Ո՞րն է գլխավոր խնդիրը, որ ծառացած է այսօր Հայաստանի առջեւ, ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները նոր ու վտանգավոր բախումներից ու ցնցումներից խուսափելու համար: Այս եւ մի շարք այլ հարցեր քննարկվեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկման շրջանակում:
«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Արեւմուտք-ՌԴ գլոբալ աշխարհաքաղաքական առճակատումը չի թուլանում, որը հսկայական ջանքեր է խլում երկու կողմերից էլ եւ որոշում աշխարհում զարգացումների ընթացքը: Այդ զարգացումները չեն կարող չազդել նաեւ մեր տարածաշրջանի վրա: Ըստ բանախոսի, Հարավային Կովկասում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Արեւմուտքի երկրները ակտիվ գործունեություն են ծավալում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում եւ լուրջ մրցակցություն մեջ են իրենց ազդեցությունն ամրապնդելու առումով:
«Կարեւոր է հասկանալ, որ ՌԴ եւ Արեւմուտքի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի եւ բովանդակության հարցում հակասություն չկա եւ ընդունելի է այն մոտեցումը, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը: Բայց կա հակասություն, թե ո՞վ եւ ինչպե՞ս է առաջ մղելու այդ գործընթացը, եւ հենց այստեղ են խնդիրներն: Ու այս իրավիճակում կարեւոր է, որ մեր երկիրը չդառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի առջեւ այսօր մի քանի խնդիր կա. աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում չկորցնել դաշնակիցների, այլ փորձել գտնել ռեսուրսներ այդ դիրքերն ամրապնդելու համար: Հասկանալ, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը ՀՀ-ին է օգուտ եւ մեր երկիրը դրանով եւս ուժեղանում է: Չանել քայլեր, որոնք կարող ենք խաթարել ՀՀ դիրքը իբրեւ ՌԴ բարեկամի ու դաշնակցի:
«Չափազանց կարեւոր է հասկանալ, որ ՌԴ-Արեւմուտք առճակատման ֆոնին փնտրել օգուտներ, դիվիդենտներ ուղղակի մեծ միամտություն է, որը փոքր երկրները իրենց թույլ տալ չեն կարող: Հարկ է զսպվածություն ցուցաբերել եւ չկորցնել ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը»,- հավելեց Արամ Սաֆարյանը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, թե ո՞ր կետից սկսվեց մեր երկրի աղետալի էջերի հաշվարկը: Ըստ նրա, 2018 թվականին Ջոն Բոլթոնը Հայաստանում հնչեցրեց վտանգավոր թեզեր՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի մեր պատմության կաղապարներից, նաեւ ասաց, որ Հայաստանի համար կան շատ այլընտրանքներ, այդ թվում՝ զենքի վաճառքի բնագավառում, եւ այստեղից է, որ սկսվեց նաեւ ՀՀ իշխանությունների հակառուսականության քաաղքականության հստակ գիծը:
«Արեւմուտքն այսօր երկու խնդիր է լուծում՝ սերմանել Արցախի ազգաբնակչության շրջանում ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն, պարտադրել ճանաչել ՀՀ-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը Փաշինյանն անում է Պրահայից սկսած: Եվ սա եւս ՌԴ դեմ է, որն Արցախում այսօր ապահովում է հայ բնակչության անվտանգությունը: Ցավոք, ՀՀ իշխանությունները Բոլթոնի երեւանյան այցից սկսած կատարում են Արեւմուտքի առաջադրանքը, որն ունի երկու ուղղություն՝ Արցախ եւ Թուրքիա: Եթե ՀՀ-ն ու Թուրքիան բարեկամանում են, ապա ՀՀ իշխանությունը հենց հաջորդ օրը ՌԴ-ին կասի, որ մենք այլեւս անվտանգության սպառնալիք չենք տեսնում ու փորձեն ասել հաջողություն: Այսինքն, կա հստակ առաջադրանք բարեկամանալ Թուրքիայի հետ, որի համար նաեւ ուրանում են Ցեղասպանությունը և հանձնել Արցախը»,- ասաց Քոչարյանը:
Եվ այս ամենը, ասաց նա, ուղիղ կապ ունի ՌԴ-Արեւմուտք առճակատման հետ եւ երբ ՌԴ դիրքերը ուկրաինական ճակատում ուժեղանում են, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու իշխանության տրամադրությունները մարում են, ու հակառակը:
Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ մեր երկիրը հապաղելու ժամանակ այլեւս չունի, քանի որ մեր տարածաշրջանը վերածվել է լրջագույն թատերաբեմի, որտեղ նոր խաղացողներ են հայտնվել՝ նոր խաղի կանոններ մտցնելու ցանկությամբ: Ու այդ ամենի հիմքում ՌԴ դեմ քաոսային իրավիճակ ստեղծելն է:
«Այս խաղը մի քանի անգամ բարդանում է եւ մեր տարածաշրջանում ականատեսն ենք ոչ միայն ՌԴ-Արեւմուտք առճակատման, այլեւ Մերձավոր Արեւելքի ակտիվացման: Եվ ամենին վտանգավորն այն է, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն կարողանում ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, այն է՝ Արեւմուտքի ձեռամբ փորձ է արվում ստեղծել քաոս: Եվ դժվար է պատկերացնել, թե նման արտաքին քաղաքական կոնցեպտով ինչպես են իշխանությունները մեր երկիրը զերծ պահելու ցնցումներից, որոնք շատ մոտ են. աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Հարավային Կովկասը դառնում է թիվ մեկ կարեւոր գործոն, եւ այս պայմաններում ՀՀ-ում պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ունենան հստակ աշխարհաքաղաքական գործընթացների ընկալում, փորձելով կարգավորել հարաբերությունները մեր դաշնակիցների հետ»,- շեշտեց Ղուկասյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ: