Dalma News –ը ներկայացնում է հարցազրույց՝ Ղրղզստանի հանրապետության հայ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Հակոբյանի հետ:
Պարոն Հակոբյան, կիսվեք Ձեր ընտանեկան պատմությամբ, ինչպե՞ս հայտնվեցիք Ղրղզստանում:
Ես ծնվել են Ադրբեջանական ԽՍՀ-ում, Բաքու քաղաքում: Ծնողներս Լեռնային Ղարաբաղի ծնունդ են՝ Խանլար քաղաքից ու Գետաշեն գյուղից: 1989 թ. Բաքվի ու Սումգայիթի հայտնի իրադարձություններից հետո մենք ստիպված էին փախչել Ֆրունզե՝ Ղրղզստան, որտեղ այդ ժամանակ ապրում էր իմ քեռին ու սովորում էր ավագ եղբայրս: Բաքվում մենք կորցրինք ամեն ինչ ու դարձանք փախստական: 17 տարեկան էի: Հյուրընկալ Ղրղզստանն ըստ էության դարձավ մեր երկրորդ հայրենիքը: Այստեղ ես կայացա որպես մարդ, որպես անհատ: Ամուսնացա ու այստեղ էլ ծնվեցին իմ երեք երեխաները: Գիտե՞ք, Ղրղզստանն ու Հայաստանը շատ են միմյանց նման: Ու ոչ միայն լեռներով ու սքանչելի լճերով, այլ նաև մարդկանցով: Եվ դա շատ կարևոր է: Թե Հայաստանում, թե Ղրղզստանում մարդիկ չափազանց ջերմ են: Հյուրընակալությունը նրանց արյան մեջ է, այդպիսի բան հիմա հազվադեպ ես հանդիպում:
Պատմեք Ձեր մասին, ինչո՞վ եք զբաղվում:
Ես ավարտել եմ Ղրղզստանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Մասնագիտությամբ մասսայական-սպորտային, մշակութային միջոցառումների կազմակերպիչ եմ: Ինստիտուտից հետո լրագրության հանդեպ ձգտում առաջացավ մեջս: Աշխատեցի «Չուական իզվեստիա», «Գործ №», «Բիշքեքի առավոտը» հայտնի թերթերում: Հեռուստատեսության դպրոց անցա: Հաղորդումներ եմ վարել «Պիրամիդա» հեռուստաալիքով, նորությունների բլոկի համար սյուժետներ եմ պատրաստել: Ավելի քան երկու տարի աշխատել եմ «Ալմազ» ռադիոկայանի հաղորդավար, Ղրղզստանի զբոսաշրջության ու սպորտի նախարարության մամլո- ծառայության ղեկավար: Ինստիտուտի տարիներին հիմնեցի ՈՒՀԱ ակումբն ու դարձա նրա կապիտանը: Իսկ 1996թ. դարձա Ղրղզստանի Ուրախների ու հնարամիտների ակումբի հիմնադիր, «Ասիա Միքս» MC ՈՒՀԱ բարձրագույն լիգայի չեմպիոնները մեր ակումբի սաներն են:
Հասարակական ծանրաբեռնվածությանը զուգահեռ աշխատում էի «Ղրղզստանի ձեռնարկատերերի միության» ղեկավարի տեղակալ, ունեմ սեփական բիզնես:
2017թ. մայիսից հանդիսանում եմ նաև Ղրղզստանի հայ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նախատեսում ենք աշնանը ղեկավարի ընտրություններ անցկացնել, ես պետք է իմ կատարած աշխատանքի համար հաշվետվություն ներկայացնեմ: Համոզված եմ, որ մարդիկ այդ կարևոր պաշտոնի համար կընտրեն ամենաարժանի թեկնածուին:
Պատմեք Ղրղզստանի հայ համայնքի մասին: Ինչպե՞ս և ե՞րբ է այն ձևավորվել:
Ղրղզստանում հայ համայնք գոյություն ունի վաղուց: Երկար տարիներ նրա ղեկավարները եղել են հարգարժան անձիք: Բայց ստացվեց այնպես, որ 2015-2016թթ. նրա ակտիվությունը ընկավ, ու համայնքը, ըստ էության, դադարեց գործել որպես միասնական, համակարգված մարմին: Դրա համար էլ երբ Ղրղզստանի ազգային ասամբլեայի ղեկավար Տոկոն Մամիտովից մեր սփյուռքային ինստիտուտները պաշտոնական մակարդակով «վերակենդանացնելու» առաջարկ ստացվեց, այդ առաջարկին անմիջապես արձագանքեց ղրղզական հայտնի գործարար Հենրիխ Բալյանը: Նա հրավիրեց ինձ ու տեղացի հայտնի հայերի մի խմբի՝ միավորելով բոլորին այդ լավ ու ճիշտ գաղափարով: Երեք ամսվա ընթացքում մենք պատրաստեցինք փաստաթղթերն ու Արդարադատության նախարարությունում գրանցեցինք «Արարատ» հայկական սփյուռքը Ղրղզստանում» հասարակական միությունը, գրասենյակը վերանորոգեցինք, գնեցինք անհրաժեշտ գրասենյակային իրեր ու թեմատիկ կերպով ձևավորեցինք շինությունը: Տեղադրեցինք հայկական տոների, Հայաստանի պատմության, աշխարհի հայտնի հայերի, Ղրղզստանի անվանի հայերի ու այլ թեմաների մասին պատմող ցուցանակներ: Շատ հետաքրքիր ստացվեց: Մեզ մոտ մինչև հիմա Ասամբլեայի այլ համայնքներից հարևաններ են այցելում՝ տեսնելու ու հիանալու Հայաստանով, ծանոթանալու նրա պատմությանը: Ասում են՝ «Ինչ լավ է ձեզ մոտ, իսկ ինչքան հայտնի հայեր է ձեր երկիրը նվիրել աշխարհին»: Հաճելի է:
Այս մի քանի ամիսների ընթացքում մենք անցկացրինք «Հայաստանի տուն» ցուցադրությունը՝ կազմակերպելով Հայաստանի մասին պատմող գրքերի շնորհանդես՝ Ղրղզստանի անկախության օրը: Հիմա պատրաստում ենք Ղրղզստանում ապրող հայերի ու Հայաստանի մասին պատմող գիրք: Ինչպես նաև մեր սփյուռքի ներկայացուցիչները անպայման կմասնակցեն հայկական բոլոր սփյուռքների խմբավորման միջոցառմանը, որը սեպտեմբերի կեսերին կանցկացվի Երևանում:
Մենք փորձում ենք օգնել մեր համերկրացիներին: Հենց այսօր Բիշքեք է ժամանել մեր համերկրացի Արթուր Օհանյանը՝ Երևանից, ով հեծանիվով ու իր հավատարիմ շան՝ Գրաֆի հետ 2017թ. հունվարին դուրս է եկել աշխարհաշուրջ շրջագայության: Նա անցել է Իրանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, ու այսօր հյուրընկալվում է մեզ մոտ: Նրա նպատակը՝ Հայաստանի դրոշով ողջ աշխարհը կտրել-անցնելն է: Ինչ-որ մեկի համար դա գուցե ուտոպիա լինի, սակայն ես կարծում եմ, որ հենց այդպիսի մարդկանց ուսերին է հիմնվում աշխարհը: Ղրղզստանի հայ համայնքը նրան օգնություն ցույց կտա ու կանի ամենը, որ մեր համերկրացին այստեղ իրեն զգա ինչպես իր տանը:
Ինչպիսի՞ դժվարությունների է բախվում հայությունը Ղրղզստանում:
Դժվարություններ առանձնապես չկան: Հիմա մենք Ղրղզստանի հայերի գրանցման աշխատանքներ են կատարում՝ հասկանալու համար, թե ով ինչով է զբաղվում, որքան ծերեր, երեխաներ կան, ում է հարկավոր օգնել, աջակցել… Սա քրտնաջան աշխատանք է: Բայց իր ուղին անցորդն է ստեղծում: Մենք արդեն Ղրղզստանի 250 հայերի մասին տեղեկություններ ունենք: Ճանապարհի սկզբում ենք, ու նպատակը միավորում է բոլորին, որպեսզի Ղրղզստանի ամեն մի հայ, ապրելով իր պատմական հայրենիքից հեռու, զգա իր եղբայրների աջակցությունը, կարողանա հայերեն սովորել, իմանալ իր պատմությունը, հայկական ժողովրդական պարերը: Մենք նաև մեր հարաբերություններն ենք կարգավորելու հարևան երկրիների հայ համայնքների հետ: Հարկավոր է շփվել, ընկերանալ, փորձի փոխանակում անել, համատեղ զարգացնել բիզնեսը, հարգանքով վերաբերվել սեփական արմատներին:
Ղրղզստանի հայերին միավորելը Ձեր երազա՞նքն է:
Ավելի շուտ նպատակը: Իսկ իմ երազանքը մեկն է՝ Բիշքեքում հայկական եկեղեցի կառուցել: Տա աստված իմ երազանքն իրականանա: Փորձում եմ դրա համար անել այն ամենը, ինչ կարող եմ: Հավանաբար այդ հարցում իմ մեջ իմ նախապապի գենն է խոսում, ով եղել է քահանա ու կրել Տեր-Հակոբյան ազգանունը:
Հիմնականում ո՞ր ոլորտներում են համագործակցում համայնքի ներկայացուցիչները:
Չնայած Ղրղզստանի հայ համայնքի սակավաթվությանը, այստեղ եռանդուն մարդիկ են ապրում, նրանք, որոնցով հպարտանում է երկիրը: Ղրղզստանի պատմության մեջ եղել են հայկական ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ (Առողջապահության նախարար Վ.Ա. Պետրոսյանցը, Առևտրի փոխնախարար Գ.Վ. Զարիֆյանը, Գյուղատնտեսության առաջին նախարար Գ.Գ. Բագրամովը): Այստեղ են եղել նաև Ղրղզստանի ժողովրդական արտիստուհի Ս.Ի. Մնացականովան, վաստակավոր բժիշկներ, մշակույթի գործիչներ, շինարարներ… Հայության վառ ներկայացուցիչներ են նաև երկրից դուրս գտնվող պոետ, բժշկության պրոֆեսոր Անես Զարիֆյանը, գործարար Հենրիխ Բալյանն ու շատ այլոք: Նրանք բոլորը հայ ազգի արժանի որդիներն ու դուստրերն են:
Բոլորովին վերջերս Իսսիկ-Կուլ հինավուրց լճի հատակին գտան հայկական եկեղեցի…
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ղրղզստանում, Իսսիկ-Կուլում է գտնվում քրիստոնեական ամենամեծ սրբավայրերից մեկը՝ Քրիստոսի ամենամտերիմ աշակերտներից մեկի՝ Ավետարանիչ Սուրբ Մատթեոս առաքյալի մասունքների գերեզմանը: Ինչպես հայտնի է Սուրբ ավանդույթներից, Սուրբ Մատթեոս առաքյալը տանջալի վախճան է ունեցել, որին նրան արժանացրել են հեթանոսները՝ Սիրիայում Քրիստոսի քարոզչության համար, ու հենց այդտեղ էլ թաղել են նրա մասունքները: Երբ հռոմեական Դեդին կայսրը երրորդ դարի կեսին Հռոմեական կայսրության նվաճած բոլոր երկրներում քրիստոնեության հետապնդում հայտարարեց, հավատացյալները, վախենալով սրբավայրի անեծքից, Սուրբ Մատթեոսի մասունքները տեղափոխեցին Միջին Ասիա, տարածք, որը հայտնի է կրոնական մեծ հանդուրժողականությամբ: Հեղինակավոր կարծիքներ կան այն մասին, որ մասունքները տեղափոխել են հայ հոգևորականները:
Հետազոտական արշավախմբի գաղափարը պատկանում է Ֆյոդոր Կոնյուխովին, ու այն կրում է ոչ միայն պատմական, այլ նաև սոցիալ- հումանիտար բնույթ:
Վարկածը հիմնվում է պատմական փաստերի վրա, մասնավորապես՝ հայտնի 1375թ. «Կատալոնական քարտի» վրա, որտեղ նշված է հայկական վանքն ու գրություն է առկա այն մասին, որ հենց այդտեղ են գտնվում Քրիստոսի ամենամտերիմ աշակերտի՝ Մատթեոս առաքյալի՝ չորս ավետարանիչներից մեկի մասունքները:
Այնպես որ, ինչպես տեսնում եք, Հայաստանն ու Ղրղզստանը կապված են դարավոր ու խորը պատմական կապերով:
Զրուցեց Ծովինար Կոստանյանը