Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, «ներդրումային սով» է զգում և ակնկալում է հայ-ռուսական սոցիալտնտեսական լուրջ նախագծերի իրականացում` քաղաքում տետեսական դրությունը հարթելու համար: Գյումրին մինչ օրս ուշքի չի եկել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո:
«Մենք պետք է կարողանանք լուրջ սոցիալտնտեսական նախագծեր պատրաստել և իրականացնել Ռուսաստանի հետ, որի ռազմաբազան գտնվում է Գյումրիում, որպեսզի զգալի փոփոխություն լինի քաղաքի տնտեսական կյանքի մեջ: Դրանում պետք է հետաքրքրված լինեն երկու երկրների գործարարները: Այդպիսի նախագծերը շահավետ են, բարձրացնում են Ռուսաստանի հեղինակությունը տեղացիների մոտ և քաղաքացիների սոցիալական շատ խնդիրներ են լուծում: Կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչը շատ կարևոր է քաղաքի համար»,- Dalma News-ի հետ զրույցում նշում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ինչպես հայտնի է` 1837թ.-ին Գյումրու տարածքում Ռուսական ամրոց է կառուցվել, որտեղ այցելելուց հետո Նիկոլայ Առաջինը քաղաքն անվանակոչեց Ալեկսանդրապոլ` ի պատիվ իր կնոջ` կայսրուհի Ալեկսանդրա Ֆյոդորովնայի: Երբեմնի հանրահայտ քաղաքը` ՍՍՀՄ ժամանակներից հայտնի, որպես Հայաստանի մշակույթային և առևտրային կենտրոն, շատ է փոխվել 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո: Բնական աղետի պատճառով բազմաթիվ թաղամասեր վերածվեցին ավերակների, որոնց տակ շատ բնակիչներ մահացան:
28 տարի անց դեռ հնարավոր չէ խոսել երկրաշարժի հետևանքների ամբողջական վերացման մասին: Գլխավոր փողոցների նորակառույցների հետևում թաքնվում են «բաց վերքերը»` ավերակների տեսքով, որոնք քաղաքացիներին անընդհատ հիշեցնում են իրենց հարազատների և մտերիմների կյանքերը խլած ողբերգության մասին: «Դեկտեմբերի 7-ը ոչ միայն սգի, այլև ամոթի օր է: Անցել է 27 տարի, բայց Գյումրեցի ավելի քան հազար ընտանիք ապրում են ժամանակավոր կացարաններում, իսկ շուրջը ավերակներ են»,- բողոքում են տեղացիները:
Բոլոր հույսերը Ռուսաստանի հետ կապելը Գյումրու քաղաքապետը ճիշտ չի համարում: «Իհարկե, Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ներդրումները կարևոր են: Բայց առաջին հերթին համատեղ ներդրումային ծրագրերի մասին պետք է մտածեն տեղի գործարարները: Դրա համար անցնում են համատեղ բիզնես-ֆորումներ, կոնֆերենցիաներ, հանդիպումներ տարբեր հարթակներում և այլն»,- նշում է Բալասանյանը,- «Փողերն իրենք իրենց քաղաք չեն մտնի: Դրանց հոսքի համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Այս առումով Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միության կազմ` լավ հնարավորություն է: Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսը արդեն մեկ մեծ շուկա է, որտեղ պետք է գտնել սեփական գործը և առաջ գնալ»:
Գյումրու քաղաքապետը համաձայն է շատ քաղաքացիների այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը պետք է բարձր ակտիվություն ցուցաբերի քաղաքում սոցիալական, տնտեսական և հասարակական ծրագրեր իրականացնելու գործում: Այս հարցը հատկապես արդիական է Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո, ինչում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերիյ Պրեմյակովը: Մեկամյա հնության ողբերգական դեպքը, քաղաքապետի խոսքերով, որոշակիորեն փոխել է քաղաքացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատամբ: «Ողբերգություն է տեղի ունեցել, բայց բոլորը պետք է հասկանան, որ հանցագործը ազգություն ու երկիր չունի»,- ընդգծեց նա:
Ողբերգության առաջին օրերին քաղաքում ծանր մթնոլորտ էր` ասում է Գյումրիի քաղաքապետը: «Մեկ տարի է անցել, հանցագործի հանդեպ դատական գործ է ընթանում, շոկային վիճակն անցել է: Բայց ոչ ոք չի մոռացել և չի մոռանա այդ հանցագործությունը: Հաշվի առնելով հանգամանքները` անհրաժեշտ է Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար: Արդեն ռուսական կողմի հետ որոշակի պայմանավորվածություններ կան մի քանի սոցիալական և տնտեսական նախագծերի վերաբերյալ: Մասնավորապես` խոսքը ճանապարահաշինարարական աշխատանքների համար արվող ներդրումների մասին է: Տեսնենք, թե ինչպես կարվի այդ ամենը»,- նշեց մեր զրուցակիցը:
Գյումրիի քաղաքապետի խոսքերով` կարևոր հարց է մնում բազայի անվտանգությունը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը: «Ողբերգությունից հետո մենք բազիցս հանդիպել ենք բազայի ղեկավարության և Ռուսաստանի պատվիրակության հետ: Այդ հանդիպումների արդյնքում որոշ դրական փոփոխություններ եղան: Բազայի հրամանատարության կազմում կադրային փոփոխություններ արվեցին: Սակայն` ասել, թե դրությունը մոտ է իդեալականին, վաղ է: Այդ առումով հենց ռուսական կողմը պետք է աչալուրջ լինի»,- հայտնեց նա:
Վերջում Սամվել Բալասանյանը նշեց, որ Ավետիսյանների ողբերգական սպանությունից հետո երկու կողմերն էլ դաս են քաղել և համապատասխան հետևություններ են արել: «Հետևություններն արված են, դասերը` քաղված: Բայց ողբերգությունն արդեն եղել է, ոչ ոք չէր սպասում, որ նման բան կարող է լինել»,- ավարտեց նա: