Քառորդ դար առաջ նախկին դաշնակիցների կողմից ստեղծված ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկը (1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրվեց Հավաքական անվտանգության պայմանագիրը) պետք է դառնար ետխորհրդային միջավայրի համար անվտանգության տարածաշրջանային մեխանիզմ: Հաջողվե՞ց կատարել սահմանված առաջադրանքը: Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը դառնալ ՆԱՏՕ-ի հակակշիռ ուժը: Այս հարցերին միանշանակ պատասխան տալը բարդ է: Եվ դա միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ բլոկը, որը ստեղծվել էր որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ, այսօր իրենից միասնական ու կապակցված ուժ չի ներկայացնում: Վեց անդամ- երկրների պատկերացումները «հավաքական անվտանգության» մասին բավական տարբեր են, այսինքն ռազմական առաքելության իրականացման համար միասնական քաղաքական աջակցություն փաստացի չկա:
Կարապը, խեցգետինը և գայլաձուկը
Բնականաբար, հանուն ՀԱՊԿ-ի ընդհանուր շահերի, անդամ-երկրների արտաքին քաղաքականությունները ընդհանուր հայտարարի բերվելու աշխատանքներ կատարվում են: Բայց եթե ընկերների մեջ համերաշխություն չկա, ապա ստացվելու է այնպես, ինչպես Կռիլովի հայտնի առակում է:
Օրինակի համար դիտարկենք միասնականության հերթական փորձը, որն իրականացվեց Երևանում (2016 թ. հոկտեմբերի 14-ին)՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում, երբ անց էր կացվում Հայաստանի գործունեության արդյունքների ամփոփում՝ կազմակերպությանը միավորման ժամանակահատվածի համար (2015-2016 թթ.): Ի սկզբանե նշենք. Գագաթաժողովը նշանավորվեց կարևոր փաստաթղթի՝ մինչև 2025 թ. ռազմա-քաղաքական բլոկի ռազմավարության ընդունմամբ: Ընդունված ռազմավարությունն իր մեջ ներառում է հետևյալ ոլորտները. ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ներկայիս սպառնալիքներն ու մարտահրավերները, կազմակերպության ռազմական նպատակներն ու առաջադրանքները, ՀԱՊԿ-ի համատեղ անվտանգության համակարգի զարգացման ուղիները:
Կոնկրետ Հայաստանի համար երևանյան գագաթաժողովը կարևոր էր նաև նրանով, որ ընդունվեց ՀԱՊԿ-ի անդամ-երկրների ղեկավարների հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, որը աջակցություն էր ցուցաբերում Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված կոնֆլիկտի գոտում հնարավոր էսկալացիայի չթույլատրմանը, իրավիճակի կայունացմանն ու բացառապես խաղաղ գործընթացի մեկնարկման համար համապատասխան պայմանների ստեղծմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի համընդհանուր երեք սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիություն, պետությունների տարածքային ամբողջականություն, հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Նման համաձայնագրի ընդունումը կարելի է համարել ձեռքբերում, եթե հաշվի առնենք նաև, որ ՀԱՊԿ-ի ամենասուր խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ երկրների քաղաքական դիրքորոշումների տարբերությունն է (տարբերությունը՝ մեղմ ասած, քանի որ ՀԱՊԿ-ի առանձին անդամներ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն):
Սակայն գործընթացային իրականությունը մի փոքր տարբեր դուրս եկավ: Երբ դեկտեմբերի վերջին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիմեց ռազմական որոշ արկածախնդրությունների, բացի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ու ռուս խորհրդարանականների հայտարարություններից ՀԱՊԿ-ի մնացած անդամներից ոչ մեկի կողմից դժգոհության ոչ մի բառ չլսվեց: Ավելին, Բելոռուսիան ու Ղազախստանը նորից սկսեցին երգել հին երգն այն մասին, որ դա իրենց չի վերաբերվում, իբր՝ ինքներդ կարող եք լուծել այդ հարցը, քանի որ տվյալ հարցը «ՀԱՊԿ-ի իրավասությունների ու պատասխանատվության տակ չի ընդգրկվում»: Շատ լավ էր…
Ի դեպ, Ղարաբաղի հարցը թեպետ և համարվում է ՀԱՊԿ-ի ամենասուր խնդիրներից մեկը, սակայն այն միակը չէ: Անհրաժեշտ է հիշատակել նաև այն հանգամանքը, որ նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակներում էլ բլոկը որպես միասնական ճակատ հանդես չեկավ, և դա թե Ղրիմի ու Ռուսաստանի միավորման և Դոմբասի իրավիճակի, թե Սիրիայի հարցում: Ի դեպ, դա նույնիսկ անդամ-երկրների ղեկավարներն են խոստովանում: Ամեն դեպքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս գնահատական տալով ԻԳԻԼ-ի սպառնալիքների դեմ պայքարում ՀԱՊԿ-ի դերակատարությանը՝ արտահայտեց այն համոզմունքը, որ անդամ-երկրներն ավելի ակտիվ կերպով կարող էին օգնել Ռուսաստանի ռազմական ուժերին՝այդ մեծ ու կարևոր խնդրի լուծման համար: «Ռուսաստանն այդ պայքարում մեծ ներդրում ունի, ու մենք պետք է մեզ վրա վերցնենք այդ պատասխանատվության ու այդ ջանքերի ինչ-որ մի մասը»,- ասաց նա:
Պետք-ը պետք է, և կարծես թե մեր ձեռքից էլ ոչ-ոք չի բռնում, առավել ևս որ, ահա, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, կայացել էր ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում, հայտարարեց, որ Հայաստանի Ազգային ժողովի նոր կազմը, որը ձևավորվելու է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից հետո, կշարունակի զարգացնել իր հարաբերությունները ռուսական օրենսդրության հետ՝ բոլոր բնագավառներում, քանի որ «Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը»: Արդյո՞ք նոր խորհրդարանը կարող է նույն վստահությամբ հայտարարել նաև ՀԱՊԿ-ի շնորհիվ Ղրիմում ու Սիրիայում Ռուսաստանին աջակցելու մասին:
Քաղաքական «ապահարզա՞ն»
ՀԱՊԿ-ի անդամների միջև տարաձայնություններ են լինում ինչպես քաղաքական, այնպես էլ առաջնահերթությունների հարցերում: 2017 թ. սկզբում զգալիորեն վատացան հարաբերությունները Բոլոռուսիայի հետ: Այսպես, Մինսկի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնումը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհությունների մի հսկա ալիք բարձրացրեց: Խորհրդարանականները կոչ արեցին շատ կոպիտ պատասխան տալ այդ որոշմանը՝ ընդհուպ մինչև ՀԱՊԿ-ից Բելոռուսիայի դուրս բերում ու դեսպանի հետկանչ:
Պատահականություն էր դա, թե ոչ, սակայն հենց այդ նույն ժամանակ Բելոռուսական մամուլի կողմից ինֆորմացիա տարածվեց, որ իբր հանրապետության իշխանությունները ցանկանում են «եղբայրական Ուկրաինայի» նման լինել անկախ պետություն, դրա համար էլ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միությունից (Եվրազես), ՀԱՊԿ-ից և, հնարավոր է նաև, Ռուսաստանի ու Բելոռուսիայի դաշնակցային պետությունից դուրս գալու ուղղությամբ:
Մոսկվայում Բելոռուսիայի՝ իրավիճակը սրելու հերթական փորձին պատասխանեցին այսպես. Ուզո՞ւմ եք գնալ «եղբայրական Ուկրաինայի» ճանապարհով՝ բարի ճանապարհ, բայց հիշեք, որ դա «տնտեսական պատերազմի» ուղղու վրա դուրս գալու ամենակարճ ճանապարհն է:
Լավատեսական այդ նոտայի վրա էլ «կոնֆլիկտը» հարթվեց, բայց ով՝ ով, Բելոռուսիան հաստատ գիտի, որ ինքը սահմանակից է ՆԱՏՕ-ի մահապարտներ Ուկրաինային, Լեհաստանին, Լիտվային և Լատվիային: Իր սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մոտեցման մասին նա ամենալավն է տեղյակ: Մի՞թե պարզ չէ, որ Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքում Եվրոպայի կողմից առաջին երկիրը, որն իր վրա կվերցնի հարվածը (կամ էլ չի վերցնի) Բելոռուսիան է լինելու: Մի՞թե պարզ չէ, որ «աշխարհաքաղաքական ճոճանակները», որոնց վրա փորձում է նստել Բելոռուսիան, կարող են չդիմանալ ու ջարդվել: Ցավոտ է լինելու անշուշտ…
Ի դեպ, «ապահարզանի ու աղջկական ազգանունի հետ ընդունման» կոչեր Հայաստանում էլ են լսվում, իբր պետք է ամրացնենք մեր անվտանգությունն ու ՀԱՊԿ-ին այլընտրանք գտնենք: Այսինքն անվտանգության ապահովման հարցում «եղբայրական Ուկրաինայի» օրինակն այնքան արդյունավետ է թվում, որ մենք նույնպես պետք է այն կրկնենք ու փորձենք երջանկանալ ՆԱՏՕ-ի հե՞տ: Խելքներդ թռցրե՞լ եք: Կամիկաձե խաղալու ցանկությո՞ւն արթնացավ: Առհասարակ ի՞նչ սեփական անվտանգության ամրացման մասին կարող է խոսք գնալ…
Բոլոր նրանց, ովքեր բղավում են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության անպետքության մասին, հիշեցնենք այն, որ ՀԱՊԿ-ի հետ ներկայիս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում նրա անդամներին ռազմամթերք ու ռազմական տեխնիկա գնել Ռուսաստանից՝ շուկայականից ցածր գներով: Սակայն դրա մասին առանձնապես չի խոսվում ու ընդունվում է որպես բնական մի բան՝ Ռուսաստանը պարտավոր է և վերջ:
Կոչերը կոչեր, իսկ պաշտոնական Երևանը շարունակում է իր արտաքին քաղաքականության բազմավեկտորային կուրսը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը լիովին համատեղելի է ՀԱՊԿ-ին անդամակցությանը, վերջերս այդ մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքերով՝ թեպետ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի շահերը միմյանցից տարբերվում են, սակայն հայկական կողմի գործունեական փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է գտնել համագործակցության ուղիներ՝ տարբեր ձևաչափերով:
Մեզ որոշ պարզաբանումներ թույլ տանք: Խոսքը ոչ թե «Ուրախների ու հնարամիտների ակումբ»-ին է վերաբերվում, այլ ռազմա-քաղաքական բլոկների շահերին, և դա այն դեպքում, երբ 2016 թ. հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանն ընդունվեց որպես իր անվտանգության համար հիմնական սպառնալիք, և նրան զսպելը պաշտոնապես համարվեց ՆԱՏՕ-ի նոր առաքելություն…
Մի խոսքով, ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում Հայաստանը ստիպված է վերանայել իր «և-և» քաղաքականությունը:
Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների հրապարակավ պարզաբանումները անթույլատրելի են, և նման իրավիճակներից ու հայտարարություններից պետք է խուսափել:
Հասկանալի է նաև այն, որ նման պահվածքն էլ սահմանափակումներ է մտցնելու անմիջապես ՀԱՊԿ-ի գործառնություններում: Կարծես թե արդեն հասունացել է այն պահը, երբ պետք է ազատվել բալլաստից, ամրապնդել գործողությունների միասնականությունն ու հետևել դաշնակցական պարտավորություններին, քանի որ նման մոտեցումը բխում է հենց կազմակերպության շահերից:
Պատրաստեց Ժաննա Գրիգորյանը