Ավելի քան երկու տարի է, ինչ Երևանում գործում է «Բարության լիգա» բարեգործական հիմնադրամը, որն օգնում է բոլոր նրանց, ովքեր թմրանյութերի և ալկոհոլի պատճառով, բանտից հետո կամ պարզապես անտուն մնալով հայտնվեն են կենսական դժվարին իրավիճակներում: «Բարության լիգա»-ն մեզ մոտ եկավ Ռուսաստանից, որտեղ շուրջ 15 տարի է, ինչ գործում են տարբեր վերականգնողական կենտրոններ, և բացի այդ, կենտրոններ կան նաև այլ երկրներում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքիայում և նույնիսկ՝ Իսրայելում:
Կենտրոնի առավելություններից մեկն այն է, որ պարտադիր չէ փաստաթղթեր ունենալ կենտրոն ընդունվելու համար. օգնությունն անանուն է, բայց կենտրոն ընդունվելու համար թերևս ամենակարևոր փաստարկն այն է, որ մարդը ցանկանա վերականգնվել, վերադառնալ նորմալ կյանքի և վերջ տալ կախվածությանը: Ըստ կազմակերպիչների, վերականգնողական կենտրոնը «կտրամադրի ապաստարան, սնունդ, լողանալու և նորմալ անկողնում քնելու հնարավորություն»:
Երևանի փողոցներուն և սոցիալական ցանցերում կարելի է տեսնել հետևյալ հայտարարությունը. «Օգնություն Հայաստանում» խումբը ստեղծվել է Համագործակցության նախաձեռնության շրջանակներում, որը օգնության ձեռք է մեկնում կյանքի ծանր իրավիճակներում հայտնված մարդկանց՝ աղքատներին, միայնակ մայրերին, որբերին, անօթևաններին, թմրամոլներին, հարբեցողներին, խաղամոլներին, քիմիական նյութերից կախվածություն ունեցողներին, բանտից նոր ազատվածներին:
Վստահ ենք, որ այդպիսի մարդիկ ամեն օր հանդիպում են ձեզ: Միևնույն ժամանակ, Համագործակցության կենտրոնները նպատակ ունեն երկարատև և անվճար օգնություն ցուցաբերել մարդկանց: Կարող եք ցանկացած պահի օգնել կարիքավորներին՝ զանգահարելով +37477990330 (WhatsApp, Viber) և տեղեկացնելով Համագործակցության կամավորներին օգնության կարիք ունեցող մարդու գտնվելու վայրի մասին կամ նրան տեղեկացնելով Համագործակցության կողմից տրամադրվող անվճար օգնության մասին»: Բացի այդ, «Բարության լիգայի» մասին անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է տեսնել երևանյան պոլիկլինիկաներում. քաղաքապետարանը թույլատրել է այս տեղեկատվության տրամադրումը:
Վերականգնողական կենտրոնի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ աշխատողների շրջանում բժիշկներ չկան. թիմը բաղկացած է նախկին թմրամոլներից, հարբեցողներից, որոնք կարողացել են հաղթահարել կախվածությունը կամ կյանքի դժվար իրավիճակը: Այսպիսով, նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ հնարավոր է հաղթահարել ցանկացած կախվածություն, դուրս գալ կյանքի ցանկացած իրավիճակից, եթե կա կամք, եթե կա ցանկություն, և, ամենակարևորը, կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ձեզ դրանում և տրամադրել ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:
Վլադիկավկազի թմրաբուժական կլինիկայի սոցիալական աշխատող Սուսլան Կարաևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, Dalma News-ին տված հարցազրույցում ասում է, որ «Բարության լիգայի» հետ միասին նա օգնում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց վերականգնվել.
«Խոսքը թմրանյութերի, ալկոհոլային կախվածության մասին է, այն մարդկանց մասին, որոնց հիվանդանոցում են բժիշկները ներարկումներ են անում, իսկ մենք նրանց օգնություն ենք առաջարկում տարբեր ուղղվածությամբ վերականգնողական կենտրոններում, տարբեր քաղաքներում: Մենք նույնիսկ ունենք բանտարկյալների համար վերականգնողական կենտրոններ. ազատ արձակվելուց հետո շատ բանտարկյալներ երբեմն չգիտեն, թե որտեղից սկսեն, որտեղ գնան, իսկ պետությունը չի կարող նրանց որևէ բան առաջարկել: Երբ կախվածություն ունեցող մարդը դիմում է մեզ օգնության, մենք արդեն հասկանում ենք՝ որ վերականգնողական կենտրոն է պետք նրան ուղարկել», – ասաց նա:
Նրա խոսքերով՝ հասարակությունը չգիտի, թե ինչպես ներել. եթե մարդը մի անգամ սխալվել է, ապա կարծում են, որ նա էլ երբեք չի կարող փոխվել: Բայց դա այդպես չէ, և շատերին պարզապես պետք է հնարավորություն տալ: Վերականգնողական կենտրոններից շատերի տնօրենները, որոնց հետ նա համագործակցում է, ժամանակին իրենք են անցել այդ ամենի միջով, իսկ այսօր օգնում են մյուսներին հաղթահարել դա, ինչը կարևոր գործոն է, քանի որ նրանք ամեն ինչ գիտեն ոչ թե գրքերից, այլ իրենց փորձից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Կարաևը նշեց, որ Հայաստանում այդպիսի կենտրոնի անհրաժեշտությունը մեծ էր, քանի որ մեր երկրում կա մեկ պետական հաստատություն, որն ուղղված է դժվար իրավիճակներում մարդկանց օգնելուն, բայց հաստատությունն ունի սահմանափակող հանգամանք՝ այն կարող է ընդունել ընդամենը 100 մարդ:
«Մենք այցելեցինք այս կենտրոն և ղեկավարության հետ պայմանավորվեցինք, որ պատրաստ ենք ընդունել բոլոր նրանց, ովքեր չեն կարող ընդունվել այդ պետական կառույց: ՀԱտկապես, որ ցանկացողները միշտ ավելի շատ են, հատկապես ձմռան ամիսներին, երբ անօթևան մնացած մարդիկ չեն կարող գիշերել փողոցներում` ցրտի պատճառով»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ներկա պահին քննարկվում է երկրորդ վերականգնողական կենտրոնի բացման հնարավորությունը, որը կրկին կկարողանա ընդունել ինչպես թմրամոլներին ու հարբեցողներին, այնպես էլ անօթևան մարդկանց:
Հատկանշական է, որ կենտրոնում օգնություն է ցուցաբերվում՝ առանց որևէ ժամկետ սահմանելու. «Մեր կենտրոններում մենք ոչ միայն առաջարկում ենք մարդկանց մի որոշ ժամանակ բուժվել և գնալ տուն, այլ նաև առաջարկում ենք դառնալ մեր օգնականները, և հետագայում, ինչու չէ, մնալ որպես աշխատակիցներ և օգնել նեղության մեջ գտնվող մարդկանց: Այս պահին մեր կենտրոնը լի է՝ շուրջ 35 հոգի, բայց շուտով, հուսամ, մենք կբացենք երկրորդ կենտրոնը և կկարողանանք ավելի շատ մարդկանց օգնել», – եզրափակեց նա:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին տարիներին Հայաստանում ավելացել է գրանցված թմրամոլների թիվը: 2019 թվականի հունվարի դրությամբ դրանց թիվը կազմել է 6951, ինչը 6%-ով ավելին է, քան 2018 թվականի հունվարին: Ինչ վերաբերում է ալկոհոլային կախվածությանը, ապա այս առումով Հայաստանը լավ վիճակում է, հատկապես հետխորհրդային տարածքի երկրների մեջ: Այսպիսով, 2018թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակեց զեկույց, համաձայն որի՝ Հայաստանը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը՝ մեկ շնչի հաշվով (15 տարեկանից բարձր) տարեկան 5,5 լիտր ալկոհոլով: Օրինակ, հարևան Վրաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը` մեկ շնչի հաշվով (15 տարեկանից բարձր) 9,8 լիտր ալկոհոլով:
Լինա Մակարյան