Մաեստրո Տիգրան Մանսուրյանը այսօր տոնում է իր հոբելյանը։ 80-ամյա կոմպոզիտորը ծնվել է 1939 թ․Բեյրութում։ 1947 թ․ ընտանիքի հետ հայրենադարձել է Հայաստան։
Երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրոն նշել էր, որ ծննդյանը նվիրված համերգ է լինելու Լոս-Անջելոսում, որտեղ հանդես է գալու նաև աշխարահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը։ Հայաստնանում նույնպես համերգ կլինի՝ հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
Հոբելյանի խոսքով, ծնունդը նշելու է ընտանեկան միջավայրում, հատուկ այդ առթիվ դուստրն ու քույրերն են եկել արտերկրից։
«Կլինենք մենք ու մենք, ընկերներս ու ընտանիքի անդամները»։
Մաեստրոյի խոսքով, ինքը տոնական օրերին կարևորություն չի տալիս։ Աշխատանքի հանդեպ միշտ սթափ է։ Ստեղծագործական կյանքը ծայրահեղ հագեցած է եղել։,
«Դեռ ուսանողական տարիներից, չէ, շատ ավելի շուտ, դեռ երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից, որ դեռ կրթություն էլ չունեի, այն ժամանակվանից մինչև հիմա մի մեծ կռիվ է՝ կայացման։ Այդ պահը, որ պիտի թողնեմ ինձ ազատ, դեռ չկա։ Թեև 80 տարին էլ արդեն ահագին տաիրք է, որ մի քիչ հոգնածությանը տեղ տաս։ Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ, պետք է հոգնել էլ իմանալ»։
Դիտարկմանը, թե ումից կուզեր առաջին շնորհավորանքը ստանալ, մաեստրոն այսպես էր պատասխանել․
«Ներողություն պիտի խնդրեմ, սենտիմենտալ կարող է հնչել, իմ կնոջից կուզեի լսել, որը չկա»։
Մաեստորն երազանքներ ունի, որոնք մնացել են անկատար։ Շատ է ափսոսում, որ չգիտի լատիներեն ու անգլերեն լեզուները, կարծում է, որ իր մեծ բացթողումներից են։
«Երբ մարդը լատիներեն գիտի, ուրիշ մարդ է, ուրիշ հիմքերի վրա գոյացած, ուրիշ մտածողության տեր։ Շատ եմ ցավում, ես անգլերեն չսովորեցի, այն ժամանակ ո՞վ կհավատար, որ մեկը քեզ կսովորեցնի օտար լեզու։ Մեկ էլ Չեխով վատ գիտեմ, այնքան վատ էի զգում ինձ։ Շատ վատ գիտեի իր պիեսները։ 5 պիես է թողել, որոնք աշխարհով մեկ համարվում են Շեքսպիրից հետո ամենաշատ բեմադրվող պիսեսները»։
Կյանքում կանգուն մնալու համար, ըստ մաեստրոյի՝ պարտվել իմանալ է պետք։ Նա համոզված է՝ մարդուն ուժ տվողը դա է։
«Ես տասը տարի տվել եմ Ֆոլկներին, այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ մեկը չի սովորեցրել։ Պետք է կարողանալ պարտվել հանուն հիմնականի»։
Տիգրան Մանսուրյանը կարծում է, որ իրեն ճանաչել սկսել են ֆիլմերից, որոնց նա 20 տարի է նվիրել։
«Իմ ծանոթ լինելը չէր կայանա, եթե ֆիլմերի իմ երաժշտությունը չլիներ»։
Մանսուրյանը հեղինակել է «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Աշնան արև» և այլ հայկական ֆիլմերի երաժշտությունները։
Լրագրողների հետ հանդիպման ավարտին, նրանց խնդրանքվ մաեստրոն կատարեց «Աշնան արև» ֆիլմի երաժշտությունը, նշելով, որ այն Հրանտ Մաթևոսյանի սիրելի երաժշտությունն է։
Տիգրան Մանսուրյանին շնորհվել են կոչումներ, շքանշաններ ու մրցանակներ, ինչպիսին են՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), ՀՀ ժողովրդական արտիստ (1990), Արամ Խաչատրյանի անվան մրցանակ (1993), Պատվո շքանշան (2011) և այլն։