Այն խնդիրների մասին, որոնք սկսվել են ըմբշամարտի հավաքականում, Հայաստանի սպորտային շրջանակներում նախընտրում են լռել: Սակայն դրանք գոյություն ունեն և բազմազան են: Սկզբի համար մի քանի փաստեր:

Առաջին հերթին, Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները (հունա-հռոմեական և ազատ ոճերի) սեպտեմբերից աշխատավարձ չեն ստանում:

Երկրորդ` երիտասարդների (մինչև 23 տարեկանների) աշխարհի առաջնությանը հայկական ըմբիշները գնացել են իրենց հաշվին: Նրանք, ովքեր միջոցներ չեն գտել, պարզապես չեն մասնակցել առաջնությանը: Օրինակ, Էդգար Խաչատրյանը:

Երրորդ` վերջին մի քանի տասնյամյակների ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ է, որ չի անցկացրել ավանդական դեկտեմբերյան հավաքը Ծաղկաձորում: Դրա համար պարզապես միջոցներ չկաjին: Անհրաժեշտ էր ընդամենը 5000 դոլար: Ստացվում է, որ հավաքականը կես տարուց ավել է անգործության է մատնված, և չկան միջոցներ նույնիսկ հավաքների համար:

Երբ Սամվել Կարապետյանը լքեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, սկսվեցին մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը չեն ստացել մինչ այսօր:

Նրանց համար, ովքեր չգիտեն կամ մոռացել են. սկսած 1996 թ.-ից Հայաստանի հավաքականը Օլիմպիական Խաղերի ընթացքում (հաշվի առնելով դոպինգային պատմությունների շտկումները 2008 և 2012 թվականների Օլիմպիադաների ընթացքում) նվաճել է 14 մեդալ (երկու ոսկե, հինգ արծաթե և յոթ բրոնզե): Դրանցից ըմբշամարտիկների հաշվին են երկու ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալները:

Իր ներկայիս կազմով հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույններից մեկը: 2014 թ.-ին Աշխարհի առաջնության ժամանակ այն նվաճեց երկու ոսկե մեդալներ (մյուսներից շատ), 2015 թ.-ին` մեկ ոսկե, 2017 թ.-ին` ևս երկուսը, իսկ Ռիոյի Օլիմպիադայի ժամանակ` ոսկի և արծաթ: Թեպետ եթե Խաղերի ժամանակ դատավորներն արդար լինեին, կլիներ երկու ոսկե մեդալ:

Հայաստանն այսօրվա դրությամբ ունի նվազագույնը չորս համաշխարհային մակարդակի ըմբիշ` Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Միհրան Հարությունյան և Մաքսիմ Մանուկյան: Եվ, առանց չափազանցության, աշխարհի լավագույն մարզիչներից մեկը սպորտի բոլոր տեսակների մեջ Լևոն Ջուլֆալակյանն է: Սակայն նրանց հավաքների և աշխատավարձերի համար համապատասխան կառույցները միջոցներ չունեն: Համենայն դեպս՝ առայժմ: Հակառակ դեպքում, տվյալ կառույցները լավ կանեն ինքնալուծարվեն` ոչ անհրաժեշտ լինելու պատճառով:

Կարապետյանի պաշտոնաթողությունից հետո՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի ադմինիստրատիվ հատվածը տեղափոխվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գրասենյակ: Ըմբշամարտի հսկողությունը ստանձնեց սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այդ ժամանակ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ներկայացրեց ըմբշամարտիկների պլանները մեկ տարվա կտրվածքով` քայլերի մանրամասն ամբողջականությամբ իրենց ծախսերով միայն հունա-հռոմեական ընբշամարտի հավաքականի համար: Սակայն կան նաև ազատ ոճի ըմբիշները, երիտասարդական և պատանեկան հավաքականները: Պետության կողմից տրամադրված 220 միլիոն դրամը (մոտ՝ 455 հազար դոլար) չէր բավարարում նույնիսկ մեկ տեսակի հավաքականի կարիքները հոգալու համար:

Тренер сборной Армении по греко-римской борьбе Левон Джулфалакян и борец Мигран Арутюнян
Հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և ըմբիշ Միհրան Հարությունյանը:

Ահա, այդ գումարները վերջացել են: Իսկ անհրաժեշտ գումար, ըստ երևույթին, այլևս հնարավոր չէ հայթայթել:

Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Սկզբի համար պետք է սկսել խոսել այդ մասին: Հարկավոր է գիտակցել տվյալ սպորտաձևի նշանակությունը երկրի համար: Գոյություն չունի ոչ մի խնդիր, որի մասին նորմալ, բաց երկրում (բացառությամբ պետական գաղտնիքների), պետք է լռել: Չնայած նույնիսկ հենց մարզիկների լռությանը, որոնց գերազանցող մեծամասնությունը միայն խոհանոցային զրույցների ժամանակ են վրդովված պատմում նման իրավիճակի անթույլատրելիության մասին: Ըստ երևույթին, նրանք չեն համարձակվում ներկայացնել իրենց խնդիրները հրապարակայնորեն: Հակառակ դեպքում դա կարող է ընկալվել՝ որպես հակաքայլ Գագիկ Ծառուկյանի դեմ:

Իհարկե, կարելի է այլ կերպ վարվել: Բարդել բոլոր մեղադրանքները նրանց վրա, ովքեր բարձրացնում են այդ թեման` մեղադրելով նրանց անշնորհակալ լինելու և ստի մեջ: Վերջերս նման փորձ նկատվեց «Կենտրոն» հեռուստաալիքի կողմից, որտեղ Ծառուկյանին հատկապես մոտ մարզիկների և մարզիչների հետ հարցազրույցի ժամանակ վերջիններս վրդովվում էին մամուլում հայտնված այն հրապարակումներից, որոնք պատմում էին «ազատ» ոճի ըմբշամարտիկների գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի պաշտոնալքության պատճառների մասին` գովելով Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին:

Հասկանալի չէ, թե վերջինիս ինչի՞ց են փորձում պաշտպանել: Ոչ մի առողջ բանականության տեր մարդ չի կարող պնդել, որ Ծառուկյանը պարտավոր է ֆինանսավորել սպորտի բոլոր տեսակները: Սակայն եթե նա ստանձնել է ղեկավարությունը և ինքն է խոստացել անել դա, ապա ստանձնած պարտավորությունների չիրականացումը ենթակա չէ՞ քննարկման: Թեման պետք է թաքցնե՞լ, իսկ խնդիրները չնկատե՞լ:

Շարունակելով նույն ոգով` մեկ տարի անց կարելի է բացահայտել, որ նախկին հավաքականին հետքն անգամ չի մնացել: Մեդալները մենք միայն երազներում ենք տեսնում, իսկ բոլոր ուժեղագույն մարզիկները գնացել են ամեն մեկն իր ճանապարհով. ոմանք հանդես են գալիս օտար դրոշի ներքո, ոմանք ավարտել են իրենց կարիերան, ոմանք էլ դանդաղ և անհույս լողում են հոսանքի հունով:

Կամ էլ կարելի է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նման ասել, որ ամեն ինչ նորմալ է: Հենց այդպես նա արտահայտվեց, Dalma News-ին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխտնօրեն Արսեն Բադալյանի հրաժարականը և գործերի ներկայիս ընթացքն ու դրությունը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից վերջերս արված հայտարարությունը զանգվածային սպորտի զարգացման և այն մասին, որ ներկայումս Հայաստանում սպորտով զբաղվելը մոդայիկ է դառնում, ոչ մի կերպ չի համընկնում սպորտի նախարարի և Ազգային օլիմպիական կոմիտեի գործողությունների հետ:

Ի՞նչ զանգվածային սպորտի զարգացման մասին է խոսքը, եթե գլխավոր մարզիկների տարրական և ամենաառաջնային ծախսերը հոգալու համար (ըստ համաշխարհային չափանիշների) չեն կարողանում միջոցներ գտնել:

Եթե շատ են ցանկանում որևէ տեղ միջոցներ խնայել, ապա վերջին հաշվով վստահորեն կարելի է լուծարել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, առանց որի հիանալի կերպով գոյատևում են աշխարհի շատ երկրներ: Առավել ևս, որ այս կառույցը Հայաստանում արդեն վաղուց դարձել է Ազգային օլիմպիական կոմիտեի յուրահատուկ և, վերջին հաշվով, անօգուտ ստորաբաժանումը:

Նախարարության գոյատևման համար պահանջվում են լուրջ միջոցներ: Օրինակ, Հայաստանում նախարարի աշխատավարձը կազմում է 793 հազար դրամ ամսական, նախարարի առաջին տեղակալինը` 661 հազար դրամ, իսկ երկրորդ տեղակալինը` 562 հազար դրամ: Նախարար Ռոստոմյանն ունի երեք տեղակալներ, իսկ հունա-հռոմեական հավաքականի մեկ արտասահմանյան հավաքը կազմում է ընդամենը 11 միլիոն դրամ: Կարող եք վերցնել հաշվիչը և ինքնուրույն հաշվարկել:

Ըմբշամարտի համար գումարներ պետք է և կարելի է գտնել: Առանց հատուկ ուժեղ լարվածությունների: Պարզապես համապատասխան մարդիկ պետք է ցանկանան: Սկզբունքը, որ ամեն ինչ նորմալ է, սակայն ոչ մի բանի համար մենք գումարներ չունենք, արդեն վաղուց տրենդ է դարձել ազգային նախարարության ոլորտում: Սակայն նույնիսկ այդ ֆոնի վրա խնդիրը լուծելի է: Նույնիսկ առանց սպորտի նախարարության լուծարման: Թեպետ, եթե ինչ-որ մեկը լուծարի նախարարությունը, ապա դրա բացակայությունը ոչ ոք չի նկատի: Ոչ ոք:

Եվ նվազագույն ցանկության դեպքում՝ խնդիրը կլուծվի: Առավելագույն հաշվարկներով խոսքը գնում է պարզապես 1-1,5 միլիոն դոլարի մասին, որպեսզի «դասական» և «ազատ» ըմբիշները բոլոր տարիքային խմբերից ոչ մի բանի համար չանհանգստանան` շարունակելով ամեն տարի ուրախացնել մեզ, բարձրացնել հայկական դրոշը և ոգեշնչել երիտասարդ պատանիներին սպորտով զբաղվելու:

Սակայն առայժմ այդ թեմայի մասին չեն խոսում: Վերջերս հանդիսություններ տեղի ունեցան` նվիրված տարվա 10 լավագույն մարզիկներին: Կենացներ, բարձր խոսքեր, մեքենաների տեսքով նվերներ:

Ամեն ինչ լավ է, հիասքա՜նչ մարկիզուհի:

 

Արտուշ Մկրտչյան