Եվ այսպես, Իրանի միջուկային բանակցությունները հասան իրենց տրամաբանական և երկար սպասված հանգուցալուծմանը: Հունվարի 16-ին Ատոմային Էներգիայի Միջազգային Կազմակերպությունը հայտարարեց, որ Իրանը կատարել է Վեցյակի հետ բանակցությունների արդյունքում ստորագրված պայմանագրով իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները, և 2006թ.-ից Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի և առանձին երկրների կողմից սահմանված պատժամիջոցները կարող են չեղարկվել:
Այս ամենը չի նշանակում, որ ԱՄՆ-ն վերացնում է Իրանի նկատմամբ գործող բոլոր պատժամիջողները ( ուժի մեջ են մնում մարդու իրավունքների խախտման և ահաբեկչության հովանավորման համար սահմանվածները), և երկու երկրների միջպետական հարաբերություններն ամբողջովին վերականգնվում են, չնայած համագործակցության որոշակի քայլեր արդեն իսկ նշմարվում են երկու վաղեմի հակառակորդների միջև: Վառ օրինակ է օրերս Իրանի կողմից ամերիկյան բանտարկյալների՝ «Washington Post»-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանի, նախկին ամերիկյան ծովային հետևակավոր Ամիր Հեքմաթիի և քահանա Սայիդ Աբեդինիի ազատ արձակումը: Չորրորդ բանտարկյալ Նոսրաթոլլահ Խոսրովի Ռուդսարին որոշում կայացրեց մնալ Իրանում: Ազատ է արձակվել նաև 40 օր բանտարկության մեջ անցկացրած ամերիկացի ուսանող Մեթյու Թրեվիթիքը: Իսլամական Հանրապետությունը այդ քայլին գնաց ի պատասխան 7 իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ում պատժամիջոցների խախտման համար առաջ քաշված մեղադրանքների չեղարկման: Այդուհանդերձ, Չինաստանի վարչապետ Սի Ծին Պինի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Չինաստանին իր երախտագիտությունը հայտնելու հետ մեկտեղ՝ հասցրել է նշել, որ երբեք չի վստահել «Արևմուտքին» և ձգտում է համագործակցությունը ընդլայնել Չինաստանի նման «անկախ» երկրների հետ;
ԱԷՄԳ-ի հայտարարությամբ ապասառեցվեցին միլիարդավոր դոլարների արտասահմանյան իրանական հաշիվներ, և Իրանը կրկին հնարավորություն ստացավ նավթ արտահանել, ինչն Իսլամական Հանրապետությանը խոստանում մեծ եկամուտներ արդեն ոչ այնքան հեռու ապագայում:
Այնուամենայնիվ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ոչ բոլորին է գոհացրել: Գաղտնիք չէ, որ Իսրայելը մինչև վերջ հակադրվում էր այդ համաձայնության իրականացմանը, մտավախություն ունենալով, որ իրանական դրամական միջոցների ապասառեցումից հետո Իսլամական Հանրապետությունը ավելի շատ գումարներ կհատկացնի Համասի, Հեզբոլլահի և այլ ռազմական խմբավորումների ֆինանսավորման համար: Դժգոհ է նաև Իրանի մշտական հակառակորդ և մրցակից Սաուդյան Արաբիան և ինչու ոչ՝ բոլոր այն երկրները որոնք նավթ են արտադրում և արտահանում, քանի որ Իրանը վերադառնում է նավթի շուկա՝ էլ ավելի մեծացնելով սև ոսկու գերմատակարարումը և, հետևաբար, որոշակիորեն նպաստելով գնի անկմանը:
Սակայն կան երկրներ, որոնք շահագրգիռ էին խնդրի շուտափույթ լուծման մեջ, և այդ երկրներից է Հայաստանը: Միջուկային բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը բախվելու էր մի շարք խնդիրների ՝ թե՜ անվտանգության, թե՜ տնտեսական ոլորտներում: Իսկ այժմ մենք ականատես ենք մեր պաշտոնյաների ոգեշունչ հայտարարություններին և գործնական քայլերին: Հայաստանի և Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը միշտ էլ բարձր մակարդակի վրա է գտնվել, սակայն կան ծրագրեր, որոնք առկախ են մնում՝ դրանք կարիք ունեն ինչպես լրացուցիչ ֆինանսավորման, այնպես էլ կայուն, առանց ցնցումների ապագայի վերաբերյալ որոշակի երաշխիքների, իսկ հաճախ այդ երկուսը փոխկապակցված են:
Պատժամիջոցների չեղարկման հենց հաջորդ օրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածեց նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական խոսքով մամլո հաղորդագրությունը, որտեղ նա ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ։
Իսկ հունվարի 24-ին տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հեռախոսազանգի ընթացքում քննարկվեցին ստեղծված նոր իրադրությունում երկկողմ ծրագրերի և ապագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ շնորհավորական խոսքի՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության մեծ ներուժ ունեն և պետք է օգտվեն ստեղծված բարենպաստ իրադրությունից՝ համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: Հասան Ռոհանին նկատել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունը պետք է օրինակ հանդիսանա մյուս քրիստոնյա և մահմեդական երկրների համար:
Բացի այդ, հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նա հանդիպեց ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:
Նախարարը նաև հանդիպում է ունեցել ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ: Աշխատանքային այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ, ստորագրվել մի շարք փաստաթղթեր: Առանձնահատուկ ուշադրության են արժանի բանակցությունները Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել է Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման ֆինանսավորման հարցը, որն առայժմ բաց է մնում:
Գագիկ Բեգլարյանը նկատել է, որ Հայաստանի տարածքով կառուցվող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Հյուսիս- Հարավ» մայրուղին շահագործման կհանձնվի արդեն 2018թ.ին: Աբբաս Ախունդին իր հերթին նշել է, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների միջև բեռանփոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ծրագրավորվող միջազգային ճանապարհային միջանցքն էլ ավելի հավակնոտ է և ապագայում կարող է կապել Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը:
Հունվարի 21-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց 2015թ.-ի էնրգետիկայի ոլորտում արդյունքներն ու առաջիկա ծրագրերը, որտեղ անդրադարձավ նաև Իրանի հետ համագործակցության թեմային: Նախարարը խոսել է անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների և «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի միջև Երևանում տեղի ունեցած տարածաշրջանային համագործակցության խնդիրներին նվիրված հանդիպման մասին, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Նախարարի խոսքով՝ այն նպատակ ունի միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը, բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, փոխհոսքերի կառավարման մակարդակը, անվտանգությունն ու հուսալիությունը։ Ըստ նախարարի՝ ծրագիրը նախադրյալներ է ստեղծում ձևավորել հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք՝ ապահովել կապը ԵԱՏՄ և ԵՄ երկրների էներգահամակարգերի հետ։ Նախարարը նաև խոսել է Իրան- Հայաստան- 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին, որն իրականացվում է իրանական կողմի վարկավորմամբ: Նախատեսվում է ավարտել աշխատանքներն արդեն 2018թ.-ին: Էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը հնարավորություն կընձեռի 2018-ից ավելացնել Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Եվս մեկ կարևոր նախագիծ է հանդիսանում Արաքս գետի վրա նախատեսվող Մեղրիի ՀԷԿ-ը:
Հայաստանի և Իրանի միջև առևտրի շրջանառության աճի համար բարենպաստ հող է նախապատրաստում նաև Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարը: Դեկտեմբերի 23-ին ԵԱՏՄ-ի երկրները սկսեցին Իրանի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հեռանկարների համատեղ հետազոտությունը: Դրա մասին հայտարարությամբ են հանդես եկել Իրանի Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն և ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի գնահատմամբ` Հայաստանը կարող է տնտեսական ինտեգրման և մեկնարկային հարթակի դեր ստանձնել և կապող օղակ հանդիսանալ ԵԱՏՄ մյուս պետությունների հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ երկրներից միայն Հայաստանը ընդհանուր սահման ունի Իրանի հետ:
Սակայն ոչ բոլորն են կիսում հայ պաշտոնյաների լավատեսական տրամադրությունները: Մասնավորապես Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միքայել Զոլյանը lragir.am-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի կոռուպցիոն, մենաշնորհային համակարգը, ինչպես նաև կախվածությունը արտաքին ուժերից թույլ չեն տա ամբողջովին օգտվել ստեղծված բարենպաստ պայմաններից և կյանքի կոչել նախատեսվող և հնարավոր բոլոր ծրագրերը, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ կնկատվեն ողջ տարածաշրջանով մեկ, որոնք անշուշտ ազդեցություն կթողնեն նաև Հայաստանի վրա:
Նույն կենտրոնի մեկ այլ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես մեծ սպասելիքներ չունի, քանի որ, ըստ նրա, Հայաստանը կարող է իրագործել միայն այն ծրագրերը, որոնք չեն հակասի տարածաշրջանում Ռուսաստանի շահերին: Դա հիմնականում վերաբերում է էներգետիկ ոլորտին: Այդ մասին նա ասել է intellinews.com կայքին տված հարցազրույցում:
Իսկ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը շատ ավելի լավատես է: Նրա խոսքով՝ գործընկեր ընտրելիս, հավասար պայմաններում Իրանը հաճախ գերապատվությունը տալիս է հենց Հայաստանին:
Կա ևս մեկ ոլորտ, որը կշահի նոր ստեղծված իրավիճակից: Հայաստանը ավանդապես համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների սիրված զբոսաշրջային ուղղություններից մեկը: Դա բացատրվում է Հայաստանի հարաբերական մատչելիությամբ և ընձեռնված ազատություններով: Պատժամիջոցները ուղղակիորեն հարվածեցին հասարակ իրանցիների գրպանին և նվազեցրին նրանց գնողունակությունը: Պատժամիջոցների չեղարկումից ընդամենը մի քանի օր է անցել և ,բնականաբար, Իրանի քաղաքացիների գնողունակության և ֆինանսական բարօրության վրա դա դեռ չի հասցրել որևէ կերպ արտացոլվել, բայց արդեն հիմա կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում ավելի մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան և շատ ավելի մեծ գումարներ կծախսեն մեր երկրում:
Եվ այսպես, 2016թ.-ը Հայաստանին բերեց նոր հնարավորություններ՝ զարգացնելու տնտեսությունը և, կարևոր նախագծերին մասնակցելու միջոցով, որոշակիորեն դուրս գալու շրջափակումից: Պետք չէ նաև մոռանալ, որ Իրանը դա գրեթե 80 միլիոնանոց իրացման շուկա է, բացի այդ, ֆինանսական ճգնաժամից դուրս գալուց հետո շատ ավելի մեծ հնարավորություններ են ի հայտ գալիս Հայաստան իրանական ներդրումներ բերելու համար: Հաշվի առնելով հնարավոր բոլոր օգուտները՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ պաշտոնյաները սխալվելու կամ հապաղելու իրավունք չունեն՝ նժարին Հայաստանի բարեկեցությունն է:
Հասմիկ Պետրոսյան