Հայաստանում կայացավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության երկրորդ արարողությունը, որը շնորհվում է 2016թ.-ից սկսած՝ Ցեղասպանության ժամանակ ողջ մնացած բոլոր հայերի անունից՝ որպես իրենց փրկության երախտիքի նշան:

Մայիսի 28-ին Հայաստանը դարձավ մարդասիրական ծրագրերի քննարկման հարթակ: Հայոց մայրաքաղաքում քննարկվեց այն հարցը, թե ինչպես ճիշտ աշխատել փախստականների հետ, թե որն է բիզնեսմենի ու բարերարի տարբերությունը, ի՞նչ ասել է՝ հերոս, ինչպես դառնալ այն, և մարդասիրությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

«Ավրորա» մրցանակաբաշխությանը աշխարհի տարբեր ծայրերից մասնակցելու էին ժամանել  քաղաքագետներ, լրագրողներ, դիվանագետներ, դերասաններ, հասարակական գործիչներ: Նրանք դարձան ամբողջ Հայաստանի հյուրերը, ցույց տվեցին իրենց սրտացավությունը Ցեղասպանության հարցի նկատմամբ, պատմեցին աշխարհին այն մասին, որ 1915թ. ծանրագույն ողբերգություն ապրած երկիրը պատրաստ է առաջ գնալու ու նա արդեն օգնում է շատ այլ երկրների:

«Մարդիկ մեզանից հրաշքներ չեն սպասում, նրանք միայն ուզում են, որ որևէ մեկը նստի իրենց կողքին ու թեթևացնի իրենց ցավը»:

Այս տարի մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան: Նա Հարավային Սուդանի Նուբա լեռների ավելի քան մեկուկես միլիոն բնակչությանը բժշկական օգնություն ցույց տված միակ բժիշկն է: երբ 2011թ. այստեղ պատերազմ սկսվեց, բոլոր բժիշկները հեռացան, իսկ Քաթենան որոշեց մնալ: Տարածաշրջանում ապրում է 750 հազար մարդ: Ամեն օր Քաթենան ընդունում է շուրջ 500 հիվանդի, տարվա կտրվածքով անց է կացնում ավելի քան 1000 վիրահատություն: Եվ որպեսզի դոկտոր Թոմը (այդպես նրան հիվանդներն են անվանում- խմբ.) կարողանա մասնակցել Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը, հայ երեք բժիշկներ՝ Հայկ Հովհաննիսյանը, Արմինե Բարխուդարյանն ու Գևորգ Ոսկանյանը մեկնեցին Հարավային Սուդան՝ փոխարինելու դոկտորին:

Բժիշկներ Հայկ Հովհաննիսյան, Արմինե Բարխուդարյան, Գևորգ Ոսկանյան, Թոմ Քաթենա
Բժիշկներ Հայկ Հովհաննիսյան, Արմինե Բարխուդարյան, Գևորգ Ոսկանյան, Թոմ Քաթենա

«Մարդկանց օգնելու համար բոլորովին պարտադիր չէ բարեգործության վրա մեծ գումարներ ծախսել կամ մեկնել Սուդան՝ այնտեղ նրանց բուժելու: Յուրաքանչյուր ոք կարող է իր շրջապատում որևէ բան փոխել»,-ավելի վաղ ասել էր Քաթենան՝ Երևանի «Թումո» կենտրոնում ունեցած իր ելույթի ժամանակ:

Խոսելով իր աշխատանքի բարդության մասին, դոկտոր Թոմն ասաց, որ ամենադժվարն այն է, երբ ականատես ես լինում, թե ինչպես են քո հիվանդները մահանում:

«Դու մանկական հիվանդասենյակ ես մտնում, որտեղ սարսափելի այրվածքներ ունեցող երեխան հանգչում է քո ձեռքերի վրա, մյուս հիվանդասենյակում ականի վրա կանգնած կինն է մահանում, մի ուրիշ հիվանդասենյակում ծննդաբերում է մի ուրիշ կին, որին դու ոչնչով օգնել չես կարողանում: Վերջերս մենք կարմրուկի սարսափելի համաճարակ ունեցանք, մահացան շատ երեխաներ: Հանկարծ ողջ աշխարհի ցավը զգում ես քո սեփական ուսերին ու չես կարողանում այլևս շնչել: Մի անգամ ես վրանից դուրս եկա այն ժամանակ, երբ գլխիս վրայով սուդանյան ռմբակոծիչ էր անցնում, ու այդ ժամանակ մտածեցի. Դե ի՞նչ, սպանիր ինձ վերջապես: Բայց հանկարծ մեջս մի բան շարժվեց: Այդ պահին ես տեսա մի փոքրիկի, ով ուզում էր խաղալ, իսկ նրա տատիկն ինձ ասաց՝ շնորհակալ եմ, որ այստեղ եք, խնդրում եմ, չլքեք մեզ: Այդպիսի պահերին ուշքի ես գալիս, ու հասկանում, որ չի կարելի լինել պերֆեկցիոնիստ, և այս մարդիկ, որոնց այդպես երկար հալածել են, մեզանից հրաշքներ չեն սպասում, նրանք միայն ուզում են, որ ինչ-որ մեկն իրենց կողքին նստի ու փարատի իրենց ցավը»,- հոսպիտալի իր աշխատանքի մասին մրցանակաբաշխության ժամանակ պատմեց Քաթենան:

Դոկտոր Թոմ Քաթենան
Դոկտոր Թոմ Քաթենան

Ընտրական հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան ու բարեգործ Ջորջ Քլունին, ով այս անգամ չկարողացավ ներկա գտնվել Երևանում կայացած միջոցառմանը, նույնպես շնորհավորեց Քաթենաին.

«Այսօր, երբ պատերազմն ու բռնությունը սպառնում են կոտրել մարդու կամքն ու նրանց սրտերում սարսափ սերմանել, հատկապես կարևոր է պատիվ տալ ու աջակցել այնպիսի հերոսների, ինչպիսին է օրինակ Թոմ Քաթենան, այնպիսիներին, ովքեր անձնազոհաբար օգնում են մարդկանց ոչ միայն ողջ մնալ, այլ նաև բռնել բարգավաճման ուղին: Թոմ Քաթենան մեր բոլորի համար իսկական օրինակ է, ու հիանալի ապացույցն այն բանի, որ սովորական մարդիկ ի զորու են իրավիճակը դեպի լավը փոխել»,- նշում է Քլունին:

Մրցանակաբաշխության մրցանակային ֆոնդը կազմում է 1,1 մլն. $: Դրանից 100 հազ. $-ը ստանում է դափնեկիրը, իսկ մնացած գումարը բաժանվում է հաղթող ճանաչված բարեգործական կազմակերպությունների միջև: Թոմ Քաթենայի ցուցակում երեք անվանակարգեր կան՝ «Աֆրիկյան բժշկական առաքելությունը» (ԱՄՆ), Aktion Canchanabury-ն (Գերմանիա) և Կաթոլիկ բժշկական առաքելության խորհուրդը (ԱՄՆ):

Թոմ Քաթենայից բացի «Ավրորայի» դափնեկիր- հնգյակի մեջ ընդգրկվել են (ընդհանուր առմամբ ներկայացվել էր 550 հայտ՝ աշխարհի 66 երկրից)՝ Կրթության համակարգի ներուժի զարգացման կազմակերպության նախագահ Նուր Ջամիլյա Աֆղանին (Աֆղանստան), Մադայայի դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամեդ Դարվիշը (Սիրիա), վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվիգեն (Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն), և Խաղաղության ու մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Էլմար Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմարը (Սոմալի):

Ինչպես մրցանակաբաշխության ժամանակ հայտնեց «Ավրորայի» համահիմնադիր, բիզնեսմեն ու բարեգործ Ռուբեն Վարդանյանը, բոլոր հաղթողները ստանում են 25 հազարական դոլլար:

«Մեզ համար մեծ պատիվ է ողջ աշխարհին դոկտոր Քաթենայի մասին պատմելն ու հասարակության ուշադրությունը աշխարհում եղող բարու վրա սևեռելը: Մենք հույս ունենք, որ դա թույլ կտա անել այնպես, որ մերձավորին օգնելը մեր համաշխարհային մշակույթի մի մասը դառնա», – նշեց նա:

«Ավրորա». Ավելին, քան մրցանակ

«Ավրորան» հայերի համար մրցանակից էլ առավել է: Հումանիտար այս նախաձեռնությունը կրում է Ավրորա Մարդիղանյանի անունը, ով ականատեսն է եղել Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած Ցեղասպանությանն ու կարողացել է ողջ մնալ և կարիերա անել ԱՄՆ-ում:

«Սա մեր շնորհակալության, երախտիքի հայտնման ձևն է բոլոր նրանց, ովքեր օգնել են մեզ  փրկվել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության տարիներին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Մրցանակաբաշխության նախօրեին գործարարը հայտնեց լրագրողներին, որ 2017թ. իրենք աշխարհի 66 երկրից բացառիկ մարդկանց մասին պատմող 254 պատմություն են ստացել:

«Նրանք այն համարձակներն են, ովքեր իրենց կյանքը վտանգի են ենթարկում՝ հանուն ուրիշների կյանքի փրկության»,- ասաց նա:

2016թ., երբ «Ավրորա» մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր կայանում, ուղարկվել էր 115 պատմություն՝ 18 երկրից:

Հայաստանը դառնում է մարդասիրության կենտրոն: Ահա թե ինչի մասին էին խոսում հավաքված հյուրերը, և «Ավրորայի» գլխավոր ուղերձը աշխարհին ցույց տալն է, որ Ցեղասպանության ենթարկված ժողովուրդն իր մեջ ապրելու ուժ է գտել ու հիմա էլ օգնում է ուրիշներին:

«Ավրորայի» կրակը տարածվում է  ողջ աշխարհով մեկ, սա համաշխարհային շարժում է, որն աշխարհին հիշեցնում է հայի ու Հայաստանի մասին: Մենք հիշում ենք մեր Ցեղասպանությունը, բայց և այսօր մտածում ենք մարդու մասին»,- այսպես խոսեց տոնակատարության ժամանակ Վարդան Գրեգորյանը:

Փրկողի ու փրկվողի միջև եղող կապի մասին խոսեց նաև տոնակատարությանը ներկա 2016 թ. հաղթող Մարգարիտ Բարանկիցեն.

Ռուբեն Վարդանյան, Մարգարիտ Բարանկիցե, Նուբար Աֆեյան
Ռուբեն Վարդանյան, Մարգարիտ Բարանկիցե, Նուբար Աֆեյան

«Այն կապը, որը ձևավորվում է փրկողի ու փրկվողի միջև մրցանակաբաշխության շնորհիվ, կարող է մարդկանց ոգեկոչել բարի գործերի: «Ավրորան» հույս է տալիս ողջ աշխարհի մարդկությանը: Այն մեզ թույլ է տալիս երազել: «Ավրորան» օգնեց, որ իմ երկիրը վերականգնվի»,- ասաց նա՝ կոչ անելով բոլորին միանալ Ռուբեն Վարդանյանի, Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի նախագծին:

Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ մեկ տարվա ընթացքում «Ավրորայի» դոնոր են դարձել շուրջ 200 մարդ:

«Դուք աջակցում եք «Ավրորային», մենք ստեղծում ենք ցանց, և մենք միասին ուժեղ ենք: Ու միայն միասին մենք կարող ենք աշխարհում տիրող իրավիճակը ավելի լավը դարձնել»,- ասաց բիզնեսմենը:

Միասնականության ու խաղաղության մթնոլորտում

Երեկոյի ընթացքում հնչեց հայ ազգային երգը, ցուցադրվեց հատված՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, կատարվեց Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» սիմֆոնիան, ինչպես նաև Յոհան Սեբաստիան Բախի «Տոկատտա և ֆուգա ռե մինոր»-ը՝ յուրահատուկ էթնո-հնչողությամբ:

Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը «Արի իմ սոխակ» երգի կատարումն էր, որը միաձայն կատարեց ողջ դահլիճը: Երգը հուզեց բոլոր ներկաներին: Յուրաքանչյուր ոք կանգնեց ու երգեց այն տողը, որտեղ «որդին չի ուզում պանդուխտ դառնալ»…

Այս երգը հանրության մեջ միասնականության ու խաղաղության զգացողություններ առաջացրեց:

Եվ այս զգացողությունն էլ ավելի ամրացավ ազգությամբ հայ ֆրանսիացի համաշխարհային շանսոնյե 93-ամյա Շառլ Ազնավուրի հայտնվելուն պես: Հենց նա էլ հայտնեց հաղթողի անունը:

Կազմակերպիչները նաև հայտարարեցին, որ այսուհետ «Ավրորայի» հիմնը լինելու է Ազնավուրի գրած «Քեզ համար, Հայաստան» երգը: Մարդ, ով ծնվել է Փարիզում, ճանապարհորդել աշխարհով մեկ ու վերջում միշտ վերադարձել իր հայրենիք:

Երեկոյին ներկա էր նաև հայերի մեկ այլ հպարտություն՝ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլիստն այդ օրն ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացած Հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին կարգի շքանշանի առիթով շնորհավորանքները:

64058_750_463

Երբ հաղթողներից մեկը՝ Ջամիլյա Աֆղանին՝ Աֆղանստանից, ելույթի իր խոսքում հայտարարեց, որ ուզում է, որպեսզի իր երկիրն էլ մի օր դառնա Հայաստանի պես, մի փոքր անհասկանալի էր, թե նա հատկապես ինչը նկատի ունի: Բայց ակնհայտ է, որ Ջամիլյան զգացել է հավասարակշռության ու խաղաղության այն մթնոլորտը, որի մեջ հայտնվում է հայ ազգն ամեն անգամ, երբ երկրում լինում են «Ավրորայի» նման միջոցառումներ:

Մայիսի 30-ին մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտնեցին, որ արդեն բաց է «Ավրորա-2018»-ի հայտերի ընդունումը: Յուրաքանչյուր ոք կարող է անվանակարգել այն մարդուն, ով հանուն ուրիշների կյանքի վտանգի է ենթարկում իր սեփականը:

Պատրաստեց Հասմիկ Վանցյանը