2024թ հոկտեմբերի 3-5-ը Երեւանում Ա.Մ.Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության Հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Տարածաշրջանային հետազոտությունների և համագործակցության ինստիտուտի կողմից կազմակերպել էր «Եվրասիական տնտեսական միության վերլուծական կենտրոնները և հասարակական հատվածը» խորագիրը կրող միջազգային կլոր սեղան։
Միջազգային կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել է հասարակական կազմակերպությունների դերը Միության քաղաքացիական հասարակության կայացման գործում։ Առանձնահատուկ ընդգծվել է, որ հասարակական կազմակերպությունները կարող են և պետք է աշխատեն բացառապես իրենց երկրների շահերից ելնելով և չծառայեն ուժային տարբեր կենտրոնների աշխարհաքաղաքական շահերին։
Ինչ վերաբերում է վերլուծական կենտրոններին, ապա կլոր սեղանի մասնակիցները միաձայն համաձայնեցին, որ այդ կենտրոնները կարող են և պետք է դառնան մի վայր, որտեղ պետական պաշտոնյաներն ու լրատվամիջոցները կարող են ստանալ հավաստի, մասնագիտական տեղեկատվություն տարածաշրջանային իրավիճակին, տնտեսական, ինչպես նաև ԵԱՏՄ-ի արտաքին քաղաքական գործունեությանը վերաբերող տարբեր հարցերի վերաբերյալ:
Կլոր սեղանին, բացի հասարակական հատվածի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև հայտնի պատմաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ՝ թե՛ առկա, և թե՛ հեռավար։ Հատկանշական է, որ միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև ուսանողների շրջանում։ Կլոր սեղանին խառը ձևաչափով (առկա և հեռակա) մասնակցել են ավելի քան 100 ուսանողներ ԵԱՏՄ երկրներից։
Միջոցառումը դարձավ Հայաստանում ԵԱՏՄ կազմավորման 10-ամյակին նվիրված եվրասիական շաբաթվա յուրօրինակ շարունակությունն ու փակումը։