Ծաղկաբուծությունը Հայաստանում դժվարին ժամանակներ է ապրում: Ճգնաժամը սկսվեց անմիջապես մարտի 8-ից հետո, իսկ վերջին օրերին ավելի խորացավ: Կորոնավիրուսի տարածման պատճառով ավելորդ շփումներից խուսափող բնակչության համար այժմ դրա ժամանակը չէ: Արդյունքում ջերմոցներում և ծաղկի խանութներում կա անուշաբույր ապրանքի առատություն: Դրա պահանջարկը չնչին է, իսկ ըստ ջերմոցների որոշ սեփականատերերի` ընդհանրապես զրոյական է:
Զրուցակիցները նշում են, որ կորոնավիրուսը կարծես դիտավորյալ էր ծրագրել իր հարձակումը Հայաստանի վրա «կանանց միամսյակի» հենց սկզբից: Չէ՞ որ հենց մարտի 8-ից ապրիլի 7-ը, երբ հանրապետությունում մեծարում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ծաղկի պահանջարկն ավանդաբար մեծանում է, ինչից էլ մեծանում է արտադրվող ծաղիկների ծավալը: Այս սեզոնը ևս բացառություն չէր` ջերմոց ունեցողներից շատերն իրենց թանկարժեք իրերը գրավադրեցին, վարկեր վերցրեցին և ծաղիկներ աճեցրին` հույսով, որ պահանջարկի առումով ամենաբարձր սեզոնից հետո հնարավոր կլինի լավ գումար աշխատել: Սակայն ծաղիկները երկար ժամանակ մնում են վաճառասեղաններին և դառնում լիովին անպիտան: Բացառություն կազմում են գլխիկները, որոնցից ծաղկեպսակներ են պատրաստվում: Պահանջարկ դեռևս կա, սակայն դրանց իրացման կետերում իրավիճակից գոհ չեն: Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման մեջ, ծիսական աքսեսուարների արտադրողներն ասում են, որ եթե նախկինում մեծածախ շուկայում մեխակները վաճառվում էին հատը 80 դրամով, ապա արտակարգ իրավիճակի պատճառով դրանց գինն ընկել է 20-30 դրամով: «Այժմ մեկ մեխակն արժե 50-60 դրամ: Ե՛վ մեզ համար է վատ, և՛ մեծածախ վաճառողների…», – դժգոհում են ծաղկեպսակներ արտադրողները, որոնք, ըստ երևույթին, նույնպես իջեցնում են պատրաստի կոմպոզիցիաների գինը:
Հատկապես բողոքում են փոքր և միջին ջերմոցների ներկայացուցիչները: Խոշոր արտադրողները ստիպված են եղել հրաժարվել ապրանքների արտահանումից: Արդյունքում, փոքր ֆերմերական տնտեսությունները հայտնվել են խիստ մրցակցային պայմաններում և պարտվում են: Նույնիսկ ապագայում, երբ արտահանումը վերսկսվի, հասցված վնասի հետևանքները վերացնելու համար միջին ջերմոցները ստիպված կլինեն շատ չարչաչվել: Ընդ որում, մինչև մարտի վերջ անհրաժեշտ է մուծել փետրվար ամսվա գազի վճարը:
«Ռուշանյան ֆարմ» կազմակերպության տնօրեն Գագիկ Ռուշանյանը, մեկնաբանելով իրավիճակը, բազմիցս կրկնում է. «Շատ վատ է»: Հավելում է, որ չի պատկերացնում, թե ինչպես է վճարելու սպառված էներգակիրների դիմաց, ինչպես է աշխատավարձ տալու աշխատակիցներին:
Նրա խոսքով, մարտի 9-ից մարտի 24-ը (այսինքն` կես ամսում) ջերմոցային ապրանքի վաճառքից ստացված հասույթը կազմել է ընդամենը 15 հազար դրամ: Մինչև կորոնավիրուսը ջերմոցից առևտրի կետեր էին ուղարկում օրական մոտ 600-1000 վարդ:
Նրա կոլեգա Սարգիս Հակոբյանը ևս շփոթված է: Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նա նշեց, որ անցյալ ամիս ջերմոցի ջեռուցման համար ծախսել է 620 հազար դրամի գազ: «Խնդրեցի մարտ ամսին վճարել գումարի միայն կեսը, մինչև որ ապրանքները վաճառվեն: Բայց ինձ ասացին՝ ոչ, դա ռեալ չէ », – հայտնեց նա:
Մինչդեռ ջերմոց ունեցողները շարունակ չեն կարողանում օգուտ քաղել իրենց ապրանքից: Հոլանդական վարդերի բիզնեսում մասնագիտացած «Ռուշանյան ֆարմը» նշված ժամանակահատվածում աղբանոց է ուղարկել մոտ 10-12 հազար ծաղիկ: «Արդեն քանի օր է` նետում ենք վարդերը: Ցավալի և դժվար է տեսնելը, բայց այդ է իրականությունը: Եվ մենք, կարծես, արդեն հաշտվել ենք դրա հետ… », – ասում է կազմակերպության ղեկավարը:
Այնուամենայնիվ, որոշ ծաղկաբույծներ սկսել են գործի դնել իրենց երևակայությունը և ուրախացնել խնդրի նկատմամբ արտասովոր մոտեցումներով: Ընկերություններից մեկը Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոնում գտնվող հայ գիտության և մշակույթի նշանավոր գործիչների գերեզմանները հեղեղեց չիրացված ծաղկեփնջերով: Այս գեղեցիկ ժեստի մասին ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակումը տարածվեց համացանցում՝ հիացմունք առաջացնելով հայ օգտատերերի շրջանում: Տեսանյութի մեկնաբանություններում նշվում էր, թե չիրացված ապրանքները, իբր, գնել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ պատվիրելով ծաղիկներով ծածկել հայ մեծերի գերեզմանաքարերը:
Սակայն Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մամուլի քարտուղար Հրածին Սաֆարյանը, ում հետ կապ է հաստատել Dalma News–ի թղթակիցը, հայտարարել է, որ իրենց ղեկավարի կողմից մեծ քանակությամբ ծաղիկներ գնելու փաստը չի համապատասխանում իրականությանը:
«Պանթեոնը որևէ կերպ կապված չէ մեր թանգարան-ինստիտուտի հետ: Սրանք երկու բոլորովին տարբեր կառույցներ են, որոնք պարզապես գտնվում են իրար հարևանությամբ: Այնպես որ, մեր ղեկավարությունը որևէ կապ չունի այս քայլի հետ: Իսկ լուսանկարները տեղադրվել են թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում միայն այն պատճառով, որ ծաղիկներով ծածկված գերեզմանաքարերի տեսարանը մեզ գեղեցիկ թվաց: Ահա թե ինչու մոտակայքում գտնվող մեր աշխատակիցները անմահացրին այն…», – պարզաբանեց Սաֆարյանը:
Ամեն դեպքում, չիրացվող ապրանքի համար համապատասխան կիրառություն գտնվեց: Ի դեպ, ֆիրմայի ներկայացուցիչները նաև հայտնեցին, որ պատրաստվում են կրկնել «ակցիան» Ծիծեռնակաբերդի և Եռաբլուրի հուշահամալիրներում: Այլ ջերմոցային տնտեսություններ հետևեցին նրանց օրինակին, սակայն այդպես էլ չհացրեցին գաղափարը կյանքի կոչել: Օրինակ` «Ռուշանյան ֆարմի» ղեկավարն ասաց, որ ուզում էր ծաղկեփնջեր նվիրել մի շարք կլինիկաների բուժանձնակազմներին: Բայց սկզբում խուսափում էր մտադրությունն իրականացնելուց` անվտանգության խնդիրներից ելնելով, իսկ ավելի ուշ հրաժարվեց բժիշկներին ծաղիկներ առաքելուց արտակարգ իրավիճակի խստացման պատճառով:
Ի դեպ, ծաղիկների առաքումը սոցցանցերի միջոցով վերջին օրերին մեծ պահանջարկ ունեցավ: «Տանն ինքնամեկուսացված մարդիկ բազմազանություն են մտցնում իրենց կյանքում: Իսկ մենք օգնում ենք նրանց…», – պարզաբանեց Ֆեյսբուքում ծաղկի առցանց վաճառքի կազմակերպիչներից մեկը, ով ներկայացավ որպես Մելիքսեթ: Ընդ որում, ըստ նրա` պահանջարկի մեծացման մեջ էական դեր ունեցավ գնանկումը. 50 հատ հիանալի ֆրեեզիաները «վիրտուալ» տիրույթում կարելի է գնել ընդամենը 1200 դրամով:
Ընդհանրապես, ծաղկի ներկայիս շուկայական գներն առանց չափազանցության կարելի է անվանել աննախադեպ:
«Եթե անցյալ տարի վարդերի մեծ ծաղկեփնջերը արժեին 2000 դրամ, ապա վերջին օրերին դրանց գինը նվազել է մինչև 500 դրամ: Բայց նույնիսկ այդքան գումարով դրանք չեն գնում», – Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հավաստել են ծաղկաբույծները Գեղանիստ գյուղից, որը հայտնի է իր ծաղկի ջերմոցներով:
Ջերմոցի աշխատող Սարգիս Հակոբյանը, ցուցադրելով լավագույն վարդերը, ցավով հայտնեց. «Այս տեսակի վարդերը 300-400 դրամ արժեն, սակայն այժմ վաճառվում են հատը ընդամենը 100-150 դրամով… »:
Փորձելով ինչ-որ կերպ մեղմել վնասի չափը, գյուղացիներից ոմանք սկսեցին պոկել ծաղիկների գլխիկները գոնե երկրորդ բերք ստանալու հույսով: Թող որ գոնե սա օգնի նրանց, և նոր ծաղկահավաքը ծածկի վնասի առնվազն մի մասը: Չնայած այժմ ժամանակները հեռու են «գունավոր» լինելուց, բայց ոլորտի ներկայացուցիչները կոչ են անում հայրենակիցներին ծաղիկներ գնել: «Ի վերջո, դրանք մեր հոգու ուրախությունն են, սթրեսից ազատվելու միջոցը: Խնդրում ենք, գնեք ծաղիկներ: Դրանով կօգնեք թե՛ ձեզ, թե՛ տեղական արտադրողին»:
Իրինա Գրիգորյան