Ընտրությունները, որի սպասումով վերջին տարին ապրում էր Վրաստանը, վերջապես կայացան: Բավական խաղաղ մթնոլորտում իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան» կուսակցությունը մեծ առավելությամբ համոզիչ հաղթանակ տարավ երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ազգային միասնական շարժման» նկատմամբ:
Համակուսակցականներին հաղթանակի առթիվ շնորհավորեց իշխող կուսակցության առաջնորդ ու գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Ճիշտ է, ԿԸՀ-ն դեռ վերջնական արդյունքները չի հրապարակել, բայց ամենայն հավանականությամբ «Վրացական երազանք»-ը մեծ առավելություն ունի: Դա մի հսկա աջակցություն էր, ինչը նշանակում է, որ ընտրողների մեծամասնությունը գալիք 4 տարիների ընթացքում երկրի կառավարումը հենց մեզ է վստահել: Դա մեզ շատ է ուրախացնում, միևնույն ժամանակ այն մի մեծ պատասխանատվություն է, ինչին մեր թիմը կպատասխանի տասնապատիկ աշխատանքով»,- նշեց նա:
ԿԸՀ-ի տվյալներով՝«Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան» -ի օգտին քվեարկել են ընտրողների 48,67%-ը (856529 հազ. մարդ), մինչդեռ նրանց ընդդիմադիրներին ու նախկին իշխող կուսակցությանը բաժին է հասել ձայների ընդամենը 27,11%-ը (477143 հազ. մարդ):
Նման ցուցանիշները ցանկացած երկրում կարող էին համարվել վառ հաղթանակի նշան, համարյա՝ տրիումֆ: Սակայն մեր կարծիքով «Վրացական երազանք»-ի հաղթանակը տրիումֆ համարվելուց բավական հեռու է: Խնդիրը նրանում է, որ իշխող կուսակցությանն ամենամոտ կանգնած «հալածիչը» չարաբաստիկ «Ազգային միասնական շարժումն» է, որը կշարունակի մնալ խորհրդարանում իշխանությունների գլխավոր ընդդիմադիրը:
«Ազգայինները» ավելի քան 5 անգամ շատ ձայն են հավաքել «Դավիթ Թարխան- Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի հայրենասերների դաշինք, միացյալ ընդդիմություն» նախընտրական բլոկից, որը, զբաղեցնելով երրորդ տեղը, դարձավ խորհրդարանական աթոռ ստացած քաղաքական վերջին ուժը՝ հաղթահարելով 5%-ի շեմը:
Ընտրությունների նախօրերին շատերը, նույնիսկ բավական հայտնի փորձագետներ կարծում էին, որ այս ընտրությունները վերջնականապես կթաղեն «Ազգային միասնական շարժմանը», որն իր բռնապետության տարիներին մրոտեց իրեն բազմաթիվ հանցագործություններով: Սակայն այդ ենթադրությունները ավելորդ լավատեսական էին ու բացարձակ միամիտ բնույթ էին կրում:
Այսօր արդեն համարձակորեն կարելի է հաստատել այն փաստը, որ 2012 թ. ընտրություններին պարտություն կրած «ազգայինների» ընտրազանգվածային բազան մեծացել է: Չնայած այն ժամանակ «Ազգային միասնական շարժումը» պաշտոնապես հավաքեց ձայների 40%-ը, սակայն բոլորն էլ գիտեին, որ այդ թիվը մի քանի անգամ ուռճացվել է անսահմանափակ իշխանության ռեսուրսների ամոթալի օգտագործման, մասսայական ընտրակեղծիքների ու ամեն հնարավոր խախտումների հաշվին:
Այսօր, սակայն, 27 % ցուցանիշը, որի ետևում կանգնած է շուրջ 477 143 ընտրող, բացարձակ իրականություն է: Ինչպես՞ է հնարավոր նման բան մի երկրում, որը տեսել է բազմամյա արյունալի դաժանություններ, երբ մարդը ոչ միայն սեփական ունեցվածքը, այլ սեփական կյանքը պահպանելու երաշխիք չուներ: Այս հարցի պատասխանը իրենից հատուկ բարդություն չի ներկայացնում:
«Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան»-ը գալով իշխանության՝ փորձեց վերականգնել արդարությունը, սակայն, ցավոք, մի շարք պատճառներից ելնելով՝ չկարողացավ: Հազվագյուտ բացառությամբ, ստոր ու ցինիկ հանցագործություններ կատարածներից ոչ-ոք պատժի չարժանացավ: Տուժածների ճնշող մեծամասնությունը, որից «ազգայինները» կյանքի ու ազատության դիմաց խլել էին բիզնեսը կամ պարզապես ունեցվածքը, այդպես էլ արդարության հասնել չկարողացավ:
«Ազգային միասնական շարժումը» սեփական անպատժելիությունից արբած՝ գործող իշխանությանը մեղադրեց անզորության ու երկիրը կառավարելու անկարողունակության մեջ: Եվ բացարձակ ակնհայտ է, որ երկրում գտնվեցին մարդիկ, որոնք հավատացին դրան ու գտան, որ «Ազգային միասնական շարժումը» իրենց ապագան ավելի բարեկեցիկ կդարձնի, քան գործող իշխանությունը:
Մեղադրել այս մարդկանց նրա համար, որ նրանք իրենց մերկանտելիստական շահերը գերադասեցին բարձր բարոյական սկզբունքներից, բացարձակապես չի կարելի: Հասարակությունը պետք է կառուցված լինի այնպես, որ մարդը նման ընտրության առաջ չկանգնի, իսկ հասարակության նման կառուցվածքի համար էլ հենց գործող իշխանությունն է պատասխանատու:
«Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան»-ը ընտրությունների ժամանակ տարավ համոզիչ հաղթանակ, սակայն իրադարձությունների անկողմնակալ վերլուծությունը կարող է բերել պարադոքսալ եզրակացության:
Վրացական երազանք»-ի հաղթանակի ոգեկոչողն ու կազմակերպիչը, նրան հաղթանակ բերած գլխավոր գործոնը հանդիսանում է «Ազգային միասնական շարժումը»
Կասկածից դուրս է, որ «Վրացական երազանք- Դեմոկրատ Վրաստան» կուսակցությանը ձայն տված զգալի մեծամասնությունն ավելի շատ ոչ թե նրանց օգտին է քվերակել, այլ «Ազգային միասնական շարժմանն» է դեմ քվեարկել, քանի որ «երազանքը», չնայած իր բոլոր թերություններին, մնում է «ազգայինների» վերադարձը իշխանություն թույլ չտալու միակ իրական ուժը:
Այսօր հարցը հետևյալում է՝ հնարավո՞ր է արդյոք անվերջ խաղարկել այդ գլխավոր հաղթաթուղթը:
Ստացվեց այնպես, որ հենց «Ազգային միասնական շարժման» տեսքով սարսափը ապահովեց իշխանական կուսակցության թեթև հաղթանակը, սակայն ընտրազանգվածի տրամադրվածության փոփոխությունների դինամիկան պետք է մտահոգիչ լինի: Կարելի է նույնիսկ չկասկածել, որ եթե «Վրացական երազանք»-ը իրեն թույլ տա կրկին չիրականացնել նախընտրական խոստումների զգալի մասը, նրա քաղաքական ապագան մեծ հարցականի տակ կդրվի:
Ընտրությունները ևս մեկ հետաքրքիր միտվածություն ի հայտ բերեցին, որն արժանի է նոր զրույցի թեմա դառնալու: Դա Հանրապետական կուսակցության բացարձակ պարտությունն էր: Այն «Վրացական երազանք»-ի հետ մեկտեղ մուտք գործեց հաղթանակ նախընտրական միություն, որին հաջողվեց տապալել «ազգայինների» բռնապետությունը: Իշխող դաշինքում «հանրապետականները» մի քանի նախարարական պաշտոններ ունեին, ընդ որում՝ Թինաթին Խիդաշելին զբաղեցնում էր ամենակարևոր պաշտոններից մեկը՝ Վրաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ նրա ամուսինը՝ Դավիթ Ուսուպաշվիլին՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնը:
Արևմտամետ ուղղվածությունն ընտրած «Վրացական երազանք»-ում հանրապետականները ամենավառ ու մոլեռանդ «արևմտամետներն» էին: Այդ ամենն այնքան լուրջ բնույթ էր կրում, որ նույնիսկ կոլեգաների հետ կոնֆլիկտ առաջացրեց: Ավելի ուշ նրանք դուրս եկան իշխող դաշինքից ու գերադասեցին ինքնուրույն մասնակցել ընտրություններին:
Նրանց տխրահռչակ՝ընդամենը 1,55 % ցուցանիշը նույնիսկ թույլ չտվեց հաղթահարելու 5 %-ի շեմը: Նրանց այդ ցուցանիշը լավագույն ակնհայտ դրսևորումն է այն բանի, թե որքան է տարբերվում քաղաքական էլիտայի կարծիքներն ու ձգտումները վրաց ժողովրդի կարծիքներից ու ձգտումներից:
Իրակլի Չխեիձե, հատուկ Dalma News-ի համար: