Չնայած գոյություն ունեցող գիտական և արևային էներգիայի հսկայական ներուժին, ինչպես նաև որպես վերականգնվող էներգետիկայի առաջնային ուղղություն արևային էներգետիկայի զարգացման ձգտման մասին Հայաստանի կառավարության հայտարարություններին, այս ուղղությամբ հեռանկարներն առաջվա պես դեռ մշուշոտ են:

Ըստ Հայաստանի Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարության մասնագետների գնահատականի՝ հանրապետությունը բավական շոշափելի արևային էներգետիկայի ներուժ ունի: Արեգակնային ներհոսքի միջին տարեկան արժեքը 1 քառ/մետրի վրա կազմում է 1720 կՎտժ/քմ: Եվ դա այն դեպքում, երբ միջին եվրոպական ցուցանիշը 1000 կՎտժ/քմ-ից չի անցնում: Ընդ որում Հայաստանի տարածքի 25 %-ը ունի արևային էներգետիկական ռեսուրս՝ տարեկան 1850քՎտժ/քմ-ից ոչ պակաս ինտենսիվությամբ:

Առաջին անգամ այլընտրանքային էներգիա ստանալու մասին Հայաստանում սկսեցին մտածել 2006 թվականին, իսկ 2014-ին նախագիծը ստացավ պետական ֆինանսավորում ու հաստատվեց կառավարության կողմից, որտեղ գտնում են, որ շուտով Հայաստանը ամբողջությամբ կարող է անցնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործմանը:

Солнечные панели
Солнечные панели

Այսօր Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Հայկ Հարությունյանը Հայաստանի վերականգնվող էներգիտակական ներուժը գնահատում է 8 մլրդ. դոլլար: Նրա գնահատանքով՝ տեխնոլոգիաների զարգացման արագությամբ պայմանավորված արևային էներգետիկայի մեխանիզմների ու սարքերի էժանացումը արդեն մի քանի տարի անց այն կարող է դարձնել հիդրոէներգետիկ ճյուղին մրցակից: Որպես իր խոսքերի ապացույց, պաշտոնյան հիշեցնում է Հայաստանում արդեն աշխատող երկու խոշոր արևային կայանների մասին, որոնք իրենց հզորությամբ մի քանի տասնյակ կՎտ են ու 2000-ից ավելի արևային ջրատաքացուցիչներ ունեն:

«Մինչև 2017 թվականի ավարտը սպասում ենք արևային կայանների քվոտների ավելացում՝ 10 ՄՎտ-ով: Արդեն 3,5 ՄՎտ-ի հայցում ունենք: Պակաս կարևոր չէ նաև, որ քվոտների շրջանակներում արևային էլեկտրակայանների սեփականատերերը «Հայաստանի էլեկտրական ցանցերին» իրենց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստանան լգոտային սակագին»,- կարծում է Հարությունյանը:

Իր հերթին էլ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է «Էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի» օրենքի հետ կապված ճշտումների նախագիծ՝ նախատեսված խթանելու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործընթացը՝ արևային էներգիայի օգտագործման համար արտադրական հզորություններ ստեղծելով:

Արևային էլեկտրակայանների տեղակայման համար պայմաններ ստեղծելով, ազատելով ներդրողներին արտոնագիր ստանալու, հարկեր վճարելու պարտականությունից, Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականը կրճատել էներգիայի օգտագործումը, և համապատասխանաբար  ծախսերը՝ 38%-ով: Հայաստանի կառավարության կողմից 2016թ. դեկտեմբերի 29-ին հաստատված 129 մլն.դոլլար արժեք ունեցող ծրագրի իրականացման շրջանակներում հանրապետությունում  նախատեսվում է 6 արևային էլեկտրակայանների շինարարություն՝ Թալինում, Գագարինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում ու Մերձավանում:

23201632_1918567731517141_744481108_n

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության ֆոնդի տնօրեն Թամարա Բաբայանի գնահատանքով Հայաստանի խոշորագույն «արևային» ծրագիրը  Մեծ Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային պանելային կայանի կառուցումն է: 50 մլն. դոլլար արժողությամբ կայանի շինարարության մրցույթն արդեն հայտարարված է, ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել շուրջ 40 արտասահմանյան կազմակերպություններ: Բայց լավագույն դեպքում շինարարությունը կարող է սկսվել միայն 2018 թվականին:

Հայաստանի  իշխանություններից ետ չեն մնում նաև միջազգային կազմակերպությունները: Արևային էներգիայի օգտագործման զարգացման նպատակով Վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության ֆոնդը Համաշխարհային բանկի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի դրամաշնորհի աջակցությամբ իրականացրին «Հայաստանում ժամանակակից լուսաէլեկտրական էներգիայի զարգացման աջակցություն» ծրագիրը: «Վերականգնվող էներգետիկայի ընդարձակման ծրագրի (SREP)» շրջանակներում հաստատվել է 110ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների շինարարության նպատակով Հայաստանին միջոցներ տրամադրելու ներդրումային ծրագիրը: ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) աջակցությամբ արդեն իրականացվում է արտադրական մասշտաբով արևային կայանների շինարարության նախապատրաստական ծրագիրը:

Սակայն իրականության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես հայ պաշտոնյաների զեկույցներում են: Հայ աստղաֆիզիկ, դասախոս, դոցենտ Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝  Հայաստանում արևային ջերմային էներգետիկան զարգանում է իսկապես բավական արագ, սակայն միայն ներմուծված սարքավորումների հաշվին: Լավագույն դեպքում տեղում կատարվում է ներմուծված մասերի հավաքում:

Մինչդեռ արևային էներգետիկայի հաջող զարգացման երաշխիքը, որի մասին անվերջ խոսում են Էներգետիկայի նախարարությունում, այսինքն վերջնական ապրանքի ու տեխնոլոգիաների էժանացումը գտնվում է հենց այստեղ՝ Հայաստանում: Մելքոնյանն ինքը ստեղծել է երկու շատ պարզ սարք՝ արևի միջոցով ջուրը տաքացնող կաթսաներ: Ճկուն, իրենից 12 կգ-անոց մեծ պայուսակային տարբերակը ունակ է 25-30 րոպեների ընթացքում տաքացնել 12 լիտր ջուրը՝ 40-45 աստիճան: Կոշտ տարբերակը՝ 38 լիտրանոց տարա է՝ երկկողմանի պատուհանի տեսքով, որը նույն աստիճանի հասցնում է 2-2,5 ժամվա ընթացքում: Ընդարձակ բաքի առկայությունը տանը թույլ է տալիս ցերեկային օրվա ընթացքում հավաքել նվազագույնը 120-130 լիտր տաք ջուր, ինչը թույլ կտա հոգալ ողջ ընտանիքի կենցաղային պահանջները:

23201667_1918569444850303_1087799537_n

Համաձայն գիտնականի տեսական ու գործնական հետազոտությունների՝  նրա միջին արդյունավետությունը հավասար է 80%-ի, սակայն կարևորը նույնիսկ դա չէ, այլ Մելքոնյանի ստեղծած կաթսայի արժեքը: Ջրատաքացուցչի ճկուն տարբերակն արժե 110 հազ.դրամ, իսկ կոշտը՝ 130 հազ. դրամ: Մինչդեռ Չինաստանից կամ Թուրքիայից ներկրվողները, օրինակ՝ Arpi Solar ընկերության կողմից ներկրվողները, ինչպես նաև տարբեր ցուցահանդեսներում ներկայացվող դրա այլընտրանքային տարբերակները՝ կախված չափսերից ու ֆունկցիայից, արժեն 300-900 հազ. դրամ: Ներմուծվողի ու տեղականի միջև եղող սարքերի այդ տարբերությունը առաջին հերթին պայմանավորված է պարզությամբ ու հայ գիտնականի կոնստրուկցիայի բարձր արդյունավետությամբ:

«Արևային էներգիայի օգտագործման հնարավորություններն ինձ հետաքրքրել են իմ ողջ գիտական գործունեության ընթացքում: Ժամանակին ես փորձել եմ պատրաստել արդեն ավանդական ջրատաքացուցիչ՝ արևային էներգիայի հիմքի վրա, այլ կերպ ասած՝ սկզբում ջրով լի անոթի տաքացման, հետո արդեն ջրի տաքացման ճանապարհով: Երկար մտորումներից հետո ես որոշեցի հակառակ ուղով գնալ՝ տեղադրելով լույս կլանող տարրա- կաթսան ջրի մեջ: Ի սկզբանե արդեն պարզ էր, որ դա կհանգեցնի արտադրողականության բարձրացմանը, քանի որ նրա շրջապատող միջավայրը դարձավ ըստ էության ջրի տաքացման համար նախատեսված ինքնատիպ թերմոսը: Բարեբախտաբար ամեն ինչ ստացվեց նաև գործնականում»,- պատմում է Մելքոնյանը:

2013 թվականին գյուտարարը սարքը արտոնագրեց Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում, որպես օգտակար մոդել: Նրա հաշվարկներով՝ կաթսաները կարող են օգտագործվել կենցաղային նպատակներով և փակ շինությունների տաքացման համար, ասենք, որպես ջերմոց: Հատկապես  դաշտային, ճամբարային արտակարգ իրավիճակներում: Ճկուն տարբերակի մշակման հիմնական նպատակը զինվորականների կենցաղային պահանջների բավարարումն է՝ այլընտրանքային էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում: Այսօր Մելքոնյանի գյուտը արդեն օգտագործվում է մասնավոր տներում, իսկ երեք սարքավորում փրկարարական ջոկատների համար ձեռք է բերել ԱԻՆ ակադեմիան: Ինքը՝ գյուտարարը, նույնպես պատրաստվում է ջրատաքացուցիչը տեղադրել իր կառուցվող տան տանիքում:

Մելքոնյանը երկու անգամ իր հաջողությունների մասին զեկուցել է միջազգային կոնֆերանսներում, որտեղ նրանք փորձագիտության են ենթարկվել, ցուցադրել է դրանք Երևանյան ԷՔՍՊՈ-ի ժամանակ, որտեղ նրանք արժանացել են հանրապետության  Պաշտպանության ու Արտակարգ իրավիճակների նախարարների ուշադրությանն ու հիացմունքին:

«Պաշտպանության նախարարը հանձնարարեց ստեղծել սարքի որոշակի քանակ՝ Ադրբեջանի հետ շփման գոտու պաշտպանական դիրքերը զինելու նպատակով: Հիմա նրանցից լուրերի եմ սպասում»,- ասում է գյուտարարը:

Ըստ գիտնականի՝ էկոլոգիական տեսանկյունից արևային էներգիայի հիման վրա էլեկտրաէներգիա արտադրող սարքերի ներդրումը անկասկած, հսկայական քայլ է, քանի որ  էներգիայի բոլոր այլընտրանքային աղբյուրները այս կամ այն մակարդակով շրջակա միջավայրն այնուամենայնիվ աղտոտում են: Սակայն Հայաստանի արևային ներուժը գերագնահատելը, նրա կարծիքով, բավական բարդ է: Համաձայն Մելքոնյանի հետազոտությունների՝ մինչև անցյալ դարի 80-ական թթ.-երը արևային օրերի քանակը որոշ, հատկապես բարձր լեռնային շրջաններում հասել է 300-ի:

«Սակայն մեր օրերում, գլոբալ տաքացման ու օդի աղտոտվածության բարձրացման պատճառով արևային օրերի քանակն իջել է նվազագույնը 300%-ով: Այլ խոսքերով՝ Հայաստանում նման իրավիճակը գլոբալ էկոլոգիական խնդրի մաս է կազմում»,- ասում է Մելքոնյանը:

23201825_1918584164848831_1004003455_n

Ի տարբերություն Հայաստանի արևային հեռանկարների մասին պատասխանատու պաշտոնյաների ոգևորող զեկույցների՝ գիտնական-գյուտարարի կանխատեսումներն այդքան էլ լավատեսական չեն: Մելքոնյանը ընդգծում է, որ Հայաստանում զբաղված են ներմուծմամբ, լավագույն դեպքում՝ արտասահմանում արտադրվող արեգակնային վահանակների՝ տեղում հավաքմամբ: Իսկ սեփական արտադրության մասին քչերն են մտածում: Նա ցավով դա նշում է որպես ընդհանուր քաղաքականության մի մաս, որի շրջանակներում վերավաճառքն ավելի շահեկան է, քան սեփական արտադրական հզորությունների ստեղծումը: Սակայն դա բավական բացասաբար է ազդում արեգակնային տաքացուցիչների ու վահանակների վերջնական արժեքի վրա: Այն դեպքում, երբ հենց բարձր գինն է հանդիսանում  հայրենական պաշտոնյաների արևային պլանների իրացման ճանապարհի հիմնական խոչընդոտ:

«Սակայն պայծառ ապագայի նկատմամբ տածած հույսը ես, այնուամենայնիվ, չեմ կորցնում: Հենց դրա համար էլ պարբերաբար հրաժարվում եմ արասահմանյան առաջարկներից ու հրավերներից: Վերջին առաջարկը եղել է Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան մի ընկերության ղեկավարության կողմից: Բայց ես ուզում եմ ու ձգտում եմ նրան, որ իմ սարքերն առաջին հերթին օգտագործվեն  հենց Հայաստանում: Կարծում եմ դրա համար առկա են ողջ էներգետիկ, ու գլխավորը՝ քաղաքական նախադրյալները»,- ասում է Մելքոնյանը:

Պատրաստեց Դավիթ Ստեփանյանը