Մարտի 12-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում (ՌԳՄԿ) տեղի ունեցավ «Ղրիմյան գարուն. 5 տարի հարազատ նավահանգստում» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է «Ղրիմյան գարնան» իրադարձություններին՝ 2014 թ.-ի պատմական պահերին:
Միջոցառումը մեծ ուշադրության է արժանացել հասարակության կողմից` իր շուրջը համախմբելով ոուսաստանյան համաերկրացիների հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և անդամներին, ինչպես նաև հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և մշակութային գործիչների ներկայացուցիչների:
Ցուցահանդեսին ցուցադրված է 30 լուսանկար, որոնք բացահայտում են ոչ միայն «Ղրիմյան գարնան» իրադարձությունները, այլև այն հսկայական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Ղրիմում վերջին 5 տարիների ընթացքում՝ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելուց հետո: Մասնավորապես, ցուցահանդեսի նկարագրության մեջ նշվում է, որ Ղրիմը կառուցում է իր ապագան՝ անկախ Արևմտյան երկրների կողմից սահմանված խիստ և անօրինական պատժամիջոցներից և քաղաքական շրջափակումից. «Ղրիմում նոր դպրոցներ և հիվանդանոցներ են բացվել: Ղրիմի բազմազգ երիտասարդությունը մասնակցում է համառուսաստանյան ծրագրերին, և նրանց առջև բաց են բոլոր դռները: Թերակղզին պատրաստ է ցանկացած մարտահրավերների և սպառնալիքների»:
Ցուցահանդեսի բացմանը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին անդրադարձավ 2014 թվականի իրադարձություններին՝ մի կարճ պատմական ակնարկ ներկայացնելով և ընդգծելով Ղրիմի շարքային քաղաքացիների աջակցությունը:
«Մեր ժողովուրդների համատեղ գործողությունների շնորհիվ՝ մենք կարողացանք դիմակայել սպառնալիքին, և Ղրիմի ժողովուրդը ձեռք բերեց անկախություն` ընդունելով Ռուսաստանի Դաշնությանը միանալու միաձայն որոշումը»,- նշել է նա:
«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը ևս շնորհավորեց բոլոր ներկաներին և Ղրիմի բնակիչներին՝ 5 տարի առաջ նրանց կամարտահայտման հաղթանակի կապակցությամբ: «Մեզ՝ հայերիս համար «ինքնորոշում» հասկացությունը շատ մոտ է: Մենք կարծում ենք, որ տարածքների պատկանելության իրավունքի վերաբերյալ վեճերը տեղին չեն, երբ այդ տարածքում բնակվում են մարդիկ: Մարդիկ իրավունք ունեն անձամբ որոշելու, թե ում հետ և ինչ օրենքներով են ուզում ապրել: Ժողովրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերով, և մենք պետք է հարգենք այն», – ասել է Բաբուխանյանը:
Ցուցահանդեսի վերջում տեղի է ունեցել Տիգրան Քեոսայանի «Ղրիմյան կամուրջը. պատրաստված է սիրով» ֆիլմի պրեմիերան:
Միջոցառումը կազմակերպվել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից՝ հայկական «Ղրիմի բարեկամների ակումբ»-ի և «Ղրիմի Հանրապետության պետական գործարար և մշակութային կենտրոն» պետական ինքնավար կազմկերպության հետ համատեղ`«Գիտակրթական կենտրոնների տարածաշրջանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կազմակերպչական աջակցությամբ: