Երեւանում Մոսկվայի տան բեմից այսօր հնչել են սիրված երգեր Երեւանի ու Մոսկվայի մասին, ինչպես նաեւ աշխարհահռչակ հիթեր։ Հայաստանի մայրաքաղաքի 2806-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, «Մոսկվայի հայրենակցի տուն» պետական հիմնարկը և Երևանում Մոսկվայի տունը։
Բացելով երեկոն՝ «Մոսկվայի հայրենակցի տուն» պետական հիմնարկի մասնաճյուղ՝ Երևանում Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը շնորհավորեց հավաքվածներին՝ ընդգծելով, որ Երևանին և Մոսկվային կապում են դարավոր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը։
«Ինձ համար, ինչպես բոլոր երեւանցիների համար, այսօր շատ նվիրական տոն է։ Իսկ նրանց համար, ովքեր գոնե որոշ ժամանակ ապրում են Երեւանում, վստահ եմ, այս քաղաքը ոչ պակաս հարազատ ու սիրելի է դարձել։ Միևնույն ժամանակ, Մոսկվան ինձ և շատերի համար, ովքեր այսօր այս դահլիճում են, նույնպես հարազատ քաղաք է, որին կապված ենք հոգով և սրտով։ Իսկ երկու մայրաքաղաքներն միմյանց հետ կապված են եղբայրական սերտ կապերով և անխզելի բարեկամությամբ։ Շատ ուրախ եմ, որ այս նշանակալից օրը մեր Երևանի տարեդարձը նշում ենք Մոսկվայի տանը։ Այս առանձնահատուկ օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Երևան քաղաքի տոնի առթիվ և ի սրտե մաղթում նրան հետագա բարգավաճում»,- ասաց նա։
Երեկոյին ներկա էին ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետգելդի Այազովը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, Մոսկվայի հայրենակիցների տան տնօրեն Դմիտրի Կոժաևը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության հայրենակիցների հետ աշխատանքի և տեղեկատվական քաղաքականության ապահովման վարչության պետ Վլադիմիր Գրինկոն, «Մոսկվայի հայրենակիցների տուն» պետական հիմնարկի մասնաճյուղի տնօրեն Օլեգ Կլիմովը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկի, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում Ռուսական տան, 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս հայրենակիցների, մշակութային գործիչների կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այս օրերին Երեւանում կայացած «Ռուսական սփյուռք․ Իրողություններ և հեռանկարներ» համաժողովի մասնակիցներ»։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան տաղանդավոր երգիչներ և երաժիշտներ վիրտուոզ դաշնակահար և կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովի ղեկավարությամբ։ Միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի ռոք երգիչ, կոմպոզիտոր, մուլտի-ինստրումենտալիստ Գոռ Սուջյանը, ով ներկայացրեց հայտնի «OneManBand» ծրագիրը։
Երեկոյի վարեցին հայ կատակերգու, սցենարիստ և շոումեն Նարեկ Մարգարյանը և Մաշա Գասպարյանը։
Երևան քաղաքի օրվա պատվին Մոսկվայի տանը բացվել է նաև «Հին և նոր Երևանը» լուսանկարչական ցուցահանդեսը, որի շնորհիվ հյուրերը արխիվային և ժամանակակից լուսանկարների միջոցով ծանոթացան Երևանի տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությանը։