ՀՀ տնտեսական զարգացման նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը և զարգացման հեռանկարները» թեմայով տնտեսական համաժողովի բացումը: Համաժողովը կազմակերպվել էր «Զարգացում» հասարակական շարժման կողմից՝ Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, կենտրոնի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակության միջոցով: Համաժողովը նվիրված էր ձեռնարկատիրության օրվան, որը նշվում է մարտի 3-ին:

Dalma News-ի հետ զրույցում «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը նշեց, որ համաժողովի նպատակային լսարանը ֆերմերներն են, ձեռնարկատերերը, երիտասարդ մասնագետները և համապատասխան բուհերի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին 130 մասնակիցներ, Շիրակի և Լոռու մարզերից հրավիրված երկու պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ մարզերից և Երևանից: «Համաժողովի նպատակը բիզնես-մոդելների կազմումն ու առաջխաղացումն է:

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ սեմինար, որը սովորեցնում էր՝ ինչպես կազմել բիզնես-մոդել, ինչպես նաև տեղի ունեցան հանդիպումներ Հայաստանի տարբեր շրջանների հաջողակ գործարարների հետ: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչությունների և բաժնի պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին պետական ծրագրերը: Մասնակիցները քննարկեցին նաև սննդամթերքի անվտանգության հարցը: Եվ մեկ շաբաթ անց մեր մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես-մոդելները»,- նշել է նա:

Կազմակերպիչները սովորեցնում են, թե ինչպես կազմել բիզնես-մոդել, խորհուրդ են տալիս, թե որ ոլորտներում արժե աշխատել, որպեսզի մոդելը շուկայում կենսունակ լինի: Դրանից հետո մասնակիցները կսկսեն գործել:

«Բայց քանի որ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ազգային կենտրոնը հանրապետության մարզերում կրթական ծրագիր ունի գործարարների համար, ապա ծրագրի ավարտին մենք երաշխավորում ենք բիզնես-մոդել կազմած մասնակիցներին այդ կենտրոնի կազմակերպած կրթական ծրագրերի մեջ ընդգրկվելու համար: Դրանից հետո նրանք ստանում են վկայագիր, որի հիման վրա նրանք կարող են ստանալ նաև արտոնյալ պայմաններով վարկ»,- ընդգծեց Եղիազարյանը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի բացման ուղերձում, որը հնչեցրեց դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, նշվել է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները դինամիկ են, իսկ տնտեսական բաղադրիչը հիմնաքարային դեր է խաղում մեր երկրների միջև հարաբերությունների համար: Նրա խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը լայն հնարավորություններ և հեռանկարներ է բացում փոխշահավետ բազմակողմ համագործակցության, այդ թվում նաև` փոխադարձ առևտրի դիվերսիֆիկացման համար:

«Եվրասիական տնտեսական միության միասնական տարածքում երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը նպաստում է Հայաստանի տնտեսության կայուն և դինամիկ զարգացմանը»,- ընդգծել է ՌԴ դեսպանը:

Նա նաև նշել է, որ Տնտեսական համաժողովի նախաձեռնողը երիտասարդությունն է, որի կողմից երկիրը շենացնելու և ստեղծարար գործունեությամբ զբաղվելու քայլերը կարող են նպաստել խնդիրների լայն շրջանակի լուծմանը և տարատեսակ նախաձեռնությունների իրականացմանը: Կոպիրկինը վստահ է, որ հենց երիտասարդներ են շատ առումներով նպաստում հասարակական կյանքի և մեզ շրջապատող աշխարհի բարելավմանն ուղղված նորարարական գաղափարների և նախագծերի առաջխաղացմանը:

Երիտասարդության կարևոր դերը ևս մեկ անգամ ընդգծեց նաև Ռուսաստանի Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը.

«Երկար տարիներ շարունակ Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն աջակցում է երիտասարդների շահերը խթանող ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը: Ուզում եմ շեշտել հենց երիտասարդների նախաձեռնությամբ և ուժերով նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը, քանի որ հենց այդ է մեր երկրների ապագան: Հենց երիտասարդ ստեղծագործ մարդիկ են, որ վաղը կարողանալու են հոգ տանել ողջ աշխարհում ապրող մարդկանց մասին»,- նշել է նա՝ Dalma News-ին տված հարցազրույցում:

Մարտիրոսյանը նաև վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր մասնակցի ներուժը պատշաճ կերպով կբացահայտվի համաժողովի ընթացքում, և շատ գաղափարներ կյանքի կկոչվեն Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված իրական նախագծերում:

 

Լինա Մակարյան