Քարե պատի մակերեսին (հեղինակ Մարկ Գրիգորյան), որը որպես ցանկապատ է ծառայում «Կառավարության հյուրերի տան» և Մաշտոցի պողոտայի միջև, հայտնվել է Երևանի նոր զարդարանքը` հայկական այբուբենի 36 տառերը` տրավերտինե 33 շրջանակներում: Հունվարի 15-ին` «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի ImYerevan պորտալի շրջանակներում կայացավ «Հայկական Այբուբենի շքերթը» (Eternal Alphabet) նախագծի բացումը:
Անշուք և մամռակալած պատը արտ-օբյեկտի վերածելու գաղափարը ImYerevan պորտալի ղեկավար և «Երևան 2.0» ինկուբատորի զարգացման գծով մենեջեր Գայանե Մանուկյանինն է: Երևանի անշուք վայրերը մշակութային տարածք դարձնելով` նախագծի մասնակիցները փորձում են երևանցիներին հնարավորություն տալ նորովի նայել իրենց քաղաքին և իրենց ներդրումն ունենան զբոսաշրջության զարգացման գործում: Ինկուբատորն իրականացնում է մի քանի ուղղությունների ուրբանիստական նախագծեր` մշակութային, կրթական և իննովացիոն: Սրանք բոլորը քաղաքային միջավայրը բարելավելու նպատակ ունեն:
«Այս նախագծից բացի` այս տարի նախատեսվում է ևս մի միջոցառման նախնական տարբերակի անցկացում, որը կոչվում է «1000 և մեկ դիտահոր»: Գաղափարն իրենից ներկայացնում է թեմատիկ դիտահորերի տեղադրում, որոնցից առաջինները կտեղադրվեն Օպերային թատրոնի մոտ` արդեն այս գարնանը: Բնականաբար` դրանք երաժշտական թեմատիկայով կլինեն: Բանն այն է, որ մեր քաղաքի դիտահորերը շատ դժվարությամբ կարելի է գեղեցիկ անվանել, այն դեպքում, երբ շատ այլ քաղաքներում դրանք համարվում են քաղաքային տարածքի վառ դետալներ: Նախատեսվում է նաև Yerevan Guide IT-նախագծի իրականացումը: Վերջապես Երևանում կլինի էլեկտրոնային ճամփորդական ուղեցույց զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների համար: Մենք աշխատում ենք նաև այլ նախագծերի վրա, որոնք, հուսով եմ, երևանցիները կկարողանան տեսնել մոտ ապագայում»,- պատմում է Գայանե Մանուկյանը Dalma News-ի հետ զրույցում:
405թ.-ին Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված հայկական այբուբենը ժամանակին հանդիսացավ ազգային ինքնության ձևավորման և պահպանման հիմնավոր առիթ, ինչպես նաև դարեր շարունակ համախմբեց ողջ ժողովրդին:
«Պատի վրայի շրջանակները, ինչպես նաև դրանց գտնվելու վայրը` հնագույն ձեռագրերի թանգարանի` Մատենադարանի և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ, հրահրեցին ճիշտ որոշման` հայկական այբուբենին: Եթե մենք մեկ այլ ազատ տեղ գտնեինք, նախագիծը հավանաբար լրիվ այլ կլիներ»,- պատմում է նախագծի գրաֆիկ-դիզայներ Վահան Բալասանյանը:
«Հայկական Այբուբենի շքերթը» ժամանակակից ոճային լուծումներով և հայկական դասական զարդանաշերով 36 տառեր են: Վահանի խոսքերով` սա արտ-ինստալյացիա է, որի իմաստն է, ինչպես և յուրաքանչյուր արվեստի գործի, որոշակի հետաքրքրություն ձևավորել և մատնացույց անել ինչ-որ խնդիր: Այս դեպքում այն, որ հայկական տառերին Հայաստանում չի հատկացվում անհրաժեշտ ուշադրություն, գեղագրության մշակույթը հայաստանում մոռացության է մատնված:
«Սա ես ասում եմ, որպես մասնագետ, նկարիչ-գեղագիր: Այսօր տառերի հետ աշխատելու արվեստը մոռացված է, պարզապես մեզ մոտ կան ինչ-որ կարծրատիպեր տառերի վերաբերյալ և այն մասին, թե ինչպես կարելի է դրանք ներկայացնել: Ինստալյացիայի իմաստը հենց նրանում է, որ ցույց տանք` գեղագրությունը արվեստ է: Եվ այն պետք է զարգանա, որպես արվեստ: Իսկ այն, ինչպես հայտնի է, զարգանում է փորձերի արդյունքում` կարևոր չէ լավ, թե վատ: Լավ աշխատանքը արվեստի մեջ միշտ պետք է քննարկման առիթ դառնա և հենց այդ քննարկման միջոցով և շնորհիվ առաջանում է պրոգրեսը:
Ես այս մի քանի օրը հետևում եմ մարդկանց արձագանքներին և տեսնում եմ, որ մի մասին դուր է գալիս, մյուսներին` ոչ: Այս մարդկանց միջև առաջացած բանավեճի արդյուքնում ծնվում է հարցի վերաբերյալ որոշակի կարծիք` արժե՞ արդյոք առհասարակ զարգացնել հայկական տառերի թեման, վերանայելով այն ընդունված տարբերակը, որն արդեն հարյուրավոր տարիներ անփոփոխ է, թե՞ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա»,- ասում է Վահանը, ավելացնելով, որ երբ խնդրից չեն խոսում, այն չի լուծվում, բայց լուծել անհրաժեշտ է: Նրա կարծիքով` այսօրվա դրությամբ հայկական տառերը չեն զարգանում: Չի զարգանում գեղագրության, համակարգչային, էլեկտրոնային տառատեսակների ստեղծման հայկական դպրոցները:
Եվ իսկապես, եթե համեմատենք Հայաստանի տառատեսակային արվեստի զարգացումը Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի հետ, ապա դժվար չէ նկատել, որքան ենք մենք հետ մնացել: «Ամոթ է: Աշխարհում առաջին այբուբեններից մեկը ունենալով` այսքան հետ մնալ ամբողջ աշխարհից գրի և տառերի զարգացմամբ…»:
Տառերի կոմպոզիցիայում և որոշ դրվագներում օգտագործված է մետաղի երկու տեսակ` չժանգոտող պողպատ և լատուն: Վահանի խոսքերով` ամբողջ էֆեկտը նրանում է, որ քաղաքային ծայրահեղ ագրեսիվ օդի ազդեցության հետևանքով տեղի կունենա լատունի թթվեցում և այն չժանգոտող մետաղի ֆոնին հնության տպավորություն կթողնի: Լատունը ժամանկի ընթացքում ավելի ու ավելի կսևանա և ամեն ամիս տառերը կփոխեն իրենց տեսքը` բնական ճանապարհով` ամեն անգամ երևալով նոր տեսքով: Ինչ վերաբերվում է զարդանախշերին` դա հայկական «թռչնատառերի» ժամանակակից տարբերակն է:
Ավելորդ չի լինի նշել, որ քաղաքի կենտրոնում արտ-օբյեկտ տեղադրելու գաղափարը հասարակական լայն ռեզոնանս է առաջացրել և կամային չի տեղադրվել: Կայացել են հասարակական քննարկումներ, որոնցում մասնակցել են ճարտարապետներ, պատմաբաններ, լրագրողներ, գեղագրության մասնագետներ, ինչպես նաև Երևանի գլխավոր դիզայները: Բացի այդ` քաղաքի այդ հատվածի այդչափ կտրուկ փոփոխությունների մասին կարծիքներ են կազմվել նաև օնլայն և փողոցային հարցումների արդյունքում: Արդյունքում` դժգոհների ձայները կորան էնտուզիաստների ոգևորության ներքո:
Բայց կա մի նրբություն: Կազմակերպիչների խոսքերով «տառային» ինստալյացիան ընդմիշտ չի տեղադրվել այդ պատի վրա: Մոտ կես տարի անց այն կտեղափոխվի, թեև դեռ պարզ չէ, թե ուր: Այնուամենայնիվ` պատը նախկին տեսքին չի վերադառնա, այն կվերածվի արտ-պատկերասրահ` բաց երկնքի տակ: Շատ հնարավոր է, որ այբուբենից հետո պատը կզարդարի հայ թագավորների շքերթը:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տառի հովանավոր են հանդիսանում տարբեր մարդիկ և ընկերություններ: «Դրամահավաքի» հարցում զգալի ավանդ ունի գործարար և բարերար Գոռ Նահապետյանը, նախագիծն իրականացվել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Երևան 2.0»-ի շատ նախագծերի մեջ իրենց յուրահատուկ տեղն են զբաղեցնում Նարդու արձանը (հայկական դրամին նվիրված), ինչպես նաև քաղաքի նկարազարդված դալանները:
Ի դեպ` նախագծի շրջանակներում նկարազարդվել էին միայն երեք դալան` «Մեր բակը» ֆիլմի նկարահանման համար, գաղափարը շարունակել են իրականացնել քաղաքի բնակիչները` քաղաքապետարանի աջակցությամբ:
Հենց այսպիսի նախագծերի շնորհիվ քաղաքը սկսում է շնչել նոր գույներով, ստիպելով Երևանի քաղաքացիներին այլ աչքով նայել իրենց քաղաքին, իսկ մայրաքաղաքի հյուրերին` նորովի զարմացնել: Սակայն` անհրաժեշտ է հասկանալ, որ պետք է փոխել ոչ միայն քաղաքի տեսքը, այլ առաջին հերթին բնակիչների վերաբերմունքը: Հուսանք, որ ճարտարապետ Ա. Թամանյանի ստեղծած «Վարդագույն Քաղաքը» նոր գույներ կստանա ոչ միայն դրսից, այլև` ներսից:
Պատրաստեց Արմինե Ահարոնյանը
Լուսանկարները` Lina Levine