Աշխարհի բոլոր տիկնիկները կենդանի են: Մենք` աղջիկներս, գիտենք այդ մասին վաղ տարիքից: Ցանկացած արարած ունի պատմություն և հոգի, որում ապրում է նրանց կերտող հեղինակի հոգու մի մասնիկը: Յուրաքանչյուր տիկնիկ, մի ժամանակ ազատ, իսկ մեր ժամանակներում ավելի հաճախ վարպետի անազատ և ավանդական գործունեության արդյունք է: Օրերս Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հարթակում երեևանցիները հնարավորություն ստացան ծանոթանալու Օլգա Մենի հեղինակային տիկնիկներին: «Ձմեռային հեքիաթ» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին քսան տիկնիկներ, որոնք իրենցից ներկայացնում էին ձմռան ամիսների և կերպարների մարմնավորում` «Հունվար», «Փետրվար», «Ձյունանուշիկ», «Տիկին Ձյունահողմ», «Եղյամ», «Կարապ արքայադուստր» և ուրիշներ:
Օլգա Մենը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Հայաստան չորս տարի առաջ: Հիացած հայոց բնության գեղեցկությամբ` ռուս կինը ասես զգաց իր մասնագիտական վերածնունդը. թատերական կոստյումների նկարիչ հանդիսանալով հանդերձ` նա սկսեց տիկնիկներ պատրաստել: Իզուր չէ, որ Օլգայի առաջին տիկնիկներից մեկը` «Փյունիկը», դարձել է նրա խորհրդանիշը և թալիսմանը. դա դեպի վեր ճախրող վառ կարմիր թռչուն-աղջիկ է, որը զարդարում է աֆիշան և գլխավոր տեղ է զբաղեցնում ցուցահանդեսին:
Իր փոխակերպության մասին վարպետուհին այսպես է պատմում. «Այս աշխարհում ոչինչ պատահական չի լինում, ինչ-որ անտես ուժեր կարծես հուշում են քեզ, տանում կյանքի ճանապարհով, նշաններ թողնում, ծանոթացնում այդ պահին անհրաժեշտ մարդկանց հետ: Հարկավոր է միայն լսել, տեսնել և հասկանալ, որ դա քեզ համար է և հենց հիմա: Նույնն է նաև տիկնիկների պարագայում… Ինձ համար նրանք ոչ մի կերպ կապված չեն մանկության, սիրելի խաղալիքների գաղափարների հետ. ինձ համար տիկնիկները ստեղծագործական էներգիայի` արտասովոր եղանակով արտահայտման միջոց են: Եթե նախկինում, դեռևս Սանկտ Պետերբուրգում, ստեղծագործական էներգիայի արտահայտման միջոց էին թատերական կոստյումները, որոնք ես հաճույքով ստեղծում էի 15 տարի շարունակ, ապա Հայաստանը ինձ տվեց նոր կյանք և նոր ոգեշնչում այն հոգու միջոցով, որով այստեղ ներծծված է ամեն ինչ, բնության, լեռների, մարդկանց գեղեցկության միջոցով, ազգային տարազի գույների ներդաշնակության միջոցով: Ցանկանում եմ «շնորհակալություն» ասել այն ամենին, ինչ ինձ շրջապատում է Հայաստանում, որը ինձ ընդունեց սիրով և հոգատարությամբ»:
Օլգան այցելել է երևանյան «Վերնիսաժի» առևտրային շարքերը և հասկացել, որ հայ գեղեցկուհիները և իրական հայկական տարազը շատ ավելի գեղեցիկ են այնտեղ առաջարկված ապրանքից: Այդպես նա որոշեց պատրաստել գեղեցիկ հայուհի տիկնիկ իրական տարազով: Նրան հուշեցին, թե որտեղ կարող է գնել պոլիմերային կավ, և նա խորասուզվեց մի նոր, սակայն խիստ հետաքրքիր գործընթացի մեջ, տիկնիկների պատրաստման վերաբերյալ բազմաթիվ կայքեր, պատմական նյութեր ուսումնասիրեց:
Տաթևում Օլգան տպավորվեց լուսանկարիչ Էմմա Մարաշլյանի` «Տարազով աղջիկը» աշխատանքով: Դիզայներ Լիլիթ Մելիքյանը («Տերյան» մշակութային կենտրոն) ուղորդում էր նրան տարազի պատմության հարցերում: Մարինա Խաչմանուկյանը` Հայաստանի տիկնիկային վարպետների ընկերակցության կազմակերպիչ և Ալլա Սարգսյանը` արդեն կայացած և հայտնի վարպետ, աջակցում էին Օլգային նրա նոր կյանքի և գործունեության ճանապարհին: Ազգային տարազով առաջին մեծ տիկնիկը` «Արցախ»-ը, ստեղծվեց 2015թ. դեկտեմբերին: Այնուհետ ստեղծվեց ազգային տարազով տիկնիկների մի ամբողջ շարք, նրանց փոխարինեցին կերպարային տիկնիկները:
Օլգա Մենը այնպիսի շարքերի հեղինակ է, ինչպիսիք են «Հորոսկոպ», «Չորս տարերք», «Զօրուգիշեր», «Հեքիաթներ և Լեգենդներ», «Կենդանի ծաղիկներ», «Վարդերի Թագավորություն», «Երազներ Որսողները» և ուրիշներ: Նրա տիկնիկները արտահայտում են երևակայական իրավիճակներ: Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի այցելուները կիսվեցին տարբեր տպավորություններով, բայց բոլորը միակարծիք էին մի բանում` յուրաքանչյուրը գտնում է իրեն բնորոշ վիճակը որոշակի տիկնիկի մեջ, իսկ տիկնիկը, իր հերթին, արձագանքում է:
Այդ պատճառով պատահական չէր, որ ցուցահանդեսին ներկայացված էր «Երազանքների իրականացման փերին», որի ականջին ցուցահանդեսի հյուրերը իրենց նվիրական երազանքներն էին շշնջում: Եվ դրանք կիրականանան, անկասկած կիրականանան… Կարևորը` հավատալ և չհակադրվել ներսի երեխային, վերադառնալ մանկություն:
Օլգան բազմաթիվ հետաքրքիր ու հիանալի մարդկանց է հանդիպել իր նոր, տիկնիկային գործունեության ճանապարհին և նրանց հետ միասին ստեղծել է «Հայաստանի տիկնիկային վարպետների ընկերակցություն», որում այժմ ընդգրկված են մոտ 30 վարպետներ: Տիկնիկների աշխարհում տարբեր կատարման եղանակներ, ուղղություններ, հասկացություններ և սկզբունքներ կան, և ամեն վարպետուհի յուրովի հետաքրքիր ու յուրօրինակ է:
Օլգայի տիկնիկները թրծված են պոլիմերային կավից` մետաղալարային շրջանակի վրա, ինչը դրանք դարձնում է շարժական, և այս կախարդական արարածները կարողանում են փոխել իրենց դիրքը: Տիկնիկների հագին չտեսնված գեղեցիկ կոստյումներ են: Երեք տարում վարպետուհին ստեղծել է մոտ 200 տիկնիկ, որոնցից շատերը ցրվել են`ընդգրկվելով մասնավոր հավաքածուներում: Օլգան մասնակցել է տիկնիկների զանազան հավաքական ցուցահանդեսների:
Հայաստանում տիկնիկային արվեստի ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից գլխավորը ստեղծագործական այս ուղղության հանդեպ անլուրջ վերաբերմունքն է: «Հայաստանում տիկնիկը ընկալվում է զուտ որպես հուշանվեր, մանկական կամ թատերական խաղալիք, իսկ հեղինակային տիկնիկը` որպես արվեստի առանձին ճյուղ, դեռևս ընդունված չէ», – պատմում է Օլգան: – Սակայն ես հավատում եմ, որ ապագայում ավելի լավ է լինելու: Հարկավոր է զինվել համբերությամբ: Հուսով եմ` մեր նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, քանի որ մենք` տիկնիկագործ վարպետներս, շատ ենք, և մենք կցանկանայինք զարգացնել արվեստի այս տեսակը Հայաստանում»:
Ի դեպ, 2017թ. մարտի 21-ին` Տիկնիկների միջազգային օրը, Երևանում բացվեց առաջին Տիկնիկների պատկերասրահը, որտեղ ներկայացված էին հայկական և արտասահմանյան վարպետների ավելի քան 300 ցուցանմուշներ: Դա հարուստ թանգարան էր, որի հավաքածուն հետաքրքիր էր ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար, հաճախ դրա այցելուներն էին դառնում նաև զբոսաշրջիկները: Սակայն պատկերասրահին վիճակված չէր երկար գոյատևել. փոխվեց մշակույթի նախարարը, և այն փակվեց: Այժմ յուրաքանչյուր վարպետուհու տանը «բնակվում են» տասնյակ և անգամ հարյուրավոր տիկնիկներ: Օլգայի փոքրիկ վերնասենյակում, որտեղ նա ապրում և աշխատում է, պահված է ավելի քան վաթսուն ստեղծագործություն:
«Կցանկանայի, որ Երևանում հարթակ ստեղծվեր, որտեղ տիկնիկագործ վարպետները հնարավորություն կունենային ցուցադրելու իրենց աշխատանքները, և ամրապնդվեր այն գաղափարը, որ տիկնիկը միայն խաղալիք չէ, այլ նաև ստեղծագործական ձև, որին հարկավոր է լուրջ վերաբերվել», – ասում է Օլգան:
Այն հարցին, թե ռուս տիկնիկագործ վարպետներից ում կառանձնացներ, Օլգա Մենը պատասխանեց հետևյալ կերպ. «Ռուսաստանում շատ են տաղանդավոր նկարիչները և տիկնիկագործները: Նրանց աշխատանքները ինձ ոգեշնչում և զարմացնում են. դրանք հսկայական աշխատանքի և տաղանդի արդյունք են: Կարելի է առանձնացնել պետերբուրգցի Ռոման Շուստրովին, Օլգա Եգուպեցին, Նատալյա Լոպուսովա-Տոմսկայային, Ելենա Տումինսկայային և բազմաթիվ այլ հրաշալի վարպետների: Ես անգամ համեմատվել նրանց հետ չեմ կարող, սակայն ես գտել եմ իմ ուրախությունը, իմ ճանապարհը, իսկ իմ տիկնիկները հավանաբար թատրոնի շարունակությունն են իմ մեջ. թատերական ներկայացումների կոստյումներ, որոնք ես ստեղծում եմ իմ աշխարհում»:
Առհասարակ տիկնիկագործները յուրահատուկ, երկնային, առևտրից հեռու մարդիկ են: Օլգային ևս դուր է գալիս ստեղծել տիկնիկներ, վայելել գործընթացը, հոգեկան ուրախությունը, որը նա նվիրում է մյուսներին իր ստեղծագործությունների միջոցով: Նրա առաջիկա ծրագրերի մեջ մտնում է ռուսական ազգային հանդերձներով տիկնիկների շարքի ստեղծումը: Գալիք տարվա առաջին կեսին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ Երևանում կանցկացվի Օլգա Մենի հեղինակային տիկնիկների ընդլայնված ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն մոտ 60 տիկնիկներ:
Ելենա Շուվայեվա-Պետրոսյան