Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է ազգայինի նկատմամբ ուշադրության մեծ սևեռում: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները իրենց կատարումներում հաճախ են անդրադառնում ազգային երգ ու պարին, ժամանակակից երանգավորում տալիս դրան, Երևանում գործում են ֆոտո ատելյեներ, որտեղ կարելի է լուսանկարվել տարազով, շատ դիզայներներ իրենց հավաքածուներում անպայման ներառում են տարազային մասնիկներ:
Ի դեմս Dalma News հերոսուհու՝ 27-ամյա գեղանկարիչ, ոճաբան-դիզայներ Իզաբելլա Քեյանի, ում IzaBella Keyan Brand-ը արդեն իսկ հայտնի անուն է հայաստանյան շուկայում: Izabella Keyan Brand-ը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարին:
Հիմնադիր-դիզայների խոսքով՝ իրենց նպատակն է, որպեսզի պատվիրատուին փոխանցվի ինքնատիպ և արժեքավոր նմուշ, որը կունենա դրական աուրա և կստեղծի տրամադրություն ողջ օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով իր բրենդի խորագիրն է համարում «Բրենդ, որը կստեղծի քո տրամադրությունը»: Ընդ որում Keyan ապրանքանիշն ունի ևս մեկ առանձնահատկություն ՝ ստեղծված բոլոր նմուշները համարվում են բացառիկ:
-Իզաբելլա, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց այս գործունեությամբ, ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Ինձ համար կարևոր է գեղեցիկը և գեղեցիկի զգացողությունը փոխանցելը մարդկանց: Երևի թե արվեստը հոսում է իմ երակներով. ես ուղղակի չէի կարող չզբաղվել արվեստով, ինձ համար արվեստը դա ապրելու տարբերակ է, միջոց, շնչառություն և սիրո դրսևորում: Դա է պատճառը, որ ընտրեցի նկարչի մասնագիտությունը, որով պետք է ստեղծագործեի, արտահայտվեի, և չսխալվեցի, որովհետև այն համապատասխանում է իմ էությանն ու խարիզմային՝ այն լիովին իմն է, ես էլ նրանը: Ինձ համար մոտիվացիա դարձավ իմ երազանքը, որը շատ շուտ փոխակերպվեց նպատակի և, ի վերջո, դարձավ բրենդ: Միշտ երազել եմ ունենալ բրենդ, որի նմուշները մարդիկ սիրով կկրեն և 3 տարի առաջ երազանքս իրականացրեցի՝ հիմնադրելով ապրանքանիշը, որով ուղղակի շնչում եմ: Օր օրի տեսնում եմ, թե ինչպես է այն մեծանում ու ընդլայնվում: Ստեղծվեց նաև իմ բրենդի լոգոն, որի համար անչափ շնորհակալ եմ դիզայներ Արուս Հակոբյանին:
-Ինչպե՞ս շուկան Ձեզ ընդունեց, կա՞ր պահանջարկ:
-Իհարկե, շատ դժվար է, քանի որ շուկան շատ մեծ է, պահանջարկը՝ ևս, և պետք է լինես չափից ավելի ինդիվիդուալ, յուրահատուկ թե՛ մտքով, թե՛ տեխնիկապես, լինես կրեատիվ, համարձակ, այդ ամենի հետ մեկտեղ պահել ինքնատիպությունդ ժամանակակից աշխահում, որտեղ, կարծես թե, ամեն ինչ ասված է: Բայց ես շարունակում եմ ինքնակրթվել, երբեք չեմ դադարում սովորել և նորամուծություններ անել, ունեմ իմ ասելիքը, սեփական ոճը և թեկուզ փոքրիկ քայլերով, բայց շարունակելու եմ ստեղծագործել: Եվ շնորհակալ եմ իմ ընտանիքից, որ յուրաքանչյուր պարագայում իմ կողքին են:
-Ինչո՞ւ հենց տարազ և կարո՞ղ ենք ասել, որ ոգեշնչման հիմնական աղբյուրը ազգայինն է, տարազը:
-Ոչ, հիմնական աղբյուրը տարազը չէ, թեև այն շատ է հանդիպում: Յուրաքանչյուրի համար ես պատրաստում եմ իրը իր հետ ծանոթանալուց, որոշակիորեն նրան ճանաչելուց հետո: Ինձ դժվար է նրանց պատվիրատուներ անվանել, քանի որ շատերի հետ ես ընկերանում ու մտերմանում եմ: Եվ ստեղծում եմ գեղեցիկ և ինդիվիդուալ ապրանքատեսակ, որը պատկանում է միայն տվյալ անձին ու բնութագրում իրեն, կրկնօրինակում երբեք չեմ անում: Այդ ապրանքատեսակը ունենում է տվյալ մարդուն բնորոշ գույներ, գծեր և ինդիվիդուալ կոմպոզիցիա: Երբ միտքն ու հոգին միանում են իրար, ստեղծվում է գեղեցիկ համաձուլվածք, իսկ դա ամեն մարդու հետ շփվելիս լինում է տարբեր: Ինձ համար յուրաքանչյուր անհատ մի գույնի աուրա ունի, այդ իսկ պատճառով աշխատանքներս էլ են շատ տարբեր թե՛ գունային լուծումներով, թե՛ կոմպոզիցիայով:
Իսկ ինչ վերաբերում է տարազին, ապա պատմեմ, թե ինչպես եղավ համագործակցությունը Photomatrix Studio-ի հետ, որի հիմնադիրն է իմ վաղեմի ընկեր լուսանկարիչ Հայկ Կարապետյանը: Վերջինս ինձ հրավիրեց համագործակցության և միասին որոշեցինք ստեղծել ազգային հագուստի աքսեսուարների հավաքածու, որի նպատակն էր մարդկանց հրամցնել ազգայինը, հնարավորություն տալ մի քանի ժամով վերադառնալ արմատներ և վերջում տանել հուշ գեղեցիկ լուսանկարների տեսքով: Ամբողջ հագուստը և աքսեսուարները ստեղծում եմ ես՝ էսքիզից մինչև կարելը: Պատկերացրեք, որ պահանջարկ կա, մարդիկ գալիս են իրենց բալիկների հետ նկարվում ազգային հագուստով և դա արդեն իսկ պրոգրես է՝ երեխաներին պետք փոքրուց դաստիարակել ազգային ոգով: Մենք դեռ համագործակցում ենք և հիմա ես աշխատում եմ մեկ այլ տարազի վրա, ինչպես նաև ունենք բազմաթիվ այլ պլաններ, որոնք առաջիկայում հերթով կիրագործենք: Ի դեպ, նախկինում ես արդեն ունեի փորձ տարազագիտության մեջ, մի որոշ ընթացք նկարազարդում էի տարազներ և նաև ստեղծում էի նորաձև տարազային էլեմենտներով հագուստի հավաքածուներ:
-Իսկ դժվար չէ՞ փորձել ժամանակակից աշխարհում հետաքրքրություն սևեռել պատմության, ազգայինի վրա:
-Ինչ խոսք դժվար է, բայց ես միշտ ասում եմ, որ առաջարկն է ստեղծում պահանջարկ: Ազգայինը, մեր արմատներն այն թեմաններն են, որոնց մասին և՛ պետք է միշտ խոսել, և՛ ստեղծագործել: Մենք ապրում ենք մի երկրում, որն ունի դարավոր մշակութային պատմություն, որտեղ նաև հեղափողություն եղավ և այսքանից հետո ինչպե՞ս կարելի է չանրադառնալ ազգային մշակույթին: Ես կարծում եմ, որ նախ պետք է սկսել ազգային մշակույթը վերականգնել, արժևորել, նոր անցնել այլ թեմաների: Իսկ դրա համար պետք է լավ իմանաս արմատներդ, որպեսզի կարողանաս ստեղծել, արարել և ցույց տալ ինդիվիդուալ մոտեցում:
-Ի՞նչ հաջողություններ ունեք՝ ցուցահանդեսներ, գուցե նաև արտերկրում եք անցկացրել:
-Ինչես արդեն նշեցի՝ համագործակցում եմ ֆոտոստուդիայի հետ և չեմ բացառում այլ համագործակցություն՝ միշտ պատրաստ եմ քննարկել ցանկացած գործնական առաջարկ: Համգործակցում եմ և՛ դեսպանատների հետ, և՛ անհատների հետ, որոնք պարբերաբար օտարերկրացիների հետ կապ ունեն և ներկայացնում են իմ աշխատանքները նաև այլ երկրներում: Պլաններ, իհարկե, շատ կան, դրանք հերթով իրագործում եմ, ինչպես նաև մասնակցել և մասնակցում եմ տարբեր ձևաչափի ցուցահանդեսների: Օրինակ, մասնակցել եմ National Poster Contest 2004 on ”Women in Our Society” sponsored by United Nations Population Fund (Yerevan, Armenia) և Էտյուդների ցուցահանդեսին (Նկարիչների Միություն, 2013 թ.), «Խոսում ենք երկրաշարժի մասին մեր նկարների միջոցով» հանրապետական մրցույթի առաջին՝ մարզային փուլի հաղթողն եմ, ցուցահանդեսներ եմ ունեցել մի շարք դեսպանատներում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, նաև անցած տարի անհատական ցուցահանդես եմ ունեցել ՆԱՄ-ում՝ «Կեյան» խորագրով: Հիմա ես աշխատում եմ թե՛ տարազային հավաքածուի, թե՛ իմ ամառային հավաքածուի վրա և շուտով արդեն իմ հետևորդները կտեսնեն այդ ամառային տաք և գունեղ հավաքածուն:
-Իզաբելլա, Ձեր գործունեությունը դիտարկում եք որպես արվեստ, թե բիզնե՞ս:
-Նախ` արվեստ: Ինձ համար անևերևակայելի հաճույք է ստեղծագործելով գումար աշխատել՝ ես անում եմ այն, ինչ սիրում եմ և դրա համար նաև վարձատրվում: Ու երբ յուրաքանչյուր իմ արված աշխատանք արժանանում է գովեստի և գոհ ժպիտներ եմ տեսնում, դա ինձ ավելի է ոգեշնչում և մոտիվացնում:
-Ինչպիսի՞ խոչընդոտների եք հանդիպել կյանքում, եղել է, որ դժվարությունները ստիպելեն հրաժարվել գործունեությունից:
-Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել հրաժարվել իմ սկսած գործից, առավել ևս՝ բրենդից, թեև դժվարություններ առ այսօր կան ու կլինեն: Ես հիասթափություններ էլ եմ ապրել, դժվարն էլ է եղել, բայց ոչ մի խոչընդոտ ինձ չի ստիպել դադարեցնել գործունեությունս: Յուրաքանչյուր դժվարություն դիտարկում եմ որպես փորձություն և գտնում, որ դա նորմալ է. առանց դժվարության չես կարող առաջ շարժվել, դժվարություններն են, որ մոտիվացնում են, ստիպում առաջ գնալ:
Լինա Մակարյան