«Գիրքը լավագույն նվերն է»: Թվում է, թե բազմաթիվ սերունդներ մեծացել են այն բանի գիտակցմամբ, որ գիրքը մարդու անփոխարինելի ուղեկիցն է և որ, իսկապես, ավելի լավ նվեր չկա: Բայց, արդյո՞ք դա այդպես է: Եվ ինչո՞ւ այսօր սերն ընթերցանության հանդեպ ներկայանում է ոչ թե որպես ինքն իրենով ենթադրվող մի բան, այլ որպես երևույթ, որն արժանանում է «wow» բացականչությունների: Ժամանակակից աշխարհում գրքերը թողարկվում են հազարավոր և նույնիսկ միլիոնավոր տպաքանակով, իսկ համաշխարհային ցանցի ընդարձակ տարածություններում կարելի է գտնել ցանկացած գիրք, ցանկացած լեզվով և ցանկացած ֆորմատով:
Շատ մարդիկ կարդում են անմահ կամ էլ դեռևս քչերին հայտնի ստեղծագործությունները աուդիոգրքերի ֆորմատով, ինչը հնարավորություն է տալիս, օրինակ, գտնվել ղեկին, սակայն «կարդալ» հետաքրքիր մի գիրք: Սակայն, այնուամենայնիվ, իրական գրքասերների համար անհամեմատելի զգացողություն է ձեռքերի մեջ բռնել հրատարակչությամբ բուրող գիրքը և այն կարդալ մինչև անցքեր: Ի ուրախություն մեզ, հետաքրքրությունը և սերն ընթերցանության նկատմամբ վերադարձել է հայ հասարակության մոտ, ինչի մասին վկայում են Երևանում գրքային խանութների և սրճարան-ընթերցասրահների առաջացումը:
Մի քանի տարի առաջ Երևանում գործում էին ընդամենը երկու գրքի խանութներ, ընդ որում դրանցից մեկը համարվում էր ավելի մասնագիտացված, մինչդեռ երկրորդը՝ «Բուկինիստը» գրքեր էր առաջարկում ցանկացած ճաշակի և գույնի: Այսօր արդեն ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաև առևտրային համալիրներում առկա են գրախանութներ, բազմաթիվ հրատարակչություններ ունեն իրենց վաճառքի կետերը, ակտիվորեն հանրայնացվում է ոչ միայն համաշխարհային գրականությունը, այլև հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայերեն լեզվով թարգմանված անմահ ստեղծագործությունները: Այդ ֆոնին առաջացան նաև տոներ, որոնք տարեց տարի դառնում են սիրելի և ավանդական:
Օրինակ, փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը: Այս հետաքրքիր օրվա համար հայկական օրացույցում մենք պարտական ենք անժամանակ հեռացած Գրողների միության նախագահ Լևոն Անանյանին: Երբ ավանդույթը նոր էր ծնունդ առնում, այսպիսի քանակությամբ հետաքրքիր առաջարկներ գրքի շուկայում չկային, սակայն մենք վստահ ենք, որ Անանյանը հավատում էր, որ կվերականգնի սերն ընթերցանության հանդեպ: Այդպես էլ եղավ՝ արդեն մի քանի տարի է տոնի նախօրեին ակտիվություն է դիտվում բուկինիստական խանութներում, որոնք հատուկ այդ օրվա կապակցությամբ բազմազան ակցիաներ և զեղչեր են իրականացնում, քանի որ գիրքը ոչ միայն լավագույն նվերն է, այլև ոչ այնքան էժանագին հաճույք է: Սակայն, արդյո՞ք դա կարող է կանգնեցնել ինտելեկտուալներին և սիրահարներին՝ իրենց ժամանակն անցկացնել սմարթֆոններից և վիրտուալ աշխարհից դուրս:
Այսպիսով, ի՞նչ գրքեր է սիրում և գնում հայ ընթերցողը:
Համաձայն «Արմենպրես» տեղեկատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի՝ 2019 թ. հունվարի վաճառքի արդյունքներով հայ գրողների առավել ընթերցված ստեղծագործությունների տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1-ին տեղում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիրքը՝ «Երկրի հակառակ կողմը»։ 2-րդ տեղում է Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: 3-րդ տեղում է, համաձայն վաճառքների, Անուշ Սարգսյանի «Տուն այգու տակ» գիրքն է: Բազմաթիվ նոր անունների թվում, որոնք դեռ նոր պետք է զբաղեցնեն իրենց գրական որմնախորշը, ուրախացնում է այն փաստը, որ դասականը շարունակում է հայտնի մնալ և, օրինակ, վաճառքների արդյունքներով 5-րդ տեղում է մեծ հայ գրող Պարույր Սևակի «Ընտրյալ էջերը»: Իսկ 8-րդ տեղում է «Վահան Տերյանի» ժողովածուն:
Հայ ընթերցողին «գրավել» են այնպիսի գրքեր, ինչպիսին են Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»՝ արդեն մի քանի ամիս է գիրքն է պահում վաճառքի առաջնայնությունը: Միգուցե կարոտն է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հագեցած և տոնական օրերի հանդեպ, որն անցավ Երևանում հոկտեմբերի սկզբին, իսկ միգուցե հետաքրքրությունն է համաշխարհային քաղաքականության հանդեպ, սակայն հայ ընթերցողը շարունակում է ակտիվորեն գնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը, որը թարգմանվել է հայերեն, ինչպես նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գիրքը: Ի դեպ, ասենք, Թրյուդոյի՝ Հայաստանում գտնվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջինիս նվիրեց հենց իր գիրքը՝ հայերեն թարգմանված, հայտարարելով, որ հետաքրքրությունը տվյալ ստեղծագործության հանդեպ ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի քաղաքացիները հատուկ վերաբերմունք ունեն կանադական վարչապետի նկատմամբ:
Բավականին բարձր է հետաքրքրությունը նաև Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն. Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը» գրքի հանդեպ: Չնայած բարձր արժողության, հետաքրքրությունը գրքի հանդեպ չի մարում, ընդ որում այն կարելի է ձեռք բերել ոչ միայն Երևանի գրախանութներում, այլև ինտերնետ-խանութներում:
Ընթերցման հանրայնացման գործում մեծ դեր է կատարել նաև իշխանությունը, ավելի ճիշտ մարդիկ, ովքեր գտնվում են դրա ներսում: Նախկին վերնախավի ինտելեկտուալներից և գրքասերներից մեկը համարվում է նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով հաճախակի էր սոց․ցանցերում կիսվում գրքային նորություններով, որոնք նա ձեռք էր բերում ամբողջ աշխարհով ճամփորդությունների ընթացքում: Իսկ այսօր վարչապետ Փաշինյանը երբեմն ուրախացնում է իր հետևորդներին գրքային խանութներում ձեռք բերածների լուսանկարներով և կոչերով՝ հանգստյան օրը նվիրել ընթերցանությանը: Օրինակ, վերջին օրերին Փաշինյանը հայտնեց, որ ձեռք է բերել հինգ գիրք՝ ճանաչված Մենսոնի հրահանգները թքած ունենալու հմտությունների շուրջ, ինչպես նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ:
Ինչպես ասում էր մեծն Արթուր Շոպենհաուերը, «գրքեր գնելը լավ գաղափար կլիներ, եթե հնարավոր լիներ նաև ժամանակ գնել դրանք ընթերցելու համար»: Մեր ժամանակակից աշխարհում իր խելագար տեմպերով այս արտահայտությունը ավելի քան արդիական է: Սակայն, հերթերը գրախանութներում, օդանավակայանում ժամանած ինքնաթիռներում ճամպրուկների մեջ գտնվող հատորները, գիրք նվիրելու տոնը՝ապացույց են այն բանի, որ ժամանակ մենք այնուամենայնիվ գտնում ենք, միայն ցանկություն լինի:
Լինա Մակարյան