Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իր աշխատանքները սկսեց Զարգացման առաջնորդների ֆորումը։ Միջոցառման կազմակերպիչն է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը (այսուհետ՝ «ՄԻՌ» հիմնադրամ, Հայաստան): Համաժողովին մասնակցում են երիտասարդ առաջնորդներ Հայաստանի տարբեր մարզերից։
Զարգացման առաջնորդների ֆորումը նորարարական միջազգային նախագիծ է հայ երիտասարդ առաջնորդների կարիերայի մեկնարկի համար, որի նպատակը հայ երիտասարդների առաջնորդական հմտությունների համակողմանի զարգացումն է: Ֆորումի շրջանակներում որպես բանախոս հանդես կգան պատգամավորներ, գործարարներ և գիտնականներ:
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամի աջակցությամբ ֆորումի արդյունքներով կմեկնարկեն ծրագրեր՝ ուղղված տարածքների զարգացմանը, Հայաստանում կայուն զարգացման տարածաշրջանային երիտասարդական հաբերի և մշակութային կլաստերների ստեղծմանը:
Դեկտեմբերի 8-10 ֆորումի մասնակիցները ձեռք կբերեն նախագծերի, թիմերի ձևավորման և վերլուծական աշխատանքի հմտություններ, տարածաշրջանային գործընթացների խորը պատկերացում, հետաքրքիր մարդկանց հանդիպելու, ընկերներ և համախոհներ գտնելու հնարավորություն:
Մասնակիցների ցուցակը կազմվել է հայտերի մրցույթի հիման վրա։ Զարգացման առաջնորդների ֆորումը մասնակիցներին հնարավորություն կտա ինքնադրսևորվելու որպես Հայաստանի մարզերի զարգացման առաջնորդների, հանդիպելու հայտնի մարդկանց, դառնալու նախաձեռնող թիմի անդամ և աջակցություն ստանալու իրենց նախագծերի համար:
Զարգացման առաջնորդների ֆորումի գործընկերներն են՝
- «Պրոգրես» համալսարանը (Հայաստան),
- Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Ռուսաստան),
- «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (Հայաստան),
- «Dalma News» տեղեկատվական-վերլուծական կայքը (Հայաստան):