Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, գյուղատնտեսությունում իննովացիոն մեթոդների կիրառման, բժշկության ու մի շարք այլ ոլորտներով Իսրայելն այսօր երկրագնդի ամենազարգացած երկրներից մեկն է: Ուզես- չուզես, նրան չես կարող հաշվի չառնել, իսկ նրա հետ համագործակցությունն իսկապես շահավետ է:
Այն, որ ներկա պահին տվյալ երկրի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները, մեղմ ասած, գտնվում են ոչ բավարար մակարդակում, դա կարելի է համարել մեր երկրի արտաքին քաղաքական գործունեության բացը:
Հայաստանի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռևս հեռավոր 1992 թվականին: Սակայն Հայաստանում Իսրայելի դեսպանատուն մինչև օրս չկա, կա միայն ոչ ռեզիդենտ-դեսպան: Եվ նրա մշտական գտնվելու վայրը բոլորովին էլ Թբիլիսին չէ, ինչպես կարծում են շատերը, այլ Երուսաղեմում գտնվող Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը: Երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը աջակցում է Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը:
2016 թվականին լրացավ Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեիրոմայի առաքելության ժամկետը, սակայն նոր դեսպանի անունը դեռևս հայտնի չէ:
Երկկողմանի ապրանքաշրջանառության մասին խոսելու բան էլ չկա, թվերն աննշան են ու անբավարար, այն դեպքում, երբ հարևան Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ածխաջրածինների գլխավոր մատակարարը: Առհասարակ ապրանքաշրջանառությունն ու քաղաքական երկկողմանի փոխհարաբերությունները միմյանց հետ սերտ կապված են: Միջպետական ջերմ հարաբերությունները կարող են փոխադարձ առևտրի համար բարենպաստ հող ծառայել և հակառակը՝ ապրանքաշրջանառության պոտենցիալ շահույթը պետք է դառնա լուրջ ազդակ՝ երկկողմանի հարաբերություններ զարգացնելու համար:
Հայկական կողմից հարաբերությունների լճացումը բացատրվում է Իրանում, Լիբանանում ու Սիրիայում ապրող հայերի հանդեպ ունեցած անհանգստությամբ: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը Իսրայելում դեսպանատուն չի բացում:
Երկու երկրների հարաբերությունների միջև լարվածության մյուս, ոչ պակաս կարևոր պատճառը Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության չընդունումն է, թեպետ կարիք կա նշելու, որ այս առումով որոշակի առաջընթաց է նկատվում: 2016 թվականի օգոստոս ամսին Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովն ընդունել է 1915 թվականին հայերի հանդեպ իրականացվածը՝ որպես ցեղասպանությունը:
Վերոնշյալ հանձնախմբի ղեկավար Յակոբ Մարգին հայտարարեց, որ «Հայ ազգի հոլոքոստը» ընդունելը իրենց բարոյական պարտքն է, և հայտնեց իր ափսոսանքը՝ կապված այն բանի հետ, որ Քնեսեթը մինչև օրս այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել՝ կոչ անելով խոսնակ Յոել Էդելշտեյնին կատարել իր անցյալ տարվա խոստումն ու հայտարարել Հայերի ցեղասպանության ընդունման մասին: Հարկ է նշել, որ Էդելշտեյնը բավական դրական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նկատմամբ, ինչն էլ ենթադրում է Քնեսեթում Հայերի Ցեղասպանության ընդունման հարցի որոշակի առաջընթաց:
Ուրախացնում է նաև այս երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: 2015 թվականի դեկտեմբերի կեսերին կայացավ Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության առաջին այցը դեպի Երուսաղեմ ու Թել-Ավիվ, որը ղեկավարում էր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը: Այցն իրականացվեց Քնեսեթի հրավերով: Իսրայելում պատվիրակները հանդիպեցին Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի հարցերով դեպարտամենտի ղեկավար Արիել Շաֆրանսկու, Քնեսեթի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով մշտական հանձնախմբի ղեկավար Ցախի Անեգբիի և շատ-շատերի հետ: Հենց այստեղ էլ ծնվեց հայ-իսրայելական մշտական ֆորումի գաղափարը՝ ընդգրկելով բոլոր այն կազմակերպություններն ու մասնավոր անձանց, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մեջ շահագրգիռ կողմ են հանդիսանում:
Պատասխան այցն իրեն սպասել չտվեց: 2016 թվականի ապրիլ ամսին խորհրդարանական պատվիրակությունը, նույն՝ Թալի Պլոսկովայի ղեկավարությամբ, առաջին անգամ այցելեց Հայաստան: Պատվիրակության կազմում էին նաև պատգամավոր Դավիթ Բիթանն ու այլոք:
Պաշտոնական այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց Ցեղասպանության հուշահամալիր: Ի դեպ, սա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող բարձրաստիճան առաջին պատվիրակությունը չէ: 2015 թվականին Քնեսեթի անդամներ Նահման Շայն ու Անաթ Բերկոն Երևանում մասնակցություն ունեցան Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Շայը հայերի հետ կատարվածն անվանեց «հոլոքոստ», նշելով, որ իսրայելցիներն այդքան էլ չեն սիրում, երբ այլ ազգեր օգտագործում են իրենց «Հոլոքոստ» բառը, սակայն փաստը մնում է փաստ, որ կատարվածը հոլոքոստ էր…
Սեպտեմբեր ամսին իրականացված երկրորդ այցի ժամանակ փոխխոսնակը նաև խոսեց Քնեսեթի կողմից Ցեղասպանության ընդունման հարցի մասին, դրանով նաև կոչ անելով աշխարհին պատմել 1915 թվականին կատարվածի մասին: Հենց այդ ժամանակ էլ կայացավ հայ-իսրայելական առաջին հասարակական ֆորումը: Ֆորումին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին հայ-իսրայելյան խորհրդարանական ընկերախմբի անդամներ Ա. Արզումանյանը, Տ. Պողոսյանը և Խ. Քոքոբելյանը, ինչպես նաև երկու կողմերի համագործակցության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Վերջիններս պետք է հետագայում կոորդինացնեին համագործակցության աշխատանքները տվյալ ոլորտներում: Թե որքան արդյունավետ կլինի ֆորումը, անշուշտ, ցույց կտա ժամանակը, սակայն հարկ է նշել, որ նրա սկիզբն արդեն իսկ դրական ազդակ է երկկողմանի փոխհարաբերությունների զարգացման համար:
Բոլորովին վերջերս Թել-Ավիվում կայացավ «Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը», թվով՝ երկրորդը՝ կազմակերպված Քնեսսեթի և Հայաստանի ազգային ժողովի միջխորհրդարանական ընկերախմբի գործունեության շրջանակներում: Հայաստանի պատվիրակությունը, Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնախմբի նախագահ, Հայաստան-Իսրայել ընկերության խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ, այցելեց «Կֆար Վիցկին» գյուղատնտեսական կիբուցում գտնվող «Նեշեր» գործարան, ինչպես նաև «Ասութ» առողջապահական համալիր: Քնեսսեթում կայացան հանդիպումներ, որոնց ընթացքում, ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի մամլո-ծառայությունը, Քնեսսեթի խոսնալ Յոել Էդելշտեյնը կրկին խոսեց Հայերի ցեղասպանության մասին՝ հայտարարելով, որ վաղ, թե ուշ Քնեսսեթն այն ընդունելու է:
Թե որքան արդյունավետ կգտնվեն ֆորումները, ցույց կտա ժամանակը, սակայն, հարկ է նշել, որ կապերի նման ակտիվացումն արդեն իսկ երկկողմանի համագործակցության դրական ազդակ է:
2017 թվականին կնշանակվի Իսրայելի հերթական դեսպանը Հայաստանում: Հուսանք, որ հրեական այս երկրի նոր ներկայացուցիչը կտարբերվի իր էնտուզիազմով և իր զգալի լուման կներդնի հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեջ:
Պատրաստեց Հասմիկ Ռաֆայելյանը