75 «կողմ», 12 «դեմ» եւ 8 «ձեռնպահ» քվեարկությամբ՝ Հայաստանում Ազգային ժողովն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքը, որն ըստ էության, յուվենալ արդարադատություն ասվածի նախատիպն է, որից արդեն իսկ շատ երկրներ գլխացավանքի մեջ են ընկել: Այն, իհարկե, մինչեւ ընդունվելը հանրային լայն ընդվզման առիթ դարձավ, որի շնորհիվ հաջողվեց որոշակորեն փոփոխել, ավելին՝ նույնիսկ վերնագիրը փոքր-ինչ ավելի մարդկային դարձնել՝ ստանալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենք ձեւակերպումը: Մարդկային վերնագիր ու, միեւնույն ժամանակ, զավեշտալի, որովհետեւ ընտանիքում համերաշխություն վերականգնող պետական մարմին, այդպես էլ փնտրեցինք ու չգտանք: Այսինքն՝ գտանք, բայց ոչ մեր երկրում, օրինակ՝ Հնդկաստանն ունի երջանկության նախարար, թերեւս այս պաշտոնյան կկարողանար մեզ օգնել:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում այս օրենքը: Թերեւս այս հարցի պատասխանն է, որ քչերը գիտեն: Խորհրդարանում անգամ օրենքին կողմ քվեարկողները զարմանում են, երբ լրագրողները այս կամ այն վիճահարույց դրույթների հետ կապված հարցեր են հնչեցնում՝ փաստելով, որ մատերի վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, ովքեր չեն ալարել եւ օրենքը կարդացել են ամենայն մանրամասնությամբ:

Եվ եթե ազգընտիր պատգամավորներն իրենց իսկ ընդունած օրենքը չեն կարդացել, ապա ավելորդ է խոսել հանրության մասին, որոնք այդպես էլ չհասկացան ի՞նչ է փոխվելու այս օրենքից հետո իրենց կյանքում եւ ինչպե՞ս պետք է պաշտպանվեն դրանից: Եվ նրանց կարծիքը հաշվի առնողներ էլ չեղան, օրենքի վերաբերյալ հանրային լսումներն անցկացվեցին փակ դահլիճներում՝ սահմանափակ թվով քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությամբ: Հասարակ գյուղացին այդպես էլ չիմացավ, որ եթե հիվանդ սկեսրայրը ջուր ուզի, տա՞՝ հարգելով ու մտահոգվելով նրա առողջության մասին, թե՞  շտապի մոտակա ոստիկանություն՝ նշելով, որ իրեն բռնության են ենթարկում՝ ստիպելով ջուր բերել:

Կամ, վերջիվերջո, այն հկ-ները, որոնց մեծ դերակատարություն է վերապահված այս օրենքով, արդյոք անաչառ գնահատական են տալու ուրիշի ընտանիքում տեղի ունեցածին, թե՞ ունենալու ենք հերթական կոռուպցիոն դաշտը, որտեղ ազատ ելումուտ կունենա անգամ ձեր հարեւանի ամուսինը: Օրենքը կիրառողներն էլ թերեւս պատրաստ չէին դրա ընդունմանը, ինչի համար էլ վստահեցրեց օրենքի հեղինակ ՀՀ արդարադատության նախարարությունը, որ ոստիկաններն անցնելու են համապատասխան դասընթացներ: Չնայած այս մասին դեռեւս ո՛չ լուր կա, ո՛չ էլ հեռանկար:

Մինչդեռ այս օրենքով հենց ի սկզբանե խիստ ոգեւորված էին հասարական կազմակերպությունները, ընդ որում՝ նրանք, որոնք ֆեմինիզմ ու տարատեսակ այլ հակաընտանեկան գաղափարներ են տարածում Հայաստանում: Դե իսկ նրանց կնքահոր դերն էլ ստանձնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Ի դեպ, Վ. Քոչարյանը թե՛ օրինագծի նախնական լսումների, թե՛ առաջին եւ երկրորդ ընթերցման ժամանակ, չնայած վստահեցնում էր, որ սա ամենեւին էլ Եվրամիության կողմից թելադրված տնային աշխատանք չէ, որը հապճեպ կյանքի են կոչում, բայց զարմանալի պատահականությամբ, հենց օրենքն ընդունվեց հայտնի դարձան տնային աշխատանքը գնահատողների անունները:

Vigen Qocharyan_n
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին հանձնվեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը

Եվ այսպես՝ ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակը եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան  գրասենյակը օրերս տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին վերոնշյալ օրենքի զեկուցող Վիգեն Քոչարյանին՝ նրան հանձնելով «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը:

Ո՞վ է իրականում մեղավոր, տնային աշխատանք կատարող չինովնի՞կը, օրենք չկարդացող օրենսդի՞րը, թե՞ հենց այն ժողովուրդը, որի ընտանիքներն էլ կենթարկվեն այս օրենքի սարսափ ֆիլմ հիշեցնող փորձարկումներին: Իհարկե, հիմա ամենքը կասեն՝ բնականաբար, մենք մեղավոր չենք: Բայց, եկեք անկեղծ լինենք ու ասենք, որ ամենքս ենք մեղավոր, որովհետեւ մեր տանը՝ համակարգչի առաջ նստեցինք ու փնփնթացինք, իսկ օրենքն առանց ավելորդ լարվածության եւ հրթիռային արագությամբ ընդունվեց:

Իսկ, օրինակ, Պերույում տեղի Եկեղեցու հոգեւոր աջակցությամբ՝ մեկուկես միլիոն քաղաքացի էր դուրս եկել փողոց՝ պայքարելով, որ տեղի դպրոցներում արգելվի գենդերիզմի քարոզն ու համասեռամոլության տարածումը: Եվ ի՞նչ ստացվեց, նրանք հաղթեցին եւ կառավարությունը այս տարվա դեկտեմբերի սկզբին ստիպված եղավ հրաժարվել իր նախաձեռնությունից: Իսկ մենք պարտվեցինք՝ սպասելով հաջորդ նմանատիպ օրենքին, որն իրեն, ցավոք, բայց ուշացնել չի տա:

Պերույում մեկուկես միլիոն քաղաքացի էր դուրս եկել փողոց՝ պայքարելով, որ տեղի դպրոցներում արգելվի գենդերիզմի քարոզն ու համասեռամոլության տարածումը:
Պերույում մեկուկես միլիոն քաղաքացի էր դուրս եկել փողոց՝ պայքարելով, որ տեղի դպրոցներում արգելվի գենդերիզմի քարոզն ու համասեռամոլության տարածումը:

Թվում է, թե այսքանով հակաընտանեկան այս օրենքի ոդիստականն ավարտվեց, բայց սա հարաբերրական անդորր է՝ փոթորկից առաջ, քանի որ դրա տակ թաքնված խնդիրներն ու վտանգներն ի հայտ կգան, երբ առաջին զոհերը՝ ընտանիքները, հայտնվեն այս օրենքի թիրախում: Այնպես որ, կապե՛ք ընտանեկան «ամրագոտիներն» ու պաշտպանե՛ք ձեր ընտանիքները, վաղը կարող է ուշ լինել:

 

Պատրաստեց Հայկ Սամսոնյանը