիք ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի պարտության դեպքում, ինքը, «բնականաբար» կհեռանա քաղաքականությունից: Բայց հարցն էլ հենց նրանում է, որ ՀՀԿ-ն հաղթելու է: Իսկ դա նշանակում է, որ նախագահի առաջ, ում գործունեության երկրորդ ժամանակաշրջանն ավարտվում է 2018 թ.-ին, կբացվեն նոր ու լայն հնարավորություններ, նա կարող է դառնալ խորհրդարանի խոսնակ, վարչապետ, կամ պարզապես կարող է մնալ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, որը հավասար կլինի նախկին խորհրդային միության Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնին, ով Սահմանադրության համաձայն՝ ձևականորեն ոչ մի իշխանություն ունենալ չի կարող: Իսկ քանի որ աշխարհն այդպես էլ մինչև վերջ հասկանալ չկարողացավ, թե ինչպես կարող է կուսակցության առաջնորդը երկար տարիներ ղեկավարել աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ չունենալով Սահմանադրությանը համապատասխանող իշխանություն,  գլխավոր քարտուղարը ժամանակ առ ժամանակ ստիպված էր իրեն նշանակել կամ Գերագույն խորհրդի ղեկավար (նախագահ), կամ էլ իշխանության ղեկավար:

Տվյալ համատեքստում Խորհրդային ժամանակները պատահաբար չհիշատակվեցին: Հայաստանում վերջին տարիները նման են այն ժամանակաշրջանին, որը Գորբաչովյան վերակառուցման սկզբին ստացել էր «ժամանակավոր լճացում» անունը: Եթե ուշադիր ուսումնասիրենք պետության կենսագրությունը, ապա կարելի է հստակ հայտարարել, որ ըստ էության, ոչ մի լուրջ փոփոխություն այստեղ չի կատարվել: Առաջին շարքերը զբաղեցրել են միևնույն մարդիկ ու դեմքերը՝ բոլորին վաղուց հայտնի, հնչել են միևնույն խոսքերն ու խոստումները, կուսակցությունները մշտապես խոսել են ապագա բարգավաճումների մասին (ինչպես օրինակ քաղաքականությունից արտաքսված օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը), իսկ ներկայումս, ինչպես տեսնում ենք, հնչում են հայությանը վերակենդանացնելու ու նրան մեկ այլ՝ նոր  «լույսով» օծելու հավաստիացումներ: Սակայն այդ ամենը ընդամենը բառեր են, որոնք քաղաքացիների մեծամասնությանը համակած ամենօրյա հոգսերի հետ ոչ մի ընդհանուր կապ չունեն: Եվ ժամանակի հետ այդ խոստումներն ու կոչումներն ավելի պաթետիկ բնույթ են կրելու, քանի որ, ինչպես փորձագետներն են պնդում, ՀՀԿ-ն խորհրդարանում ստանալու է 55-60%-ին համապատասխան ձայն, իսկ մնացած մանդատների ձեռք բերման համար բարձրանալու է աղմկոտ պայքար՝ ողջ ընտրական գործընթացում: Ազգային ժողով մտնելու հույսեր կարող են փայփայել նաև ՀՅԴ դաշնակցականները (ևս մեկ ավանդական կուսակցություն, որն արդեն որերորդ անգամ դաշինք է կազմում ՀՀկ-ի հետ), այդ նույն «Բարգավաճ Հայաստանը» (եթե իհարկե իշխանությունները համարեն, որ նրա կուսակցության առաջնորդն իր «բարի կամքով» քաղաքականությունից հեռանալով՝ քավել է երկրի գերագույն պաշտոնը զբաղեցնելու հավակնության մեղքը), հնարավոր է նաև Հայաստանի ազգային կոնգրեսը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջինս, իրեն ընդդիմադիր համարելով, երկրի ներքին քաղաքականության կարևորագույն հարցերում մշտապես աջակցում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը (խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի հետ կապված խնդրին):

Քաղաքական մնացած ուժերը կարծում են, որ իսկապես արժե ստեղծել բազմակուսակցական դաշինքներ՝ 5%-ի շեմը հաղթահարելու ու խորհրդարան գոնե իրենց առաջնորդների մուտքն ապահովելու համար: Այլ ելք չկա, որովհետև նոր ընտրական օրինագծի համաձայն՝ մեծամասնականությունը վերացվելու է:

Բայց այդ ամենն իհարկե չի նշանակում, թե խորհրդարանի անձնակազմը փոփոխությունների չի ենթարկվի: Անպայման կենթարկվի, քանի որ հիմնական թաքուն, ոչ բացեիբաց պայքարը ընթանալու է ՀՀԿ-ի ներսում՝ «երիտասարդ կադրերի հովանավոր», նախագահի փեսա Միքայել Մինասյանի ու «հին կուսակցական գվարդիայի» միջև, որը ընդհանրապես իր ճանապարհը երիտասարդությանը զիջել չի ցանկանում: Ոչ թե կուսակցամիջյան, այլ հենց այս հանգամանքն է դառնալու ապագա ընտրությունների գլխավոր ինտրիգը:

Արմեն Հանբաբյան, քաղաքական մեկնաբան, հատուկ Dalma News-ի համար: