Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցը նշում էր իր 50-ամյակը: Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառման շրջանակներում հուշատախտակ բացվեց: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը և այլք: Այս տարի դպրոցը բացեց իր դռները 154 աշակերտի առջև. հյուրերին ավանդաբար դիմավորում էին հացով և աղով:

Հայաստանի Ֆիոլետովո գյուղը երկրի ամենայուրօրինակ վայրերից մեկն է, քանի որ այս «կղզյակում» միայն ռուսներ են ապրում: Եվ ոչ պարզապես ռուսներ, այլ մոլոկաններ՝ քրիստոնեության առանձին ուղղության ներկայացուցիչներ, որը ծագել է Ռուսաստանի կայսրությունում դեռևս 18-րդ դարում:

Հայաստանում մոլոկանների բնակավայրերը առաջացել են դեռևս 1830-ական թվականներին, երբ մոլոկանները այստեղ տեղափոխվեցին նախ Տամբովի նահանգից, այնուհետև Սարատովից: Հետազոտող Իվան Սեմյոնովը (ով ինքն էլ մոլոկան է), որը ծնվել և մեծացել է Հայաստանի Դիլիջան քաղաքում, տարիներ շարունակ ուսումնասիրել է իրենց հարազատ վայրերից մոլոկանների և դուխոբորների արտագաղթի պատճառները. նրան հետաքրքրում էր իրենց հավատքը, կենցաղը, սոցիալ-տնտեսական վիճակը, հարաբերությունները տեղի բնակչության հետ: Նրան այս թեման հետաքրքրել է ինչպես ռուսական աղանդավորության պատմության, այնպես էլ կայսրության ծայրամասերի նկատմամբ ցարական քաղաքականության և Անդրկովկասի էթնիկ պատմության տեսանկյունից: Դիլիջան քաղաքը և շրջակա գյուղերը ժամանակին խիտ բնակեցված էին մոլոկաններով:

Իվան Սեմյոնովը, վերլուծելով Հայաստանի տարածքում մոլոկանների վերաբնակեցման պատճառները, դա կապում է կարևոր պատմական շրջադարձների հետ: Առաջին ռուսական բնակավայրերը Հայաստանի տարածքում ձևավորվել են 1804 թվականին: Դրանք հիմնականում կազակներն էին, որոնք ուղարկվել էին Ռուսաստանի Կայսրության և Օսմանյան կայսրության միջև սահմանը պահպանելու համար:

Այդ ժամանակ Էրիվան բերդը պատկանում էր պարսիկներին: 1804թ.-ին տեղի ունեցավ ռուսական զորքերի առաջին արշավը Էրիվանի վրա, 1808թ.-ին` երկրորդը: Եվ միայն երրորդ արշավը՝ 1827 թ.-ին, հաջողությամբ պսակվեց` Էրիվանի ամրոցը գրավվեց, և Արևելյան Հայաստանի այնպիսի մեծ շրջաններ, ինչպիսիք էին Էրիվանի և Նախիջևանի խանությունները, միացան Ռուսաստանին: Առաջին ռազմական կայազորը հայտնվեց Հայաստանի մարզերում Վրաստանը Ռուսաստանին միանալուց անմիջապես հետո: Այն գտնվում էր Շիրակի մարզում (Շուրաղել): Այստեղ ուղարկված կազակները Գյումրի գյուղի հարևանությամբ հիմնեցին իրենց բնակավայրը, որը վերածվեց Թուրքիայի հետ սահմանային անցակետի: 1836 թ.-ին այստեղ եղավ նաև Կայսր Նիկոլայ Առաջինը, որից հետո ամրապնդման աշխատանքներն էլ ավելի աշխուժացան և Գյումրի գյուղը մեծանալով վերածվեց Ալեքսանդրապոլ քաղաքի, որը դարձավ Կովկասում Ռուսաստանի խոշորագույն ռազմավարական կենտրոնը, որտեղ արդեն իսկ բնակություն հաստատեցին ռուսազգի քաղաքացիական անձինք: Որոշվեց Ռուսաստանին միացված հողերը բնակեցնել ռուսներով, ովքեր զինված կպաշտպանեին սահմանը: Ներգաղթյալների թվում էին նաև մոլոկաններն ու դուխոբորները, որոնք այսպիսով մեկուսացան ուղղափառ բնակչությունից: Այսպես, 1831 թ.-ին Ղարաբաղի նահանգում ձևավորվեց նաև Դոն կազակներ դուխոբորների առաջին բնակավայրը՝ Կիզիլ-Քիշլակը: Մեկ տարի անց Նախիջևանի նահանգում ձևավորվեց մոլոկանների առաջին գյուղը՝ Բազարչայը:

«Ավելի վաղ Անդրկովկասում բնակություն էին հաստատել գերմանացի գաղութարարները, ովքեր 1817 թվականին ժամանել էին Վրաստան և բնակություն հաստատել Թիֆլիսի և Էլիսավետպոլի նահանգների մի շարք գաղութներում: 1830 թվականին նրանց թիվը կազմում էր մոտ 2000 մարդ: Նրանք բոլորն էլ բողոքականներ էին և այստեղ փնտրում էին խաղաղություն, հոգեկան անդորր և սպասում էին Քրիստոսի երկրորդ գալստյանը, որը, իրենց քարոզիչների մարգարեությունների համաձայն, պետք է տեղի է ունենար 1836 թվականին Արարատ լեռան շրջանում: Նմանատիպ խոսակցություններ էին տարածված նաև մոլոկանների, ինչպես նաև դուխոբորների շրջանում: Այդ իսկ պատճառով, աքսորյալ աղանդավորների հետ միասին Կովկաս ժամանեցին շատ կամավորներ», – գրում է Սեմյոնովը:

1835թ.-ին առաջացավ մոլոկանների բնակավայրը Ելենովկան (Սևան), 1842թ.-ին` Նիկիտինոն (Ֆիոլետովո), 1846թ.-ին` Վորոնցովկան (Տաշիր), 1847թ.-ին` Վոսկրեսենկան (Լերմոնտովո) և այլն: Խորհրդային տարիներին Հայաստանում կար մոտ 30 մոլոկանաբնակ գյուղ: Այսօր Ֆիոլետովո և մասամբ Լերմոնտովո գյուղերը ամբողջովին բնակեցված են հայաստանաբնակ մոլոկաններով: Երևանում և Դիլիջանում ևս կա մոլոկան համայնք:

Ֆիոլետովոյի հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը՝ ընդգծելով Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների և Ֆիոլետովոյի ռուսական դպրոցի միջև սերտ կապերի և համագործակցության կարևորությունը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին շնորհավորեց դասախոսական կազմին, աշակերտներին և ծնողներին հոբելյանական ուսումնական տարվա սկզբի առթիվ:

«Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցը շատ կարևոր դեր է խաղում այն հարցում, որ Հայաստանի մոլոկան համայնքը սերտորեն ինտեգրվի եղբայրական հայ ժողովրդին և իր նշանակալի ներդրումն ունենա երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացման մեջ»,- նշեց դեսպանը` հավելելով, որ «Մոլոկան համայնքը շատ կարևոր կապող օղակ է Ռուսաստանի և Հայաստանի միջև»:

Ամեն տարի Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական և գործարար ներկայացուցչությունների ներկայացուցիչները այցելում են Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ զանգվածային բնակություն է հաստատել երկրի ազգային փոքրամասնություններից մեկը՝ ռուս մոլոկանների համայնքը: Սա դարձել է լավ ավանդույթ: Դպրոցը աջակցություն է ստանում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան և ԳՄՌԿ-ի կողմից: Իսկ 2008 թվականին 90-ականներից ի վեր չվերանորոգված դպրոցի հովանավորությունը ստանձնեց «ՀԿԵ» ՓԲԸ-ն: Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն շնորհավորեց դպրոցը 50-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ ընկերությունը դպրոցի համար պատրաստել է հատուկ նվերներ` նոր սեղաններ երկու դասարանների համար, երաժշտական կենտրոն և նոթբուք:

Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին նշեց, որ «Գիտելիքի օրը միասնության տոն է, քանի որ այն միավորում է տարբեր սերունդներ, այն չափազանց կարևոր է բոլորի համար, բայց հատկապես առաջին դասարանցիների և, իհարկե, շրջանավարտների համար, ովքեր այս տարի պետք է ընտրեն իրենց ապագա մասնագիտությունը»:

Միջոցառումն ամփոփվեց նախորդ տարի գերազանց սովորած աշակերտներին պատվոգրերի և նվերների հանձնմամբ և հոբելյանական տորթով:

 

Ելենա Շուվայեվա-Պետրոսյան