Եվրասիական տնտեսական միության գոյության առաջին իսկ օրվանից մասնակից երկրները խոսում էին այն մասին, որ ինտեգրացիոն միավորումը օգնում է ոչ միայն տնտեսությունների զարգացմանը` ուժեղացնելով առանձին երկրները, այլ նաև նպատակ ունի մեղմել ճգնաժամային իրավիճակները. միայնակ միշտ ավելի դժվար է հաղթահարել, քան միասին: Կորոնավիրուսային ճգնաժամը դարձել է Միության համար թերևս ամենադժվար փորձությունը, և այս ժամանակահատվածը ցույց կտա, թե որքան ուժեղ է ԵԱՏՄ-ն, և արդյո՞ք այս մի քանի երկրների համատեղ տնտեսական տարածքն ունի պայծառ և բարեհաջող ապագա

Իրավիճակն այնպիսին է, որ աշխարհում չկա որևէ երկիր, որի տնտեսությունը տուժած չլինի COVID-19-ի համավարակից, և այսօր հաճախ կարելի է լսել նոր տեսակի վարակի դեմ պայքարի շրջանակներում տարբեր ինտեգրացիոն միավորումների համեմատություններ: Ճգնաժամի և որոշ առանձին դրվագների ֆոնի վրա (օրինակ` ինչպես Չեխիան յուրացրեց Իտալիա ուղարկվող չինական բժշկական դիմակները) հնչում են վատատեսական կանխատեսումներ, որ համաճարակը Եվրամիության վերջի սկիզբն է: Նման կանխատեսումներ հնչում են Շենգենյան գոտու երկրների միջև սահմանների ուշացած փակման, համաճարակի սպառնալիքի նկատմամբ որոշ երկրների ղեկավարությունների դանդաղ և ոչ ճիշտ արձագանքի ֆոնին: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի վերջին Եվրահանձնաժողովը դեմ էր սահմանների, այդ թվում ՝ Իտալիայի սահմանների փակմանը, սակայն մարտի կեսերին պարզ դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և Բրյուսելը մի շարք կարևոր միջոցառումներ ձեռնարկեց՝ օգնելու համաճարակի դեմ պայքարին: Նման կանխատեսումները իրականություն կդառնան, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն, ինչպես ասում են մասնագետները, կորոնավիրուսը ցույց տվեց, թե որքան խոցելի է Եվրամիությունը:

Ինչպիսի՞ իրավիճակ է Եվրասիական տնտեսական միությունում: Հոռետեսներ այստեղ նույնպես կան, սակայն եվրասիական «հնգյակի» երկրների ղեկավարները վստահորեն հայտարարում են, որ համակարգված աշխատանքի շնորհիվ ոչ միայն առանձին պետությունների ներսում, այլև ընդհանուր տարածքում կորոնավիրուսը հաղթահարվելու է: Դրա ուղղությամբ կարևոր քայլերից եղան առաջարկներն ու ընդունված որոշումները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ԵԱՏՄ տարածքում տնտեսապես և սոցիալապես կարևոր ճյուղերի համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելու մասին առաջարկով: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկեց աջակցել Միության անդամ երկրների արդյունաբերական արտադրությանը, տնտեսության այն հատվածներին, որոնք համաճարակից ավելի շատ են տուժել:

Խոսքը նախ օդային տրանսպորտի, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, հանգստի ու ժամանցի, հասարակական սննդի, մշակույթի և սպորտի մասին է: Բացի այդ, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման համար դիտարկվում է նաև «կանաչ միջանցքների» պրակտիկայի ընդլայնման հնարավորությունը: Ձեռք բերված այս և այլ հիմնարար որոշումները ուղղված են կորոնավիրուսի տարածման հետևանքները նվազագույնի հասցնելուն և ԵԱՏՄ երկրներում կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակը պահպանելուն:

Բացի այդ, ԵԱՏՄ պետությունները ընդունել և իրականացնում են հրատապ ժամանակավոր հակաճգնաժամային և կայունացնող միջոցառումներ, որոնք ուղղված են պանդեմիայի պայմաններում տնտեսական կայունության ապահովմանը: Բացի այդ, առաջարկվել է դիտարկել մակրոտնտեսական և դրամավարկային քաղաքականության ոլորտում իրականացվող միջոցառումներ. նման միջոցառումներ երկրների կողմից կիրառվում են ճգնաժամային պայմաններում: Այդ միջոցառումները ներառում են ազգային արժույթների փոխարժեքների կայունացում, սպեկուլյատիվ հարձակումների չեզոքացում, ապակայունացման սպառնալիքներից ֆինանսական շուկայի պաշտպանություն, ԵԱՏՄ դրամաֆինանսական համակարգի անվտանգության և կայունության ապահովում:

Dalma News-ի հետ հարցազրույցում ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Գրիգոր Բալասանյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը ապրիլի 3-ին կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միանգամից երկու որոշում ընդունեց:

Առաջին որոշմամբ հաստատվեց ներմուծվող ապրանքների ցուցակը, որոնք նախատեսված են ԵԱՏՄ երկրներում պարենային շուկայի կայունությունը ապահովելու համար: Տվյալ որոշման էությունն այն է, որ պարենային մթերքների որոշ տեսակներ (օրինակ` բրինձ, սոխ, հնդկաձավար, կարտոֆիլ և այլն﴿ երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծելու ժամանակ կիրառվեն զրոյական մաքսատուրքեր.

«Սա շատ կարևոր որոշում է Հայաստանի համար, քանի որ հանրապետությունը ներմուծում է հացահատիկի մեծ մասը` որոշները նաև երրորդ երկրներից, ուստի հանրապետության պարենային շուկայի կայունության համար այս որոշումը շատ կարևոր նշանակություն ունի», – նշեց Բալասանյանը:

Նա նաև նշեց, որ ներմուծվող ապրանքների ցանկում կա նաև կարտոֆիլ, ինչը երկակի նշանակություն ունի: Հայաստանում արդեն սկսվել է գարնանացանի սեզոնը, և շատ կարևոր է, որ, օրինակ, ցանքի համար նախատեսված կարտոֆիլը ներմուծվի առանց մաքսավճարի, ինչն իր հերթին դրականորեն կազդի կարտոֆիլի վերջնական ինքնարժեքի վրա: Սա նաև նշանակում է երկրի պարենային շուկայի անվտանգության ապահովում:

Երկրորդ որոշումը վերաբերում է առանց մաքսատուրքերի դեղորայքի, անհատական պաշտպանության միջոցների, բժշկական սարքավորումների ներմուծմանը, ինչը շատ կարևոր է COVID-19-ի դեմ համընդհանուր պայքարի համատեքստում: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, համաճարակի դեմ պայքարի համար ձեռնարկվել են արտակարգ միջոցառումներ, մեր երկրիը ևս նման պաշտպանության միջոցների կարիք ունի: Զրոյական մաքսատուրքերի կիրառումը կօգնի մեծ քանակությամբ գնել և անխոչընդոտ ներմուծել բժշկական սարքավորումներ և մի շարք դեղամիջոցներ:

Մեր զրուցակիցը մատնանշեց ևս մեկ հանգամանք.

«Ինչպես գիտեք, հայկական սփյուռքը ամեն կերպ օգնում է մեզ հաղթահարել համաճարակը: Երրորդ երկրներից սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ուղարկված բժշկական պարագաները հնարավոր կլինի ստանալ զրոյական մաքսատուրքով: Խորհրդի որոշման ժամկետը 6 ամիս է՝ սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Այսպիսով, կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կարելի է զուգահեռներ անցկացնել հնգամյա Եվրասիական տնտեսական միության և գրեթե կես դարվա պատմություն ունեցող Եվրամիության միջև: Ի տարբերություն ԵԱՏՄ-ի, ԵՄ կառավարման և առողջապահության ինստիտուտները պատրաստ չէին համաճարակին, և առաջին իսկ օրվանից չհաջողվեց վիրուսի դեմ պայքարի համատեղ ծրագիր իրականացնել: Նաև դեպքեր գրանցվեցին, երբ Եվրամիության մեկ երկրի իշխանությունները թույլ չեն տվել մեկ այլ Եվրամիության անդամ երկրի համար նախատեսված ապրանքների տեղափոխում: Սակայն ԵԱՏՄ-ն ոչ միայն պատրաստ էր, այլև ինտեգրացիոն միավորման շրջանակներում իրականացվող ծրագրերի շնորհիվ դրա անդամները միանշանակ նվազագույն կորուստներով դուրս կգան ճգնաժամից», – վստահություն հայտնեց դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

Պետք է նշել, որ COVID-19-ի տարածման պատճառով ամենուր խափանվել է մատակարարումների գլոբալ շղթան, իսկ ֆինանսական շուկաների անկայունությունը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության հիմնական ճյուղերի վրա: Կանխատեսումները հիասթափեցնող են և նախապատրաստում են այն փաստի համար, որ 2020 թվականին միջազգային առևտուրը կարող է նվազել 15-35%-ով, ինչը բացասաբար կազդի բոլոր երկրների վրա: Որքան դժվար էլ լինի այդ փորձությունը, Եվրասիական տնտեսական միության համար սա հնարավորություն է ցույց տալու իր կենսունակությունը և այն, որ յուրաքանչյուր երկրի` ներառյալ Հայաստանի համար ինտեգրացիոն այս միավորմանն անդամակցելու այլընտրանք չի եղել:

 

Լինա Մակարյան