Պրոֆեսիոնալներն ու երաժշտասերներն այս օրերին նշում են Առնո Բաբաջանյանի ծննդյան հարյուրամյակը. կոմպոզիտոր, որի ստեղծագործությունները, առանց չափազանցության, ամենուրեք հնչում են աշխարհում: Ասել, որ Բաբաջանյանի երգերը հնչել են ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում և ամբողջ աշխարհում, նշանակում է ոչինչ չասել. դրանք այսօր էլ երգում են և դեռ երգելու են հեռավոր ապագայում:
Ցավոք, Հայաստանը նշում է Բաբաջանյանի հոբելյանը նման դժվարին օրերին, սակայն, այնուամենայնիվ, ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգ անցկացվեց` ծրագրի առումով խիստ և զուսպ, առանց բեմահարթակի, գեղեցիկ և հանդիսավոր:
Առնոյի ծննդյան օրը ընդունված է նշել հունվարի 22-ին, սակայն նա ծնվել է մեկ օր շուտ: 1921 թվականի հունվարի 21-ին հոր՝ Երևանում բնակվող մաթեմատիկայի ուսուցչի ուրախությունը սահմաններ չուներ, սակայն երեք տարի անց հենց այդ օրը մահացավ Լենինը, և հսկայական երկիրը ամեն տարի սգում էր: Ընտանիքը որոշեց փաստաթղթերում մեկ օրով փոխել Առնոյի ծննդյան ամսաթիվը:
Դատելով Առնոյի մանկական շրջանի դեպքերից՝ կյանքի ուղի ընտրելու հարցը որոշվել է շատ ավելի վաղ, քան ծնողները կսկսեին մտածել այդ մասին: Առնոն դեռ մանկապարտեզ էր հաճախում, երբ նրան նկատեց Արամ Խաչատրյանը, որը այն ժամանակ դեռ «ծերուկ» չէր, սակայն արդեն հայտնի կոմպոզիտոր էր։
Հարցազրույցներից մեկում Բաբաջանյանը ասել է, որ Խաչատրյանին դուր էին եկել հատկապես նրա հասակն ու քիթը, որը համապատասխան էր հասակին: «Նա ընտրյալ է», նման կարծիք հայտնեց Խաչատրյանը փոքրիկ Առնոյի մասին, և դա բացարձակ ոչ մի կապ չուներ նրա ֆիզիկական տվյալների հետ:
Ընտանիքում երաժիշտներ չկային. հայրը երբեմն ֆլեյտա էր նվագում, իհարկե սիրողական մակարդակի: Իսկ Առնոն երեք տարեկան հասակում արդեն համարձակ նվագում էր հին հարմոնիկայի վրա, իսկ ինը տարեկան հասակում գրեց իր առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներների քայլերգը»:
Այդ դաստակները, երկար մատները, թվում էր՝ կարող էին ծածկել դաշնամուրի ամբողջ ստեղնաշարը: Զարմանալի չէ, որ ամենահայտնի դաշնակահարները (սա կա՛մ լեգենդ է, կա՛մ իրականություն, սակայն այդպես են ասում) թեթևություն զգացին, երբ պարզվեց, որ Բաբաջանյանը ամբողջովին նվիրվել է երաժշտություն ստեղծելուն և չի դարձել իրենց ամենաուժեղ մրցակիցը կատարողական վարպետության տեսանկյունից:
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում դիպլոմի պաշտպանության ժամանակ Բաբաջանյանը ցնցող մի բան կազմակերպեց: Բանն այն է, որ քննական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Յակով Ֆլիերը, Ալեքսանդր Գոլդենվեյզերը, Հենրիխ Նեյհաուզը և այլ հռչակավոր երաժիշտներ, կենդանի դասականներ, իսկ ավելի ներկայացուցչական ժյուրի դժվար է պատկերացնել:
Պաշտպանության ժամանակ, բացի պարտադիր դասական գործերից, պահանջվում էր կատարել նաև սեփական ստեղծագործությունները, և Բաբաջանյանը հանձնաժողովի երաժշտական դատին ներկայացրեց Ալեքսանդր Սկրյաբինի ոճով ստեղծագործություն: Այսպիսով, կենդանի դասականների ժողովը լսեց կատարումը և պարզաբանեց՝ լավ կլիներ կատարել սեփական ոճով, այլ ոչ թե Սկրյաբինի, ինչին Բաբաջանյանը պատասխանեց, որ դա հենց այն է, ինչ ինքն անում է: Հանձնաժողովը ապշել էր, քանի որ շատ լավ ծանոթ էր Սկրյաբինի ստեղծագործություններին:
Առնո Բաբաջանյանը իր ստեղծագործություններում հայկական մեղեդիների հետ հմտորեն համատեղում էր եվրոպական և ռուսական ինտոնացիաներ, անկրկնելի ներդաշնակ համադրություններ, որոնք այսօր էլ հիացնում են երաժիշտներին:
Եթե այսօր համեմատենք բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն կինոկոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի կախարդական երաժշտությունը բաբաջանյանական տեխնիկայի հետ, ապա Առնո Բաբաջանյանի հայտնի մեղեդիները և իտալացի մաեստրոյի հայտնի ստեղծագործությունները անհավանականորեն մոտ են: Եթե մարդը հանճար է, ուրեմն դա հավերժ է, իսկ հանճարեղությունը անանց մեծություն է, ուստի այդպիսի մարդկանց ստեղծագործությունները չեն ճանաչում ո՛չ ժամանակային, ո՛չ աշխարհագրական սահմաններ:
Նա գիտեր անկեղծ ուրախանալ կյանքով, և որ ամենակարևորն է` այդ զգացողությամբ կիսվել այլ մարդկանց հետ. աշխատանքային օրերին խնջույքներ էր կազմակերպում և հրավիրում էր բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին միանալ: Նրա ամբողջ կյանքը դարձավ սիրո ինքնատիպ պատմություն՝ հիասքանչ երգերի տեսքով տարածվելով ողջ աշխարհում: Միայն նրան էր հաջողվում ստեղծել այդպիսի խորաթափանց երաժշտություն:
Երեսուն երկար տարիներ՝ կյանքի գրեթե կեսը, Առնո Բաբաջանյանը պայքարել է մի սարսափելի հիվանդության` սպիտակարյունության դեմ, որն ախտորոշվել էր դեռ 1953 թվականին: Երեք տասնամյակ ապրեց երաժշտության մեջ և երաժշտության շնորհիվ: Թերևս այդ է պատճառը, որ նրա ստեղծագործություններում այդքան շատ դրամատիզմ կա, քանի որ Բաբաջանյանը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, փորձում էր հնարավորինս շատ բան հասցնել:
Երգ ստեղծելիս Առնոն միշտ գիտեր, թե ով է այն կատարելու: Նա շատ նուրբ զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, իսկ նրա հետ աշխատում էին շատ տարբեր կատարողներ` Լյուդմիլա Զիկինան, Սոֆիա Ռոտարուն, Յուրի Գուլյաևը, Ժան Տատլյանը և այլոք։
Իսկ ինչ վերաբերում է Կոբզոնին, ապա նա երբեմն կատակով նեղացել է Բաբաջանյանից, որ գլխավոր հիթերը բաժին են ընկնում Մագոմաևին, իսկ իրեն երբեմն են ինչ–որ երգեր հասնում։ Սակայն Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուրնի» առաջին կատարողը եղել է հենց Կոբզոնը, ոչ թե Մագոմաևը։
Բաբաջանյանը գրել է այդ ստեղծագործությունը դաշնամուրով նվագելու համար և բազմիցս նվագել է Սիլանտևի նվագախմբի հետ։ Մեկ անգամ Կոբզոնն ասում է Բաբաջանյանին. «Առնո, արի խնդրենք Ռոբերտին, որ բանաստեղծություն գրի, շատ եմ ուզում կատարել այս երգը»։ Բաբաջանյանը պատասխանում է, որ չի կարելի ձեռք տալ այդ գործին. «Երբ ես չեմ լինի, արեք ինչ կցանկանաք»։ Եվ իսկապես, Բաբաջանյանի մահից հետո միայն Կոբզոնը դիմել է Ռոժդենստվենսկուն, որը հիասքանչ բանաստեղծություն գրեց։
Բաբաջանյանը դասական էր։ «Կապրիչիո», «Ջութակի սոնատ» և «Նոկտյուրն» և այլ երաժշտական գոհարներ միայն հաստատում են դա, սակայն անգնահատելի է նրա դերը նաև հայկական և խորհրդային էստրադային երաժշտության զարգացման մեջ։
Վիլյամ Սարոյանը մեկ անգամ ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց։ Ես նրան նույն կերպ պատասխանեցի, և գիտե՞ք, նա բոլորովին չզարմացավ և նույնիսկ չվիճարկեց։ Եվ հիանալի է, որ չվիճարկեց, քանզի իսկական Վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»։
Առնոն մագնիսական ձգողականություն ուներ։ Եվգենի Եվտուշենկոն Բաբաջանյանի մասին ասում էր. «Նա ծնվել է հենց որպես երաժիշտ։ Նրա տաղանդը արտասովոր երաժշտական շնորհի ու քրտնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէ։ Նա արտասովոր է, հենց բնությունն է հոգ տարել այդ մասին»։
Ռուբեն Գյուլմիսարյան