Ամենահամեղ և յուրահատուկ փառատոններից մեկը՝ Ձմերուկի փառատոնը հերթական անգամ տեղի ունեցավ Երևանում: Սա թվով վեցերորդ ամենամյա միջոցառումն է, որը կրկին գրավեց ոչ միայն քաղաքի բնակիչների ուշադրությունը, այլև բազմաթիվ զբոսաշրջիկների: Չնայած նրան, որ եղանակը լավը չէր՝ մեկնարկից ընդամենը կես ժամ առաջ հորդառատ անձրև էր տեղում, Կարապի լիճը բավականին մարդաշատ էր: Տաղավարների միջև, որոնցում տեղադրված էին տարբեր կոնֆիգուրացիաներով ձմերուկներ, ասեղ գցելու տեղ չկար։ Իսկ ամենագլխավոր սեղանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար ձմերուկի բաժանումը համտեսելու համար, բազում մարդիկ էին հավաքվել:
Մինչդեռ ջերմաստիճանը իջել էր մինչև +25 աստիճան: Սառնություն էր գալիս նաև փոքր լճակից: Երկնքից պարբերաբար անձրև էր կաթում: Սակայն ժողովուրդը գնալով ավելանում էր: Փառատոնի կազմակերպիչները սկսեցին հրատապ դուրս բերել ձմերուկները, որոնք վաղ առավոտից ազատ լողում էին լճի ջրերում. չէ որ դրանք սառեցնելու անհրաժեշտություն այլևս չկար: Մինչդեռ կարվինգի մասնագետների տաղավարներում (մրգերի և բանջարեղենի գեղարվեստական կտրման արվեստ)ընդհակառակը՝ բավականին շոգ էր, այստեղ աշխատում էին առանց ձեռքերը ծալելու: Սեղանների վրա, ամբողջ ամբոխի աչքերի առջև, կառուցվում էին ձմերուկե նավեր, «ծաղկում» էին վարդեր, «ծնվում» էին հեղափոխության առաջնորդները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը թերևս կոտրեց հանրաճանաչության բոլոր վարկանիշները՝ դրա ֆոնին «Դուխով» հայտնի կարգախոսով նկարվել ցանկացան փառատոնի գրեթե բոլոր հյուրերը։ Չնայած ձմերուկի արվեստի նաև այլ ստեղծագործություններ միայն հիացմունքի ճիչեր էին առաջացնում: Զարմանալի չէ, որ դիզայներները չմոռացան ևˊ անցած ֆուտբոլի աշխարհի առաջնության, ևˊ մեր մայրաքաղաքի 2800-ամյակին մոտեցող տոնակատարության, ևˊ համայնքների, որոնք նրանք հպարտորեն ներկայացնում էին: Մի խոսքով ձմերուկի կեղևի վրա պատկերված էին ամենատարբեր բաները՝ սկսած ֆուտբոլիստներից մինչև վարչական շրջանների անվանումները և վարդ-մոմակալները:
«Ես մասնակցում եմ արդեն 6-րդ անգամ: Իմ զինանոցում արդեն վեց դիպլոմ կա: Եվ թեպետ ժյուրին սովորաբար պարզապես անցնում է տաղավարներով, գնահատականներ է տալիս քո աշխատանքներին, իսկ մրցանակկային տեղեր, որպես այդպիսին փառատոնը չի նախատեսում, այնուամենայնիվ, միշտ մասնակցում եմ գերագույն հաճույքով»,- պատմեց կարվինգի և ֆուրշետի մասնագետ Սուսաննա Անգնտյանը:
Կինը զբաղվում է այս բարդ արհեստով արդեն 15 տարի: Եվ նշում է՝ արտասովոր հետաքրքրությունը ինչպես միջոցառման նկատմամբ է, այնպես էլ բուն մասնագիտության: Ինչ մնում է ծառայության պահանջվածությանը, ապա վերջին հինգ տարիների ընթացքում անկում է դիտվում. բազմաթիվ հայուհիներ օգտվելով համացանցից, սովորել են ինքնուրույն գեղեցիկ ձևավորել տոնական սեղանները:
Որտեղի՞ց են գալիս գծավոր հատապտղի ձևավորման գաղափարները: Հավանաբար, նույնպես փոխառվո՞ւմ են ինտերնետ-հարթակից: Սուսաննան պնդում է՝ նրանց ստեղծագործությունները բացառապես էքսկլյուզիվ են, և սեփական ստեղծագործական ոգեշնչման արդյունքը: Նրա կարծիքով, նման աշխատանքը յուրաքանչյուրին է հասանելի, ով կարողանում է թեկուզ մի փոքր նկարել և երևակայել, իսկ կարևորը՝ համբերություն ունի: Ամենախոշոր աշխատանքի վրա, որը կինը ներկայացրել էր Նորք-Մարաշ անվամբ տաղավարում, պահանջվեց 15-20 րոպե: Դա այն պարագայում, որ խոսքը 7 կգ քաշով ամբողջական ձմերուկի մասին է: Վարդի կոկոններից յուրաքանչյուրը պահանջեցին 10 րոպե: Սակայն պետք չէ մոռանալ, որ մասնագետն այս գործի մեջ է արդեն մեկ ու կես տասնյակ տարիներ: Պատահական չէ, որ Սուսաննայի աշխատանքները տարբերվում են նրբագեղությամբ, իսկ «քանդակած ձմերուկը» սովորաբար վաճառվում է 5000 դրամով: «Նշանակում է փառատոնի ավարտից հետո բոլոր աշխատանքները հանվում են վաճառքի՞»,- հետաքրքրվում եմ ես
«Ոչ, ի՞նչ եք ասում,- ասում է Սուսաննայի կոլեգան, տեխնոլոգիայի ուսուցիչ Փնջիկ Անդրեասյանը։ Ամենամեծ ձմերուկ-վարդը արդեն խոստացել ենք այս տատիկին: Նա դրան է սպասում արդեն երկու ժամ: Մինի-ձմերուկներով զամբյուղը նույնպես արդեն «տեր» ունի, ահա այս կինը, ով մոտեցել է մի փոքր ուշ և մենք խոստացանք աշխատանքը նվիրել նրան: Մնացածը կնվիրենք նրանց, ովքեր կցանկանան: Դուք ևս մոտեցեք: Ընտրե՛ք, ինչ կցանկանաք…»:
Սակայն վերադառնալ նորք-մարաշյան տաղավար չհաջողվեց: Չափազանց կենսունակ և բազմամարդ էր մնացած տաղավարներում։ Հատկապես՝ հարևան: Երեք տղամարդիկ հազիվ էին հասցնում կտրատել հսկա ձմերուկները: «Մենք չենք զբաղվում կարվինգով: Միայն ձմերուկ ենք բաժանում Դավիթաշեն համայնքից եկած հյուրերին: Մեկ ժամվա ընթացքում արդեն 21 հատ «քերթել ենք»,- հայտնեցին նրանք: Եվ ուրախությամբ մեզ տվեցին հսկայական դիլիմ:
Երեխաների համար կտրատում էին ավելի հարմար եղանակով՝ մեկ չորրորդով: Պատահական չէ, որ երեխաների պակաս սեղանների մոտ չէր նկատվում: Մոտավորապես նույն պատկերն էր տիրում հիմնական տաղավարում, որտեղ կուտակվել էին բաժանման համար նախատեսված ձմերուկները: Այն հարցին, թե ընդհանուր առմամբ քանի հատ այս գծավոր հատապտղից է նախատեսված ուտելու համար, պատասխանատու աշխատակազմը միայն ասաց. «Հստակ չգիտենք: Ամբողջը, ինչ տեսնում եք այժմ տաղավարում: Եվ նաև այն, ինչ հիմա լողում է լճակում»: Աչքաչափով խոսքը հարյուր հատ բավականին ծանրակշիռ ձմերուկների մասին էր: Դրանք բոլորը ուրախ երաժշտության և պարերի ներքո էին, միջոցառումը ուղղեկցվում էր մշակութային ծրագրով:
Հիացմունքով կողքերն էին նայում զբոսաշրջիկները: Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Կաբարդիո-Բալկարիայից՝ Արսենը և նրա կինը՝ Տատյանան առաջին անգամ էին ձմերուկի փառատոնին: Արսենը լքել էր հայրենիքը 20 տարի առաջ, սակայն հաճախ է կարճ ժամանակով լինում մայրաքաղաքում: Այնուամենայնիվ, զարմացել և ուրախացել էր նմանատիպ միջոցառումից: Տղամարդը նշեց. հնարավորության պարագայում միջոցառմանը կայցելի ամեն տարի: Հաճելի զարմանքը չէր թաքցնում նաև նրա կինը՝ Տատյանան. «Ե՛վ համեղ է, և՛ զվարճալի: Այս փառատոնը հայերի տաղանդի ևս մեկ ապացույցն է: Այսպիսի պատկերներ կերտել սովորական ձմերուկից ամեն մեկին տրված չէ: Դուք հիանալի եք։ Դուք ընտիր եք»:
Դե ինչ, բարի ախորժակ, և ինչպես ասում են՝ welcome»:
Իրինա Գրիգորյան