Վերջին տարիներին Հայաստանը սկսել են անվանել շախմատային տերություն, իսկ շախմատը` հայկական կրթության ազգային բրենդը: Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու տեսության համաձայն, շախմատը հայտնի էր Հայաստանում դեռևս 9-րդ դարում: Դրանք հիշատակվում են 12-13-րդ դարերի հայկական ձեռագրերում, որոնք պահպանվում են Մատենադարանում: Հոգեբանները կարծում են, որ հայերը ավելի լավ են զգում շախմատը, քանի որ կա սերտ կապ այս խաղի և հայկական մտածելակերպի, հայերի ապրելակերպի միջև:

2011 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատի ուսուցումը դարձրեց երկրորդից չորրորդ դասարանների դպրոցական ծրագրի պարտադիր մասը, և այժմ հայկական դպրոցներում աշխատում են ավելի քան 3 հազար շախմատի որակավորված ուսուցիչներ: Բնակչության թվով ըստ գրոսմայստերների քանակի, երկիրը մտնում է համաշխարհային առաջատարների կազմի մեջ:

Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, հայտարարեց. «Իմ նպատակն է, որպեսզի մենք ունենանք 5 լավ գրոսմայստեր և ևս հիսուն հազար մարդ, ովքեր մտածում են շախմատիստների պես: Շախմատը սովորեցնում է ազնիվ հաղթել և ազնիվ պարտվել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Աղբյուր` chesspro.ru

Այս տարի Հայաստանում բացվել է աշխարհում առաջին «Շախմատ» ԳՀԻ-ն, որտեղ ուսումնասիրվելու են այս ինտելեկտուալ խաղի հոգեբանական, սոցիալական, կրթական և այլ ասպեկտները: Մասնավորապես, գիտնականները ուսումնասիրելու են շախմատի ազդեցությունը մարդու ուղեղի զարգացման, ինտելեկտի, անձի կայացման վրա: ԳՀԻ-ի բացման արարողությանը ներկա էր ՖԻԴԵ-ի նախագահ (Շախմատի միջազգային ֆեդերացիա) Կիրսան Իլյումժինովը: Հայաստանում այս ինստիտուտի բացումը նա անվանեց բացառիկ շրջադարձ շախմատի պատմության մեջ: ՖԻԴԵ-ի նախագահը առաջարկեց Հայաստանին, որպես խաղաղություն քարոզող երկիր, խաղ անցկացնել Ադրբեջանի հետ:

«ՖԻԴԵ-ն զինված կոնֆլիկտներին դեմ է: Մենք կոչ ենք անում, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն շախմատի սեղանի շուրջ՝ խաղաղ եղանակով և պատերազմեն միայն շախմատի տախտակի վրա», – նշեց նա:

Ամիշ Գիրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը և Լևոն Արոնյանը: © EPA/YURI KOCHETKOV

Հայ շախմատիստների հաջողությունների և ձեռքբերումների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ընթանում տաղանդավոր շախմատիստների սերնդափոխության հարցը ազգային հավաքականում, Dalma News-ի հետ զրույցում պատմեց Շախմատի տան տնօրեն, ՖԻԴԵ-ի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, Շախմատի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Հրաչյա Թավադյանը:

– Ինչպե՞ս եք Դուք գնահատում պրոֆեսիոնալ շախմատի մակարդակը Հայաստանում:

– Պրոֆեսիոնալ շախմատի մակարդակը կախված է մեր հավաքականի հաջողություններից: 2004-ից մինչև 2012 թվականը գագաթնակետն էր, երբ մեր շախմատի տղամարդկանց հավաքականը շատ հաջող հանդես եկավ: Իմ կարծիքով, դա կապված էր նրա հետ, որ Շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 2004 թվականին Իսպանիայի Օլիմպիադայում թիմը երրորդ տեղը զբաղեցրեց, 2006 թվականին Թուրինում առաջին անգամ մեր հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն, 2008 թվականին Դրեզդենում մեր հավաքականը երկրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն, 2011 թվականին Չինաստանում հաղթեց աշխարհի թիմային առաջնությունում, 2012 թվականին Ստամբուլում դարձավ օլիմպիական չեմպիոն: Չեմ կարող ասել, որ դրանից հետո հավաքականը լավ արդյունքներ է ցույց տվել:

– Ինչո՞վ էին պայմանավորված վերջին տարիների դժվարությունները:

– Թիմի կազմը պետք է պարբերաբար թարմացվի, պետք են նոր մարդիկ: Մեզ մոտ 2004-2006 թթ. թիմի կորիզն էին կազմում Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, և այն չի փոփոխվել: Արոնյանը այս տարի դարձավ 36 տարեկան, նա արդեն շատ մեծ է համարվում: Օրինակ, 30-50 տարի առաջ, երբ խաղում էր Տիգրան Պետրոսյանը, 35-40 տարեկանն էր համարվում շախմատիստի համար գագաթնակետը, և նա հաջողությունների էր հասնում, կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն: Այսօր այդ տարիքը թոշակային է համարվում շախմատիստների համար: Շախմատիստների տարիքային կատեգորիաները փոփոխվել են: 12 տարեկան երեխան դառնում է միջազգային գրոսմայստեր: Այժմ մենք ունենք որոշակի խնդիրներ հավաքականում` Սերգեյ Մովսիսյանն արդեն 40 տարեկան է, նա որոշել է դադար վերցնել մեկ տարով և չմասնակցել մրցումներին, Վլադիմիր Հակոբյանը հրաժարվել է խաղալ հավաքականում և նախընտրում է զբաղվել մարզչական գործունեությամբ:

Հրաչյա Թավադյան

Ինչ վերաբերում է երիտասարդ շախմատիստների ներգրավմանը, ապա այս տարի առաջին անգամ Շախմատի ֆեդերացիան որոշում է կայացրել հավաքականում ընդգրկել 2018 թվականի Հայաստանի չեմպիոն 18-ամյա Հայկ Մարտիրոսյանին: Նա կկարողանա մասնակցել սեպտեմբերին Բաթումիում կայանալիք միջազգային օլիմպիադային: Բացի այդ, հավաքականում կարող է հայտնվել նաև ևս մեկ ամենաբարձր վարկանիշով շախմատիստ, որոշումը կկայացվի օլիմպիադայից երեք ամիս առաջ: Այժմ Մոսկվայում ընթանում է «Aeroflot Open» շախմատային մրցարշավը, որին մասնակցում են 6 հայ մարզիկ: Մարտին Բաթումիում անցկացվելու է շախմատի Եվրոպայի առաջնությունը տղամարդկանց մեջ, իսկ ապրիլին` կանանց: Ի դեպ, նույնպիսի խնդիրներ առկա են նաև կանանց հավաքականում, որտեղ արդեն երկար տարիներ խաղում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը: Ֆեդերացիան որոշել է, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականներն այս տարի անպայման մասնակցելու են մրցումներին: Եթե շախմատիստը, կին, թե՝ տղամարդ, ցանկանում է մտնել հավաքականի կազմի մեջ, ստանալ ֆեդերացիայի աջակցությունը, այդ թվում նաև ֆինանսական, ապա տարվա ընթացքում պետք է խաղա գոնե 36 խաղ, դա այդքան էլ շատ չէ՝ ընդհամենը 4 մրցաշար:

– Այդպիսի մրցաշարերին մասնակցելու համար ֆինանսական մե՞ծ ծախսեր են պահանջվում:

– Շախմատի ֆեդերացիան և սպորտի նախարարությունը աշխատում են աջակցել շախմատիստներին այդ հարցում: «Aeroflot» մրցաշարին մասնակցելու համար նախնական վճարը կազմում է 1300 եվրո, Եվրոպայի առաջնության մասնակցությունն արժե 1400-1500 եվրո: Նաև պետք է գնել ավիատոմսեր, վճարել հյուրանոցում ապրելու համար, կատարել ՖԻԴե-ի և Եվրոմիության մուծումը, վճարել կազմակերպիչներին: Ընդ որում՝ մարզիկները պետք է ապրեն հենց այն հյուրանոցներում, որոնք նրանք ամրագրել են, իսկ դա այնքան էլ էժան չէ` մոտ 90 եվրո մեկ գիշերվա համար: Շատ երիտասարդներ չեն կարող դա իրենց թույլ տալ, 100-200 եվրոն արդեն մեծ գումար է նրանց ընտանիքների համար: Մենք արդեն երկար տարիներ քննարկում ենք այս հարցը ֆեդերացիայում: Այս տարի որոշում է կայացվել վճարել չորս երիտասարդ մարզիկների մասնակցության համար` Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Արամ Հակոբյանի, Շանթ Սարգսյանի: Վլադիմիր Հակոբյանն է պարապելու նրանց հետ: 2016 թվականին Մանուելը (մինչև 18 տարեկան տարիքայինների մեջ) և Հայկը (մինչև 16 տարեկան տարիքայինների մեջ) դարձան աշխարհի չեմպիոններ, նրանք երկուսն էլ գրոսմայստեր են: Հայկն այս տարի հանդես է գալու ազգային հավաքականում, Մանուելը ունի բոլոր շանսերը հայտնվելու հավաքականում հաջորդ տարի: Քիչ-քիչ սերնդափոխությունը պետք է տեղի ունենա:

Հայկ Մարտիրոսյան

– Ինչո՞ւ վերջին տարիների ընթացքում այդ սերնդափոխությունը տեղի չի ունեցել: Հավաքականը ապահովագրվո՞ւմ էր՝ մրցումներին ուղարկելով փորձառու շախմատիստների, թե՞ պարզապես չկային տաղանդավոր երիտասարդ մարզիկներ:

– Չեմ կարող ասել, թե չկան տաղանդավոր երիտասարդ շախմատիստներ, սակայն հավաքակի մեջ ընդգրկվում են բարձր վարկանիշով մարզիկներ, իսկ միավորները հավաքվում են մրցաշարերին մասնակցությունների արդյունքում: Այս մրցումներին մասնակցությունը բավականին թանկ է, բայց այս տարի, ինչպես արդեն նշեցի, մենք նրանց կօգնենք ֆինանսական առումով: Հայաստանում ևս անցկացվում են բազմաթիվ միջազգային մրցաշարեր, այս տարի կանցկացվի «Yerevan open» շախմատային մրցաշարը, Շախմատի ակադեմիայում ևս մրցաշար է անցկացվելու, անցյալ տարի Ծաղկաձորում էր կազմակերպվել միջազգային շախմատային մրցաշար: Ընդհանուր առմամբ, երկրում մեկ տարվա ընթացքում անցկացվում է 4-5 մրցաշար, բայց երիտասարդները պետք է մասնակցեն նաև արտասահմանյան մրցաշարերի:

– Ըստ Ձեզ, ճի՞շտ որոշում էր շախմատը ներառել դպրոցական ծրագրի մեջ: Նման զանգվածայնությունը կարո՞ղ է տալ որակ, բացահայտել տաղանդներ, թե՞ ծրագիրը նախատեսված է միայն նրա համար, որպեսզի զարգանան երեխաների ընդհանուր մտածողական ընդունակությունները:

– Պարապմունքները դպրոցում անցնում են երկրորդ դասարանից, 8-9 տարեկան երեխաներ են: Մեզ մոտ այդ տարիքից արդեն մասնակցում են միջազգային մրցաշարերի: Չեմ կարծում, որ այդ դասերի շնորհիվ երեխաներից որևէ մեկը կարող է դառնալ լավ շախմատիստ, պրոֆեսիոնալ, չե որ նրանք ընդամենը սովորում են առաջին քայլերը: Եթե դու ուզում են պրոֆեսիոնալ զբաղվել դրանով, պետք է սկսել վաղ տարիքից: Մեր երկրում կա մոտ 1400 դպրոց, իսկ լավ մարզիչները շատ չեն: Լավ շախմատիստ կամ գրոսմայստեր լինելը քիչ է՝ աշակերտների հետ պարապելու համար, դու պետք է նաև լինես ուսուցիչ: Դպրոցներում այսօր, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, կամ ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչները կարող են համատեղության կարգով դասավանդել նաև շախմատ: Ընդհանուր կրթական դպրոցների բյուջեն այդքան էլ մեծ չէ՝ պրոֆեսիոնալներ աշխատանքի հրավիրելու համար: Բացի այդ, դժվար է բացատրել ծնողներին, հատկապես աղջիկների, որ նրանց երեխան պետք է քննություն հանձնի շախմատից: Երեխաների ընդհանուր զարգացման համար կարելի էր ներմուծել ընտրովի պարապմունքներ, ոչ պարտադիր: Շախմատային աշխարհում, իհարկե, նորությունն այն մասին, որ Հայաստանում շախմատը ներառված է դպրոցական ծրագրի մեջ, մեծ իրարանցում ստեղծեց, սակայն չի կարելի ապացուցել, որ այդ պարապմունքները որևէ կերպ նպաստում են երեխաների մաթեմատիկական ունակությունների զարգացմանը կամ նպաստում է իրենց կարգապահությանը:

– Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այն, որ այսօր գրոսմայստեր են դառնում այդքան երիտասարդ տարիքում: Շատերը կարծում են, որ շախմատն այսօր դարձել է մաքուր սպորտ, երբ համակարգչային ծրագրի շնորհիվ կարելի է հաշվարկել հակառակորդի բոլոր քայլերը, հիշել դրանք և հաղթանակ տանել` չծանրաբեռնելով սեփական ուղեղը:

– Այո, նման խնդիր գոյություն ունի, սակայն պրոֆեսիոնալ շախմատիստները պատասխանատու մրցումների ժամանակ չեն առաջնորդվում միայն այդ հաշվարկներով: Համակարգիչները կարող են կատարել միայն սև գործը, սակայն դրանք չեն խաղալու քո փոխարեն պատասխանատու պահերին, դա ընդհամենը 30 քայլ է: Բացի այդ, նման հզոր համակարգիչները թանկ արժեն, սկսնակ շախմատիսնտները դժվար թե իրենց կարողանան թույլ տալ ունենալ: Այո, կան շախմատիստներ, ովքեր օգտվում են դրանցից, մարզվում են, կիրառում են ծրագիր, որը կարող է հաշվարկել քայլերի կոմբինացիան, խաղերի տարբերակները, բայց չէ որ նմանատիպ զվարճանքները բազմաթիվ են: Ի դեպ, եթե երկու մրցակիցներն իրենց հույսը դնեն միայն համակարգչի վրա, ապա արդյունքում նրանք, իմանալով միմյանց քայլերը, ոչ ոքի կխաղան: Օրինակ, Լևոն Արոնյանը, երբ գնում է իմպրովիզի, կարող է անել ոչ ամենաուժեղ, բայց այնպիսի ոչ ստանդարտ քայլ, որ հակառակորդը դրանից հետո արդեն պետք է խաղա իր սեփական ուղեղով: Այնպես որ, եթե դու ձգտում ես հաղթանակի, գեղեցիկ խաղի, երբեմն պետք է գործել ոչ ըստ սխեմայի, ինչ-որ տեղ զիջել, զոհաբերել: Պետք է կարողանալ խաղալ և ճիշտ գնահատել սեփական դիրքերը:

Սակայն, հակառակվել թվային տեխնոլոգիաների ներմուծմանը նույնիսկ այնպիսի ինտելեկտուալ խաղի մեջ, ինչպիսին շախմատն է, անիմաստ է: Մի քանի տարի առաջ Ճապոնիայում ներկայացրեցին թվային շախմատներ: Դրանցով շատ ավելի հեշտ է խաղալ, չէ որ այն պահին, երբ դու վերցնում ես որևէ քար, տախտակի վրա լուսափայլում են այդ քարի քայլի բոլոր հնարավոր տարբերակները և հաշվարկվում են հակառակորդի բոլոր հնարավոր քայլերը: Բոլոր քայլերն արդեն ինտերակտիվ սեղանի վրա են, մնում է միայն տեղափոխել քարը: Մեկ խաղը նման սեղանի շուրջ տևում է գրեթե մեկ րոպե, դրա համար էլ խաղի այս տարբերակը կոչվում է «Speed chess» («Արագացված շախմատ»): Խաղալ այն այնքան հեշտ է, որ գրեթե պետք չէ միացնել սեփական ուղեղը:

Մինչդեռ Հայաստանում տեխնիկական առաջընթացը տեղի է ունենում մի փոքր այլ ուղղությամբ: Աշխարհում առաջին շախմատի օնլայն դպրոցի հիմնադիր Հրայր Շահբազյանը Dalma News-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իր թիմի կողմից մշակված WooChess նախագիծն իրենից ներկայացնում է նորարարական կրթական միջավայր, որը թույլ է տալիս պրոֆեսիոնալ խաղացողների և մարզիչների օգնությամբ սովորել խաղալ շախմատ` դուրս չգալով տանից:

Հրայր Շահբազյան

Իր խոսքերով՝ ցանկության դեպքում հնարավոր կլինի անցկացնել խմբակային պարապմունքներ, միաժամանակյա խաղեր: Կարելի է գնահատել մարզչի աշխատանքը և մեկնաբանություններ գրել դրա մասին, այսինքն՝ իրականացվելու է լիարժեք կրթական գործընթաց: Ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար:

«Ես ինքս ծրագրավորող եմ, սակայն անցյալում զբաղվել եմ շախմատով: Նման նախագիծ մշակելու գաղափարը առաջացավ այն ժամանակ, երբ հասկացա, որ շախմատային մարզիչները Հայաստանում այնքան չեն գնահատվում, որքան արտասահմանում, իսկ մենք ունենք հսկայական մարզչական պաշարներ: Սկսեցի մտածել այն մասին, թե ինչպես անել, որպեսզի նրանք կարողանան վաստակել այն նույն մակարդակի վրա, ինչ, օրինակ, մարզիչները Ամերիկայում», – նշեց Շահբազյանը:

Այժմ նախագիծը գտնվում է փորձարկման փուլում, կայքն ամեն օր կատարելագործվում է: «Յուրաքանչյուր ուժեղ շախմատիստ կարող է գրանցվել մարզչի կարգավիճակում, մենք չունենք սահմանափակումներ: Այժմ գտնվում ենք մարզիչներ գտնելու փուլում, բազմաթիվ հայ մարզիչներ արդեն գրանցված են մեզ մոտ», – ասաց նա: Կայքում տեղադրված է տեղեկատվություն յուրաքանչյուր ուսուցչի մարզչական գործունեության մասին, և աշակերտը կարող է ընտրել, ում ցանկանա:

Շահբազյանը նաև նշեց, որ համակարգը նպաստում է մարդկային հաղորդակցմանը, ստեղծվում է ուղիղ խաղի տպավորություն: «Եթե նախկինում սկսնակ մարզիկը հնարավորություն ուներ խաղալու միայն համակարգչի հետ, ապա այժմ նա կարող է շփվել ռեալ, փորձառու շախմատիստների հետ, լսել նրա խորհուրդները: Բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով, չի ստացվի խուսափել թվային տեխնոլոգիաների ներմուծումից նաև այս ոլորտում», – հավելեց նախագծի հեղինակը: Ինչ վերաբերում է նախագծի կոմերցիոն բաղադրիչին և դասերի մատչելիությանը, Շահբազյանը նշեց, որ պարապմունքի արժեքը կախված է մարզչի պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակից:

 

Պատրաստեց Լուսինե Դավթյանը