Դեկտեմբերի սկզբին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայկական համընդհանուր բարեգործական միությունում (AGBU) տեղի ունեցավ Երկրորդ երևանյան գրքի փառատոնի հանդիսավոր բացումը` «Լավագույնը` հայ ընթերցողին» խորագրով:

Կազմակերպիչների կարծիքով, գրքի փառատոնի անցկացումը Երևանում հնարավորություն է ընձեռում ստեղծել գրական կապեր, կազմակերպել ընթերցողների հանդիպումը գրողների և հրատարակչությունների հետ, ծանոթանալ ժամանակակից գրականության հետ և ոչ միայն:

«Իրականում, գրքի փառատոնը պետք է նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան հաղորդակցվել գրքերի հետ: Մենք հաճախ ծուլանում ենք գնալ գրքի խանութներ, իսկ այստեղ հավաքված են բորոլ տպարանները, մենք հեշտությամբ կարող ենք գտնել այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, մեկ վայրում», – նշում է փառատոնի կազմակերպիչներից մեկը` Մանե Մխոյանը:

«Գլոբալ առումով, այս փառատոնը հնարավորություն է տալիս ծանոթանալ ժամանակակից գրողների և տպարանների գործունեության հետ: Բացի այդ, այս փառատոնի շնորհիվ կարելի է տեղեկանալ, թե ինչ նոր գրքեր են լույս տեսել վերջին տարվա ընթացքում: Իհարկե, մենք քարոզում ենք հայ գրողներին, տեղեկատվություն ենք տրամադրում հեղինակի և ստեղծագործության մասին, և դա գրավում է մարդկանց ուշադրությունը` ժամանակակից գրականություն ընթերցելու նկատմամբ», – ասաց «Bookinist» խորհրդատու-վաճառողուհի Մարի Դանիելյանը:

Նշենք, որ երևանյան գրքի փառատոնին ներկայացվել էին ավելի քան 30 հրատարակչություններ:

«Արեգ» հրատարակչությունը, օրինակ, իրականացրեց Շարլ Ազնավուրի երգերի և բանաստեղծությունների հավաքածույի ներկայացումը: Գիրքը պարունակում է ավելի քան 60 երգերի թարգմանություններ` ֆրանսերեն տեքստերի ուղղեկցությամբ, ինչպես նաև Ազնավուրի ինքնակենսագրական վեպերից հատվածներ, որոնք գրվել են տարբեր թվականներին: Խմբագիրն է Անահիտ Դաշտենցը:

«Էդիտ պրինտ» տպարանը ներկայացրեց Էդուարդ Խաչատրյանի «Երկու աշխարհների քաղաքացի» գիրքը, իսկ «Արևիկը» ներկայացրեց Աննա Իսաբեկյանի «Փիսիկը վատ երազ է տեսնում» մանկական գիրքը: Ներկա գտնվող երեխաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել փիսիկի պատմությունը, այլև մասնակցել ինտերակտիվ միջոցառմանը:

Երկրորդ երևանյան գրքի փառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարվեցին գրական մրցույթի արդյունքները` «Արձակ» և «Պոեզիա» նոմինացիաներում: «Պոեզիա» կատեգորիայում հաղթեց Վիոլետա Գրիգորյանը, իսկ լավագույն արձակագիրը ճանաչվեց Սարգիս Հովսեփյանը:

Բացի այդ, հյուրերին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ, որոնց թվում գինու հյուրասիրություն և կենդանի երաժշտություն:

Փառատոնի առաջին օրը սկսվեց «Թմբաթ» էթնիկ ռոք-խմբի և «Բամբիր» ռոք-խմբի համերգով, իսկ փակման ժամանակ հանդես եկան Լևոն Մալխասյանը և հայտնի «Մալխաս» ջազ բենդը:

 

Մարիանա Հակոբյան