Dalma News-ը ընթերցողին է ներկայացնում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ Արամ Սաֆարյանի հոդվածը, որում նա վերլուծել է եվրասիական և եվրոպական ինտեգրման անհամատեղելիության հարցը։
Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի վերջերս ընդունած որոշումից հետո փորձագիտական հանրությունը ակտիվորեն և շահագրգռված քննարկում է բարձրաստիճան ռուսաստանյան պետական գործիչների և եվրասիական ինտեգրման հայտնի տեսաբանների տեսակետներն առ այն, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության անդամ։ Այսպիսով, 12 տարի անց մեզ կրկին զգուշացնում են այն մասին, որ անհնար է համատեղել մասնակցությունը երկու ինտեգրացիոն գործընթացներում, որոնք զուգահեռաբար ընթանում են Եվրոպայում և ետխորհրդային տարածքում։
Այստեղ տեղին է հիշեցնել 2012թ-2013թթ․, երբ հայ հասարակական կարծիքը նույնքան շահագրգռված և ակտիվորեն քննարկում էր այս հարցը, որի լուծման հիման վրա պետք է կառուցվեր Հայաստանի ասոցիացումը ԵՄ-ին կամ երկրի անդամությունը Մաքսային Միությանը և ապագա ԵԱՏՄ-ին։ Այն ժամանակ տողերիս հեղինակը, որպես «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ, նախկին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ միասին անցկացրեց մասշտաբային սոցիոլոգիական հետազոտություն եվրոպական և եվրասիական ինտեգրմանը հայ հասարակության վերաբերմունքի մասին։ Այդ հարցման արդյունքների համաձայն Հայաստանի բնակչության 70%-ը պաշտպանում էր երկրի մասնակցությունը միաժամանակ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացներին։
Այն դեպքում, երբ դրանց համատեղումը անհնար կլիներ, հարցվածների 70%-ը նախապատվությունը տալիս էր երկրի անդամությանը եվրասիական ինտեգրացիոն միավորմանը։ Այն ժամանակ բնակչության մոտ 70%-ը Ռուսաստանի հետ էր կապում իր հույսերը հայկական արդյունաբերության վերականգնման և զարգացման հարցում։ Միևնույն ժամանակ, 60%-ից ավելին հանդես էին գալիս Եվրոպական Միության հետ համագործակցությունը զարգացնելու օգտին գիտության և կրթության ոլորտներում։

2013թ․ այդ սոցիոլոգիական հարցումը համընկավ Հայաստանի նախկին նախագահ Ս․Սարգսյանի Մոսկվա կատարած այցի հետ և բավական աղմուկ հանեց։ Ռուսաստանի նախագահ Վ․Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը հայտարարեց, որ մեր երկիրը հետաքրքրված է ապագա Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցով։ Սկսվեց Մաքսային միության այն ժամանակվա տարածքին իրավական օրենսդրական ինտեգրման արագ գործընթաց։ Արժե նաև հիշեցնել, որ սա բավական անսպասելի էր Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, որը պատրաստվում էր Եվրոպական Միությանը երկրի ասոցիացմանը և ակնկալում էր ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության համապարփակ ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրում։ Այն ժամանակ եվրոպական ներկայացուցիչները մեզ պարզ հայտարարում էին, որ համատեղել անդամությունը ԵԱՏՄ-ին և ասոցիացումը ԵՄ-ին անհնար կլինի։ Այդ նախազգուշացումները հայաստանյան հասարակությանը բնավ դուր չէին գալիս և նույնիսկ վրդովմունք էին առաջացնում։
Տեղին է նաև հիշեցնել, որ 2011թ․ մոսկովյան «Իզվեստիյա» թերթում գրած իր հայտնի հոդվածում Վ․Պուտինը շարադրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ապագայի իր տեսլականը, որտեղ, մասնավորապես, խոսեց նաև Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ստեղծման հնարավորության մասին։ Դա նշանակում էր, որ Ռուսաստանը իր ապագան տեսնում է մի ընդհանուր ինտեգրացիոն և քաղաքակրթական տարածքում, որը ներառում էր Եվրոպական Միությունը և Եվրասիական տնտեսական միությունը։ Սակայն գլոբալ Արևմուտքը և, մասնավորապես, Եվրոպական Միությունը, ռուսաստանյան առաջնորդի այդ տեսլականին պատասխանեցին ընդգծված սառը լռությամբ։
Եվ այսպես, ԵԱՏՄ-ին մեր երկրի մասնակցության մասին ոչ տևական, սակայն բուռն քննարկումներից և բանավեճերից հետո, 2014թ․ նոյեմբերին այն ժամանակվա հայաստանյան իշխանությունը գնաց այդ ինտեգրացիոն միավորմանը անդամակցելու ճանապարհով։ Զուգահեռաբար սկսեցին խորհրդատվություններ ԵՄ-ի հետ, որոնք հանգեցրին նրա հետ Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Դա արվեց այն բանի համար, որպեսզի այն պահին արդեն բավական հզոր արևմտամետ քաղաքական և հասարակական կառույցները մնային արդիական հասարակական-քաղաքական տարածքում և նրանց շահերը չվնասվեին։
Այսօր շատ բան է հիշեցնում 2013-2014թթ․ իրողությունները (միայն հակառակ նշանով)։ Այսօր մենք գործ ունենք հասարակական դաշտում մի նոր իրադրության հետ, որը, հանուն արդարության, ոչ այնքան ազդում է իրական քաղաքականության վրա, որքան մթնոլորտ է ստեղծում ժամանակակից լոկալ ներքաղաքական հռետորաբանության համար։
44-օրյա պատերազմից հետո (2020թ․) և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանության և բռնագաղթի (2023թ․) արդյունքում Հայաստանում առկա է հակառուսական տրամադրությունների պայթյուն, ինչը վարպետորեն օգտագործվեց արևմտամետ քաղաքական ուժերի և արևմտյան քաղտեխնոլոգների կողմից։ Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ հայ հասարակության մեծամասնությունն այսօր ուղղված է դեպի ԱՄՆ և Եվրոպական Միություն։ Բնակչության մոտ 30%-ը ունի ռուսամետ կողմնորոշում և կողմնորոշված է դեպի Ռուսաստան։ Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժերին հաջողվեց առանց մեծ դժվարությունների հավաքել 60 հազար ստորագրություն ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով։
Եվ ահա անմիջապես ԵԱՏՄ շրջանակներից հնչեցին սթափեցնող նախազգուշացումներ այն մասին, որ համատեղել անդամակցությունը երկու ինտեգրացիոն գործընթացներին անհնար է։ Մեզ, հիմա արդեն Մոսկվայից, պարզ հասկացրին, որ ընտրության իրավունքը, իհարկե, Հայաստանինն է, բայց ժողովուրդը պետք է իմանա, որ դեպի գլոբալ Արևմուտք շարժվելու դեպքում մնալ Եվրասիական տնտեսական ինտեգրման դաշտում անհնար կլինի։
Այս նախազգուշացումները Հայաստանի հասարակությանը դուր չեն գալիս։ Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը բացարձակորեն օգուտ է մեր երկրին։ Առաջին հերթին, այդ ինտեգրացիոն միավորմանը անդամակցելու շնորհիվ Հայաստանի տնտեսությունը հաջողություններ ունեցավ հատկապես վերջին տարիներին։
2024թ․ արդյունքով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմեց մոտ $8,5 հազար։ Դա մոտ երկու անգամ ավելի է, քան հինգ տարի առաջ։ Եվ սա բավական լավ ցուցանիշ է նույնիսկ Հարավ-Արևելյան Եվրոպայի որոշ երկրների համեմատությամբ, որոնք, ի դեպ, ԵՄ-ի անդամության թեկնածու են։ Հայաստանի ՀՆԱ աճը 2024թ․ արդյունքում կազմել է 5,9%, ինչը նույնպես լավ ցուցանիշ է։ Բոլորը շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի տնտեսական հաջողությունները, առաջին հերթին, Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության արդյունք են։
Չնայած Ուկրաինական ճգնաժամին, Ռուսաստանյան տնտեսությունը անցյալ տարի գրանցեց հարգանք ներշնչող աճ 4,1%-ով, ինչը շատ ավելի բարձր է, քան ԵՄ և ԱՄՆ նույնի ցուցանիշները։ Ավելին, արևմտյան հեղինակավոր վարկանիշային միջազգային գործակալությունները կանխատեսում են, որ 2025թ․ այդ աճը շարունակվելու է և կլինի 3%-ից ոչ պակաս։ Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ի համար կանխատեսումներ են արվել, որոնց համաձայն Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցության ցուցանիշները մի փոքր կկրճատվեն, եթե կանգ առնի ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման գործընթացը, ինչպես նաև, եթե կրճատվեն կամ վերանան վերաարտահանման մյուս հոդվածները (որոնք բոլոր դեպքերում, կապված են Ռուսաստանի հետ)։ Եվ միևնույն է, նույն կանխատեսումները հաստատում են, որ հաջորդ 2026թ․ մենք կրկին գործ ենք ունենալու այդ Հայաստանի համար կարևոր տնտեսական համագործակցության բոլոր հիմնական ցուցանիշների ծավալների աճի հետ։
Կարևոր է նշել, որ նույնիսկ Հայաստանի խորհրդարանի կողմից վերոհիշյալ օրենքի ընդունումից հետո դեռևս չի փոխվել Եվրոպական Միության զգույշ և հավասարակշռված հռետորաբանությունը մեր երկրի հանդեպ։ Հայաստանը համարում են գործընկեր, որի հետ պետք է զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, սակայն չկա որևէ խոսք այն մասին, թե ինչպես շարժվել ԵՄ-ի ուղղությամբ, որպեսզի չքանդվի երկրի տնտեսությունը։
Մենք գիտենք նաև, որ հայ հասարակությունը հոգնել է սպասել Ռուսաստանից վճռական քայլերի համապարփակ ինտեգրման խորացման ուղղությամբ։ Խորհրդային կարգերից հետո անցած բոլոր տարիներին հայ հասարակության մեծամասնությունը ցանկանում էր կառուցել ետխորհրդային տարածքի երկրների միջև այնպիսի հարաբերություններ, որոնք կհանգեցնեին դրական արդյունքների և կկենսագործեին նախկին Խորհրդային Միության լավագույն ավանդույթները։ Սակայն դա ժամանակին չարվեց և այժմ հայաստանյան հասարակության մեծամասնությունը փնտրում է այլ երաշխիքներ լավ և կայուն կյանքի համար և նոր դաշնակիցներ, որոնք կերաշխավորեն երկրի անվտանգությունը։
Բայց տեղին է նաև նկատելը, որ ո՛չ ԱՄՆ-ն (որի հետ վերջերս ստորագրվեց Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին խարտիան), ո՛չ ԵՄ-ն (որի առաջնորդների հետ ըստ ամենայնի տեղի ունեցավ մտքերի անկեղծ փոխանակություն Հայաստանի ցանկության մասին սկսելու անդամության գործընթացը) առայժմ պատրաստ չեն անվտանգության և խաղաղության երաշխիքներ տալ, հաշվի առնելով Հարավային Կովկասում բարդ իրողությունները։
Պարզ է, որ Հայաստանի իշխանությունը ընդունեց այս օրենքը, ելնելով իր պոպուլիստական բնույթից և ընդգծված արևմտամետ կողմնորոշումից։ Սա ժամանակակից հասարակական տրամադրությունների պահանջն է և մենք գործ ունենք իշխող քաղաքական խավի արևմտամետ տրամադրությունների և հասարակության մեծամասնության տրամադրությունների հաջողված համատեղման հետ։ Ցանկացած սոցիոլոգ կնկատի, որ եթե այսօր մենք գործ ունենք հասարակական տրամադրությունների արմատական տրամադրության հետ, ապա որոշ ժամանակ անց այդ տրամադրությունները կարող են փոփոխվել դեռ էլի մի քանի անգամ։ Այսպիսով, մենք հասկանում ենք, որ շատ ավելի կարևոր է խոսել իշխանությունների քաղաքական գործունեության, իրական տնտեսության վիճակի, գլխավոր ընդդիմադիր բուրգերի հնարավորությունների և իրական ցանկությունների մասին, քան հասարակության, երբեմն իռացիոնալ, տրամադրությունների վրա ազդեցությունների մասին։
Եվ վերջինը։ Էր-Ռիադից վերադառնալուց հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս․Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ռուսաստանը աշխատելու է նոր ինտեգրացիոն միավորում ստեղծելու ուղղությամբ, որի մասնակիցները կլինեն Մեծ Եվրասիայի երկրները։ Նա ընդգծեց նաև, որ Ռուսաստանը սկսում է խորհրդատվություններ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ այս թեմայով։ Կուզենայինք հիշեցնել, որ դեռ 2015թ․ Ռուսաստանի նախագահ Վ․Պուտինը հանդես էր եկել Մեծ եվրասիական գործընկերության մասին իր տեսլականով։ Անցած տասը տարիներին Ռուսաստանը զգուշորեն, բայց հետևողականորեն առաջ է մղել այդ համադորույթը։ Հիմա մենք վկան ենք Մեծ Եվրասիայում մի նոր ինտեգրացիոն գործընթացի, որտեղ իբրև լոկոմոտիվ կարող է հանդես գալ Ռուսաստանը ետխորհրդային տարածքի իր դաշնակիցների հետ։ Հիմա դժվար է ասել, թե ինչպես կծավալվի այդ գործընթացը և, թե ինչպես այն կազդի Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Սակայն ակնհայտ է, որ մոտակա տարիներին (մինչև 2026թ․ ընտրությունները և դրանից հետո) հայաստանյան իշխանությունը կսահմանափակվի միայն տեսական, խոստումնաշատ հայտարարություններով Եվրոպական Միության ուղղությամբ, սակայն չհեռանալով ետխորհրդային երկրների ինտեգրացիոն տարածքից, և սպասելով ազդեցության խթանների հարավ-կովկասյան տարածաշրջանի վրա, որոնք անպայման կլինեն ԱՄՆ-Ռուսաստան նոր գլոբալ երկխոսության արդյունքում։ Այսպիսով, մենք հասկանում ենք, որ փոքրիկ Հայաստանի համար ինտեգրացիոն գործընթացները համատեղելու վերաբերյալ հռետորաբանության ընդհանուր ուրվագծերը մի զարմանալի կերպով հայ հասարակության համար գոյության իրավունք են ձեռք բերում, սակայն պայմանով, որ դրանք չեն հանգեցնի արդեն ձևավորված տնտեսական կապերի քայքայմանը և եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցության ընթացքում ակնհայտ շահից և օգուտներից հրաժարվելուն։