Մեր ընթերցողին ենք ներկայացնում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի հոդվածը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման վերջին միտումների մասին, որը հրապարակվել է Azg.am կայքում:
Արցախահայության բռնի տեղահանությունից եւ Հայաստանում վերաբնակեցվելուց հետո հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բարդությունները չեն պակասում: Սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով: Հայ-ռուսական հարաբերությունների մեջ ճգնաժամային երեք ամիսները ցույց են տալիս, որ քաղաքական մակարդակում շատ չլուծված (շատ դժվար լուծվող) հարցեր կան: Ռուս դիվանագետները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բազմաթիվ առիթներով ասում էին, որ ստեղծվել է մի վիճակ, երբ քաղաքական հարաբերություններ ուղղակի չկան: Տարվա վերջում իրավիճակը, կարծես, սկսեց փոխվել, չնայած փոխադարձ դժգոհությունը շարունակվում է: Այս ամենը անհրաժեշտություն է առաջացնում հանգամանորեն վերլուծել եւ դասակարգել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում առկա իրողությունները եւ փորձել ելքեր առաջարկել ճգնաժամից դուրս գալու համար:
Լարվածություն քաղաքական հարաբերություններում
Մի քանի ազդանշաններ կան, որոնք վկայում են անցած տարվա ընթացքում հարաբերությունների աստիճանական վատթարացման մասին: Դեռ հունիսին երկու երկրների համապատասխան նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված կրթական համաժողովը Երեւանում անցավ հաջողությամբ: Երեւանի պետական համալսարանը, հետո եւ այլ բուհեր դարձան եվրասիական համալսարանների կոնսորցիումի անդամներ: Այդ կոնսորցիումը, ինչպես հայտնի է, ղեկավարում է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Սադովնիչին: Աշնան սկզբին երկու երկրների տեղեկատվությունը համակարգող պետական մարմինները նախաձեռնեցին հայ-ռուսական առաջին մեդիա-ֆորումը, որտեղ ներկայացված էին Հայաստանի մեդիա դաշտի առավել հեղինակավոր ներկայացուցիչները: Այս ֆորումն անցավ վերին աստիճանի զուսպ մթնոլորտում, որի նպատակն էր բարի կամք դրսեւորել եւ մեղմել արդեն նկատվող լարվածությունը: Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարումն ու արցախահայության տեղահանումը Հայաստանում առաջացրին հակառուսական տրամադրությոնների ուժեղացած ալիք: Չստանալով սպասվող աջակցությունը ՀԱՊԿ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Մինսկում անցած ՀԱՊԿ եւ ԱՊՀ գագաթաժողովներին: Սեպտեմբերի սկզբին Երեւանում պետք է կայանար հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումը: Սրան Հայաստանի ուղղությամբ աշխատող ռուսական պետական մարմինները մեծ ուշադրություն են տվել մշտապես: Տասը տարվա ընթացքում առաջին անգամ այս ֆորումը Երեւանում տեղի չունեցավ, հետաձգվելով անորոշ ժամանակով: Ընդհանուր քաղաքական լարվածության պատճառով ժամանակավորապես ընդհատվեցին կամ հետաձգվեցին տարբեր հրապարակային միջոցառումներ: Այս ամենը առիթ տվեց ռուս փորձագետներին պնդելու, որ հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում հետընթաց է նկատվում: Այժմ, 50-ից ավել փորձագետների մասնակցությամբ Մոսկվայում աշխատում են Ռուսաստանի բարեկամ երկրների 2023թ. վարկանիշային ցանկի պատրաստման ուղղությամբ: Առայժմ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի տեղը այդ ցանկում, բայց ակնհայտ է, որ այն կզիջի 2022թ. ցուցանիշին: Քաղաքական հարաբերությունների վրա իր բացասական ազդեցությունն է թողնում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը, որը կարելի է անվանել դժգոհություն Հայաստանի դիրքորոշումից հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների գործընթացում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այս հարցում մենք իրարամերժ տեղեկություններ ենք ստանում: Աշխարհի ուժային կենտրոներից մեզ ասում են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները դժվարությամբ, բայց առաջ են գնում: Մյուս կողմից Մոսկվան բարձրաձայնում է, որ Ադրբեջանը համաձայն է նոյեմբերի 9-ի Մոսկվայի հռչակագրի հիման վրա պայմանավորվածությունների հաստատմանը, իսկ Հայաստանը դիմադրում է դրանց: Այս պայմաններում լարվածությունը մեծանում է այն ասեկոսեներով, թե Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո Բաքուն պատերազմ է սանձազերծելու Հայաստանի դեմ: Մենք ունենք այս ամենի արդյունքում Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտը առողջացնելու առաջարկներ, որոնք կներկայացնենք այս վերլուծականի վերջում:
Տնտեսական համագործակցության աննախադեպ աճ
Ի տարբերություն քաղաքական հարաբերություններում ճգնաժամի, 2023թ. հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն աննախադեպ աճ են արձանագրել: Հայաստանի արտաքին առեւտրական ոլորտը տարվա արդյունքով ցույց է տալու 42% աճ: Այդ աճի 38% բաժին է ընկնում Ռուսաստանին եւ ԵԱՏՄ գործընկերներին: Ռուսաստանը 2023թ. շարունակել է մնալ Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Եվրասիական փորձագիտական ակումբի խնդրանքով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հունվարի սկզբին մի տեղեկանք է պատրաստել, որտեղ մանրամասնորեն հիմնավորված են հայ-ռուսական տնտեսական համագործակցության նմանօրինակ զարգացման բոլոր հիմնական դրվագները: Այսպես. Ռուսաստանը 2023թ. Հայաստանի երկրորդ ներդրողն է Արաբական Միացյալ Էմիրություններից հետո: ՌԴ-ն գլխավորում է Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների առաջին հնգյակը: Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, երրորդ տեղում Չինաստանը, չորրորդ տեղում՝ Վրաստանը եւ հինգերորդ տեղում՝ ԱՄՆ-ն: Հարկ է նշել, որ վերջին երեք երկրները առաջին անգամ են նման բարձր տեղում հայտնվում: Տասը ամսվա արդյունքով Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 մլրդ. դոլար, նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ աճելով 40,8%: Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 2,9 մլրդ դոլար, աճելով 63%-ով: Ներկրումը Ռուսաստանից կազմել է 2,7 մլրդ. դոլար, աճելով 16,6%-ով: Հարկ է նշել, որ հայկական արտահանումը Ռուսաստան երկու շերտ ունի: Առաջինը սեփական արտադրանքի արտահանումն է, երկրորդը՝ վերաարտահանումը: Ընդհանուր պատկերացում կազմելու համար նշենք, որ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը տասը ամսվա կտրվածքով կազմել է 15,4 մլրդ. դոլար: Մեր արտահանումը աճել է 38,5%-ով, կազմելով 5,81 մլրդ. դոլար, իսկ ներկրումը կազմել է 9,6 մլրդ. դոլար, աճելով 42,9%-ով: Տպավորիչ չափերով աճել է ապրանքաշրջանառությունը նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի հետ:
2023թ. Հայաստան է եկել 2,3 մլն. զբոսաշրջիկ: Դրա 50%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:Զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում՝ Վրաստանը (11%), երրորդ տեղում Իրանը (6%), չորրորդ տեղում ԱՄՆ-ն (3%), հինգերորդ տեղում Հնդկաստանը (1,5%) եւ վեցերորդ տեղում Չինաստանը (1%):
Ուղիղ տրանֆերտների հարցում նույնպես առաջին տեղում Ռուսաստանն է: Տասը ամսվա կտրվածքով այնտեղից Հայաստան է եկել 3,2 մլրդ. դոլար: Աճը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 1,1 անգամ: ԱՄՆ-ից ուղիղ փոխանցումները նույն ժամանակահատվածում նվազել են, կազմելով 529 մլն. դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարի դրանք կազմում էին 608,7 մլն. դոլար: Փորձագիտական գնահատականներով 2023թ. ցուցանիշը կկազմի ավելի քան 4 մլրդ. դոլար: Հետաքրքրական է, որ Հայաստանից Ռուսաստան նույն տասը ամիսների կտրվածքով փոխանցումները կազմել են 539,7 մլն. դոլար: Հայաստանից ԱՄՆ փոխանցված գումարները կազմել են մոտ 384,5 մլն. դոլար:
Հայաստանում 2023թ. գործել է մոտ 700 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն, որոնց կեսը իրականում աշխատել է: Հայաստանում հաստատված ռուսաստանցիները բացել են եւ աշխատեցնում են, փորձագիտական հաշվարկներով, մոտ 3000 տարբեր տեսակի ձեռնարկություններ: Ընդհանրապես, հարկ է նշել, որ մեր երկրում հաստատված ռելոկանտները տնտեսության վրա թողել են բարերար ազդեցություն: Հայաստան ուղարկված բոլոր տրանսֆերտների կեսը ստանում են մեզ մոտ հաստատված Ռուսաստանի քաղաքացիները: Այս թեման ինչպես տնտեսագիտական հարթության վրա, այնպես էլ հասարակական-քաղաքական, հարկ է լրջորեն եւ խորությամբ ուսումնասիրել: Ուկրաինական ճգնաժամի պատճառով բնակչության այս տեղափոխությունների բոլոր արդյունքները մեր կյանքի տարբեր ուղղությունների վրա հարկ է մանրամասնորեն եւ որակով քննարկել: Պետք է հականալ, թե ինչ գործընթացներ են կանխատեսելի վերոհիշյալ ճգնաժամի հաղթահարումից հետո եւ ինչ նոր իրողությունների է բախվելու Հայաստանը մոտակա 1,5-2 տարիներին:
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների նման տպավորիչ զարգացումը ընդունել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս տված իր հարցազրույցում: Նա նույնիսկ ընդգծել է, որ հայտնի դժվարությունների ընդհանուր մթնոլորտում, տարվա ընթացքում Հայաստան է եկել ինը բիզնես պատվիրակություն եւ բոլորի նպատակներն ու ծրագրերը հաջողությամբ իրականացել են: Այսպիսով, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը դառնում է ընդհանրապես հայ-ռուսական համագործակցությունն ու փոխգործակցությունը զարգացնելու օգտին գլխավոր փաստարկ: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ 2023թ. Զարգացման եվրասիական բանկը 2024.-2026թթ. համար Հայաստանին է տրամադրել 2,103 մլրդ. դոլար վարկ մեր առաջատար տնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով, ապա պատկերը կամբողջանա եւ հասկանալի կդառնա այս վեկտորի նշանակությունը մեր տնտեսական զարգացման համար:
Հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու որոշ դեղատոմսեր
Քաղաքական լարվածություն դաշնակիցների եւ մտերիմ գործընկերների միջեւ աշխարհում էլի են եղել: Հայտնի են լարվածությունները Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ, Մեծ Բրիտանիայի եւ Եվրասմիության միջեւ եւ այլն, եւ այլն: Նման դեպքերն ավելի շատ են մեր տարածաշրջանի իսլամական երկրների պատմության մեջ: Հիմա մեր նպատակը ոչ թե դրանք վերլուծելն է, այլ արձանագրելը, որովհետեւ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող է կարգավորվել Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում այս կնճիռը, եւ ինչպե՞ս կանդրադառնա չկարգավորված լարվածությունը մեր ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի վրա:
Դեկտեմբերի 23-ին մասնակցելով Սանկտ-Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին, Հայաստանի վարչապետը կարծես թե հանեց լարվածության մի մասը: Սակայն ռուսական դիվանագիտության ղեկավարի վերջին ասուլիսը ցույց է տալիս, որ լարվածության մի մասը չի հաղթահարված եւ շարունակվում է գոյություն ունենալ: Այս պայմաններում, վերլուծելով առկա լարվածության առավել նկատելի հիմքերը, թույլ ենք տալիս մեզ անելու երկու առաջարկություն: Առաջինը վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններին եւ այդտեղ առկա դժվարություններին: Տարբեր առիթներով, մեր հրապարակումների մեջ մենք զարմանք ենք հայտնել, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը խուսափում խորհրդակցական հանրաքվեներ անցկացնելուց: Չէ՞ որ դրանց արդյունքները կարող են շատ լուրջ փաստարկ հանդիսանալ որեւէ երկրի արտաքին քաղաքական ուղեզրի մշակման ժամանակ: Մենք կարծում ենք, որ կարելի է մի խորհրդակցական հանրաքվե անցկացնել պարզելու համար մեր ժողովրդի կարծիքը հայ-ադրբեջանական կարգավորման ընդհանուր գործընթացում առկա խոչընդոտների մեծությունը եւ բարդությունը գնահատելու համար: Հասկանալի է, որ նման հանրաքվեն պետք է ուղեկցվի բոլոր լրատվամիջոցների միջոցով բաց եւ հրապարակային քննարկումների արդյունքում: Պետք է թույլ տալ, որ արտահայտվելու իրավունք ունենան բոլորը, ովքեր ասելիք ունեն: Այլ ոչ թե միայն նրանք, ովքեր ընդունելի են կամ հաճելի:
Երկրորդ: Հայկական հասարակությունն ուղղակի կարոտ է, որ իր հետ խոսեն հասկանալի ու մատչելի լեզվով եւ ազնվորեն ներկայացնեն հայտնի դժվարությունները: Հրապարակային քննարկումները պետք է ուղղված լինեն ոչ թե ընդդիմադիր շրջանակաները լռեցնելուն կամ խեղդելուն, այլ նպատակ ունենան հագեցնել անորոշության եւ տագնապի առկա մթնոլորտը ազնիվ դատողություններով եւ սկզբունքային մոտեցումներով: Եվ վերջապես, պետք է ներգրավել բոլոր կարեւոր ուժերին, որոնք պատրաստակամություն հայտնեն ջանքեր գործադրել առկա դժվարությունները հաղթահարելու համար: Նրանց ձայնը, խորհուրդները, հորդորները պետք է ընդունվեն պետական մարդկանց սազական համբերատարությամբ եւ իմաստությամբ: Մեր հասարակությունը ի վիճակի է ավելի ուժեղ լինելու, քան հիմա է: Այդ հնարավորությունից պետք է օգտվել ըստ ամենայնի: