Հոկտեմբերի 19-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշեց իր 2801-րդ տարելիցը: Չնայած այս տպավորիչ տարիքին, բոլորիս կողմից սիրված Երևանը հավերժ երիտասարդ է մնում, հավերժ փոփոխվող, ամենանորաձւ, ինչպես նաև այն քաղաքը, որը մեկ անգամ այցելելով՝ սիրահարվում ես հավերժ: Դե էլ ինչ ասենք մեր՝ քաղաքի բնակիչների մասին, ովքեր սիրում են իրենց քաղաքը իրենց ողջ հոգով:
Երևանի փողոցներն ու շենքերը երջանիկ պահերի հիշողություններ են կրում բոլոր նրանց համար, ովքեր այստեղ ապրել են, և սա զարմանալի է: Երևանը մշտապես գտնվում է շարժման մեջ, և հենց շարժման միջոցով մեր մայրաքաղաքը պահպանում է իր հավասարակշռությունը. այստեղ անընդհատ մի բան կառուցում և բարեկարգում են, սակայն երևանյան այս էկլեկտիկան ունի իր «համն ու հոտը»: Եվ չնայած դրան, Երևանն ունի հին անկյուններ, որտեղ կարելի է զգալ էրիվանյան բակերի ու նեղլիկ փողոցների ոգին: Օրինակ, հայտնվելով Կոնդում, անմիջապես տեղափոխվում եք մի քանի տասնամյակ առաջ. սա քաղաք է քաղաքում՝ իր օրենքներով, բույրերով ու աննկարագրելի աուրայով, և դա հիանալի է: Երևանը մի քաղաք է, որտեղ սիրում են և անընդհատ սիրահարվում են. դա նաև քաղաք է, որը միշտ համեղ հոտ ունի, իսկ գաստրոնոմիական խորտիկների բույրը զգացվում է օդի մեջ:
Այս տողերի հեղինակը ես չեմ, չնայած պատրաստ եմ ստորագրել դրանց տակ, և, իմ կողմից, գովասանքներ շռայլել իմ անկրկնելի Երևանի հասցեին: Այս տողերը մեր մայրաքաղաքի մասին պատմող մինի-ֆիլմից են, որը շատ շուտով կդառնա այցեքարտ: «Ես Երևանում եմ» («I am in Yerevan») ֆիլմը նկարահանվել է Երևանի քաղաքապետարանի պատվերով և հանրության դատին է հանձնվել քաղաքի օրվա նախօրեին: Ակնկալվում է, որ այն կթարգմանվի և կցուցադրվի աշխարհի շատ երկրներում:
Dalma News–ին տված հարցազրույցում կինոռեժիսոր Արքա Մանուկյանը նշել է, որ ստանձնել է քաղաքի մասին պատմով մինի-ֆիլմի մասին նկարահանումները՝ քաղաքի հանդեպ տածած սիրո պատճառով՝ ուզենալով այդ կերպ իր խոսքը փոխանցել հավերժ երիտասարդ Երևանին.
«Այն, ինչ մենք հանձնեցինք հանրության դատին, վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքի բոլոր կողմերին` ճարտարապետություն, ժամանց, մարդիկ, գիշերային կյանք, խոհանոց և այլն: Սա մի տեսակ հաշվետվություն է, որը պետք է ճիշտ ներկայացվի (հուսով եմ), ինչպես նաև ճիշտ ընկալվի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ֆիլմը կծառայի որպես մայրաքաղաքի այցեքարտ՝ աշխարհի տարբեր մասերում ներկայանալու համար: Այդ իսկ պատճառով ստեղծողները ավելի շատ կենտրոնացած էին պատկերների վրա, այլ ոչ թե ընթերցվող տեքստի, չնայած վերջինս էլ բավական է, որպեսզի անմիջապես հավաքես ճամպրուկները, տոմս գնես և շտապես օդանավակայան:
«Ողջ ֆիլմը հագեցած է զգացմունքայնությամբ, և նույնիսկ ես, որ աշխատում էի դրա ստեղծման վրա, տեքստը կարդալիս փոքր-ինչ հուզվեցի: Ես հետևում էի ֆիլմը դիտելուց հետո դուրս եկած հանդիսատեսին. շատերը հուզված էին, նույնիսկ՝ արցունքներն աչքերին, և դա հենց այն տպավորությունն է, որը ես ակնկալում էի: Իսկապես, նույնիսկ նրանք, ովքեր ապրում են Երևանում, դիտելով նրա մասին այս ֆիլմը, նորից վերապրում են ամենը»,- նշեց Մանուկյանը: Ի դեպ, այս տողերի հեղինակը ևս հուղվեց ֆիլմը դիտելիս:
Ընդհանրապես, Երևանը եզակի է այն իմաստով, որ իրեն միշտ կարոտում ես` թե՛ արտերկրում, թե՛ ինչ-որ տեղ Կոմիտասի փողոցում՝ տանը նստած և թեյ խմելիս: Ժամանակին ես մտածում էի, որ միայն ես եմ կախվածության չափ սիրում մայրաքաղաքը, սակայն պարզվում է, որ շատերն ունեն այս նույն զգացողությունը, կարծես նախորդ կյանքում պանդուխտ ես եղել, ով երբեք չի վերադարձել հայրենիք: Եվ այդ զգացողությունը հատկապես սրվում է այն ժամանակ, երբ առավոտյան պարզ եղանակին վայելչագեղ Արարատը պաշտպանի պես վեր է խոյանում Երևանի վրա:
Արքա Մանուկյանն ասում է գրեթե նույնը, և կինոռեժիսորները փորձել են փոխանցել դա հանդիսատեսին՝ անկախ նրանից, թե ինչքան էլ Երևանը կառուցապատվի նոր, էլիտար շենքերով, անկախ նրանից, թե որքան շնչահեղձ լինի խցանումներում, անկախ նրանից, թե որքան նոր բան հայտնվի մեր առօրյա կյանքում, միևնույն է, կա մի բան, որը կարելի է գտնել միայն Երևանում և ուրիշ ոչ մի տեղ: Ի թիվս այլ բաների, դա երևանցիների հյուրընկալությունն է, և անծանոթներին որպես հարազատ ընդունելու և ամենամոտիկ բարեկամի պես ճանապարհելու ունակությունն է:
«Գիտեք, վերջերս հաճախ կարող է լսել, թե ժամանակակից աշխարհում հյուրընկալությունն ու ընկերասիրությունը համարյա թե չլսված բան է: Բայց դա այդպես չէ. հայերը պահպանել են հյուրընկալությունը, ուրիշ ուրախությամբ ուրախանալու կամ նրա վիշտը կիսելու ունակությունը: Դա, հավանաբար, մեր գեների մեջ է, և դժվար թե կարելի լինի փոխել»:
Հուսով ենք, սիրելի ընթերցողներ, որ ֆիլմը դիտելիս դուք կզգաք զգացմունքների այդ ողջ գամման, որի մասին խոսվեց քիչ առաջ:
Երևանին հավերժ սիրահարված՝ Լիա Խոջոյան: