Կյանքից հեռացավ Արկադի Անդրեասյանը: «Արարատի» «ոսկե դարաշրջանի» աստղային խաղացողների շարքում նա առաձնանցում էր իր խաբուսիկ հանգիստ խաղաոճով: Նայում էր ոչ թե գնդակին, այլ մրցակցին, որը, կարծես, հիպնոզի էր ենթարկվում, իսկ Արկադին ակնթարթորեն անթերի գոլային փոխանցում էր կատարում կամ ինքն էր խոցում դարպասը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն, երկրի կրկնակի գավաթակիր Արկադի Անդրեասյանը հեռացավ կյանքից 74 տարեկան հասակում…
…Պատանի տարիքում հայրս կամ հորեղբայրս ինձ պարբերաբար ֆուտբոլի էին տանում: Երբ գնդակը հասնում էր 6 համարի խաղացողին, լեփլեցուն Հրազդան մարզադաշտը շշնջում էր. «Վիլիկ, Վիլիկ…»: Ես չէի հասկանում, թե ինչու են նրան անվանում «Վիլիկ», չէ՞ որ անունը Արկադի է: Որոշ ժամանակ անց միայն հասկացա՝ հսկայական մարզադաշտը շշնջում էր ոչ թե «Վիլիկ», այլ «Փառահեղ» (ռուսերեն՝ «Великий»):
Անդրեասյանը նույնքան տիտղոսներ ունի, որքան լեգենդար թիմի մյուս խաղացողները, գուցե մեկ օլիմպիական բրոնզ ավել: Հարգանքն ու պատիվը նույնպես շատ մեծ էին՝ Անդրեասյանին փողոցում չէին ճանաչում միայն ֆուտբոլից անհավատալիորեն հեռու մարդիկ:
Հարցազրույցներից մեկում Անդրեասյանը հիշում էր, թե ինչպես 1979թ. իրեն հրավիրեցին ավստրիական «Ռապիդ»: Այդ ժամանակ արդեն փաստացի ավարտել էր խաղալը «Արարատի» կազմում, սակայն դեռ մի քանի տարի կարող էր խաղալ. բացի այդ, առաջարկը բավականին խոստումնալից էր՝ կդառնար ԽՍՀՄ-ից առաջին «լեգեոները»՝ ճանապարհ բացելով Խորհրդային Միության ֆուտբոլիստների համար: Արդեն ճամպրուկներն էր հավաքում, երբ ՀԿԿ Կենտկոմը ծանուցագիր ուղարկեց, ըստ որի կուսակցությունը Անդրեասյանին արժանի չէր համարում արտերկրում ներկայացնելու Խորհրդային Միությունը: Արդյունքում, Վիեննա է մեկնում Անատոլի Զինչենկոն լենինգրադյան «Զենիթից»:
Իմ ֆուտբոլային հիշողության մեջ նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը կարողանում էր տիրապետել գնդակին՝ առանց դրա վրա նայելու. իսկ հետո տեսա Տոստաոյին 1970-ականների սկզբի Բրազիլիայի հրաշալի ազգային հավաքականից: Անդրեասյանը գերազանց դրիբլյոր էր, բայց գնդակին չէր նայում, ինձ դեռ թվում է՝ դիտավորյալ չէր նայում, զգում էր այն այլ կերպ: Քանի՜ մրցակիցներ էին չարչարվում՝ փորձելով նրանից խլել գնդակը, որն ասես սոսնձված լիներ Արկադիի ոտքին:
Բացի այդ, Անդրեասյանը ունիվերսալ էր՝ նոմինալ կիսապաշտպան, վստահ խաղում էր պաշտպանությունում, կարող էր տեղափոխվել և՛ եզրեր, և՛ գրոհի կենտրոն, խփել այնքան գոլ, որքան անհրաժեշտ էր: Անդրեասյանը, որպես բնածին փլեյմեյքեր, կարող էր խաղ կառուցել խաղադաշտի ցանկացած կետից և հանդիպման ցանկացած պահի, և այս հարցում նրան օգնում էր գնդակին չնայելու անսովոր ունակությունը. այս դեպքում խաղացողը դառնում է իրավիճակի տերը՝ հսկայական առավելություն ստանալով դաշտը տեսնելիս, իր և այլ խաղացողների գտնվելու վայրը գնահատելիս, խաղը զգալիս: Երբեմն մոտս միտք էր ծագում. եթե մարզիչը Անդրեասյանին կանգնեցներ դարպասի մոտ, վերջինս հիանալի դարպասապահ կլիներ…
Այս ամենը, հավանաբար, ոչ միայն բնածին (կամ ի վերուստ շնորհված է) ֆուտբոլային տաղանդի, այլ պատասխանատվության ուժեղ զգացումի, աշխատասիրության և ամենախիստ կարգապահության արդյունք է. սա կարող է հնչել որպես չգրված ճշմարտություն, սակայն իրականում այդպես է: Իսկ եթե Անդրեասյանը տրամադրվում էր խաղին, և եթե միևնույն ժամանակ ֆուտբոլային մուսան այցելում էր Սերգեյ Բոնդարենկոյին և Նորիկ Մեսրոպյանին, ապա բոլոր մարզադաշտերը, որտեղ խաղում էին, քարանում էին «Արարատի» ցնցող խաղից: Այդ ամենը անհնար է բառերով նկարագրել, պետք էր սեփական աչքերով տեսնել:
Իսկ «Արարատի» համար Անդրեասյանի խփած 65 գոլերի շարքում կա յուրահատուկ մեկը, որը նա միշտ առանձնացնում էր՝ երբ 1975 թվականի մարտին «Հրազդանում» գոլ խփեց Զեպ Մայերին և մյունխենյան «Բավարիայի» կազմում խաղացող աշխարհի վեց այլ չեմպիոնների: Այդ ժամանակ, խաղի 34-րդ րոպեին, Անդրեասյանը հաղթանակ տարավ Ֆրանց «Կայզեր» Բեկենբաուերի հետ օդային պայքարում, որին զգալիորեն զիջում էր հասակով, բայց ոչ ֆուտբոլային հոտառությամբ ու հմտությամբ:
Բնածին նրբազգաց ստրատեգ Անդրեասյանին հաճախ համեմատում էին «թռչող հոլանդացի» Յոհան Կրուիֆի հետ, որի շնորհիվ Հոլանդիան մտավ համաշխարհային ֆուտբային էլիտա. այնտեղ ստեղծեցին «տոտալ խաղի» գաղափարը՝ փորձարկելով այն նախ ամստերդամյան «Այաքս»-ում:
Ճիշտ է, խաղի մեկնաբանման, դրա ընկալման մեջ այս երկու հանճարները շատ ընդհանրություններ ունեին, սակայն նրանց ոչ մի կերպ պետք չէ համարել նմանակներ. Կրուիֆը հազվադեպ էր հայացքը կտրում գնդակից, ինչը, իհարկե, չի խանգարում նրան անվանել անցյալ դարի, և ինչու ոչ՝ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը:
Ասում են, որ Անդրեասյանը բարդ բնավորությունը ուներ: Նախ՝ որտե՞ղ եք տեսել հեշտ բնավորությամբ ֆուտբոլիստ: Ո՛չ Մարադոնան էր այդպիսին, ո՛չ էլ Ռոնալդուն:
Եվ երկրորդ՝ երբ փորձում ես պարզել, թե Անդրեասյանի բնավորության մեջ կոնկրետ ի՞նչն է նման տպավորություն ստեղծել, ստացվում է, որ խոսքը գնում է նրա պահանջկոտության և պատասխանատվության զգացումի մասին է: Փաստն այն է, որ այս որակները շրջապատող մարդկանց դուր են գալիս միայն տեսականորեն, իսկ իրականում շատ անհարմարություններ են պատճառում և նյարդայնացնում շրջապատին այն առումով, որ նման որակներով մարդիկ թույլ չեն տալիս աշխատել այնպես, ինչպես ցանկանում ես, այլ պահանջում են անվիճարկելի կարգապահություն:
1970-ականների «Արարատը» մրցաշարային աղյուսակի ներքևի կեսի մրցակիցների հետ խաղում հաճախ օգտագործում էր թվացյալ պարզ մարտավարություն: Մրցակիցը տիրում էր գնդակին, հավանաբար խաղաժամանակի 80%-ի ընթացքում, բայց դրա հետ մեկտեղ երևանցիները թույլ չէին տալիս նրան մոտենալ իրենց դարպասին: Խաղը հիմնականում անցնում էր դաշտի կենտրոնում, սակայն Անդրեասյանը կամ Բոնդարենկոն (կամ մեկ ուրիշը) երբեմն երկար ճիշտ փոխանցումով կտրում էին մրցակից թիմի խաղացողների կուտակումները, իսկ առջևում իրենց գործն էին անում Մարկարովը, Իշտոյանը և Ղազարյանը. Արարատը հաղթում էր, ասենք, «4:0» հաշվով:
Նման ոճ Անդրեասյանը սերմանում էր մարզչական թիմերում, ինչը, սակայն, պահանջում էր երկաթե կարգապահությամբ ուժեղ խաղացողներ: Հայ ֆուտբոլիստները վաղուց արդեն չունեին ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը. հայկական ֆուտբոլը ահռելի հետընթաց է ապրել՝ չհաշված կարճատև ակտիվացումները:
Հետևաբար, նա նշանակալի հաջողությունների չհասավ որպես մարզիչ. մարզում էր լիբանանյան և տեղական թիմերի: Անդրեասյանը փնտրում էր ոչ միայն լեգեոներների, որոնք գիտեին ֆուտբոլի կանոնները, այլ նաև գիտեին, թե ինչպես ինչ-որ բան անել խաղադաշտում: Ի դեպ, Մարկոզ Պիզելիին նա է գտել:
Խիստ ու պահանջկոտ, համառ մարզիչ էր, հանգիստ չէր տալիս ո՛չ խաղացողներին, ո՛չ մրցավարներին, ո՛չ էլ իրեն: Բայց միայն այդպես է հնարավոր դառնալ հզոր խաղացող՝ ամենախիստ կարգապահությունը պահպանելով և մինչև ուժասպառ լինելը մարզվելով: Հենրիխ Մխիթարյանը կվկայի այս ամենի մասին:
Կարո՞ղ էր Արկադի Անդրեասյանը առանց լարվելու, հանգիստ ապրել հայկական ակումբային ֆուտբոլի ներկա մակարդակի պայմաններում, մարզել ինչ-որ թիմի, երբեմն ինչ-որ բան շահել ներքին խաղերում, աշխատավարձ ու վարձավճարներ ստանալ, հանդիպումներից հետո ընդհանուր արտահայտություններով հարցազրույցներ տալ` գործունեության պատրանք ստեղծելով:
Չէր կարող: Հակառակ դեպքում չէր համարվի «փառահեղ» մաեստրո:
Ռուբեն Գյուլմիսարյան