Արդեն երկար տարիներ Հայաստանի էկոլոգիական վիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում: Երկրի տարածքով մեկ գործում են լեռնաարդյունաբերական հանքեր, ինչը բերում է ծանր մետաղների առկայությանը մրգերում և բանջարեղենում, դրա հետ մեկտեղ գոյություն ունեն նաև ոռոգման, կլիմայական և լանդշաֆտային փոփոխությունների բազում խնդիրներ և այլն, ինչը ստիպում է բնապահպաններին ահազանգել և կոչ անել կառավարությանը քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Գաղտնիք չեն բացահայտի, եթե ասենք, որ ամենաանմխիթար իրավիճակը մայրաքաղաք Երևանում է, որտեղ կենտրոնացված է գործող գործարանների մեծամասնությունը, ինչպես նաև անխնա հատվում են կանաչ տարածքները՝ տարաբնույթ շինություններ, առանձնատներ և հյուրանոցային համալիրներ կառուցելու համար: Այսպիսով, ահազանգում են մասնագետները, բնապահօանական աղետը Հայաստանում ոչ թե սարսափ իրավիճակ է հեռանկարում, այլ՝ այժմ և այստեղ է:

Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում

Համաձայն Աշխարհի ամենամաքուր երկրների վարկանիշի, որն ամեն տարի կազմվում է Եյլի համալսարանին կից Էկոլոգիական քաղաքականության և իրավունքի կենտրոնի կողմից(Yale Center for Environmental Law and Policy), 2018 թվականին Հայաստանը 180 երկրների ցանկում զբաղեցրել է 63-րդ տեղը: Հետխորհրդային տարածքի երկրների շարքում այս տարի բնապահպանության տեսանկյունից մենք զիջել ենք Բելառուսին (44-րդ տեղ), Ռուսաստանին (52-րդ տեղը), Ադրբեջանին (59-րդ տեղը): Միաժամանակ, հարևան Վրաստանը հայտնվել է 94-րդ տեղում, իսկ Իրանը՝ 80-րդ:

Կարծես թե՝ 63-րդ տեղը 180 երկրների մեջ այնքան էլ վատ ցուցանիշ չէ, սակայն ուրախանալու առիթները շատ չեն, քանի որ ընդամենը երկու տարում Հայաստանը շուրջ երկու անգամ զիջել է իր դիրքերը: Այսպես, համաձայն նույն վարկանիշի՝ 2016 թվականին Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում էր 37-րդ տեղը (հիշեցնենք, որ 2018 թ. երկիրը 63-րդ հորիզոնականում է): Մեզ հետ միասին բնապահպանական տեսանկյունից իրենց ցուցանիշները վատացրել են նաև Ադրբեջանը և Ռուսաստանը, որոնք գտնվում էին 31 և 32-րդ հորիզոնականներին: Վերը թվարկված երկրներից էկոլոգիական իրավիճակը լավացրել է միայն Վրաստանը, որը 2016 թվականին, համաձայն այս վարկանիշի, զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը, մինչդեռ այս տարի բարձրացել է արդեն 94-րդ հորիզոնական:

Բնապահպանական գործունեության ուսումնասիրությունը չափում է երկրի նվաճումները էկոլոգիայի վիճակի և բնական պաշարների կառավարման առումով ՝ 10 կատեգորիաներում  22 ցուցանիշների հիման վրա, որոնք արտացոլում են տարբեր ասպեկտներ՝  շրջակա միջավայրի վիճակը և դրա էկոլոգիական համակարգերի կենսունակությունը, կենսաբանական բազմազանության պահպանումը, կլիմայի փոփոխություններին հակազդումը, հանրային առողջությունը, տնտեսական գործունեությունն ու դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև տարածաշրջանում պետական ​​քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում և այլն:

Մենք չափից շատ ենք հագեցած նրանով, ինչ ուտում ենք և առավել ևս նրանով, ինչ չի կարելի ուտել

Այն մասին, որ վատ էկոլոգիան բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն շրջակա միջավայրի վրա, այլև բնակչության առողջության վրա, մենք բազմիցս ենք գրել: Ցավոք, վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղից մահացության ցուցանիշները շարունակում են բարձր լինել: Համաձայն WorldLife Expectancy-2016 զեկույցի («Կյանքի տևողությունը աշխարհում 2016 թ.»), 2014 թվականին 172 երկրների մեջ Հայաստանը, ըստ օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցանիշի, զբաղեցրել է «պատվավոր» առաջին հորիզոնականը՝ մահացության գործակիցը, յուրաքանչյուր 100 հազարի հաշվով, մեր երկրում կազմում է 230 մարդ (թեպետ պաշտոնական շրջանակներն այս թվի հետ չհամաձայնեցին):  2016 թվականին այս ցուցանիշը շարունակեց բացասական դինամիկան՝ Հայաստանում գրանցվել է հիվանդացության 8400 նոր դեպք: Տղամարդկանց մոտ բացարձակ առաջատար է թոքերի քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղը:

«Գոյություն ունեն բամզաթիվ գործոններ, որոնք նպաստում են օնկոլոգիային: Դա, առաջին հերթին, գենետիկան է: Հաջորդ կարևոր գործոնն է սթրեսը, որը մեզ սպասում է գրեթե յուրաքանչյուր քայլափոխի: Պատճառներից մեկն է նաև անառողջ սնունդը. ցավոք, մեր ճաշացանկիում գրեթե բացակայում է օրգանական սնունդը, մենք չենք սնվում այնպես, ինչպես ժամանակին սնվել են մեր տատիկներնը և պապիկները, իսկ այն, ինչ դրվում է մեր սեղաններին, հագեցված է քիմիկատներով և հորմոններով: Էկոլոգիական իրավիճակի մասին ես ընդհանրապես կլռեմ»,- Dalma News–ի հետ զրույցում  ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Խաչանուշ Հակոբյան

Իսկ Տուշայի համալսարանի (Իտալիա) սննդամթերքի անվտանգության պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն, որը 4 տարի ուսումնասիրություն է իրականացրել, որպեսզի գնահատի  օգտագործվող մթերքի ռիսկերը Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը, ժամանակին ընդհանրապես հայտարարել է, որ ծանր մետաղների առկայությունը տարբեր սննդամթերքներում և այդ մթերքների պարբերաբար կիրառությունը հանդիսանում են գլխավոր սպառնալիքը բնակչության առողջությանը: Մասնավորապես, խոսքը Սյունիքի մարզի մասին է, որը հայտնի է իր Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատով, ինչպես նաև Լոռու մարզի մասին, որտեղ գործում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը»:

Հետազոտության արդյունքում այդ շրջաններում աճեցվող մրգերի և բանջարեղենի մեջ հայտնաբերվել է պղնձի, մոլիբդենի և քրոմի բարձր պարունակություն՝ ռիսկային են վարունգը, լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը, ելակը, կանաչեղենի տարբեր տեսակները: Ամենևին էլ պետք չէ մասնագետ լինել, որպեսզի պարզ լինի, որ ծանր մետաղների նման վտանգավոր առկայությունը սննդամթերքում բերում է լուրջ հիվանդությունների, ընդ որում ոչ միայն օնկոլոգիական, այլև ֆիզիկական և հոգեբանական բնույթի:

Երևանի էկոլոգիան

Բնապահպանական իրավիճակը Երևանում հատկապես անմխիթար է: Այս մասին պնդում է բնապահպան Սիլվա Ադամյանը, որը հիշեցնում է, որ անցյալ դարի 50-ական թվականների սկզբին խորհրդային հանրապետության իշխանությունները որոշում կայացրեցին կանաչապատել Երևանը, որպեսզի մայրաքաղաքի կլիման մեղմանա: Այդպիսով, տասնյակ տարիների ընթացքում հաջողվեց հասնել կանաչապատման, ստեղծել կանաչ օազիսներ և կղզիներ, որոնք բավականին զգալի օգնեցին մեղմել կլիման: Խորհրդային Միության օրոք Երևանի կլիման, փաստացի, ավելի մեղմ էր դարձել, քամիները այդքան կտրուկ չէին, իսկ այսօր մեզ այդքան տանջող փոշի այն ժամանակ գրեթե չկար: Այս ամենը տեղի ունեցավ նաև Դալմայի այգիների, Հաղթանակի զբոսայգու տարածքում հսկայական անտառային հատվածի, Ծիծեռնակաբերդի շուրջ անտառների շնորհիվ: Իսկ Երևանի սրտում ամենատապ եղանակն անգամ մեղմվում էր Օղակաձև այգու շնորհիվ:

«Ցավոք, 90-ական թթ. սկզբին, երբ Հայաստանը կանգնեց վառելիքի ճգնաժամի առջև, այս ամենը մենք կորցրեցինք՝ մարդիկ ամենուր կտրում էին ծառերը, իսկ հետագայում բազմաթիվ կանաչ տարածություններ այդպես էլ չվերականգնվեցին: Դրա փոխարեն, սեփականաշնորհման և մենաշնորհների շրջանում  հատվեցին նաև մի կերպ մութ ու ցորտ տարիներին կացնից փրկված ծառերը, իսկ դրանց փոխարեն կառուցվեցին շքեղ առանձնատներ, հյուրանոցներ, սրճարան-ռեստորաններ: Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Երևանի կլիման նորից փոխվում՝ վերադարձել են քամիները, ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, ամենուր փոշի է, իսկ կանաչ տարածություններ պարզապես չկան»,- Dalma News–ի հետ զրույցում նշեց տիկին Ադամյանը:

Նրա խոսքով, սա այլևս միայն բնապահպանների և գիտնականների խնդիր չէ, այլ արդեն ավելի գլոբալ խնդիր է, և իշխանությունները պետք է որքան հնարավոր է շուտ ռազմավարություն մշակեն: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում գլոբալ կլիմայական փոփոխություններ, և Հայաստանը, բնականաբար, չի կարող անմասն մնալ: Եվ ստացվում է, որ այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոչ միայն երկրում է դիտվում անխնա վերաբերմունք էկոլոգիայի նկատմամբ, այլև դրա սահմաններից դուրս տեղի են ունենում ոչ պակաս բացասական գործընթացներ:

Սիլվա Ադամյան

«Մասնագետները ավելի քան 40 տարի կանաչապատում էին Երևանը, և պարզ է, որ մեկ օրում այս խնդիրը մենք լուծել չենք կարողանալու, կպահանջվեն տասնյակ տարիներ: Սակայն հապաղել չի կարելի, արդեն այսօր բնապահպանները, գիտնականները, երկրաբաններն ու այլ մասնագետները պետք է ներգրավվեն այս խնդրի լուծմանը, իշխանությունը պետք է կենտրոնացնի համապատասխան բոլոր մարմինները, որպեսզի մայրաքաղաքը նորից կանաչապատվի և կանաչ կղզիները վերադառնան: Օղակաձև այգին ամբողջովին պատված է սրճարաններով և ռեստորաններով, Մոնումենտի անտառային հատվածում կառուցված են շքեղ առանձնատներ, Դալմայի այգիներից գրեթե ոչինչ չի մնացել… Պետք է սկսել ծառեր տնկել, այնպիսի տեսակներ, որոնք շատ խնամք չեն պահանջում, քանի որ մայրաքաղաքը ունի նաև ոռոգման խնդիր, որոնք համեմատաբար էժան են և արագ են աճում: Կարծում եմ, այսպիսով հնարավոր կլինի 7-8 տարուց գոնե մի փոքր մեղմացնել առկա իրավիճակը, թեպետ ընդհանուր առմամբ, որպեսզի Երևանի կանաչ տեսքը վերադառնա, անհրաժեշտ կլինեն տասնյակ տարիներ: Սակայն, կրկնում եմ, անհապաղ պետք է սկսել այդ գործընթացը»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ ջրային պաշարների մասին: Այս բառակապակցությունը լսելիս աչքի առաջ միանգամից գալիս է միայն կապուտակ Սևանը, սակայն, Սիլվա Ադամյանի խոսքով,  մասնագետները պնդում են, որ Երևանի տակ էլ առկա են ջրային պաշարներ և որոշակի աշխատանքների պարագայում դրանք հնարավոր է դուրս բերել, կառուցել ոռոգման ջրատարեր, որոնցով կսնվեն մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու այգիները: Բացի այդ, այդ պաշարները խնդիր են ստեղծում բնակելի շենքերի համար, քանի որ դրանցից շատերը կառուցված են գրունտային ջրերի վրա, և դա մի օր կարող է աղետալի հետևանքների բերել: Սակայն, նշում է մեր զրուցակիցը, ինքը դեռևս չի տեսնում դեպի լավը փոփոխություններ, նույնիսկ հակառակը, և այն իրողությունը, թե մայրաքաղաքի մեկ բնակչին բաժին է հասնում 18 կմ կանաչ տարածք, հեռու է իրականությունից,: Փոխարենն ունենք այն, ինչ ունենք՝ տարեց տարի Երևանում շնչելը ավելի դժվար է դառնում և դա ոչ միայն էկոլոգիկան, այլև առողջապահական խնդիր է:

 

Լիա Խոջոյան