Ծխելը սպանում է. բոլորը գիտեն այդ մասին, նույնիսկ` տարիներ շարունակ ծխողները: Սակայն այս պարզ ճշմարտությունների մասին իրազեկումը դեռևս թույլ չի տալիս լուծել հանրապետությունում վաղաժամ մահացությունների լրջագույն խնդիրը, իսկ թոքերի քաղցկեղը Հայաստանում առաջինն է քաղցկեղային հիվանդությունների և մահացության ցուցանիշներով, այդ իսկ պատճառով պետությունը (կրկին) որոշում է պայքարի անցնել և խստացնել օրենսդրությունը:
Առողջապահության նախարարի խոսքերով՝ ծխախոտի և ծխախոտային արտադրանքի գների բարձրացումը, ինչպես նաև հասարակական վայրերում ծխելու արգելքը դրական ազդեցություն կունենա: Հասարակությունը, սակայն, կարծում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, քանի որ ո՛չ գների բարձրացումը, ո՛չ ծխելու արգելքը, ո՛չ էլ քարոզարշվները չեն լուծի բուն խնդիրը:
Նախարարի խոսքերով՝ ծխախոտի դեմ պայքարող օրենքները պետք է խստացվեն. համապատասխան օրինագիծը, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում, ենթադրում է բոլոր փակ հասարակական վայրերում, այդ թվում` անձնական մեքենաներում, ավտոբուսի կանգառներում և այգիներում ծխելու արգելքը: Այս ամենը արվում է, որպեսզի նվազեցնեն քաղաքացիներին ծխելու պատճառով հասցվող ռիսկերը:
Թեև Թորոսյանը խոստովանում է, որ այդ խիստ միջոցները խնդիրների կհանգեցնեն որոշ ոլորտներում, սակայն Առողջապահության նախարարությունը մտադիր է պայքարել մինչև վերջ, և, վերջապես, խոսքերից գործի անցնել: Իսկ նախարարի հիշատակած խնդիրները բավականին լուրջ են, քանի որ փոփոխությունները ենթադրում են ոչ ավել, ոչ պակաս՝ ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի 45 տոկոս աճ: Այսինքն, ծխախոտի տուփը, որն այսօր արժե 500-600 դրամ, «շնորհիվ» այս փոփոխությունների կարժենա 750-800 դրամ: «Դա կօգնի կանխարգելել 88 հազար վաղաժամ մահ», – ասում է Արսեն Թորոսյանը: Նախարարը, ի դեպ, պատրաստ է էլ ավելի կտրուկ միջոցների. օրինակ՝ ծխախոտի տուփի արժեքը սահմանել ոչ պակաս, քան 1000 դրամ
Եթե գլոբալ առումով նայենք, ինչ է նշանակում 700-900 դրամը 88 հազար մարդու կյանքերի դիմաց: Այնուամենայնիվ, կա մեկ «բայց», որի հետ կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է ցանկացած ծխող. անկախ նրանից, թե որքան բարձրանա գինը, դա դժվար թե օգնի ծխելը թողնելու գործընթացին: Խոսքը գնի մասին չէ, այլ յուրաքանչյուր անհատի մոտեցման, կամքի ուժի և վերջապես` ձևավորված սովորությունների: Այսպիսով, ստացվում է, որ 88 հազար կյանք դեռևս վտանգի տակ են լինելու: Այս ֆոնին, հայ հասարակության պառակտվածությունը և ակնհայտ դրական նախաձեռնության հանդեպ լայն արձագանքը հասկանալի է:
Դեռ մայիսի վերջին՝ «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո, նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայերը ստիպված կլինեն հրաժարվել իրենց վատ սովորությունից և դադարեցնել ծխելը, և որ կառավարությունը «օգնի» նրանց: Անդրադառնալով այն փաստին, որ հանրապետությունում ծխելու դեմ ուղղված ծրագրերը շարունակում են մնալ թղթի վրա, չնայած ծխախոտի դեմ պայքարի ռազմավարությունը մշակվել և հաստատվել է կառավարության կողմից, նախարարը նշում էր, որ նախկինում ձեռնարկված միջոցները բավարար չեն: Նույնիսկ այն ժամանակ նա ցույց տվեց իր մարտական տրամադրվածությունը՝ ընդգծելով, որ պետք է կիրառվի այլ երկրների փորձը` տուգանքներ, քարոզարշավ, ծխախոտից կախվածություն ունեցողներին օժանդակություն, դպրոցներում և համալսարաններում կրթական ծրագրերի իրականացում և այլն: Եվ դատելով այսօրվա ոչ միանշանակ արձագանքից` Թորոսյանին այդ ժամանակ չհավատացին:
Հասարակության վերաբերմունքը այս վատ սովորության նկատմամբ միանշանակ է. ծխելը լավ չէ, և միանշանակ պետք է դրա դեմ պայքարել: Բայց միաժամանակ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությունը երկիմաստ արձագանք է առաջացրել նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր չեն ծխում, քանի որ ամեն դեպքում ծխախոտային արտադրանքի գների աճը կհարվածի բոլորի գրպանին անխտիր: Ընտանիքի բյուջեին նման ակնհայտ հարվածից բացի, կան նաև ոչ պակաս վտանգավոր երևույթներ, որոնք գլուխ կբարձրացնեն, եթե Թորոսյանի նախաձեռնությունը կյանքի կոչվի:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանի կարծիքով՝ ծխախոտի գների կտրուկ բարձրացումը չի լուծի նախարարի կողմից բարձրացված խնդիրը, այլ ընդհակառակը՝ նոր խնդիրներ կառաջացնի հասարակությունում: Նախ, Աբգարյանը կարծում է, որ դա կհանգեցնի Հայաստանում «սև շուկայի» ձևավորման, որը գործում է բոլոր այն երկրներում, որտեղ ծխախոտի գները բարձր են: Եվ դա նշանակում է, որ ծխախոտի օրինական վաճառքից եկամուտը կնվազի: Երկրորդ, ծխողները ավելի մեծ հավանականությամբ կհրաժարվեն այլ արտադրանքներից, օրինակ` մսից, բայց ոչ ծխախոտից: Արդյունքում կտուժի ընտանիքը, այլ ոչ թե ծխողը:
Երրորդ՝ բլոգերը կարծում է, որ դա կհանգեցնի բնակչության շրջանում դժգոհության նոր ալիքի, քանի որ «ծխողների համայնքն ավելի մեծ և բազմաշերտ է, քան նրանցը, ովքեր սիրում են նստել չծխողների սրճարանում, ուտել գազար, խմել սուրճ առանց շաքարի և հատկապես նրանց, ովքեր, իրոք, կարող են իրենց թույլ տալ վարել առողջ ապրելակերպ»:
«Այսպիսով, մարդիկ արդարացիորեն պահանջում են քաղաքակիրթ երկրներին բնորոշ այլ չափանիշների կիրառում: Ես դեմ եմ գնաճի միջոցով ծխելու դեմ պայքարին: Այս փուլում ես դեմ եմ ծխախոտի գինն արհեստականորեն բարձրացնելու ցանկացած փորձի»,- ասում է Իզաբելլա Աբգարյանը:
Առայժմ հիշեցնենք, որ օրինագիծը քննարկման փուլում է, և նախարարը ակտիվ քարոզարշավ է վարում ծխելու դեմ սոցիալական ցանցի իր էջում: Այնուամենայնիվ, այսօր արդեն վստահությամբ կարելի է կանխատեսել ծխախոտի գների բարձրացումը, իսկ թե ինչքանով՝ ցույց կտա ժամանակը:
Լինա Մակարյան