Ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայաստանի համար՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր հաստատման, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ, և արդյո՞ք պատերազմող երկրների հասարակությունները պատրաստ են ապրել «խաղաղ հարևանությամբ»։ Այս և այլ հարցեր են քննարկվել «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ» թեմայով «Մտագրոհ»-ի ժամանակ։ Կլոր սեղանի ընթացքում փորձագետները քննարկել են հակամարտությունների կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիոլոգիական և պատմական գործոնները։
Քաղաքական ասպեկտ
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ժամանակագրությունը՝ ընդգծելով, որ բազմիցս արվել են դրանք բարելավելու փորձեր, և ամենամեծ փորձը նախաձեռնվել է 2008 թվականին՝ ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ։ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը անվանել են «ֆուտբոլային դիվանագիտություն», որն ավարտվեց ոչնչով, քանի որ Թուրքիան չվավերացրեց ցյուրիխյան արձանագրությունները, իսկ ԱՄՆ-ը մինչև 2020 թվականը հեռացրեց այդ երկիրը իր շահերի գոտուց։
«Հետագայում ԱՄՆ-ը և ԵՄ-ն կրկին միացան բանակցային գործընթացին՝ խլելով Ռուսաստանի օրակարգը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ Ռուսաստանն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրսներ և փորձ, քան ուժային այլ կենտրոնները: Եվ նույնիսկ այսօր, ներկա դժվարին պայմաններում Ռուսաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները ռազմավարական դաշինքիմակարդակով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», – ասաց նա։
Սաֆարյանի խոսքով՝ 2008-2010 թթ. «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հայ հասարակությունը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները, թեև դրանք ֆորմալ առումով երկու տարբեր գործընթացներ են, իրականում խիստ փոխկապակցված են, և դրանք պետք է դիտարկել ու ուսումնասիրել ներքին միասնության մեջ։ Միևնույն ժամանակ վերլուծաբանը ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտություն Թուրքիայի հետ և կարևորում է այն փաստը, որ պատժամիջոցների հայտարարման հարցում Թուրքիան չի հետևել կոլեկտիվ Արևմուտքի մյուս երկրներին։
«Ռուսաստանը և Թուրքիան Եվրասիայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում միաժամանակ և՛ մրցակցում են, և՛ համագործակցում, և՛ հակադրվում։ Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները սինխրոնիզացնելու նպատակով մտածել են նաև նոր՝ «3+3» ձևաչափ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, որը կարծես Թուրքայի՝ դեռ 2006-2007 թվականներին առաջարկի շարունակությունը լինի: Այս ձևաչափը, որին Վրաստանը թեև չի ցանկանում մասնակցել, կարծես շատ կենսունակ է քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու և առաջ մղելու համար։ Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը ողջունում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ հաստատված զինադադարը խախտվում է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր կետերում զինված արյունահեղ բախումներով, համարվում է, որ բանակցությունները շարունակվում են, իսկ դիրքորոշումների մերձեցման և խաղաղ գործընթացի առաջխաղացման ժամկետները պահպանվում են», – ասաց նա։
Արամ Սաֆարյանը ընդգծեց, որ չնայած խաղաղ գործընթացն առաջ է ընթանում անվստահության, ատելության և թշնամանքի մթնոլորտում, այնուամենայնիվ, տարբեր երկրներից բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ և փորձագետներ պնդում են, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները դեռևս տեսականորեն հնարավոր են։
Տնտեսական ասպեկտ
Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատել հնարավոր է միայն հավասար մեկնարկային պայմանների դեպքում, սակայն այս պահին դրանք հավասար չեն։ Այս մասին իր խոսքում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։
«Հակամարտությունը լուծելու համար կա տնտեսական դիվանագիտության հզոր գործիք: Անհրաժեշտ է, օրինակ, ուշադրություն դարձնել տարածաշրջանային համագործակցության «3+3» բանակցային հարթակի նախաձեռնությունը, որն անմիջականորեն կապված է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հետ: Առավել ևս, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, և նա վստահելի, ապացուցված գործընկեր է, որը պետք է ներգրավված լինի երկրում համատեղ ձեռնարկությունների ստեղծման մեջ հետագա ներմուծման համար երրորդ երկրներ, այդ թվում՝ Եվրոպա», – ասաց Մանասերյանը։
Նրա խոսքով, կարևոր է նաև հաշվի առնել երկրի տնտեսական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների հարցը և դրա վրա Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության աստիճանը։ Նա նկատեց, որ զուտ տեսականորեն Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից և գտնել նոր մոտեցումներ և նոր լուծումներ, սակայն դրա համար պետք է լրջորեն գործի դնել տնտեսական դիվանագիտությունը։
«Տնտեսական անվտանգությունը ապահովելով՝ պետք է մտածենք ինչպես մեր ապրանքների ու ծառայությունների մրցունակության մակարդակի, այնպես էլ այն մասին, թե ինչպես դրանք ներկայացնել արտաքին աշխարհին, թե որ շուկաներում դրանք խթանել: Մի կողմից՝ պետք է դիվերսիֆիկացնել մեր մրցունակ արտադրանքի վաճառքի շուկաները, փնտրել լոգիստիկ «ուղիներ» դեպի նոր շուկաներ, մյուս կողմից՝ ներգրավել օտարերկրյա ներդրումներ և համատեղ ձեռնարկություններ ստեղծել երկրում։ Վերջին հանգամանքն այսօր շատ արդիական է, եթե խոսում ենք Ռուսաստանի հետ գործընկերության, մեր հիմքի վրա համատեղ երկկողմ և նույնիսկ եռակողմ արտադրական հզորությունների ստեղծման մասին՝ արտադրանքի հետագա արտահանման համար երրորդ երկրներ, այդ թվում՝ եվրոպական երկրներ։ Տնտեսական դիվանագիտությունը նախատեսված է հենց նման որոշակի նպատակների համար», – ընդգծեց Մանասերյանը։
Փորձագետը վստահ է, որ անհրաժեշտ է ընդգծել դիվանագիտական պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ ուղղված ամբողջ աշխարհում գործընկերներ գտնելուն և Հայաստանի ամուր դիրքերը ներկայացնելուն՝ որպես երկրի, որը կարող է արդյունավետ կամուրջ ծառայել Ռուսաստանի և մնացած աշխարհի միջև, ոչ միայն Եվրոպայի:
«Տնտեսական դիվանագիտությամբ է, որ պետք է զարգանան մեր տնտեսական և գործարար հարաբերությունները, որոնց մասին երազում է յուրաքանչյուր երկիր, ներառյալ նրանք, ովքեր բազմիցս պատժամիջոցներ են կիրառում, սակայն տնտեսապես չեն կարող առանց Ռուսաստանի: Թեև այդ պատժամիջոցների պատճառով Արևմուտքում կորուստները շատ ավելի շատ են», – հայտնեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը մատնանշեց այն խնդիրները, որոնք ի հայտ եկան Հայաստանի տնտեսությունում 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրքական ապրանքների ներմուծման վրա արգելք կիրառելու փորձի ժամանակ։ Նրա խոսքով, երբ այս պատժամիջոցները մտցվեցին Հայաստանի կողմից, բումերանգի էֆեկտն այնքան ուժեղ էր, որ գործնականում անհնար էր դրան դիմակայել.
«Պատճառը պետության անլուրջ վերաբերմունքն է տնտեսական անվտանգության հարցերին, պետության, գործարարների և փորձագիտական հանրության միջև կապի բացակայությունը դիվերսիֆիկացված արտահանման-ներմուծման քաղաքականության մշակման գործում», – եզրափակեց Մանասերյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով տնտեսական դիվանագիտության՝ որպես գործիքի կիրառման կարևորությունը։
Սոցիոլոգիական ասպեկտ
Որքանո՞վ են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ հարեւանության, ի՞նչ են խոսում ու մտածում նման հեռանկարի մասին։ Պատասխանելով այս հարցերին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանը մեջբերեց երկու երկրներում տարբեր սոցիոլոգիական հարցումների տվյալները։ Նա ընդգծեց, որ Հայաստանում հասարակական կարծիքի գրեթե բոլոր հարցումներում Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս որպես թշնամի պետություններ։ Թեև վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական կառույցները խաղաղության կոչեր են անում և կյանքի կոչում մարդասիրական ծրագրեր, սակայն դրանք իրավիճակը չեն տեղափոխել մեռյալ կետից:
«Օրինակ, ամերիկյան IRI կազմակերպության՝ 2021 թվականին կատարած ուսումնասիրության մեջ Հայաստանի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը նշել է Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) որպես մեր երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիք, և որպես Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիք կրկին նշել են Թուրքիան (88%) և Ադրբեջանը (81%)», – նա ներկայացրեց տվյալները։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների ապաշրջափակմանը և տրանսպորտային հաղորդակցության բացմանը, հայաստանյան հասարակական կարծիքը նույնպես այնքան էլ լավատես չէ։ Հարցվածների միայն 5%-ն է կարծում, որ Ադրբեջանի հետ տրանսպորտային ճանապարհների բացումը կարող է լիովին դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ ճանապարհների բացմանը. միայն 6%-ն է սա լիովին դրական համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար.
«Ընդհակառակը, հարցվածների մեծամասնության (53-59%) կարծիքով՝ ճանապարհների ապաշրջափակումը խիստ բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսական զարգացման վրա: Բնակչության վերաբերմունքը հարևան երկրների նկատմամբ կարելի է հասկանալ նաև նրանով, թե ինչպես են մարդիկ պատկերացնում երկրի հետագա զարգացումը։ Այսպիսով, 56%-ը վստահ է, որ «Հայաստանը պետք է ուժեղացնի իր բանակն ու զինված ուժերը՝ միաժամանակ փորձելով խաղաղության ձգտել: Եվ ընդհակառակը, միայն 2%-ն է պնդում, որ պետք է ձգտել խաղաղության առանց մեր զինված ուժերի հզորացման», – թվարկեց Պողոսյանը։
Սոցիոլոգի խոսքով՝ հայ բնակչությունն ամենից լավ հասկանում է, որ նման հարեւանների առկայության դեպքում միայն ուժեղ բանակի առկայությունն է կարող անվտանգության ու խաղաղության հուսալի երաշխիք լինել։ Այս կարծիքը ամրապնդվում է նաև Արցախյան հիմնախնդրի նկատմամբ բնակչության վերաբերմունքով։ Ի դեպ, հարցվածների 34%-ը կարծում է, որ Արցախը պետք է անկախ լինի, 50%-ը վստահ է, որ այն պետք է միացվի Հայաստանին, իսկ 11%-ը այն դիտարկում է Ռուսաստանի Դաշնության կազմում։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, ապա, ըստ հարցման արդյունքների, հարցվածների 70%-ը կարծում է, որ թուրքերին ընդհանրապես չի կարելի վստահել, 75%-ը կտրականապես համաձայն չէ այն պնդման հետ, որ Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում դարձել է ավելի ժողովրդավարական և վստահելի հարևան երկիր:
Եվ մեկ այլ բան. «Փորձագետների մեծ մասը նշում է, որ Հարավային Կովկասի ԶԼՄ-ները դեռևս հաճախ պարունակում են բացասական բառապաշար, «թշնամության լեզու», «ատելության խոսք» հակառակ կողմի նկատմամբ։ Բացի այդ, մեդիա դաշտում լայնորեն կիրառվում է միմյանց մասին նոր բացասական կարծրատիպերի ու կլիշեների ստեղծումը և հների ամրապնդումը: Ամենատարածված կարծրատիպերից մեկը թշնամու կերպարն է, որը ատելության զգացում է առաջացնում հարևանների նկատմամբ: Նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել տեղեկատվական պատերազմը: Գրեթե բոլոր փորձագետները կարծում են, որ Հարավային Կովկասի երկրներում պետական կառույցների ազդեցությունը լրատվամիջոցների վրա չափազանց մեծ է: Իշխանություններն օգտագործում են լրատվամիջոցները հանրային կարծիքը շահարկելու համար», – եզրափակեց Պողոսյանը։
Նշենք, որ «Մտագրոհը» կազմակերպել են «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն և Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հետ համատեղ։
Լինա Մակարյան