Շաբաթ օրը Երևանում կայացավ ԵՏՄ փորձագիտական խմբի հերթական, տարեկան խորհրդակցությունը՝ «Հայաստանը ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում. Փորձեր, ձեռքբերումներ, առաջխաղացումներ» թեմայով: Հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-երկրների դեսպանները ամփոփեցին տարվա արդյունքները:
Ողջույնի իր խոսքում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ԵՏՄ-ի ստեղծումն ու մեկնարկային գործունեությունն ընթացավ բարդ պայմաններում: «Այնուամենայնիվ այդ ուղղությամբ մեզ հաջողվեց զգալիորեն առաջ շարժվել, քանի որ Միությունը հաջողությամբ գործում է արդեն երկու տարի: Այս, համեմատաբար կարճ ժամկետում, գործի զարգացման մեջ մենք ունեցանք լուրջ հաջողություններ: Այսօրվա գլխավոր արդյունքն այն է, որ Միությունը կայացել է որպես ժամանակակից, հստակ առաջադրանքներ հետապնդող տնտեսական ինտեգրացիոն միջազգային կազմակերպություն… Գնալով մեծանում է ԵՏՄ-ի դերը տարածաշրջանային ու գլոբալ տնտեսական գործընթացներում: Եվրասիական հնգյակով ձևավորվել է ընդարձակ, համատարած շուկա՝ 182 մլն. բնակչությամբ»,- ընդգծեց Ռուսաստանի դեսպանը:
Դեսպանի խոսքերով՝ ԱՊՀ-ի և ԵՏՄ-ի տարածքներն ակտիվորեն ինտեգրվում են միջազգային տնտեսությանը ու ձևափոխվում են ժամանակի պահանջների հետ համապատասխան: «Համակարգված օրակարգի շրջանակներում անցկացվող աշխատանքին նպաստում է նաև այն, որ ինչպես նշված խնդիրները, այնպես էլ այլ խնդիրների մի հսկա շարք հանդիսանում են ընդհանուր տարածաշրջանի բոլոր երկրների համար: Երբեմն դրանք անուղղակիորեն շոշափում են ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի ու առանձին երկրների տարածքները: Ավելի հաճախ շոշափում են ուղղակիորեն, ինչպես ՆԱՏՕ-ի առաջխաղացման կամ Աֆղանստանի կողմից ահաբեկչական սպառնալիքների դեպքում, որոնք Կենտրոնական Ասիայի երկրների համար հղի են անվտանգության ռիսկով, կամ նույնիսկ՝ որպես գունավոր հեղափոխությունների արտահանում»,- նկատում է դեսպանը:
Նա նաև ավելացրեց, որ Եվրասիական ինտեգրացման հիմքում ընկած է եղել կայուն զարգացման ու կայուն տնտեսական աճի ապահովման բանաձևը՝ հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահեր ու միջպետական հարաբերությունների շրջանակներում առկա արժեքա-գաղափարախոսական տարբերությունները:
Ռուսատանի դեսպանը նաև նշեց տնտեսական միավորման բաց բնույթը, որը պատրաստ է դառնալու հուսալի գործընկեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել փոխշահավետ հարաբերություններ:
«Միությունը հետևողական է այն հարցում, որ տարածաշրջանային ինտեգրացիան չհանգեցնի նոր, բաժանարար գծերի, ինչպես նաև արտաքին գործընկերների ու ինտեգրացիոն այլ խմբավորումների հետ հարաբերություններում բարդություններ չստեղծի»,- ընդգծեց նա:
Ընդ որում, Վալինկինը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխհամագործակցության առավելագույնս ընդարձակման համար դեռևս շատ անելիքներ կան:
Իր հերթին Հայաստանում Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը նշեց, որ ընթացիկ տարին հեշտ չէր, և այդպիսին էր առաջին հերթին արտաքին տնտեսական գործոնների ազդեցության պատճառով: Դրա հետ մեկտեղ դիվանագետն ընդգծեց, որ դրանում հատուկ բացասական իմաստ տեսնել էլ չի կամենում:
Դեսպանի խոսքերով՝ 2016 թ.-ի ընթացքում անդամ-երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են, ընդ որում հայկական կողմը արժեքային տեսանկյունից ավելի շահավետ վիճակում է եղել, քանի որ հանրապետությունում դրամի արժեզրկումը ԵՏՄ մյուս երկրների հետ համեմատած ավելի ցածր է եղել: «Տնտեսական արտաքին պայմանների պարագայում, որոնք հաճախ մինուս նշանով են ուղեկցվում, մենք դրական արդյունքներով ենք հաղթահարում այս բոլոր դժվարությունները»,- նշում է նա:
Ղազախստանի դեսպանը նաև նշեց, որ տնտեսական ինտեգրացիայից բացի կարևոր է նաև ռազմա-քաղաքական ինտեգրացիան: Նույն կերպ հետագայում ԵՏՄ-ն առաջնահերթ ուշադրություն կդարձնի նաև ինտեգրացման մնացած ուղղություններին:
Իր ելույթում Հայաստանում Բելոռուսի արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ տարածաշրջանային ինտեգրացիոն համագործակցությունը ողջ աշխարհում տնտեսության զարգացման համար հանդիսանում է առանցքային գործոն: «Չնայած ԵՏՄ-ն համարվում է երիտասարդ ինտեգրացիոն միջավայր, ցուցանիշները վկայում են, որ մեր պետությունների առաջնորդները ժամանակին ճիշտ ընտրություն կատարեցին: Այսօր մեր էկոնոմիկան հանդիսանում է մրցակցային, ու ակնհայտ է, որ չմիավորելով մեր ուժերը մենք առանձին-առանձին մեծ դժվարությամբ կդիմակայեինք միջազգային տենդենցներին»,- ասաց նա:
Բելոռուսի դեսպանը նշեց, որ շարունակվում է աշխատանքն այն ուղղությամբ, որ համագործակցությունն իր դրական արդյունքները տա նաև մնացած բոլոր ուղղություններով: «Մի շարք «խելացի» գլուխներ գլուխ են ջարդում այն հարցի շուրջ, թե հանուն ինչի է ստեղծվել այս ինտեգրացիան: Սակայն ոչ-ոք հարց չի տալիս, թե ի՞նչ կլիներ, եթե պետությունն այս կամ այն ինտեգրացիոն քաղաքականության մեջ չընդգրկվեր: Ցանկացած պետության հիմնական նպատակն իր ազգի բարեկեցության մակարդակի բարձրացումն է, և ակնհայտ է, որ, միավորելով ուժերը, դա հնարավոր է անել առավել արդյունավետ ու օպերատիվ կերպով»,- նշեց նա:
Նազարուկը նաև նշեց, որ Եվրասիական ինտեգրացիայի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությունը վիթխարի է ու անդադար աճում է: Նա նաև վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մի շարք գործընկերների հետ:
Հարկ է նշել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրման արդյունքներով հատուկ ուշադրություն դարձվեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանի՝ վերջերս կայացած հանդիպմանը: Եվ չնայած ԵՏՄ մյուս անդամ-երկրների դեսպանների հետ համեմատած՝ Հայաստանի նախագահի խոսքում արտահայտված լավատեսությունը մի փոքր զսպված բնույթ էր կրում, սակայն դա էլ կարելի է բացատրել օբյեկտիվ պատճառներով:
«Մենք միասին եղել ենք Հայաստանի ու Եվրասիական տնտեսական միավորման գործընթացի սկզբնաղբյուրում, ու, դառնալով այդ միության անդամ, Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու մեծ սպասումներ ենք ունեցել: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական մի շարք այնպիսի գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, ու Եվրասիական տնտեսական միության հանդեպ մեր քաղաքացիների վերաբերմունքը դեռևս, մեղմ ասած, սպասման փուլում է գտնվում, թեպետ ես համոզված եմ, որ եթե մենք մուտք չգործեինք ԵՏՄ, բացասական միտումներն ավելի շատ էին լինելու»,- հայտարարեց Սարգսյանը:Պետք է խոստովանել, որ վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ ԵՏՄ-ին անդամագրվելու արդյունքում Հայաստանի քաղաքացիներն օգուտ այնուամենայնիվ ստանում են: Ու խոսքը միայն Ռուսաստան արտագաղթած աշխատավորների մասին չէ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալը 2016 թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 168 մլն. դոլլար, անցյալ տարվա տվյալ ժամանակահատվածի հետ համեմատած ավելանալով 87,4 %-ով: Իսկ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ողջ ծավալը 2016 թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 2,272,5 մլրդ. դոլլար՝ 2,7 %-ով ավելի շատ, քան 2015 թ. նույն ժամանակահատվածում: Արտահանման ծավալը կազմել է 814,9 մլն. դոլլար՝ ավելանալով 16,7 %-ով, իսկ ներկրումը կրճատվել է 3,7 %-ով՝ մինչև 1,457,5 մլրդ դոլլարի:
«Բացի այդ՝ Եվրասիական ինտեգրացիայից հիմնական օգնություն ստանում են հասարակ գյուղաշխատողները, որոնց ապրանքն արտահանվում է, այլ ոչ թե երկրում գոյություն ունեցող ներկրող- տրանսֆերտային համակարգի հիմնական շահառու հանդիսացող խոշոր օլիգարխները: Եվ հայկական իշխանությունները պետք է հասկանան, որ Եվրասիական միությունը, ինչպես ցանկացած այլ ինտեգրացիոն միավորում տալիս է միայն հնարավորություններ: Դրանցից հարկավոր է օգտվել կարենալ: Եվ դրա համար հարկավոր է վարել ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն, լոբբիացնել միությունում սեփական հետաքրքրությունները, օգնել արտահանողներին ոչ թե խոսքով, այլ գործով»:
Հարկավոր է լուծել երկրի տրանսպորտային խնդիրները, սակայն Աբխազական երկաթուղու աշխատանքի վերականգնման հետ կապված դիվանագիտական գործունեությունը դեռևս տեսանելի չէ: Չէ՞ որ այդ ճանապարհն առաջին հերթին հենց Հայաստանին է հարկավոր, իսկ նա, ունենալով շատ լավ հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի հետ, կարող էր այդ հարցի հետ կապված ավելի ակտիվ գործունեություն ծավալել:
Ուրախացնում է գոնե այն փաստը, որ հայկական կողմը ակտիվություն է ցուցաբերում Իրանի հետ ազատ առևտրային գոտու համաձայնագրի հարցի շուրջ (դրա մասին նույնպես խոսեցին ԵՏՀ-ի նախագահն ու ՀՀ նախագահը), ու Եվրասիական միությունում Երևանը այս առումով համարվում է գլխավոր լոբբիստը:
Պատրաստեց՝ Լիա Խոջոյանը