Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցը հիմնվել է 2009թ սեպտեմբերի 1-ին։ Համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի, դպրոցի տնօրեն Գագիկ Սարգսյանի և անձնակազմի ջանքերի շնորհիվ այն դարձել էր լավագույն հանրակրթական օջախներից մեկը։ Զարգանալով և ընդլայնվելով, ՀՀ Կառավարության կողմից տրամադրվել են N149 դպրոցի միջնակարգ դպրոցի մասնաշենքերը։

Ստեղծման պահից դպրոցը տվել է 200-ից ավել շրջանավարտներ, որոնցից շատերը դարձել են Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ։ Այս պահի դրությամբ դպրոցն ունի մոտ 500 աշակերտներ։ Ուսմունքում գործում է տարրական դպրոցը (1-4 դասարաններ), միջնակարգ դպրոցը (5-9 դասարաններ) և ավագ դպրոցը (10-12 դասարաններ), ինչպես հայկական, այնպես էլ ռուսական դասարաններ։ Մեկ աշակերտի ուսման տարեկան վարձը կազմում է 1 250 000 դրամ։ Դպրոցի տարեկան եկամուտը կազմում է՝ տարրական դասարանների համար (183 աշակերտ) – մոտ 189 մլն դրամ, միջնակարգ դասարանների համար (156 աշակերտ) – մոտ 160 մլն դրամ և ավագ դասարանների համար (146 աշակերտ) – մոտ 150 մլն դրամ։

Դպրոցը բացման օրվանից ի վեր կազմակերպաիրավական ձևով հանդիսանում էր ՍՊԸ (ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՈՒՍՄՈՒՆՔ» ԴՊՐՈՑ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ՀՎՀՀ 00258485)։

2024թ-ի համալսարանի հիմնադիրների (ՀՀ ԿԳՄՍՆ և ՌԴ գիտության և բարձրագույն  կրթության նախարարության) որոշմամբ «Ուսմունք» դպրոց ՍՊԸ-ն լուծարվել է, և այն դարձել է Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ այլևս չհանդիսանալով առանձին իրավաբանական անձ։

ՀՌՀ ղեկավարությունը միտումնավոր չի ներկայացրել այդ քայլերից բխող առկա ռիսկերը և չի ներկայացրել համահիմնադիրներին այդ որոշման անհրաժեշտությունը։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն: Իսկ ահա նույն հոդվածի 5-րդ կետով հստակ սահմանվում է, որ միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Միևնույն ժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը, համաձայն որի Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար և վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով։

Այստեղից էլ պարզ է դառնում դպրոցի՝ ՍՊԸ-ի կարգավիճակով գործելու նպատակը։  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է իր կրթական ծառայությունները կազմակերպել վճարովի հիմունքներով, այդ թվում՝ աշակերտներից գանձել ուսման վարձավճար` համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման համալսարանը հանդիսանում է ՊՈԱԿ։ Ստացում է, որ գործելով պետական ուսումնական հաստատության ներսում որպես կառուցվածքային ստորաբաժանում, «Ուսմունք» դպրոցը իրավասու չէ գանձել ուսումնառության վճար, և պարտավոր է ուսումը ապահովել անվճար հիմունքներով։ Օրենքով սահմանված անվճար ուսումնական գործընթացը կարող է բերել նրան, որ համալսարանը զրկվի տարեկան 400 մլն ՀՀ դրամից ավելի ֆինանսական հոսքերից, քանի որ աշակերտները ունեն բոլոր իրավասությունները ստանալու անվճար միջնակարգ ուսումնառություն։

Եթե դպրոցը լիներ ոչ թե միջնակարգ, այլ միայն ավագ կամ հիմնական, այդ դեպքում հնարավոր կլիներ օրեսնդրական դաշտում իրականացնել վճարովի ուսուցումը։ Վառ օրինակ են հանդիսանում Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցը, իսկ ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցը առհասարակ անվճար է։

Մյուս խնդիրը կայանում է դպրոցի լիցենզավորման մեջ։ Քանի որ կրթությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որպես կառուցվածքային ստորաբաժանում գործելու դեպքում արդեն նաև ռուսական կողմը պարտավոր է տրամադրել լիցենզիա դպրոցի համար։ Նշենք նաև, որ ՍՊԸ-ի կարգավիճակը թույլ էր տալիս շրջանցել նաև այդ խնդիրը։ Ներկա պահին անհրաժեշտ է դառնում լրացուցիչ համաձայնագրի առկայությունը ռուսական և հայկական կողմերի միջև՝ 2 կրթական լիցենզիա ունենալու համար։

ՍՊԸ-ի կարգավիճակում գործելու ժամանակ ռուսական դասարաններում կրթությունը իրականացվում էր ռուսերեն լեզվով, սակայն հայկական միջնակարգ դպրոցի ծրագրով։

Առանձին վերցված լիցենզիաների դեպքում օրենսդրորեն արդեն պետք է դասավանդվի պետական ռուսական ծրագրով, որի մեջ չկան, օրինակ, հայոց լեզուն, հայոց պատմությունը, գրականությունը և այլն։ Նույն խնդիրը կունենա ռուսաստանյան կողմը՝ հայկական լիցենզիայի և հայկական կրթական չափորոշիչների մասով։

Ներկայումս հայկական կողմի համար արդեն խնդրահարույց է դպրոցի դե-ֆակտո տիրապետումը։ Եթե նախկինում դպրոցն, այսպես ասած, 100 տոկոսով ենթարկվում էր ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ապա այժմ, դառնալով Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում, դպրոցի 50 տոկոս մասնաբաժինը ըստ բուհի կանոնադրության ունի նաև ռուսական կողմը։ Դա կբերի հակասությունների երկու երկրների հանրակրթական օրենսդրությունների շրջանակներում, ի հայտ կգան կրթական ծրագրերի վերոնշյալ խնդիրը և այլն։

Արդյունքում կարելի է արձանագրել, որ ՀՌՀ ղեկավարության կողմից այդ հարցը չէր ուսումնասիրվել և պատշաճ չէր ներկայացվել բուհի համահիմնադիրներին։ Համալսարանի Ընդհանուր կոնֆերենցիային դրվել էր ՍՊԸ-ի լուծարման հարցը, ինչը անհաշվենկատ քայլ էր, որը չուներ բավականաչափ հիմքեր և գնահատված չէին հնարավոր ռիսկերը և խնդիրները։

Նման հապճեպ որոշման հետևանքները կարող են լինեն թե երկու երկրների նախարարությունների միջև առաջացող հակասությունների տեսքով, թե աշակերտների ծնողների կողմից ՀՀ օրենսդրության նորմերի համաձայն ուսումը անվճար տրամադրելու պահանջով։

Հայ-Ռուսական համալսարանի նախաձեռնող Խումբ