Հայաստանի քաղաքական դաշտում քննարկման նոր առարկա է դարձել Հայաստանի հնարավոր մուտքը BRICS։ Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին Կազանում մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին։ Ընդ որում, Փաշինյանը հայտնել է, որ իշխանությունները դեռ չեն դիտարկում այս կազմակերպության շարքերը համալրելու հնարավորությունը։
«Այս պահին մենք չունենք BRICS-ին ինտեգրվելու օրակարգ։ Ես Ռուսաստանի Դաշնության Նախագահից հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր եմ ստացել և ես ընդունել եմ այդ հրավերը։ Հայաստանը առաջին անգամ է մասնակցում BRICS-ի գագաթնաժողովին»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։
Առայժմ մենք ունենք Եվրասիական տնտեսական միությունն իր ակնհայտ առավելություններով, այս միության շրջանակներում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերով և այն ըմբռնումով, որ տասը տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը կատարել է ճիշտ ընտրություն։
«Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ գործընկերությունը»
Երևանում կայացել է «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ գործընկերությունը» գրքի շնորհանդեսը, որը հրատարակել են Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսական հետազոտությունների կենտրոնը և Հաղորդակցությունների զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա):
Գիրքը բացում են Հաղորդակցությունների զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ողջույնի խոսքերը: Ընթերցողներին և հեղինակային կոլեկտիվին ուղերձներով հանդես են եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը և ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը: Գրքի գլխավոր խմբագիրներն են սոցիոլոգ, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան և պատմաբան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը:
Հրատարակությունը նվիրված է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակին և այդ կազմակերպությունում Հայաստանի նախագահության տարվան և հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ:
«Ռուս և հայ ականավոր գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն ուսումնասիրում է Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության և մեր երկրի վրա մեծ Եվրասիայում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների ազդեցության հարցերը, ինչպես նաև Եվրասիական մեծ գործընկերության տեսլականներն ու դրանում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներգրավման հեռանկարները: Հայկական և ռուսական գիտավերլուծական կառույցների համագործակցության ձևավորված ավանդույթի համաձայն՝ գիրքը հրատարակվել է միաժամանակ ռուսաց և հայոց լեզուներով»,- ներկայացնելով պարբերականը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։
Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը, որը ԵԱՏՄ-ի այս տարվա խոշորագույն միջոցառումն է: Համաժողովը կանցկացվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։ Եվրասիական հնգյակի վարչապետների երևանյան հանդիպման նախօրեին հրատարակված հոդվածների ժողովածուն վկայում է այն էական հետաքրքրության մասին, որ կա հայ մասնագետների շրջանում մեր մեծ տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ:
Ճիշտ ուղղություն, ցանկալի արդյունքներ
Արամ Սաֆարյանի խոսքով՝ 2013 թ․ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, 2014 թ․ անդամակցել է ԵՏՄ-ին և վերջին 10 տարիները վերահաստատել են, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է եղել Հայաստանի համար՝ իր շահերի առաջխաղացման և տնտեսական զարգացումն ապահովելու տեսանկյուններից:
«Եվ ահա այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանում թափ հավաքում BRICS-ին անդամակցության կողմնակիցների և հակառակորդների միջև բանավեճը։ Համոզված եմ, որ այս բանավեճում պետք է լսելի լինեն գիտնականների և փորձագետների խոսքերը, քանի որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս պետությունը պետք է հենվի հստակ գիտափորձագիտական եզրակացության վրա: Մեզ անհրաժեշտ է գիտական հետազոտությունների հստակ եզրակացություն, որով պետք է առաջնորդվի պետությունը իր պետական քաղաքականության, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության իրականացման շրջանակներում», – ասել է Սաֆարյանը ։
Այդ պատճառով էլ նա, կանխատեսելով առաջիկայում հայ հասարակության մեջ այդ դիսկուրսի հետագա ակտիվացումը, ԵՊՀ Ռուսական հետազոտությունների կենտրոնի անունից համագործակցության հրավիրեց փորձագիտական հանրության ներկայացուցիչներին, որպեսզի համատեղ ջանքերով ապահովվի Հայաստանի կառուցողական մասնակցությունն այս կամ այն ինտեգրացիոն կառույցներում:
BRICS-ը և նոր հնարավորություններ Հայաստանի համար
ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը շատ օգուտներ է բերել։ Նման եզրահանգումներ կարելի է անել՝ հայացք գցելով վերջին 10 տարիների վրա։ Այս մասին հայտարարել է ԵՊՀ Ռուսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ըստ նրա՝ մեզ նման փոքր երկրների համար նման մեծ ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը հնարավորություններ է ընձեռում, որոնցից պետք է կարողանալ օգտվել:
«Ես վստահ եմ, որ հաջող քաղաքականության դեպքում այդ հնարավորությունները դրական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա», – նշել է նա:
Բալասանյանը նաև նշեց, որ այսօր շատ են խոսակցությունները նոր ինտեգրացիոն միավորման մասին, որը կոչվում է Եվրասիական մեծ գործընկերություն:
«Այն իրենից կներկայացնի բազմաշերտ ինտեգրացիոն միավոր, որում կընդգրկվեն արդեն գործող մի շարք ինտեգրացիոն միավորներ, որոնց թվում, իհարկե, կլինի նաև ԵԱՏՄ-ն։ Այժմ Հայաստանի համար նոր հնարավորություն է բացվում BRICS-ի հետ համագործակցության ընդլայնման տեսանկյունից, հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Կազանում կայանալիք այդ միավորման գագաթնաժողովին: Համոզված եմ, որ ապագայում Հայաստանի անդամակցությունը BRICS-ին կբխի միայն ՀՀ և մեր ժողովրդի շահերից։ Քանի որ ցանկացած ինտեգրացիա իր հետ բերում է նոր հնարավորություններ, մենք պետք է օգտվենք տնտեսական ակտիվություն դրսևորելու ընձեռված հնարավորություններից», – ավելացրեց Բալասանյանը։
BRICS-ը, ընդգծել է նա, նշանակում է Հայաստանի համար նոր հնարավորություններ ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության ոլորտներում, քանի որ ցանկացած տնտեսական ինտեգրում իր հետ բերում է նաեւ անվտանգության ոլորտում լուրջ հնարավորություններ անդամ պետությունների համար: Պետք չէ հեռու գնալ օրինակների հետևից՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը դրա վառ օրինակն է։
«Համոզված եմ, որ BRICS-ին անդամակցելու դեպքում և հետագայում նաև Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվությունը մեծապես կազդի նաև Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն գերտերությունները, որոնք ներդրումներ են կատարում BRICS-ում և Եվրասիական մեծ գործընկերության այս մեգա-ծրագրի շրջանակներում, շահագրգռված կլինեն, որ կազմակերպության ընդգրկած տարածաշրջանում խաղաղություն լինի, և այն խնդիրները, որոնք կան և կարող են առաջանալ, շատ արագ լուծվեն: Հայաստանի համար սա անվտանգության լուրջ հնարավորություն է», – եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
Լինա Մակարյան