Արմեն Պետրոսյանին ճանաչում են բոլոր նրանք, ովքեր զգալի ապրանքաշրջանառությամբ այս կամ այն կերպ իրենց մասնակցություն են ունենում սև ձկնկիթի արտադրության ու իրացման մեջ: Այս դելիկատեսի համաշխարհային վաճառքի գրեթե քառորդ մասը վերահսկվում է նրա ընկերության կողմից, ով միաժամանակ հանդիսանում է նաև ԱՄՆ և Եվրոպական երկրներ սև խավիարի ամենամեծ արտահանողը: Ընդ որում՝ արտադրանքը վերահսկվում է բոլոր առումներով, համատարած ուշադրությամբ հետևում են ոչ միայն դրամական հոսքերին, այլ հենց ապրանքի որակին: Խավիարը, որի հիմնական մասը ռուսական է, օգտագործման համար պիտանի դառնում է Փարիզից ոչ հեռու գտնվող Petrossian գործարանում, հենց այդ գործարանում էլ փաթեթավորվում է ֆիրմայն փաթեթներով և ուղարկվում է վաճառքի: Շուտով այդ բիզնեսի հարյուրամյա տարելիցը կլրանա: Արմեն Պետրոսյանը նաև հյուրանոցների ու ռեստորանների մի լայն ցանցի հիմնադիրն է, որտեղ, բնականաբար, գլխավոր կերակրատեսակը սև խավիարն է:
Հեղափոխությունը՝ որպես խավիարային բիզնեսի շարժիչ ուժ
Որքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ իրենց խավիարային բիզնեսի հաջողությունների համար Պետրոսյան ընտանիքն ինչ-որ չափով պարտական է նաև պատմական 1917 թ.-ին: Մինչև դարակազմիկ այդ իրադարձությունը, Կասպից ծովյան խավիար վաճառում էին աստրախանցի Սապոժնիկովները, պետերբուրգցի Վորոբյեվները և բաքվեցի Լազար (Ղազար) Մաիլովը: Թե ինչ եղավ առաջին երկուսի հետ 1917 թ. հոկտեմբերից հետո, հայտնի չէ, իսկ ահա Մաիլովը հայտնվեց Փարիզում:
Դրանից առաջ՝ 1915 թ. Փարիզ էին ժամանել նաև Պետերբուրգում իրավագիտություն ուսանած և Փարիզում պրակտիկայի անցած Միքայել և Մելքում Պետրոսյան եղբայրները: Հեղափոխությունը խաչ քաշեց Պետրոսյանների՝ Ռուսաստան վերադարձի վրա, և ահա ֆրանսիական հողի պատկառելի մի աշխատանք գտնելու կարիք առաջացավ: Գործնական խորաթափանցության մեջ նրանք իրենց հավասարը, ինչ խոսք, չունեին, ու եղբայրները որոշում են փարիզյան բարձրակարգ հասարակությանը այդքան սիրված ռուսական սև խավիարն առաջարկել՝ նախապես նրանից բացառիկ ու բրենդային ապրանք ստանալով: Խորհրդային Միության դեսպանատան հետ գործնական բանակցությունները հաջողությամբ են պսակվում և սկսվում են խավիարի առաքումները դեպի Ֆրանսիա: Ընդ որում ժամանակն այնպիսին էր, որ Պետրոսյանները լիակատար մենաշնորհ ունեին: Petrossian ընկերությունը բացվում է 1920 թ. և թառափի խավիարը շուտով դառնում է ֆրանսիական յուրահատուկ շքեղություն, իսկ «caviar» բառն ասոցացվում հարստության ու լավ ճաշակի հետ:
…Կանցնի որոշ ժամանակ և Միքայել Պետրոսյանը կամուսնանա Իրինա Մաիլովայի՝ այն ընկերության տիրոջ դստեր հետ, ով զբաղվում էր խավիարի արտադրությամբ ու նավթի առքուվաճառքով: «Խավիարային» այդ ամուսնությունը Պետրոսյանների ձեռքում միանգամից մի քանի հաղթաթուղթ ավելացրեց, իսկ նրանք էլ իրենց հերթին աստիճանաբար ավելացրին վաճառքի ծավալները՝ մրցակցությամբ ետ մղելով իրանցիներին, որոնք իրենց գործերը կարգավորելու համար բավական միջոցներ էին ներդրել: Եղբայրների համար բարգավաճման ամենաարդյունավետ շրջանը եղան ետպատերազմյան տարիները: Ֆրանսիացիներն այդ ժամանակ թառափի խավիարով այդքան էլ հետաքրքրված չէին, բայց Պետրոսյանները կարողացան դրանից բարձր կարգի ապրանք ստանալ ու վաճառել երեք անգամ ավելի թանկ գնով:
Ժառանգորդը
Արմեն Միքայելի Պետրոսյանը ծնվել է 1949 թ., երբ խավիարի ընտանեկան բիզնեսն արդեն ամուր կանգնած էր հողին: Ժառանգորդը՝ ժառանգորդ, բայց առաջին հերթին անհրաժեշտ էր Սորբոնն ավարտել, և միայն 1971 թ. Արմենը, որպես «սևագործ բանվոր» մուտք գործեց ընկերություն: Այնպիսի լուրջ ձեռնարկատերերի համար, որպիսիք Պետրոսյաններն էին, դիպլոմն ինքն իրենով, թեկուզ ամենանշանավոր համալսարաններից մեկից ստացվածը, ոչինչ չէր նշանակում, և Արմենն անցավ աշխատանքային այն բոլոր փուլերը, որոնք որ անցնում են ղեկավար դարձած բանվորները՝ բանվոր, հավաքարար, առաքիչ, վաճառող: Սակայն նա այդ մասին ընդհանրապես չի ափսոսում, հակառակը՝ գտնում է, որ «դա բնական և ճիշտ գործընթաց էր, հարկավոր էր ուսումնասիրել ամեն ոլորտն ու ընկերությունը ճանաչել ներսից»:
1970-ականների կեսերին կրտսեր Պետրոսյանը շարունակում էր ուսանել ընտանեկան մեծ գործի հմտությունները, սակայն արդեն ղեկավար պաշտոնում, որպես անձնակազմի ղեկավար, ֆինանսիստ ու կոմերցիոն տնօրեն: Իսկ 1985 թ. Արմեն Պետրոսյանը դարձավ ընկերության գլխավոր տնօրենն ու նախագահը: Ներկայանալի, կիրթ, ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին և հայերենին ազատ տիրապետող այդ յուրահատուկ մարդը չէր կարող իր ընկերությանը համաշխարհային փառքի ու ճանաչման չհասցնել:
«Ես խավիարի մեջ եմ ծնվել, և քիչ է մնում՝ այդտեղ էլ մեռնեմ»,- ժպտում է Արմեն Պետրոսյանը: Շատ փոքր տարիքում ընկերության նախագահը մի անգամ ընկել է խավիարի տակառի մեջ և քիչ է մնացել՝ այդտեղ էլ փակված մնա: Հավանաբար դա վերևից եկած նշան էր, դրա համար էլ այսօր Հաշմանդամների թաղամասի Լաթուր-Մոբուր 18 հասցեում գտնվող զբոսայգում գտնվող Petrossian ֆրանսիական ֆիրմային խանութը հանդիսանում է ֆրանսիական ազգային- մշակութային արժեք: Պետրոսյանների ընկերության լոգոտիպը մի առագաստանավ է, որը արևի ճառագայթների ներքո կտրում-անցնում է բարձր ալիքները: Այն նախ և առաջ հայտնի է հենց Ֆրանսիայում, իսկ հետո, ինչ խոսք, ողջ մոլորակում:
Գորբաչովյան Պերեստրոյկան խավիարային բիզնեսին նույնպես ոչ մի լավ բան չբերեց: ԽՍՀՄ-ից առաքվող ապրանքի քանակը կտրուկ նվազեց, իսկ այն, ինչ տեղ էր հասնում, հասնում էր անկանխատեսելի ընդմիջումներով: Արմեն Պետրոսյանը հասկանում է, որ իր համար նոր ժամանակներ են եկել, և առանց հետաձգելու սկսում է սեփական Պերեստրոյկան: Առաջին բանը, որ նա արեց, վաճառասեղաններին ու կրպակներում տեսականու ավելացումն էր: Խավիարին զուգահեռ՝ խանութներում սկսեցին հայտնվել թեյ, սուրճ, շոկոլադ, պահածոյացված բանջարեղեն, ջեմ, կրկին խավիար՝ այս անգամ բադրիջանային: Արմեն Պետրոսյանը որոշում է գերազանցել ինքն իրեն ու Փարիզի մոտակայքում հիմնում մի կոմբինատ, որտեղ սկսում են ծխահարել ձուկ; Կոմբինատն ի վիճակի էր տարեկան 500 տոննա սաղմոնի երկու տեսակ արտադրել: Իսկ մինչ այդ՝ դեռևս 1984 թ. բավցել էր Petrossian ռեստորանը՝ Նյու-Յորքի՝ Մանհեթենյան Alwyn Court աշխարհահռչակ շինության մեջ: Հետո արագորեն բացվեց ևս մի ռեստորան՝ փարիզյան խանութի երկրորդ հարկում, որն ակնթարթորեն դարձավ հանրահայտ: Քիչ թե շատ իդելական կառուցվածքային մի հոլդինգ ստացվեց, որը իր ապրանքների կեսից ավելին ստանում էր առաջին հերթին ֆրանսիական արտադրող- ձեռնարկություններից: Այսպես ավելի հուսալի ու արագ էր, և հումքն էլ ՝թարմ:
Խավիար ուտելու արվեստ
Արմեն Պետրոսյանը արտադրում է սև խավիարի 10 կգ-անոց հսկա տարաներ. «Ես ստեղծել եմ երեք տարա: 10 կգ-անոց տարան կոչվում է «Իվան Ահեղ», 5 կգ-անոցը՝ «Եկատերինա Մեծ», իսկ 2.5 կգ-անոցը՝ «Կայսր Ալեքսանդր»: Իհարկե դրանք ի պատիվ ռուսական տիրակալների են, որոնք արտահայտում են այդ դարաշրջանի առանձնահատկությունները»: Petrossian-ի 10 կգ-անոց տարան արժե մոտավորապես 100 հազ. եվրո: Այսօրվա խավիարային կայսրության տեսականին ծխահարված ձկներն ու ծովախեցգետիններն են, գերմաքուր օղին ու խեցգետինները, շոկոլադն ու ֆուա-գրան, և իհարկե՝ դելիկատեսը թառափային խավիարը՝ բելուգա և սեվրյուգա տեսակներով: Պետրոսյանների ամենանշանավոր խավիարն անվանվում է Golden Caviar, դա հազվագյուտ մի կենդանու՝ ալբինոս-բելուգայի ձկնկիթն է, և այն սկսվում է 25 հազար դոլլարից՝ մեկ կգ-ի համար:
Պետրոսյանի ընկերությունում ապրանքի որակի վերահսկողությունն իրականանում է մինչև ամենամանր գործողության համար հատուկ գրված օրենքներով, որոնցից ոչ մի քայլ այս ու այն կողմ չի կատարվում: Խավիարի սկահակի մեջ բաց է թողնվում շատ բարակ շղթայով ամրացված արծաթե մի փոքրիկ գնդակ: Եթե գնդակն անմիջապես ընդհատակ է անցնում, ուրեմն խավիարի հետ ամեն բան կարգին է: Իսկ եթե կանգնում է մակերևույթին ինչ-որ մի տեղ, ասում են, որ այդպիսի խավիար իրենց հարկավոր չէ: Խավիարն ուտում են բացառապես ոսկե գդալով՝ ազնիվ մետաղն ամենայն հավատարմությամբ պահպանում է ոչ պակաս ազնիվ ապրանքի իրական համը: Ահա այդպես է կարծում Արմեն Պետրոսյանը, մարդ, ով խավիարի մասին գիտի ամեն բան:
«Չի կարելի խավիարն ուտել մետաղական գդալով, համն անմիջապես փչանում է: Եվ ոչ մի թթվասեր այդտեղ ավելացնել չի կարելի, խավիարը դա ինքնին աստվածային կերակուր է՝ ամբրոզիա: Ամենամեծ «ներխուժումը», որին նա կարող է դիմանալ, դա մեկ բաժակ օղին կամ մեկ գավաթ շամպայնն է»,- ահա, թե ինչպես պետք է հաճույք ստանալ խավիարից՝ ըստ Պետրոսյանի:
Իհարկե նրա ամբրոզիան էժան հաճույք չէ, դրա մեկ կիլոգրամի գինը սկսվում է 1600 եվրոից՝ հասնելով 12 000-ի: Որպես շամպայնի կամ օղու նախուտեստ՝ Պետրոսյանը խորհուրդ է տալիս սեփական՝ caviar cube արտադրանքը: Խորանարդիկների տեսքով խավիարը մատուցվում է շամփուրներով: Խորանարդիկները պատրաստում են խավիարի մշակման ժամանակ ձևափոխվող խավիարի տարբեր տեսակներից:
«Ինձ երբեմն անվանում են համի որոնող»,- ժպտում է Պետրոսյանը, ով խանութի իր տեսականին համալրել է նաև ծովատառեխով, ֆուա-գրայով, ֆրանսիական ու իտալական տրյուֆելներով, օղիով և շոկոլադե դրաժեներով, որոնք վաճառվում են խավիարի տուփերի մեջ՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Մնում է միայն ափսոսալ, որ մի շարք սովորական մահկանացուների համար Petrossian-ի արտադրանքն այդպես էլ անհասանելի կմնա:
Էությամբ որոնող ու անհանգիստ Արմեն Պետրոսյանը շուկայի գրավման համար նորանոր մտքեր է կյանքի կոչում: Մեկ մտածում է մասուրի հյութ ծախելու, մեկ այդ նույն՝ բադրիջանային խավիարի մասին: Սակայն նա իր ուժերի մեծ մասը ներդնում է որսագողության դեմ պայքարում և թառափի տեսակների պահպանման գործում, մասնակցում է գիտական տարբեր խորհրդակցությունների ու հովանավորում է տարբեր հետազոտություններ:
Ոչ միայն խավիարով…
«Խավիարի աշխարհը փոխվել է, հատկապես Խորհրդային միության փլուզումից հետո: Բայց դա այդքան էլ վատ չէ, նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, ինչպես նաև խավիարի նոր տեսակներ, և հետևաբար՝ նոր հաճախորդներ՝ ամբողջ աշխարհից»,- ասում է իր տեսակի մեջ յուրահատուկ այս գործարարը:
Արմեն Պետրոսյանն իր արմատների մասին երբեք չի մոռանում: Նա Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեության ակտիվ մասնակիցներից մեկն է, ինչպես նաև՝ ջերմ հարաբերություններ է պահպանում հայրենիքի հետ: Նա «Armenia Sacra» ցուցահանդեսի գլխավոր հովանավորներից մեկն էր, որը տեղի է ունեցել Լուվրում՝ 2006 թ.՝ Ֆրանսիայում Հայկական տարվա շրջանակներում: Իսկ դրանից մեկ տարի անց՝ «Petrossian Groupe» ընկերության կենտրոնական գրասենյակում կայացավ Ֆրանսիայի ամենաբարձր պարգևատրման՝ Պատվո լեգեոնի շքանշանի հանձնման արարողությունը՝ ընկերության նախագահ Արմեն Պետրոսյանին:
«Դուք չեք փոխել Ձեր հայկական ազգանունը, երբեք չէք թաքցրել Ձեր արմատները: Ձեր ընտանիքը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող են հայերը ընդգրկվել մեր հանրապետության կյանքում»,- շքանշանը հանձնելու ժամանակ այսպես խոսեց Փարիզի փաստաբանների ասոցացիայի նախագահ՝ Ժան Բեռնար Թոման:
Արմեն Պետրոսյանը երկու որդի ունի՝ Ալեքսանդրն ու Միքայելը: «Յուրաքանչյուր հայր ցանկանում է, որ իր որդիներն իր հետ աշխատեն, բայց երեխաներն իրենց երազանքներն ունեն: Ես ամեն բան կանեմ, որպեսզի նրանց դուր գա իմ ընկերությունում աշխատելը, բայց վերջնական որոշումը կայացնելու են իրենք»,- ասում է Արմեն Պետրոսյանը, մարդ, ով սեփական ձեռքերով կառուցել է սեփական երջանիկ կյանքը…
Պատրաստեց՝ Ռուբեն Գյուլմիսարյանը