Հասարակական վայրերում ծխելու հետ կապված օրենսդրական փոփոխությունների փուլը Վրաստանում հասնում է իր եզրագծին: Երրորդ՝ վերջին ընթերցումի ժամանակ երկրի խորհրդարանը հաստատեց հակածխախոտային օրենսդրությունը, և հիմա, որպեսզի այն ուժի մեջ մտնի, 5 օրենքների հետ կապված ուղղումները պետք է ստորագրի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Խորհրդարանը լիահույս է, որ այս բոլոր փոփոխությունները թույլ կտան իջեցնել մահացության ու այն հիվանդությունների ցուցանիշները, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ: Սահմանափակումները վերաբերվելու են նաև էլեկտրոնային ծխախոտներին, որոնք նույնքան վնասակար են, որքան սովորականները:

Երկրի գլխավորի ստորագրումից հետո օրենքը պիտի ուժի մեջ մտնի 2018 թվականի մայիսի 1-ից: Փոփոխությունների ծրագրին համապատասխան՝ արգելվելու է փակ շինություններում, ու նաև որոշ հասարակական վայրերում ծխելը: Դրա հետ մեկտեղ այդ փոփոխությունները վերաբերելու են նաև ծխախոտային ապրանքների հանրայնությանն ու գովազդներին, վաճառքի կետերում դրանք տեսանելի հատվածներում տեղադրելուն, ինչպես նաև ճանապարհների բանուկ հատվածներում դրանց իրացմանը: Բացի այդ՝ ծխախոտային արտադրանքի տուփերի վրա շատացվելու են բժշկական զգուշացումների քանակը, նաև պարտադիր է լինելու պատկերների առկայությունը: Արգելքներ կիրառվելու են նաև ինտերնետով ու փոտով էլեկտրոնային ծխախոտների մանրածախ վաճառքի նկատմամբ:

231360336

«Վրաստանի շնչառական ասոցացիա» ՀԿ-ի տվյալներով՝ ծխելու պատճառով երկրում ամեն տարի մահանում է 11 000 մարդ, որոնցից 3000-ը պասիվ ծխողներ են: Վիճակագրության համաձայն՝ Վրաստանի բնակչության 33 %-ը ծխախոտային արտադրանքի սպառող է: Ծխող են տղամարդկանց 57%-ը, իսկ կանանց 7%-ը: Հետազոտողները ահազանգում են, որ մեծանում է երիտասարդ բնակչության շրջանում ծխողների թիվը՝ 18% 16-ամյաներ և 7% 13-15 տարեկան պատանիներ:

Ծխողներից բացի ծխախոտի օգտագործումը նաև վնաս է հասցնում չծխողների առողջությանը: Օդում մնացած երկրորդային ծուխը պարունակում է 5000 քիմիական նյութ, որոնցից 98-ը թունավոր են ու մեծացնում են կաթվածի, շաքարախտի, թոքաբորբի, թոքախտի, ասթմայի, թոքերի խանգարիչ խրոնիկ հիվանդությունների, թոքերի ուռուցքի, կաթնագեղձերի ու ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ռիսկը:

index

«Այն երկրներում, որտեղ մարդիկ երկար չեն ապրում, բարձր է ծխախոտի ու այլ ծխելի խոտերի օգտագործման ցուցանիշը», – Dalma News-ի հետ ունեցած զրույցում ասաց փորձագետ ու հոգեբան Ռամազ Սակվարելիձեն:

Սակվարելիձեն ծխող է, բայց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պատրաստվում է հետևել օրենքին: Նա ողջունում է քաղաքացիների առողջության ու չծխողների իրավունքների պաշտպանման համար պետության դրսևորած հոգատարությունը, սակայն գտնում է, որ գործընթացը պետք է սկսվեր ոչ թե արգելքից, այլ բնակչությանն այլընտրանք առաջարկելուց՝ կյանքի առողջ ապրելակերպ ու ֆիզիկական ակտիվության աջակցում: Նրա կարծիքով սա միակ հավաստի մեթոդն է քաղաքացիներին ներշնչելու, որ ծխելը հիմարություն է, ու դա տասնամյակներ է տևելու: Փորձագետը նաև երկրի իշխանություններին խորհուրդ է տալիս հոգ տանել Բուհ-երի ու դպրոցների սպորտային բազաների մասին:

«Հասարակությունը, որը հասկանում է ծխելու ողջ արատավորությունը, հեշտությամբ կընդունի նաև նրա արգելքը: Բայց երբ որևէ գործընթաց սկսվում է արգելքից, դրան հաջորդում է բողոքը: Դա նաև կարող է առողջության տեսանկյունից բացասական արձագանք  առաջացնել, քանի որ ծխախոտից հրաժարումը սթրես է առաջացնում ու բարձրացնում է նյարդային համակարգի գրգռվածությունը: Արտասահմանյան կլինիկաներում, երբ մարդուն վիրահատում են, վիրահատությունից հետո հիվանդին թույլ են տալիս ծխել, եթե իհարկե նա ծխող է»,- ասաց Սակվարելիձեն:

Փորձագետի խոսքերով՝ այսօր ծխախոտներն էլ ավելի մեծ պահանջարկ ունեն, քան առաջ: Իսկ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավոր է ինչպես ծխողների թվաքանակի ու օրվա ընթացքում ինտենսիվ ծխելու նվազում, այնպես էլ ծխախոտի օգտագործման զգալի ավելացում օրվա ավարտին՝ պայմանավորված աշխատանքային ժամերին դրանից հրաժարվելու հետ:

Օրենքի նախագծի համաձայն՝շինության ներսում ծխելու համար իրավաբանական անձը տուգանվելու է 500 լարիով (209$), կրկնակի ծխելու դեպքում՝ 2000 լարիով (836$), իսկ պարբերաբար բնույթ կրելու դեպքում արդեն 5000 լարիով (2090$): Սակվարելիձեն նաև գտնում է, որ տուգանային պատժամիջոցներից ստացված գումարները չեն գերակշռի ծխախոտային բիզնեսի հարկային եկամուտը: Բայց եթե երկիրը, հաշվի առնելով իր արևմտյան դաշնակիցների պահանջներն ու բոլոր պայմանները, գնում է այդ քայլին, ուրեմն պետք է նաև պատրաստ լինի տնտեսական այդ բացասական արդյունքին:

«Եղել են դեպքեր, երբ տնտեսական անկման պատճառով պետությունը հրաժարվել է նման արգելքներից ու անցել են լեգալ, ազատ ռեժիմի»,- պարզաբանեց փորձագետը:

Օրենքի այս նախագծի նախաձեռնողը խորհրդարանի անդամ Գուգուլի Մագրաձեն է, ով առաջարկել է նաև արգելել ֆիլմերում ծխող կադրերը՝ ծխախոտները փոխարինելով ծաղիկներով, ինչպես դա անում են հարևան Թուրքիայում:

wsi-imageoptim-a37966b

Ըստ պատգամավորի մշակած պլանի՝ 2030թ. Վրաստանը կմոտենա եվրոպական չափանիշին, համաձայն որի երկրում պետք է 5%-ից ավել ծխող չլինի, այսօրվա 34,8%-ի փոխարեն: Մագրաձեն հույս է հայտնում, որ օրենքի ընդունումը երկրին կօգնի Եվրոպայից մեծ ֆինանսական, ադմինիստրատիվ ու տեխնիկական աջակցություն ստանալ: ԱՀԿ-ն որոշել է այս հարցի հետ կապված ընտրել Վրաստանին որպես եվրոպական երկրի մոդել:

Օրենքի նախաձեռնողները առաջարկում են երկրի իշխանություններին անցկացնել տարբեր միջոցառումներ՝ դպրոցներում ծխելու վնասի մասին թրեյնինգներ, ծխախոտի կադրեր պարունակող ֆիլմերի 18+ ցուցադրություն, կամ դրանց ցուցադրությունն այն ժամերին, երբ պատանիները հեռուստացույց չեն դիտում և այլն:

Չնայած այս բոլոր նախաձեռնություններին, օրենքի նախագծում չի խոսվում այն մասին, թե ով է հոգ տանելու ծխողների իրավունքների մասին, կամ արդյո՞ք հաստատություններում  կլինի համապատասխան տարածք՝ նրանց հանգստի համար նախատեսված: Անձամբ հեղինակը գտնում է, որ ծխելու համար նախատեսված սենյակները միայն ամրապնդում են ստեղծված այն տպավորությունը, թե ծխել կարելի է:

Շորենա Պապաշվիլի