Հայաստանը շարունակում է բարձր դիրքեր գրավել քաղցկեղով հիվանդության և մահացության վարկանիշներում: Դա է մատնանշում ինչպես միջազգային կազմակերպությունների վիճակագրությունը, այնպես էլ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Համաձայն դրանց, վերջին 20 տարիների ընթացքում օնկոլոգիական հիվանդություններով հիվանդության դեպքերը և մահացության աստիճանը հանրապետությունում կտրուկ աճել են: Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ քաղցկեղից մահացությունը բարձր էր Խորհրդային Միության ժամանակ, պարզապես այն ժամանակ տեղեկատվությունը ավելի փակ էր, իսկ բժշկությունը այնքան էլ զարգացած չէր, որպեսզի կոնկրետ ախտորոշում տրվեր: Այնուամենայնիվ, դա չի փոխում այն իրավիճակը, որ Հայաստանում յուրաքանչյուր 13-րդ կնոջ մոտ ախտորոշվում է կաթնագեղձի քաղցկեղ, իսկ քաղցկեղի ախտորոշման յուրաքանչյուր 100 դեպքերում մահվան ելքը գրանցվում է 85-90 դեպքերում:

Հայաստանում տղամարդկանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների ամենատարածված ձևն է համարվում թոքերի քաղցկեղը, այնուհետև շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը: Կանանց շրջանում՝ կաթնագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը: Արգանդի վզիկի քաղցկեղը յոթերրորդ տեղն է զբաղեցնում օնկոլոգիական հիվանդությունների ամենատարածված ձևերի թվում՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի կանանց շրջանում, որի մասնաբաժինը ընդհանուր օնկոլոգիական հիվանդացության կառուցվածքում կազմում է 3,8%:

Համաձայն մասնագետների կանխատեսումների, 2020 թ. զարգացող երկրներում արգանդի վզիկի քաղցկեղի ցուցանիշը կհասնի 40%, զարգացած երկրներում՝ 11%: Հայաստանում տիրող իրավիճակը վտանգի առիթ է ստեղծում, թեպետ Ռուսաստանի, Ռումինիայի և այլ եվրոպական տարածաշրջանի երկրների հետ համեմատած այս հիվանդության մակարդակը երեք անգամ ավելի ցածր է, սակայն համեմատած Ֆինլանդիայի, Բելգիայի, Շվեդիայի և այլ երկրների հետ այս չարիքի մակարդակը Հայաստանում երեք անգամ բարձր է: Այդ մասին ասվում է Գենիտալային ինֆեկցիաների և նեոպլազիաների ռուսաստանյան ասոցիացիայի գիտական խորհրդի անդամ, Գինեկոլոգների-էնդոկրինոլոգների ռուսաստանյան ասոցիացիայի անդամ, բ.գ.թ. Լիլիթ Կուջոյանի հոդվածում:

Լիլիթ Կուջոյան

«Արգանդի վզիկի քաղցկեղը կարևորագույն բժշկական-սոցիալական խնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ բոլոր երկրներում: Այն առանցքային տեղ է գրավում օնկոլոգիական հիվանդությունների առավել տարածված տեսակների մեջ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կանանց շրջանում: Վերջին տարիներին բազմաթիվ զարգացող երկրներում նկատվում է հիվանդության երիտասարդացում՝ մինչև 35 տարեկան հասակում: Ընդհանուր առմամբ, արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդությունը աշխարհում կազմում է 15,3՝ 100 հազար կանանց մեջ կամ 529.828 դեպք տարեկան կտրվածքով: Համարում են, որ այս միտման պահպանման դեպքում 2050 թ. արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդությունը աշխարհում կհասնի տարեկան 1 մլն դեպքի»,- նշում է Լիլիթ Կուջոյանը:

Մասնագետի խոսքով, համապատասխան GLOBOCAN-ի տվյալների, արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդության ցուցանիշները ՌԴ-ում կազմում է 13.3՝ 100 հազար կանանց թվում կամ 13.708 տարեկան դեպք, Եվրոպական տարածաշրջանում՝ 10.5՝ 100 հազար կանանց թվում կամ 54.323 տարեկան դեպք, Ամերիկայում 15,3՝ 100 հազար կանանց թվում կամ 80.711 տարեկան դեպք, իսկ Հայաստանում այդ ցուցանիշները կազմում են 16,6՝ 100 հազար կանանց թվում, տարեկան բացահայտվում են արգանդի վզիկի քաղցկեղի 260–300 դեպքեր, որոնց տեսակարար կշիռը չարորակ նորագոյացությունների կառուցվածքում կանացի բնակչության շրջանում կազմում է 6,3%: Ընդ որում, համաձայն «Առողջություն և առողջապահություն» Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների (2016), վերջին 12 տարիների ընթացքում հիվանդության միտումները աննշան են փոփոխվել. «Արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդության ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդության ամենաբարձր ցուցանիշները ախտորոշվել են 50-59 և 60-69 տարիքային խմբերում, իսկ ամենացածր ցուցանիշները՝ 30-39 և 40-49 տարիքային խմբերում, ինչն ընդհանուր առմամբ համաձայնեցվում է բազմաթիվ համաշխարհային միտումների հետ: ԱՀԿ տվյալներով, սկրինինգային հետազոտությունների ներդրման շնորհիվ՝ ուղղված արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտմանը վաղ փուլերում, ինչպես նաև բուժման մոտեցումների կատարելագործման շնորհիվ վերջին 30 տարիների ընթացքում արգանդի վզիկի քաղցկեղից մահացության մակարդակը բոլոր տարիքային խմբերում նվազել է 31%, իսկ մինչև 65 տարեկան տարիքային խմբում՝ 48%: Մահացության ցուցանիշները 65 տարեկանից ցածր կանանց շրջանում նվազել են 23%»,- նշում է Լիլիթ Կուջոյանը «Արգանդի վզիկի քաղցկեղի խնդրի որոշ ասպեկտները աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում» հոդվածի մեջ:

Միաժամանակ, չնայած արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում բացահայտմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների ներդրմանը, Հայաստանում վաղ փուլերում հիվանդության բացահայտումը ցածր է և կազմում է 37%, իսկ III–IV փուլերում՝ 63%: Եվ, ընդգծում է մասնագետը, քաղցկեղով հիվանդության ցուցանիշները բարելավվելու միջոցներից ևս մեկն է շեշտադրման փոխադրումը բուժումից դեպի վաղ բացահայտումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը…

Սակայն, դատելով վիճակագրությունից, այդ գործում մենք շատ չենք առաջադիմել. 2015 թ. Հայաստանում գրանցվել են արգանդի վզիկի քաղցկեղի 2030 դեպքեր (քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշը կազմում է 257, մահվան դեպքեր՝ 130 մարդ): 2016 թ. գրանցվել են հիվանդության 2990 դեպքեր (նոր բացահայտված դեպքեր՝ 243, մահվան դեպքեր՝ 115): 2017 թ. գրանցվել են հիվանդության 262 նոր դեպքեր:

Օրերս Սանկտ-Պետերբուրգում կայացել է Եվրասիական կանանց ֆորումը, որի ժամանակ Հայաստանի Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կիսվել է երկրում համակարգային աշխատանքի փորձով՝ կապված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետ: Նա նշել է, որ հիվանդությունների այդպիսի խմբերը անմիջականորեն կապված են մարդկանց կենսակերպի հետ: Այդ կապակցությամբ երկրում իրականացվել է մասշտաբային հետազոտություն՝ բնակչության հակվածության վերաբերյալ ոչ առողջ ապրելակերպին, ոչ առողջ սովորություններին, ինչպիսիք են ծխելը, հիպոդինամիան, սխալ սննդակարգը և այլն

Լենա Նանուշյան

Որից հետո Հայաստանի կառավարությունը,- նշեց նա,- մի շարք համակարգային միջոցներ մշակեց առողջ ապրելակերպի քարոզչության, ծխելուց հրաժարվելու, որոշ հիվանդությունների վաղ բացահայտման ուղղությամբ, առաջին հերթին շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության, արգանդի վզիկի քաղցկեղի և կաթնային գեղձերի: Նա նաև նշեց, որ 2009 թվականից հանրապետության դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագիր է ներդրվել (!) և հավաստիացրեց, որ համակարգային պլանային աշխատանքն արդեն բերել է իր նկատելի արդյունքները… իսկ մեզ մնում է հուսալ, որ արդյունքները, որոնք տեսնում են Առողջապահության նախարարությունում, վերջապես դրական ազդեցություն կթողնեն նաև ընդհանուր վիճակագրության վրա:

 

Լինա Մակարյան