Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի մեկնարկի տարելիցը Հայաստանում նշվեց սեպտեմբերի 27-ին՝ սգո միջոցառումներով, շատ բան է փոխվել ոչ միայն Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև Երևանի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններում: Հաշվի առնելով այն կարևոր դերը, որը Ռուսաստանը խաղաց հրադադարի հասնելու գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական ջանքերը, ժամանակն է հասկանալ, թե որքան ամուր է այս դաշինքը և ինչպես է հայ հասարակությունը դիտարկում հայ-ռուսական համագործակցության ապագան: Այդ նպատակով էր, որ ՄՀՄՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պ.գ.դ. Նիկոլայ Սիլաևը մի քանի օրում հասցրեց շփվել ինչպես փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, այնպես էլ ուսանողների հետ՝ իրավիճակը հասկանալու համար: Իր հիմնական եզրակացություններով ռուս քաղաքագետը կիսվեց նաև Dalma News-ի հետ:
Հայաստան-Ռուսաստան. շեշտադրումները փոխվեցին, միությունն ամրապնդվեց
Գրեթե մեկ տարի անց, երբ Մոսկվայի ջանքերով Ղարաբաղում պատերազմը կանգնեցվեց, կարելի է ասել, որ Ռուսաստանի դերի առանձնահատկությունն այն է, որ այսօր այն նույնիսկ ավելի ներգրավված է ղարաբաղյան հակամարտությունում, քան 44-օրյա պատերազմից առաջ էր: Այժմ Մոսկվան գործնականում մեծ ընտրություն չունի, քանի որ այն իրավիճակում, երբ առաջնային է ռուս խաղաղապահների անվտանգությունը, նա կարող է ստիպված լինել անհապաղ գործել, հակառակ դեպքում դա ծանր հարված կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքական կարգավիճակին: Եվ կարելի է հանգիստ ասել, որ Մոսկվայի համար Հայաստանի պարտության գինը կայանում է նրանում, որ նա այժմ անմիջականորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտությունում:
Եվ այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության համար շատ կարևոր է, որ նրա դաշնակից Հայաստանը ուժեղ լինի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով: Խոսքը երկարաժամկետ գործընթացների մասին է, որոնց հիմքում հայ-ռուսական միությանն ուղղված այնպիսի բարձր պահանջներ են, որոնք նախկինում չեն դրվել:
Սակայն նույնիսկ այս դեպքում, Ռուսաստանը, անգամ պատերազմից հետո, որում պարտվեց նրա դաշնակիցը, կարողացավ պահպանել տարածաշրջանում առանցքային ռազմաքաղաքական ուժի իր դերը: Այս մի քանի օրերի ընթացքում Հայաստանում տեսա, որ հայ հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ առավել քան դրական է, և մեծ պահանջարկ կա խորացնելու և ամրապնդելու Ռուսաստանի հետ միությունը: Այն զարգացնելու մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու շեշտադրումները:
Ռուսաստան-Թուրքիա. ով ով է տարածաշրջանում
Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո փորձագետների գնահատականները կիսվեցին: Ոմանք կարծում էին, որ Ռուսաստանն ամրապնդվեց տարածաշրջանում, իսկ ոմանք՝ ընդհակառակը՝ արտաքին քաղաքական պարտություն կրեց, և Թուրքիան ձեռք բերեց նոր կարգավիճակ և ազդեցություն, ինչը չի կարող չնշանակել Մոսկվայի թուլացում: Այո, 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում նոր կարգեր հաստատվեցին, սակայն ոչ Ռուսաստանի հաշվին: Ընդհակառակը՝ Թուրքիայի մասնակցությունն այս պատերազմին, եթե իրավիճակին նայենք դիվանագիտության պրիզմայով, փորձ էր Ռուսաստանին առաջարկել երկուսով կառավարել տարածաշրջանը, ինչը նշանակում է Թուրքիայի դերը դարձնել առանցքայիններից մեկը: Այլ կերպ ասած` հավասարակշռել Թուրքիայի դերը Կովկասում:
Սակայն Ռուսաստանը այն երկիրը չէ, որի հետ կարելի է նման տոնով խոսել, և եթե ուշադիր նայեք, Թուրքիայի համար պատերազմի արդյունքները, լրատվամիջոցների առումով, տպավորիչ են, սակայն իրականում Թուրքիայի գրանցած հաղոջություններն այնքան էլ մեծ չեն:
Նախ՝ հակամարտության գոտում չկան թուրք խաղաղապահներ, և չնայած նա ցանկանում էր հասնել դրան, բայց Մինսկի խումբը պահպանեց ձևաչափը, և Թուրքիան, ինչպես նախկինում, դրանում ընդգրկված չէ: Բացի այդ, Էրդողանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են՝ չնայած Անկարայի ղեկավարության որոշ հակասական հայտարարություններին: Ամեն դեպքում, առավելությունները, որոնք Թուրքիան և անձամբ Էրդողանը ստանում են ռուս-թուրքական հարաբերություններից, բավականին մեծ են, ինչը նշանակում է, որ այդ հարաբերություններին մեծ նշանակություն է տրվում:
Ինչու՞ է Մինսկի խումբը «դանդաղում»
Միամտություն կլիներ կարծել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է անտեսվել: Այլ կերպ ասած՝ առանց այնպիսի ուժերի աջակցության, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այսօր ՄԽ շրջանակներում կարգավորման գործընթացը դանդաղել է, սակայն դա ընդհանուր առմամբ կապված չէ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ, քանի որ, ինչպես հիշում ենք, համանախագահները պաշտպանեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Գործընթացը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի, քանի որ երբ Ռուսաստանը և այլ երկրներ հայտարարեցին, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում գոյություն չունի, դա միայն բարոյական կոչ չէր: Իսկ այն, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը դանդաղել է, մեկ այլ արտացոլումն է այն բանի, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ գործընկերների վրա ուժային ճնշում գործադրելու փորձն այստեղ չի աշխատում: Սակայն մենք դեռևս ականատես ենք լինում ուժային ճնշման տարրերի, ուստի տարօրինակ կլիներ ակնկալել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համաձայնություն, երբ ձեր գործընկերոջը համարում եք թշնամի, որը դեռ սպառնում է ոչնչացնել ձեզ: Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման հարցում ձգձգումը միայն խոր անվստահության հետևանք է, որն է՛լ ավելի սրվեց Ղարաբաղում պատերազմից հետո:
Սպասե՞լ Ադրբեջանին ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում
Ինտեգրման վերաբերյալ որոշումները կայացնում են պետությունները, սա նրանց ընտրությունն է, և դա վերաբերում է նաև Ադրբեջանին: Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքի ինտեգրմամբ, սակայն դեռ տարիներ առաջ ի հայտ եկավ բազմամակարդակ ինտեգրման գաղափարը. ով ցանկանում է, ավելի արագ է ինտեգրվում, իսկ ով չի ցանկանում՝ ավելի դանդաղ: Սակայն պարզ է, որ այս հարցը չպետք է դիտարկել Մոսկվայի հետ սակարկելու համատեքստում, քանի որ Ռուսաստանը դա չի դիտարկում որպես զիջում կամ նվեր: Եվ եթե Բաքուն իր համար ձեռնտու համարի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, կարող է բանակցություններ սկսել այս հարցի շուրջ: Սա պետք է փոխշահավետ գործընթաց լինի, չնայած մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Բաքուն հաճախ փորձում ակնարկել, որ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանին զիջում է: Կրկնում եմ՝ Մոսկվայի համար սա ո՛չ զիջում է, ո՛չ սակարկության հարց:
Լինա Մակարյան