Տարիներ շարունակ Երևանում գործում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի ներկայացուցչությունը, որը, ի թիվս այլնի, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների հետ աշխատանքին: Ողջ տարվա ընթացքում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցում կարևոր դեր են խաղում երիտասարդները` նոր սերնդի տաղանդավոր, նախաձեռնող և խանդավառ ներկայացուցիչները:
Dalma News-ի հետ զրույցում ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության երիտասարդության և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը ներկայացրեց ներկայացուցչության կողմից այս տարվա համար նախապատրաստած ծրագրերը, ինչպես նաև խոսեց առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:
– Ո՞ր ծրագրերն ու միջոցառումներն են ներկայացուցչության գերակայությունների ցանկում:
– Ամեն ամիս մենք անցկացնում ենք մի շարք միջոցառումներ. մենք օգնում ենք տարբեր երիտասարդական կազմակերպությունների, նախաձեռնող երիտասարդների, ովքեր դիմում են մեզ աջակցության համար, ինչպես նաև աջակցում ենք տարբեր սոցիալական և մշակութային միջոցառումների: Այդ իրադարձությունների կարևոր բաղադրիչն այն է, որ դրանք անցկացվում են անվճար, և յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել:
– Ինչո՞վ կուրախացնեք մեզ այս աշնանը:
– Օ՜, մենք հսկայական ծրագրեր ունենք (խմբ.՝ ծիծաղում է): Արդեն այս շաբաթ օրը Հայաստանում նշվում է Անկախության օրը, և բացի այդ, նույն օրը միջազգային հանրությունը նշում է Խաղաղության միջազգային օրը: Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի Հաղթանակի զբոսայգում կկայանա «Միասնական հոգևոր ժամը. «Խաղաղության աղավնի» հանդիսավոր հավաքը, որը նվիրված է Խաղաղության միջազգային օրվան: Հավերժական կրակի մոտ հավաքվելու են դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր: Տոնական արարողության շրջանակներում ծաղկեպսակներ ու ծաղիկներ կտեղադրվեն Հավերժական կրակի մոտ, իսկ հաջորդիվ կանցկացվի «Խաղաղության աղավնի» ֆլեշմոբը՝ միաժամանակ երկինք բաց կթողնվեն Ռուսաստանի և Հայաստանի դրոշների գույներով փուչիկներ՝ դրանց կցված թղթե աղավնիներով, որոնք խորհրդանշում են լույս և խաղաղ ապագայի հույս: «Միասնական հոգևոր ժամը. «Խաղաղության աղավնին» միջազգային միջոցառումը տարեցտարի անցկացվում է աշխարհի տարբեր մասերում և նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարված Խաղաղության միջազգային օրվան՝ բոլոր երկրների և ժողովուրդների միջև խաղաղության իդեալները ամրապնդելու նպատակով:
Սեպտեմբերի 23-ին մենք կուղևորվենք Գորիս, որտեղ նախատեսված է հանդիպում երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ, որոնց մենք կներկայացնենք մեր նախագծերը այն հույսով, որ նրանք կմիանան մեզ և քննարկումների ընթացքում կներկայացնեն համագործակցության իրենց գաղափարներն ու մոտեցումները:
Սեպտեմբերի 30-ին մենք կունենանք ևս մեկ հանդիպում` «Հաջողության բանաձև» նոր ծրագրի շրջանակներում, որն ուղղված է երիտասարդ մասնագետների, ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների հետ աշխատելուն: Ծրագիրը ենթադրում է հանդիպումների շարք ռուսաստանյան բուհերի հայաստանաբնակ հաջողակ շրջանավարտների հետ: Մենք որոշեցինք, որ Ռուսաստանում կրթություն ստացած մարդկանց համար հետաքրքիր կլինի իրենց հմտություններն ու գիտելիքները փոխանցել Հայաստանում աշխատող երիտասարդ մասնագետներին:
Իսկ սեպտեմբերի վերջին մենք կկազմակերպենք կլոր սեղան՝ «Երիտասարդության դերը հանրային դիվանագիտության գործընթացում» թեմայով:
– «Ռոսսոտրուդնիչեստվոն» կազմակերպել է նաև ռուսաց լեզվի դասընթացներ ինչպես բոլոր ցանկացողների, այնպես էլ առանձին մասնագետների համար: Արդյո՞ք այս նախագիծը գործում է այսօր:
– Այո, մենք ունենք ռուսաց լեզվի մի քանի դասընթացներ, որոնք պարբերաբար անցկացվում են Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար: Մենք ունենք նաև ռուսաց լեզվի դասընթացներ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների համար. դրանք անց են կացվել Դիվանագիտական դպրոցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում և այլն: Իսկ անցյալ տարի մենք կազմակերպեցինք ռուսերենի անվճար դասընթացներ երիտասարդ լրագրողների համար և նախատեսում ենք շարունակել դրանք նաև ապագայում, իսկ մոտակա ժամանակներս մենք կկազմակերպենք լեզվի դասընթացներ Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Ես կցանկանայի բարձրաձայնել ևս մեկ նախագծի մասին, որի շուրջ հենց օրերս է պայմանավորվածություն ձեռք բերվեց` Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ մեկնարկում է մի նախագիծ, որի շրջանակներում Երևանում ամեն ամիս տեղի կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի բաց դասախոսությունները Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում: Դասախոսությունները կարող են ունկնդրել ոչ միայն համալսարանի ուսանողները, այլև բոլոր ցանկացողները, և կարծում եմ, որ սա եզակի հնարավորություն է բոլորի համար:
– Հայաստանում պարբերաբար քննարկվում է այն հարցը, թե որքանով է այսօր մեր հասարակությունը, և հատկապես՝ երիտասարդությունը, տիրապետում ռուսերենին՝ հատկապես հարևան Վրաստանում ռուսաց լեզվի տիրապետման իրավիճակի համատեքստում:
– Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ այն երիտասարդների մեծամասնությունը, ում հետ մենք շփվում ենք, լավ է տիրապետում ռուսաց լեզվին: Քչերն են, ովքեր ազատ չեն խոսում ռուսերեն, բայց բոլորն, առանց բացառության, հիանալի հասկանում են լեզուն: Հետևաբար, կարող եմ հավաստել, որ Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակը բավականին բարձր է: Ավելին, մենք ամեն տարի Հայաստանից ներկայացուցիչներ ենք ուղարկում Ռուսաստան` մասնակցելու տարբեր մրցույթների, գիտաժողովների, ինչպես նաև «Նոր սերունդ» ծրագրի շրջանակներում (25-35 տարեկան ՀՀ քաղաքացիների համար), և այս ծրագրին մասնակցելու մրցույթը բավականին բարձր է` ռուսերենին տիրապետող մասնագետներ և երիտասարդ ակտիվիստներ շատ կան: Եվ ես կարծում եմ, որ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների մակարդակը, դա բնական է:
Նշենք, որ ներկայումս «Ռոսսոտրուդնիչեստվոն» ներկայացված է 81 աշխարհի երկրներում 98 ներկայացուցչություններով` Ռուսաստանի գիտության և մշակույթի 74 կենտրոններ 62 երկրներում, Գործակալության 24 ներկայացուցիչ՝ 22 երկրներում ՌԴ դեսպանությունների կազմում:
Լինա Մակարյան