Անդրկովկասին միշտ էլ հատուկ է եղել էթնիկ- կրոնական վառ պատկերը: Այստեղ ավանդաբար միահյուսվել են տարբեր մշակույթներ ու տարբեր ավանդույթներ: Սակայն Խորհրդային միության փլուզումն ու բնակչության արմատականացումը ի վերջո հանգեցրին միազգ պետությունների ձևավորմանը: Ընդ որում ազգա-ժողովրդագրական փոփոխություններից տուժեցին նաև տարածաշրջանի հեղինակավոր ազգերը: Միմյանց հաջորդող կոնֆլիկտները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արտագաղթը, ազգերի միաձուլումը, ծնելիության անկումն ու մահացության ցուցանիշի բարձրացումը բացասաբար անդրադարձան Անդրկովկասի գրեթե բոլոր երկրների վրա:

 Վրաստան

Վրաստանի բնակչությունը 2016թ. դրությամբ կազմել է 3,720,400 մարդ: Նրանցից 86,8 %-ը վրացիներ են: Երկրում վրացիների թվաքանակն ավելացավ օսեթների, հայերի, ռուսների ու հույների դուրս գալուց հետո: Ընդհանուր առմամբ 1989-2014թթ. երկրի բնակչության թվաքանակը կրճատվեց մինչև 32,5%: Տարբեր աղբյուրների համաձայն 1990-2000 թթ. ընթացքում Վրաստանից ապրուստի միջոց որոնելու համար, ինչպես նաև ազգային հիմքի վրա առաջացած կոնֆլիկտների արդյունքում  արտասահման են մեկնել հանրապետության բնակչության շուրջ 2 մլն.-ը: Նրանցից 1,2 մլն-ը մեկնել են ՌԴ, շուրջ 250 հազար մարդ՝ Հունաստան, 200 հազարը՝ ԱՄՆ, 150 հազարը՝ Ուկրաինա, մի քանի տասնյակ հազար՝ Թուրքիա, Շվեյցարիա, Իտալիա, ԳՖՀ, Ֆրանսիա, Իսրայել, Ավստրիա և այլն:

Ներկայումս ադրբեջանցիները կազմում են վրացական Քվեմո-Քարթլի շրջանի բնակչության 45 %-ը: Ադրբեջանական բնակչությունը գերիշխում է նաև Մառնեուլում, Դմանիսկում, Բոլնիսկում, Գարդաբանի  շրջաններում: Ադրբեջանցիներով խիտ բնակեցված են նաև Թբիլիսին, Սագարեջոն, Կասպին ու Ռուսթավին:

Իմամ Հուսեյնի մզկիթը, Մառնեուլի շրջան, Վրաստան
Իմամ Հուսեյնի մզկիթը, Մառնեուլի շրջան, Վրաստան

Հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն է կազմում միայն Ախալքալաքի ու Նինոցմինդի շրջաններում: Հայկական գյուղերը տեղակայված են նաև Ախալցխայի շրջանում, սակայն տոկոսային հարաբերությամբ Ախալցխայում հայերն այլևս գերիշխող էթնիկ խումբ չեն համարվում: Նրանք մեծամասնություն չեն կազմում նույնիսկ հայկական պատմական թաղամասերում: Օրինակ՝ Հավլաբարում հայերը կազմում են բնակչության ընդամենը 30 %-ը, Սոլոլակում՝ 20 %-ից էլ պակաս, իսկ Վաքում՝ 15 %: Վրացական աղբյուրների համաձայն Թբիլիսիում ընդհանուր առմամբ մնացել է ընդամենը 50 հազ. հայ:

Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Ախալքալաքում, Վրաստան
Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Ախալքալաքում, Վրաստան

Բայց այդ թվերը հարաբերական են, քանի որ Թբիլիսում ապրում են մեծաթիվ վրացականացված հայեր, որոնց նախնիները ստիպված են եղել իրենց հայկական ազգանունները փոխել քարթվելականի:

Այս ամենը կատարվել է հիմնականում 1930-1950 թթ., սակայն պրոցեսը կրկին ակտիվացել է Վրաստանում ազգայնամոլական տրամադրվածությունների բարձրացման ժամանակ: 1991-92թթ., երբ երկրի նախագահը Էվիադ Համսախուրդիան էր, բազմաթիվ հայկական ու օսեթական ընտանիքներ ստիպված վրացականացվել են: Հայերն իրենց ազգանունները փոխում էին ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև Կախեթիում, Ւմերեթիայում, Մսխեթիում: Մսխեթիի մի շարք գյուղերի կաթոլիկ հայ բնակչությունը վրացական հոգևորականության ազդեցությամբ ամբողջովին անցնում է վրաց լեզվի՝ փոխելով նաև հայկական ազգանունները քարթվելականի: Օրինակ՝ կաթոլիկ հայ ընտանիքները՝ Մեհրաբովները- Մեհրաբյան, Մոսեսովները- Մովսեսյան, Գևորգովները, որոնք ապրում էին Ադիգեյա շրջանի Ուդե բնակավայրում, մի գիշերվա ընթացքում վերափոխվեցին Մեհրաբիշվիլու, Մոսեսաշվիլու, Գեորգաշվիլու: Նման պատկեր առկա էր նաև կաթոլիկ հայերով բնակեցված այլ շրջանների գյուղերում:

Օսեթ բնակչության թվաքանակը կրճատվեց վրաց- օսեթական կոնֆլիկտի ժամանակ: Եթե 1989թ. երկրում ապրում էր 99 հազար օսեթ, ապա արդեն 2002թ. այդ թիվը 37 հազարից էլ պակաս էր, իսկ 2016թ. օսեթները կազմում էին Վրաստանի բնակչության 0,4%-ը: Այսպիսով, վրաց-օսեթական կոնֆլիկտի սկզբից՝ 1990-ական թթ. սկզբներից սկսած Վրաստանը (առանց հարավային Օսեթիայի) լքել են 60-80 հազ. օսեթ (կամ մինչև 60-80%): Հիմա օսեթների մեծամասնությունն ապրում է Թբիլիսիում, Գորիում ու Կախեթիում:

Կրոնական փոքրամասնություններ, Վրաստան
Կրոնական փոքրամասնություններ, Վրաստան

 

 

 

 

Արտագաղթի երևույթն անտարբեր չանցավ նաև Վրաստանի ռուս բնակչության կողքով: Ռուսների մեծամասնությունն ապրում էր քաղաքներում, սակայն որոշ շրջաններում կային գյուղեր, որտեղ ռուսական բնակչությունը գերակշռում էր: Կախեթու շրջանում տեղակայված Ուլյանովկա, Բոգդանովկա, Սվոբոդնոյե, Կրասնոգորկա և այլ գյուղերում ռուս բնակչությունը մեծամասնություն էր կազմում: Հիմա վրացական այդ շրջանում մնացել են 1900 էթնիկ ռուսներ: Մոլոկաններն ու կրոնական այլ փոքրամասնություններ՝ թվով 500-ից էլ պակաս, ապրում են Նինոցմինդում, որն առաջներում կոչվում էր Բոգդանովկա: Վերջինս համարվում էր կրոնական այդ փոքրամասնությունների ամրոցը ողջ Անդրկովկասում: Հիմա Վրաստանի ռուսների մեծամասնությունը կենտրոնացած է Թբիլիսում ու Բաթումիում:

Վրաստանի բնակչության հունական հատվածը սկզբունքորեն բաժանում են պոնտոսի հույների ու ուրումների: Վերջիններս թուրքախոս են, բայց ուղղափառ: Հույների հիմնական հատվածն ապրում է Վրաստանի Ծալքի շրջանում, որտեղ ինչպես պոնտոսի հույների, այնպես էլ ուրումների տասնյակ գյուղեր կային, բացի դա, այդ շրջանում ապրել են նաև հայալեզու հույներ, որոնք իրենց այլ հայրենակիցների հետ միասին արտագաղթել են Հունաստան: Ծալքիից բացի հույներն ապրել են նաև Թբիլիսիում, Թեթրի-Ծկարոյում, Դմանիսիում, Մառնեուլում, Ախալցխայում ու Աջարիայի 4 գյուղերում: Խորհրդային միության փլուզման ժամանակ Վրաստանում ապրող 100 հազար հույներից հիմա այդտեղ մնացել են շուրջ 5,5 հազարը:

Հունական մատուռ, Վրաստան
Հունական մատուռ, Վրաստան

Եզդիները հիմնականում ապրում են Թբիլիսի ու Թելավի քաղաքներում: Եզդիների թիվը կազմում է 12 հազար: Քրդերն էլ ապրում են հիմնականում Աջարիայում՝ լինելով քուրմանջի լեզվի կրողներ: Ինքնավարությունում ապրում են քուրդ- զազակների էթնիկ խումբ:

Ասորիներով խիտ բնակեցված է Ջվելի-Քանդա գյուղը, որը գտնվում է Մցխեթու շրջանում: Մի շարք ասորիական ընտանիքներ խորհրդային ժամանակներում հիմնվել են Բաթումիում ու Քութայիսիում: Գարդաբանիում ապրում է ասորիների մի խումբ, որոնք խոսում են նորարամեերենի բոհթանյան դիալեկտով: Պետք է նշենք, որ ասորիների մի մասը գրեթե ձուլվել է տեղացիների հետ:

Եզդիների մշակութային կենտրոնն ու մատուռը
Եզդիների մշակութային կենտրոնն ու մատուռը

Վրաստանում առանձին խմբերով ապրում են նաև ուկրաինացիներ, ուդիններ, բաթումական աբխազներ, լազեր, կիստինցներ, բացբիյցներ, ավարցներ (այդ թվում նաև գինուխցներ ու բեժտինցներ), հրեաներ, այդ թվում նաև վրացական հրեաներ, որոնք խոսում են քիվրուլի լեզվով, ինչպես նաև շվեդներ, լեհեր ու այլոք: Պետք է նշենք, որ վերջին 25 տարվա ընթացքում Վրաստանում հիմնվել են վրաց- մահմեդականների որոշ խմբեր, այդ թվում նաև թուրքական վրացիներ, ինչպես նաև  ֆերեյդանական վրացիներ՝ Իրանից: Ըստ էության, անդրկովկասյան այս երկրում, միգրացիոն, ժողովրդագրական և ազգերի ձուլման գործընթացները ընթանում են բավական դինամիկ, և դա չնայած այն հանգամանքին, որ բնակչությունը հստակ կերպով կրճատվում է: Քիչ թե շատ ազգա-ժողովրդագրական կայուն վիճակ մնում է մասամբ ճանաչված Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցին, Թբիլիսի, Վրաստան
Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցին, Թբիլիսի, Վրաստան

Անդրկովկասն ապրում է իսկական ժողովրդագրական ճգնաժամ: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը շուտով հայտնվելու են ծերացող երկրների շարքերում, իսկ դա ոչ միայն կանդրադառնա էթնո-ժողովրդագրական ցուցանիշների վրա, այլ կբերի նաև երկրի բնակչության դեպոպուլյացիային, որն էլ ի վերջո վտանգի տակ կդնի տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությունը:

Պատրաստեց Արման Հակոբյանը